ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԱԴԴ/0028/01/17 |
Գործ թիվ ԵԱԴԴ/0028/01/17 |
Նախագահող դատավոր՝ | Ռ. Բարսեղյան |
Դատավորներ՝ |
Մ. Պապոյան |
Մ. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյան | ||
Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ | ||
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի |
քարտուղարությամբ՝ |
Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատախազ՝ |
Պ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | |
պաշտպաններ` |
Գ. ՄԵԼԻՔՅԱՆԻ | |
Ա. ՊԱՊԻԿՅԱՆԻ | ||
Տ. ԵԳՈՐՅԱՆԻ |
2019 թվականի դեկտեմբերի 20-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հրայր Իվանի Թոփչյանի, Սասունիկ Դավթի Կիրակոսյանի, Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի և Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշման դեմ ամբաստանյալ Հ.Թոփչյանի պաշտպան Գ.Մելիքյանի, ամբաստանյալ Ս.Կիրակոսյանի պաշտպան Կ.Հակոբյանի, ամբաստանյալներ Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի պաշտպան Տ.Եգորյանի ու ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանի պաշտպան Ա.Պապիկյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի մարտի 20-ի դատավճռով Հրայր Իվանի Թոփչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2016 թվականի մայիսի 20-ից։
1.1. Սասունիկ Դավթի Կիրակոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2016 թվականի հունիսի 8-ից։
1.2. Գևորգ Վիտալիկի Սաֆարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 69-րդ հոդվածների համաձայն՝ նշանակված պատժին՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկմանը, մասնակիորեն գումարվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունվարի 16-ի դատավճռով Գ.Սաֆարյանի նկատմամբ նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 28 (քսանութ) օրը, ու թողնվել է կրելու ազատազրկում` 5 (հինգ) տարի 5 (հինգ) ամիս 2 (երկու) օր ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունվարի 16-ի դատավճռով սահմանված ժամկետից՝ 2016 թվականի հունվարի 1-ից։
1.3. Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոններով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ժ.Սեֆիլյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կանոնների կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 28 (քսանութ) օրը, և թողնվել է կրելու ազատազրկում` 10 (տասը) տարի 5 (հինգ) ամիս 2 (երկու) օր ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2016 թվականի հունիսի 20-ից։
1.4. Նույն դատավճռով դատապարտվել են նաև Հովհաննես Պետրոսյանը, Ներսես Պողոսյանը և Գալուստ Գրիգորյանը։
2. Ամբաստանյալ Հ.Թոփչյանի պաշտպան Գ.Մելիքյանի, ամբաստանյալ Ս.Կիրակոսյանի պաշտպան Կ.Հակոբյանի, ամբաստանյալ Գ.Սաֆարյանի պաշտպան Ա.Ջուվանովայի, ամբաստանյալներ Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի պաշտպան Տ.Եգորյանի, ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանի պաշտպան Տ.Հայրապետյանի և ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանի պաշտպան Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունիսի 13-ին որոշում է կայացրել բողոքները մասնակի բավարարելու և Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի դատավճիռը մասնակի բեկանելու մասին:
2.1. Հ.Թոփչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 2 (երկու) տարի ժամկետով: Նույն որոշմամբ Հ.Թոփչյանն անհապաղ ազատ է արձակվել կալանքից, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2.2. Ս.Կիրակոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 2 (երկու) տարի ժամկետով: Նույն որոշմամբ Ս.Կիրակոսյանն անհապաղ ազատ է արձակվել կալանքից, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2.3. Գ.Սաֆարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունվարի 16-ի դատավճռով Գ.Սաֆարյանի նկատմամբ նշանակված՝ 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, և Գ.Սաֆարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նույն որոշմամբ Գ.Սաֆարյանն անհապաղ ազատ է արձակվել կալանքից, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2.4. Ժ.Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով` նրա կողմից հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց կամովին հրաժարվելու հիմքով: Ժ.Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոններով, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ժ.Սեֆիլյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ` նշված պատժին հաշվակցվել է Ժ.Սեֆիլյանի` 2015 թվականի ապրիլի 7-ից մինչև նույն թվականի մայիսի 4-ը կալանքի տակ գտնվելու 28 (քսանութ) օրը, և թողնվել է կրելու ազատազրկում` 5 տարի (հինգ) 5 (հինգ) ամիս 2 (երկու) օր ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2016 թվականի հունիսի 20-ից։ Նույն որոշմամբ բավարարվել է պաշտպան Տ.Եգորյանի միջնորդությունը, և Ժ.Սեֆիլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոխարինվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Վարդան Բոստանջյանի, Վարդևան Գրիգորյանի, Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի, Արթուր Մանուկյանի, Լուիզա Սարգսյանի, Նոռա Առուստամյանի, Սերգեյ Բագրատյանի ու Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորությամբ:
3. Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ Հ.Թոփչյանի պաշտպան Գ.Մելիքյանը, Ս.Կիրակոսյանի պաշտպան Կ.Հակոբյանը, Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի պաշտպան Տ.Եգորյանը, Ժ.Սեֆիլյանի պաշտպան Ա.Պապիկյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ վարույթ են ընդունվել:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
4. Առաջին ատյանի դատարանը, Հ.Թոփչյանին և Ս.Կիրակոսյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Գ.Սաֆարյանին՝ 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, Ժ.Սեֆիլյանին՝ 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքում, դատավճռի` հաստատված փաստական հանգամանքների հատվածում արձանագրել է. «2012 թվականի նոյեմբերի 15-ին Ժիրայր Սեֆիլյանը և մյուսները ստեղծել են «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունը, որին անդամակցել է նաև Գևորգ Վիտալիկի Սաֆարյանը:
Նախաձեռնության ստեղծման օրվանից ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը, զանգվածային անկարգություններ կազմակերպելու ուղղակի դիտավորությամբ, նույն հասարակական կազմակերպության որոշ անդամների, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանի և այլոց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ, ապա հեռուստատեսությամբ, էլեկտրոնային կայքերով և հանրահավաքների միջոցով կոչեր հնչեցրել քաղաքացիների կողմից կազմակերպությանն անդամագրվելու համար՝ նպատակ ունենալով ստեղծել զինված խմբեր և հավաքագրել զանգվածային անկարգությունների կատարմանը պատրաստ անձանց:
Իրենց հանցավոր մտադրության իրականացման նպատակով, ինչպես անձամբ, այնպես էլ ներգրավված այլ անձանց միջոցով ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և մյուսները 2014 թվականի մայիսից հավաքագրել են անկարգությունների կատարմանը պատրաստ անձանց խմբեր, պարբերաբար ՀՀ տարբեր մարզերում կազմակերպել հանրահավաքներ և ավտոերթ, զանգվածային լրատվամիջոցների, ասուլիսների և հասարակական վայրերում տարբեր պատրվակներով կազմակերպված հավաքների ու երթերի ընթացքում տարաբնույթ սադրիչ ելույթներով, քաղաքացիներին նախապատրաստել են 2015 թվականի ապրիլի 24-ին հասարակական անվտանգությունը վտանգող՝ գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված զանգվածային անկարգությունների:
2015 թվականի ապրիլի 20-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ազատության հրապարակի, Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների, Հանրապետության հրապարակի, Ամիրյան-Մաշտոց փողոցների տարածքով երթ իրականացնելու վերաբերյալ «այլ անձը»1 իրազեկել է Երևանի քաղաքապետարանին, սակայն Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել սահմանափակել երթի անցկացման վայրը, հավաքի կազմակերպչին առաջարկվել է հավաքներն անցկացնել «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում՝ պատճառաբանելով, որ նշված երթուղով բազմամարդ երթի անցկացումը կարող է անհամաչափ կերպով սահմանափակել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախապես ծրագրած միջոցառումների մասնակիցների տեղաշարժման ազատությունը և անմիջական վտանգ հանդիսանալ նրանց անվտանգության համար: Միևնույն ժամանակ, հիշյալ որոշմամբ հայտնվել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանում նախատեսված բազմաբնույթ ու բազմամարդ միջոցառումների և բազմաթիվ պատվիրակությունների մայրաքաղաք ժամանելու հանգամանքով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնական հատվածը պատվիրակությունների տեղաշարժի և միջոցառումների ընթացքում լինելու է խիստ ծանրաբեռնված:
Ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և այլոք, քաջատեղյակ լինելով, որ Երևանի քաղաքապետարանը թույլատրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ իրականացվելիք համազգային հրապարակային միջոցառումների օրերին հավաքներն անցկացնել այդ միջոցառումների իրականացման վայրերին չհարող՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում, համացանցում կոչեր և թռուցիկներ տարածելով, քաղաքացիներին հրավիրել են հատկապես հիշյալ տարելիցի առթիվ իրականացվող միջոցառումների համար նախատեսված «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրին հարող տարածքներում փաստացի սահմանափակված հավաքների՝ հայտնելով, որ տարաբնույթ զանգվածային միջոցառումներ են իրականացնելու: Այս պարագայում քաջ գիտակցելով օրենքի խախտմամբ տեղի ունեցող հավաքներին իրավապահ մարմինների իրավաչափ գործողություններով միջամտելու անխուսափելիությունը՝ ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանն ու մյուսներն ինքնապաշտպանության քողարկված պատրվակով կոչեր են արել զինված դիմադրություն ցույց տալ իբրև թե իրենց հավաքներին խոչընդոտող իշխանության ներկայացուցիչներին:
Մասնավորապես, 2014 թվականի մայիսի 16-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում՝ հավաքի ժամանակ, ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը կոչ է արել բոլորին դուրս գալ տներից և համախմբվել՝ նշելով. «Դու՛րս եկեք տներից և համախմբվե՛ք, կոչ եմ անում երիտասարդներին, ի դեպ, եթե պետք լինի կկռվենք բառիս բուն իմաստով, կկռվենք զենքով»:
2014 թվականի դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է. «(…) ապրիլի 24-ին դուրս ենք գալու փողոց և տուն չենք վերադառնալու այնքան ժամանակ, մինչև չիրականացնենք իշխանափոխություն, զենքը լոկ մարդասպանության գործիք չէ, այն նախատեսված է նաև ինքնապաշտպանության համար, ժողովուրդը չպետք է զինաթափված լինի»:
Նույն ասուլիսի ժամանակ ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը հանդես է եկել նաև հետևյալ արտահայտություններով. ««Հիմնադիր խորհրդարանն» ընտրել է պայքարի խաղաղ տարբերակը, սակայն պատրաստ կլինի հնարավոր բռնությանը պատասխանել համարժեք բռնությամբ, եթե կրակելու են, թո՛ղ կրակեն, մենք էլ կկրակենք»: Այնուհետև, ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը, համեմատություններ կատարելով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ, նշել է, որ այն ժամանակ ժողովուրդը պատրաստ չի եղել և քարերով են դուրս եկել փողոց:
Այնուհետև, զանգվածային անկարգությունների կազմակերպման միասնական դիտավորությամբ, ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանն ու մյուսները ձեռք են բերել և իրենց բնակարաններում, «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության Երևանի, Գյումրու և Վանաձորի գրասենյակներում, նրանց համար որպես հավաքատեղի ծառայած «Սարդարապատ» նախաձեռնության և «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակներում, ինչպես նաև «Սարդարապատ» նախաձեռնության գրասենյակի կարիքների համար օգտագործվող «ՎԱԶ 2106» մակնիշի, 04ԼՏ513 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում պահել են ինչպես գործարանային արտադրության, այնպես էլ ինքնաշեն, մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված շուրջ չորս տասնյակ մետաղյա ձողեր և փայտյա մահակներ, կռփազենք, երկու էլեկտրապարպիչ:
Ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և մյուսները, գիտակցելով, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում իրականացվելու են համազգային հրապարակային միջոցառումներ, իրենց կողմից հավաքագրված խմբերի միջոցով անկարգություններ հրահրելու եղանակով ծրագրել են Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը զանգվածային անկարգություններն իրագործել հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում, սակայն հանցավոր մտադրությունն ու գործողություններն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հանցագործության կատարմանն անմիջականորեն ուղղված գործողությունները բացահայտվել և կանխվել են իրավապահ մարմինների կողմից:
(…)
2015 թվականի մայիսի 4-ից փաստացի գտնվելով ազատության մեջ՝ ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը ոչ միայն չի հրաժարվել հանցավոր գործողություններ իրականացնելու իր մտադրությունից, այլև 2015 թվականի նոյեմբերից շարունակել է իր հանցավոր գործունեությունը: Նա որոշել է ստեղծել և ղեկավարել կազմակերպված զինված խումբ՝ իր ենթախմբերով, դրանց պատասխանատուներով՝ նպատակ ունենալով խմբի անդամների միջոցով զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարբեր վայրերում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքերը, շինությունները զավթել և դրանք պահելուց հետո պետությանը հարկադրել որոշակի գործողություններ կատարելուն:
Դեռևս 2014 թվականին ամբաստանյալ Հովհաննես Դորիկի Պետրոսյանը, սոցիալական կայքերում լսելով Ժիրայր Սեֆիլյանի կոչերը, «ֆեյսբուք.քոմ» («facebook.com») սոցիալական կայքի միջոցով հաղորդագրություն է ուղարկել ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին և ցանկություն հայտնել հանդիպել նրան: Պայմանավորվածության համաձայն՝ ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը 2014 թվականին գնացել է Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում տեղակայված «Հիմնադիր խորհրդարան» հասարակական կազմակերպության վարչական շենք, որտեղ հանդիպել է ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին, ծանոթացել նրա հետ և հայտնել, որ գաղափարակից է և առաջարկել է իր օգնությունը: Ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը տվել է իր դրական պատասխանը և հայտնել, որ կապ կհաստատեն էլեկտրոնային կայքի միջոցով:
2015 թվականի աշնանը ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը «ֆեյսբուք.քոմ» («facebook.com») սոցիալական կայքի միջոցով հաղորդագրություն է ուղարկել ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին և հանդիպման հրավիրել «Սարդարապատ» շարժման գրասենյակ: Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը գնացել է «Սարդարապատ» շարժման գրասենյակ, որտեղ հանդիպել է ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին, ով իրեն ուղեկցել է առանձնասենյակ, այնտեղ ծանոթացրել իր մտերիմ՝ ամբաստանյալ Հրայր Իվանի Թոփչյանի հետ և հայտնել, որ նա է լինելու իր համակարգողը՝ միաժամանակ նշելով, որ անհրաժեշտության դեպքում վերջինիս միջոցով իր հետ կապ հաստատի:
Դրանից հետո ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը բազմիցս հանդիպել է ամբաստանյալ Հրայր Թոփչյանի հետ, քննարկել տարաբնույթ հարցեր, որոնց ընթացքում վերջինս Հովհաննես Պետրոսյանին փոխանցել է Ժիրայր Սեֆիլյանի հանձնարարությունը՝ խմբի նոր անդամներ հավաքագրելու վերաբերյալ: Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը տվել է իր դրական պատասխանը և այդ մասին հայտնել իր բարեկամ Սմբատ Գալոյանին, ինչպես նաև իր մտերիմներ՝ ամբաստանյալներ Ներսես Պողոսյանին և Գալուստ Գրիգորյանին, որոնց հետ ծանոթացել է 2015 թվականի ամռանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում: Ստանալով նրանց համաձայնությունը` ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը հավաքագրել է վերջիններիս և այդ մասին հայտնել ամբաստանյալ Հրայր Թոփչյանին:
Իր հանցավոր մտադրության իրականացման համար ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը կազմակերպված խմբի կազմում ամբաստանյալ Հրայր Թոփչյանի ղեկավարմամբ ստեղծված ենթախմբին կնքել է «Կարոտ» կեղծանունը, ապա կատարել է հանցավոր խմբի անդամների միջև դերաբաշխում և համարաբաշխում, ինչպես նաև ենթախմբի անդամներին զինելուն, ծածկագրված կապի միջոցներով ապահովելուն և հարձակման ենթակա օբյեկտներն ուսումնասիրելուն անմիջականորեն ուղղված գործողություններ: Ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը նշված ենթախմբի կազմում ընդգրկել է նաև իր մտերիմ՝ ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանին, ինչպես նաև այլ անձանց, սակայն կազմակերպված խմբի այլ ենթախմբերի, դրանց անդամների բացահայտմանը խոչընդոտելու և հանցավոր նպատակի իրականացման արդյունավետությունն ապահովելու նպատակով ապահովել է ինչպես ենթախմբերի, այնպես էլ դրանցում ներգրավված անդամների` միմյանցից անջատ և գաղտնի գործունեությունը: Մասնավորապես, 2015 թվականի մայիսին Կոտայքի մարզի Գառնի գյուղի և Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի առանձնատներից մեկում տարբեր օրերի ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը հանդիպել է գործով չպարզված մի քանի այլ ենթախմբերի պատասխանատուների հետ և քննարկել ռազմավարական նշանակություն ունեցող շենքերի և շինությունների զավթմանն ուղղված գործողությունների իրականացման ծրագրերը:
Ռազմավարական նշանակություն ունեցող շենքերի վրա ծրագրված հարձակումները 2015 թվականի դեկտեմբերի 1-ին իրականացնելու ուղղակի դիտավորությամբ, ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը 2015 թվականին՝ չպարզված օրը, հանդիպել է ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի հետ, հայտնել խմբի անդամների միջոցով զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարբեր վայրերում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքերը, շինությունները զավթելու և դրանք պահելուց հետո պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու իր հանցավոր մտադրության մասին: Ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը, միաժամանակ գիտակցելով պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող Երևանի գլխավոր հեռուստաաշտարակը զավթելու միջոցով ցանկալի արդյունքի հասնելու հնարավորությունը, թիրախավորել է այն և հանձնարարել ուսումնասիրել տեղանքը, մշակել պլան՝ դրա գրավմանն ուղղված բոլոր հնարավոր խոչընդոտները վերացնելու համար:
Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն իր և ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի քննարկման մասին հայտնել է Սմբատ Գալոյանին, Ներսես Պողոսյանին և Գալուստ Գրիգորյանին, ապա Ժիրայր Սեֆիլյանի հանձնարարությունն անթերի կատարելու համար Գալուստ Գրիգորյանի հետ գնացել է Երևանի գլխավոր հեռուստաաշտարակին հարող տարածք և զննել այն: Դրանից մի քանի օր անց ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն, արդեն մենակ, երկու անգամ կրկին գնացել է հիշյալ վայր, լրացուցիչ ուսումնասիրել տարածքը և կազմել հեռուստաաշտարակի սխեմա: Սխեման կազմելուց հետո ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն այդ մասին հայտնել է ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին և հանդիպումներից մեկի ժամանակ վերջինիս ներկայացրել այն: Ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը, ուսումնասիրելով Հովհաննես Պետրոսյանի կողմից կազմված՝ Երևանի գլխավոր հեռուստաաշտարակի սխեման, վերադարձրել է նրան և հետագայում չբացահայտվելու նպատակով հանձնարարել է տեսողական հիշողությամբ մտապահել և ոչնչացնել սխեման:
Դրան հաջորդող օրերին իր և ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման մասին ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը մանրամասն պատմել է Սմբատ Գալոյանին և նրան ցույց տվել ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի հանձնարարությամբ իր կողմից կազմված սխեման և խնդրել է դրան ծանոթանալուց հետո այրել: Հեռուստաաշտարակի մուտքի և ելքի, այնտեղ գտնվող շենքերի տեղակայման վայրերը վերհիշելու համար Սմբատ Գալոյանն այն չի այրել, այլ թաքցրել է իր սպորտային համազգեստի գրպանում:
Դրանից օրեր անց ամբաստանյալներ Հրայր Թոփչյանը և Հովհաննես Պետրոսյանը, պայմանավորվածության համաձայն, հանդիպել են Երևան քաղաքի Խորենացու փողոցում գտնվող վերջինիս աշխատավայրում, որի ընթացքում ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը կրկին կազմել է Երևանի գլխավոր հեռուստաաշտարակի գծագիրը և առաջարկել այն գրավելու իր տարբերակը, որը, սակայն, ամբաստանյալ Հրայր Թոփչյանի կողմից հավանության չի արժանացել:
Քննարկումից հետո ամբաստանյալ Հրայր Թոփչյանը հանդիպել է ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի հետ և հայտնել, որ հեռուստաաշտարակի գրավման պլանն իրատեսական չէ, սակայն ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը պնդել է, որ ծրագիրը պետք է կյանքի կոչել: Դրան հաջորդող օրերին ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը հեռախոսակապի միջոցով ամբաստանյալ Հրայր Թոփչյանին հրավիրել է հանդիպման և առանձնազրույցի ժամանակ հանձնարարել երկու միավոր ինքնաձիգ և փամփուշտներ փոխանցել իր ենթախմբի անդամ, ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին՝ միաժամանակ նշելով, որ կապ հաստատի իր վաղեմի ընկեր՝ ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի հետ և նրանից ստանա հիշյալ զենք-զինամթերքը: Ամբաստանյալ Հրայր Թոփչյանը զանգահարել է ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանին և, պայմանավորվածության համաձայն, հանդիպել նրան: Հանդիպման ժամանակ ամբաստանյալ Հրայր Թոփչյանը Սասունիկ Կիրակոսյանին փոխանցել է ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի հանձնարարությունը և, պարզելով, որ ինքնաձիգերը և փամփուշտները գտնվում են նրա տիրապետության տակ, զանգահարել է ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին, հայտնել, որ պետք է Ժիրայր Սեֆիլյանի հանձնարարության համաձայն՝ երկու միավոր ինքնաձիգերը հանձնի նրան: Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ամբաստանյալ Հրայր Թոփչյանն ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի հետ, վերջինիս «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, «AK-74» տեսակի մարտական ակոսափող, «971737» և «ИМ 30 4598» գործարանային համարների երկու ինքնաձիգերը, ինքնաձիգի չորս պահունակները՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող, 5.45մմ տրամաչափի 120 մարտական փամփուշտներով, տեղափոխել են Երևան քաղաքի Մուրացան փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի մոտ, որտեղից ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի ցուցումով այն տեղավորել են հիշյալ տարածքում տեղակայված վերջինիս ընկեր Սահակ Սահակյանի ավտոտնակում:
Հրազեններն ու ռազմամթերքը պահելուց հետո՝ նույն օրը, ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը կազմակերպված խմբի՝ իր ենթակայության տակ գտնվող անդամներ՝ ամբաստանյալներ Ներսես Պողոսյանին և Գալուստ Գրիգորյանին հայտնել է, որ ապօրինի ձեռք է բերել և հիշյալ վայրում պահել հրազեն ու ռազմամթերք, որից հետո առաջարկել է ընկերներին դրանք տեղափոխել ու թաքցնել այլ վայրում՝ մինչև ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի կողմից տրվելիք՝ կազմակերպված խմբով զենքի գործադրմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ Երևանի գլխավոր հեռուստաաշտարակը զավթելու և պահելու վերաբերյալ հրահանգը: Նույն օրը՝ երեկոյան, կազմակերպված խմբի անդամ ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն ամբաստանյալներ Ներսես Պողոսյանի և Գալուստ Գրիգորյանի հետ հիշյալ հրազեններն ու ռազմամթերքը դուրս են բերել Սահակ Սահակյանի ավտոտնակից և քայլելով ապօրինի փոխադրել ու պահել են ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի տիրապետման տակ գտնվող, իր աներ Էդիկ Եղիազարյանի` Երևան քաղաքի Աթոյան փողոցում գտնվող, չբնակեցված բնակարանում և սպասել զինված հարձակում իրականացնելու վերաբերյալ ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի հրահանգին:
Դրանից մոտ մեկ շաբաթ անց ամբաստանյալ Հրայր Թոփչյանը հանդիպել է ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի հետ և հայտնել, որ պլանավորել են 2015 թվականի դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք «Մահ ռեժիմին, ոչ ոք հրապարակից տուն չի գնալու» կարգախոսով ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած հանրահավաքից հետո իրականացնել գրոհ: Նա ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին տվել է 130.000 ՀՀ դրամ և հանձնարարել վարձակալել ամենագնաց ավտոմեքենա՝ գրոհի օրը որպես փոխադրամիջոց օգտագործելու համար: Նույն օրն ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն ամբաստանյալներ Ներսես Պողոսյանի և Գալուստ Գրիգորյանի հետ գնացել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող՝ «Լյուքս քար սերվիս» ՍՊ ընկերություն, որտեղից վարձակալել են «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ամենագնացը և Երևան քաղաքի Աթոյան փողոցում գտնվող բնակարանում սպասել գրոհի վերաբերյալ ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի հրահանգին:
Մինչև ուշ գիշեր սպասելուց և հրահանգ չստանալուց հետո ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի կողմից տրված և խմբի նպատակների համար օգտագործվող հեռախոսահամարով զանգահարել է ամբաստանյալ Հրայր Թոփչյանին, հայտնել «Կարոտ» նշանաբանը, սակայն պատասխան նշանաբանը չլսելով՝ գիտակցել է, որ հեռախոսահամարին պատասխանել է այլ անձ, ինչից հետո անջատել է այն: Նույն պահին այդ մասին նա հայտնել է ամբաստանյալներ Գալուստ Գրիգորյանին և Ներսես Պողոսյանին, մտավախություն հայտնել հանցագործության բացահայտման վերաբերյալ, որից հետո միասին որոշել են փոխել զենքերի տեղը, ապա վարձակալած «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով զենք-զինամթերքը ապօրինի փոխադրել և պահել են ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի տիրապետման տակ գտնվող՝ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի թիվ 10/5 տան հարևանությամբ գտնվող մետաղյա տաղավարում:
Հաջորդ օրն ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում հանդիպել է ամբաստանյալ Հրայր Թոփչյանին, պարզաբանում պահանջել հրահանգ չտալու և գաղտնի հեռախոսին այլ անձի կողմից պատասխանելու հանգամանքի շուրջ, որին ի պատասխան՝ ամբաստանյալ Հրայր Թոփչյանը հայտնել է, որ գրոհի հրահանգը պետք է տար միայն Ժիրայր Սեֆիլյանը, իսկ թե որն է եղել հրահանգ չտալու պատճառը, իրեն ոչինչ հայտնի չէ:
Դրանից հետո՝ 2016 թվականի հունվարին, ամբաստանյալներ Գալուստ Գրիգորյանն ու Ներսես Պողոսյանը որոշել են տեղափոխել և այլ վայրում թաքցնել հիշյալ հրազեններն ու ռազմամթերքը, որի համար նախնական համաձայնության են եկել խմբի մյուս անդամի հետ և երկուսով՝ ամբաստանյալներ Ներսես Պողոսյանն ու Գալուստ Գրիգորյանը, վերջինիս ավտոմեքենայով դրանք Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում գտնվող տաղավարից հանել, ապօրինի փոխադրել և պահել են Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցի նկուղում, ինչի մասին հետագայում տեղեկացրել են ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին:
2016 թվականի մայիսի 18-ին, կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ, զավթածն ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, ռազմավարական նշանակություն ունեցող շենքերը, շինությունները զավթելու և պահելու հանցավոր մտադրությունն իրականացնելու մղումով, Երևանի գլխավոր հեռուստաաշտարակի վրա զինված հարձակում կատարելու վերաբերյալ հրահանգը հետաձգելուց որոշ ժամանակ անց, ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը Հրայր Թոփչյանի միջոցով Հովհաննես Պետրոսյանին հանձնարարել է ուսումնասիրել արդեն Նուբարաշեն վարչական շրջանում տեղակայված զորամասերը: Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն այդ մասին հայտնել է Սմբատ Գալոյանին, ով, հանդիսանալով հիշյալ զորամասերի նախկին զինծառայող, տեղեկություններ է հայտնել այդ զորամասերի վարչական շենքերի, շինությունների տեղակայման, ինչպես նաև զորքերի նշանակության և մոտավոր թվաքանակի վերաբերյալ և քննարկման ընթացքում մտահոգություն հայտնել հիշյալ զորամասերի վրա զինված հարձակում կատարելու և այդտեղ ծառայող զինվորների հետ զինված բախում ունենալու աննպատակահարմարության մասին: Վերջիններս որոշել են այդ մտահոգությունը հայտնել ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջել ամբաստանյալ Հրայր Թոփչյանից: Դրան հաջորդող օրերին ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն անձամբ հանդիպել է ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին, հայտնել, որ ապրիլյան պատերազմից հետո զորամասերի վրա հարձակում գործելը կդիտվի որպես դավաճանություն, սակայն վերջինս պնդել է իր հանցավոր մտադրությունը և հայտնել, որ դա իր երկար մտածած ծրագիրն է՝ միաժամանակ նշելով, որ, եթե վստահ չեն իրենց ուժերի վրա, կարող են հրաժարվել գրոհին մասնակցելուց: Խոսակցության ընթացքում ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը Հովհաննես Պետրոսյանին հայտնել է, որ զորամասերի վրա գրոհ իրականացնելուց ժամեր առաջ ամբաստանյալ Հրայր Թոփչյանին կուղարկի նրանց հետևից, միասին կհանդիպեն և կհրահանգավորվեն գրոհն իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, նա հորդորել է հանգիստ լինել՝ վստահեցնելով, որ զորամասում կան բազմաթիվ զինծառայողներ, որոնց հետ համատեղ պետք է իրականացվի գրավման գործընթացը:
2016 թվականի մայիսին, ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն ու կազմակերպված խմբի մեկ այլ անդամը նախնական համաձայնության են եկել հիշյալ հրազեններն ու ռազմամթերքն այլ վայր տեղափոխելու շուրջ: Իրենց մտադրության իրականացման համար ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն ու կազմակերպած խմբի մյուս անդամը տաքսի ավտոմեքենայով մեկնել են Ձորաղբյուր գյուղ, այնտեղից վերցրել և Երևան քաղաքի Հալաբյան փողոցում գտնվող բնակարան են ապօրինի փոխադրել և պահել վերոհիշյալ հրազեններն ու ռազմամթերքը՝ սպասելով ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի կողմից 2016 թվականի մայիսի 18-ին ծրագրված՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող զորամասերի վրա իրականացվելիք հարձակման համար հրահանգ ստանալուն:
Զենքերը տեղափոխելու հաջորդող օրերին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում ամբաստանյալ Հրայր Թոփչյանը հանդիպել է Հովհաննես Պետրոսյանին և հայտնել, որ 2016թ. մայիսի 17-ին կամ 18-ին՝ ժամը 21:00-ին, պետք է հանդիպեն Երևան քաղաքի Հալաբյան փողոցում, որից հետո անցնեն ընդհատակ և գնան գրոհի:
Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը, գիտակցելով գրոհի իրական լինելու հանգամանքը, այդ մասին հայտնել է Սմբատ Գալոյանին և խմբի մյուս անդամների հետ քննարկել և որոշել են հրաժարվել գրոհին մասնակցելուց:
Պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի մայիսի 18-ին Հովհաննես Պետրոսյանը և Սմբատ Գալոյանն իրենց մոտ պահվող զենք-զինամթերքով պետք է Երևան քաղաքի Հալաբյան փողոցում գտնվող՝ «Շեվրոլետ» ավտոսրահի դիմաց հանդիպեին ամբաստանյալ Հրայր Թոփչյանին, ով իրենց պետք է տեղափոխեր այլ վայր, որտեղ իրենց պետք է սպասեին Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ ստեղծված մյուս խմբերի և ենթախմբերի 200-300 անդամները, ովքեր ևս պետք է մասնակցություն ունենային զենքի գործադրմամբ, ռազմավարական նշանակություն ունեցող շենքերը, շինությունները զավթելու և պահելու հանցավոր գործունեությանը:
Քանի որ խմբի անդամներն արդեն որոշել էին հրաժարվել խմբին անդամակցելուց, ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը Սմբատ Գալոյանին առաջարկել է 2016 թվականի մայիսի 18-ին Հալաբյան փողոցում պայմանավորված ժամին հանդիպել ամբաստանյալ Հրայր Թոփչյանի հետ և ստել՝ իբրև թե ինքը հայտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում և այդ պատճառով հանդիպման չի եկել:
Համաձայնության գալուց հետո Սմբատ Գալոյանը գնացել է հանդիպման, ծանոթացել Հրայր Թոփչյանի և նրա հետ եկած երկու անձանց հետ ու, ներկայանալով որպես Հովհաննես Պետրոսյանի ազգական, նշել է, որ վերջինս հայտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում և այդ պատճառով նրա փոխարեն հանդիպման է եկել ինքը: Խոսակցության ընթացքում Սմբատ Գալոյանն առաջարկել է վերադարձնել զենքերը, սակայն ամբաստանյալ Հրայր Թոփչյանը հրաժարվել է դրանք ստանալուց և հայտնել է, որ ինքն իր հարցերը կլուծի Հովհաննես Պետրոսյանի հետ: Այնուհետև մի քանի քայլ հեռանալուց հետո ամբաստանյալ Հրայր Թոփչյանը հեռախոսազանգ է կատարել, որից հետո եկած անձանց հետ նույն ավտոմեքենայով հեռացել է:
Հանդիպման մասին Սմբատ Գալոյանը պատմել է Հովհաննես Պետրոսյանին, որից հետո, 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ բազմաթիվ ՀՀ զինծառայողների զոհվելու հանգամանքով պայմանավորված, ենթախմբի անդամները վերջնականապես որոշել են հրաժարվել խմբին անդամակցելուց, հիասթափվել հատկապես Նուբարաշենի զորամասերի զինվորների կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ այդ զորամասերի վրա զինված հարձակում կատարելու Ժիրայր Սեֆիլյանի ծրագրից, դրան վերաբերվել քննադատորեն և համոզմունք ձևավորել վերջինիս կեղծ հայրենասիրության, հանուն շահի՝ հայ զինվորի կյանքը զոհաբերելու և պետության անվտանգությունը վտանգելու վերաբերյալ: Ենթախմբի անդամների դիրքորոշման մասին ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը հայտնել է Հրայր Թոփչյանին, ով կրկին քննադատորեն է վերաբերվել ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի՝ վերը նշված հանցավոր մտադրությանը, կրկին հրաժարվել խմբին անդամակցելուց և այդ մասին հայտնել ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին: Մասնավորապես, Հրայր Թոփչյանը Ժիրայր Սեֆիլյանին հայտնել է, որ իր ենթախմբի բոլոր անդամները հրաժարվել են զորամասերի վրա զինված հարձակում կատարելուց: Ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը, տեղեկանալով ենթախմբի անդամների հիշյալ դիրքորոշման և զինված հարձակմանը մասնակցելուց հրաժարվելու մասին և գիտակցելով Հրայր Թոփչյանի ղեկավարած ենթախմբով հարձակումն իրագործելու անհնարինությունը, կոնկրետ նշված ենթախմբին զորամասերի վրա զինված հարձակում կատարելուն ուղղված գործողությունները դադարեցնելու հրահանգ է տվել և ամբաստանյալ Հրայր Թոփչյանին հանձնարարել վերադարձնել ենթախմբին տրամադրված զենքերը և ռազմամթերքը:
Ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի հանձնարարության համաձայն՝ 2016 թվականի մայիսի 20-ին Հրայր Թոփչյանը որոշել է Հովհաննես Պետրոսյանից հետ ստանալ իր կողմից տրված զենքը և ռազմամթերքը ու այդ նպատակով զանգահարել է իր ընկեր Աշոտ Գուգուշյանին և խնդրել վերջինիս ավտոմեքենայով մեկնել Երևան քաղաքի Հալաբյան փողոց՝ իբրև թե ուղեբեռ տեղափոխելու համար: Աշոտ Գուգուշյանը համաձայնվել է և իր անձնական օգտագործման՝ «Մերսեդես» մակնիշի, 34LM658 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով 2016 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Հրայր Թոփչյանի հետ գնացել է Հալաբյան փողոց, որտեղ Հովհաննես Պետրոսյանը և Սմբատ Գալոյանն ավտոմեքենային են մոտեցրել ստվարաթղթե արկղի մեջ տեղավորված՝ ԱԿ-74 տեսակի մարտական ակոսափող «971737» և «ИМ 30 4598» գործարանային համարների երկու ինքնաձիգերն ու ռազմամթերք հանդիսացող՝ 5.45մմ տրամաչափի 120 մարտական փամփուշտները՝ լիցքավորված ինքնաձիգի չորս պահունակներով, ինչն էլ Հրայր Թոփչյանի օգնությամբ տեղավորել են բեռնախցիկում: Հիշյալ զենքն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին հանձնելու նպատակով Հրայր Թոփչյանն Աշոտ Գուգուշյանին խնդրել է ավտոմեքենան վարել Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ: Ճանապարհին Աշոտ Գուգուշյանի վարած ավտոմեքենան բախվել է «Նիսսան» մակնիշի, 064 OF 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենային: Բախման պատճառով վարորդների միջև տարաձայնություն առաջանալուց հետո մոտեցել են տարածքում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները, ովքեր վթարի մասնակիցներին առաջարկել են ավտոմեքենաների հետնամասում տեղադրել անվտանգության եռանկյունաձև նշանը: Նույն պահին Աշոտ Գուգուշյանը բացել է իր ավտոմեքենայի բեռնախցիկը, որի ժամանակ Հրայր Թոփչյանի օգնությամբ այնտեղից հանել է ստվարաթղթե արկղը՝ դրա տակ գտնվող անվտանգության եռանկյունաձև նշանը՝ ավտոմեքենայի հետնամասում տեղադրելու համար: Ստվարաթղթե արկղը բեռնախցիկից հանելուց հետո, դրանից ընկել է ինքնաձիգի փամփշտակալը, ինչը ոստիկանության աշխատակիցները նկատել են և Հրայր Թոփչյանին և Աշոտ Գուգուշյանին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին:
Կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք բերված հրազենն ու ռազմամթերքը պահելու և փոխադրելու բացահայտման պատճառով ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի կողմից զավթածն ազատելու պայմանով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով ռազմավարական նշանակության շենքերի, շինությունների զավթումը, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կազմակերպումը ավարտին չեն հասցվել՝ Ժիրայր Սեֆիլյանի կամքից անկախ հանգամանքներով, իսկ մյուսները կամովին հրաժարվել են այդ հանցանքի կատարումից»2:
4.1. Դատավճռի՝ իրավական վերլուծությունների հատվածում Առաջին ատյանի դատարանը նշել է. «Վերլուծելով ամբաստանյալներ Հրայր Իվանի Թոփչյանի, Գալուստ Վարազդատի Գրիգորյանի, Ներսես Միքայելի Պողոսյանի, Սասունիկ Դավթի Կիրակոսյանի, Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործի դատական քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հրայր Իվանի Թոփչյանի դատաքննական ցուցմունքը՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված կազմակերպված խմբի կազմում ընդգրկված չլինելու, հրազենը և ռազմամթերքն իրեն պատկանելու, դրանք ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին ի պահ հանձնելու, իր նախաքննական ցուցմունքներն իրականությանը չհամապատասխանելու մասին, ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի դատաքննական ցուցմունքը՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված կազմակերպված խմբի կազմում ընդգրկված չլինելու, իր նախաքննական ցուցմունքներն առանց կարդալու ստորագրած լինելու և դրանք իրականությանը չհամապատասխանելու մասին, ամբաստանյալ Ներսես Միքայելի Պողոսյանի դատաքննական ցուցմունքը՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված կազմակերպված խմբի կազմում ընդգրկված չլինելու, հրազեն և ռազմամթերք պահելու և փոխադրելու հետ առնչություն չունենալու մասին, ամբաստանյալ Սասունիկ Դավթի Կիրակոսյանի նախաքննական ցուցմունքը՝ 2015թ. նոյեմբեր ամսին Հովհաննես Պետրոսյանին հրազեն և ռազմամթերք փոխանցելը չհիշելու մասին, ամբաստանյալ Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի դատաքննական ցուցմունքը՝ զանգվածային անկարգությունների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարած չլինելու մասին, իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և սպասվող պատժից խուսափելու, այդ հարցում միմյանց օգնելու, քրեական գործով պարզված փաստական հանգամանքները խեղաթյուրելու նպատակ են հետապնդում և հերքվում են վերոհիշյալ ապացույցներով, այդ թվում՝ ամբաստանյալներ Հրայր Թոփչյանի, Գալուստ Գրիգորյանի նախաքննական ցուցմունքներով, որոնք համադրվում և փոխկապակցվում են ոչ միայն միմյանց, այլ նաև քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների, այդ թվում՝ ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի, սույն գործի մեղադրանքի հետ առնչվող՝ մեկ այլ քրեական գործով մեղադրյալ Սմբատ Գալոյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ ներքին և արտաքին դիտման արդյունքում ստացված փաստական տվյալների և ամբաստանյալների հեռախոսահամարների վերծանումների հետ:
...
Պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել՝ ստվարաթղթե արկղը զննելու մասին 2016թ. մայիսի 20-ի արձանագրության, իրեղեն ապացույց ճանաչված ստվարաթղթե արկղի, դրա մեջ հայտնաբերված ինքնաձիգերի և փամփուշտների, դատաձգաբանական փորձաքննության թիվ 1390-16 եզրակացության՝ որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու մասին ...։
... [Հ]ետաքննության մարմնի աշխատակցի կողմից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ և 180-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, կատարվել են նրա լիազորությունների մեջ մտնող գործողություններ, մասնավորապես՝ Հ.Թոփչյանին զենք և զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին բերման ենթարկելուց հետո վերջինս զննվել և ենթարկվել է անձնական խուզարկության, որպիսի գործողությունը ներառել է նաև նրա մոտ գտնվող իրերի, այդ թվում՝ ստվարաթղթե արկղի և դրա պարունակության ամրագրումը: Այլ կերպ ասած՝ հետաքննության մարմնի աշխատակցի կողմից կազմված փաստաթղթերում ամրագրվել են Հ.Թոփչյանին անձնական խուզարկության ենթարկելիս նրա մոտ գտնվող բոլոր իրերը, այդ թվում՝ ստվարաթղթե արկղը և դրա պարունակությունը:
(…)
Հետևաբար, ստվարաթղթե արկղը զննելու մասին 2016թ. մայիսի 20-ի արձանագրությունը, իրեղեն ապացույց ճանաչված ստվարաթղթե արկղը, դրա մեջ հայտնաբերված ինքնաձիգերը և փամփուշտները, դատաձգաբանական փորձաքննության թիվ 1390-16 եզրակացությունը դատարանը գնահատում է որպես թույլատրելի և արժանահավատ ապացույցներ և գտնում է, որ պաշտպանության կողմի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:
(…) Անդրադառնալով պաշտպանության կողմի պատճառաբանություններին, որոնք վերաբերում են ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցների, այդ թվում՝ մյուս քննչական և դատավարական գործողությունների՝ որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությանը, դատարանն այդ պատճառաբանությունները նույնպես հիմնավոր չի համարում և գտնում է, որ այդ գործողությունների ընթացքի և արդյունքների մասին օրենքով սահմանված կարգով կազմվել են արձանագրություններ, նշված գործողություններին մասնակցած անձանց, այդ թվում՝ ընթերակաների կողմից էական խախտումների վերաբերյալ դիտողություններ չեն ներկայացվել:
...
Ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ նրա կատարած յուրաքանչյուր հանցագործության համար պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այն, որ նա դատվածություն չունի, ակտիվորեն մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը:
Յուրաքանչյուր հանցագործության համար պատիժ նշանակելիս դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք՝ հաշվի է առնում հանցավորի խնամքին մինչև տասնչորս տարեկան մեկ երեխայի առկայությունը (Վահագն Ժիրայրի Սեֆիլյանը՝ ծնված 2006թ. հունիսի 27-ին):
ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար պատիժ նշանակելիս դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, որպես ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առնում հիշյալ հանցանքը մեկ այլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործության կատարումը հեշտացնելու նպատակով կատարելը:
...»3:
5. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «... Վերաքննիչ դատարանը քրեական գործի ուսումնասիրությամբ գալիս է այն եզրահանգման, որ ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանն իրենք են իրենց զրկել Առաջին ատյանի դատարանի դատական քննությանը մասնակցելու իրենց իրավունքի իրացումից, քանի որ Առաջին ատյանի դատարանի կողմից դատական սանկցիաներն ամբաստանյալների նկատմամբ կիրառվել են որպես դատական քննության բնականոն ընթացքը խոչընդոտելուն ուղղված նրանց գործողությունների հակազդման միջոց: (․․․) Բացի այդ՝ հարկ է նկատել, որ Առաջին ատյանի դատարանը, դատական նիստերի դահլիճից հեռացնելով ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին, ապահովել է վերջինների պաշտպանության իրավունքը, այն է` Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին իրենց կողմից ընտրված պաշտպանների միջոցով պաշտպանվելու իրավունքից երբևէ չի զրկել և մշտապես թույլատրվել է նրանց կողմից ընտրված պաշտպանների մասնակցությունը դատական նիստերին:
... Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ հետաքննության մարմնի աշխատակցի կողմից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ և 180-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, կատարվել են նրա լիազորությունների մեջ մտնող գործողություններ, (…) հետևաբար, ստվարաթղթե արկղը զննելու մասին 2016 թվականի մայիսի 20-ի արձանագրությունը, իրեղեն ապացույց ճանաչված ստվարաթղթե արկղը, դրա մեջ հայտնաբերված ինքնաձիգերը և փամփուշտները, դատաձգաբանական փորձաքննության թիվ 1390-16 եզրակացությունը հանդիսանում են թույլատրելի և արժանահավատ ապացույցներ:
...
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ [Սասունիկ Կիրակոսյանին ճանաչման ներկայացնելու] մասին քննչական գործողությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու հիմք [առկա չէ]:
(․․․) [Ա]նհիմն է նաև պաշտպանական կողմի այն պնդումը, որ հեռախոսահամարների զննության արձանագրությունը նույնպես անթույլատրելի ապացույց է, քանի որ զննության արձանագրության համաձայն` քննիչն ընթերականերին հայտնել է, որ զննության առարկա են հանդիսանում 13 հեռախոսահամարներ, սակայն զննվել են 16-ը:
... Վերաքննիչ դատարանը ողջամիտ և հիմնավոր է համարում Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությունը, որ գործի փաստական տվյալներով չի արձանագրվել որևէ հանգամանք, որը կարող էր բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալներ Հրայր Թոփչյանի, Գալուստ Գրիգորյանի նախաքննական, ինչպես նաև ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի և սույն գործի մեղադրանքի հետ առնչվող` մեկ այլ քրեական գործով մեղադրյալ Սմբատ Գալոյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներն անարժանահավատ համարելու համար: ...
Ինչ վերաբերում է դատական քննության ընթացքում Հրայր Թոփչյանի հայտնած հետևյալ հանգամանքին. «(...) Իրեն ՀՀ քննչական կոմիտե են տարել 2016 թվականի հունիսի 1-ին և ասել, որ պետք է տա որոշակի բովանդակությամբ ցուցմունք: Ինքն էլ, երկու օրերի ընթացքում քննարկելով իրավիճակը, հաշվի առնելով, որ իր տղան ծառայության մեջ է եղել, իսկ եղբայրը ՀՀ ՊՆ գնդապետ է, որոշել է նրանց պահանջը կատարել (...)», ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հրայր Թոփչյանը, վերը նշված հանգամանքն օգտագործելով, փորձում է խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից ու օգնել մյուս ամբաստանյալներին:
Նույն կարգով վերլուծելով Պավել Մանուկյանի, Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Մինասյանի դատաքննական ցուցմունքները` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նրանց դատաքննական ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում և արժանահավատ չեն, դրանք ամբաստանյալների օգտին տեղեկություններ հայտնելու, քրեական գործով պարզված փաստական հանգամանքները խեղաթյուրելու նպատակ են հետապնդում և հերքվում են վերոհիշյալ ապացույցներով, այդ թվում` հենց Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Մինասյանի նախաքննական ցուցմունքներով, որոնց ճշմարտացիությունը կասկած չի հարուցում:
(․․․) [Գ]ործում առկա ապացույցները բավարար չեն ապացուցված համարելու, որ տվյալ անձանց միավորումը ստեղծման պահից մինչև հայտնաբերումը հանդիսացել է կազմակերպված խումբ, այլ հարց է, որ հանցագործությունների չբացահայտման դեպքում հնարավոր է, որ խումբը վերածվեր ավելի կայուն և կազմակերպված միավորման, սակայն այդ մասին պնդումները ենթադրություններ են և չեն բխում գործում առկա ապացույցներից:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալների արարքները պետք է որակել որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, այլ ոչ թե կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործություն:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքից կամովին հրաժարվելու հարցին, արձանագրում է հետևյալը.
...
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործում առկա չէ ապացույցների բավարար համակցություն` հաստատված համարելու, որ Ժիրայր Սեֆիլյանը նշված օբյեկտների վրա ծրագրվող հարձակումներից կամովին չի հրաժարվել:
...
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը, քրեական գործի ուսումնասիրությամբ, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, եզրահանգում է, որ Հրայր Թոփչյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Գևորգ Սաֆարյանի արարքը` ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ժիրայր Սեֆիլյանի արարքները` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին և ապացուցված է Հրայր Թոփչյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Գևորգ Սաֆարյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, Ժիրայր Սեֆիլյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները կատարելու մեջ:
Ինչ վերաբերում է ամբաստանյալների անմեղության վերաբերյալ պաշտպանների փաստարկներին, ապա, հաշվի առնելով սույն դատական ակտում արձանագրված վերոգրյալ եզրահանգումները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք հերքվում են քրեական գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում Առաջին ատյանի դատարանում հետազոտված վերը նշված փոխկապակցված, վերաբերելի և թույլատրելի ապացույցների բավարար ամբողջությամբ:
...
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ժիրայր Սեֆիլյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է խնամքին մինչև տասնչորս տարեկան մեկ երեխայի առկայությունը (Վահագն Ժիրայրի Սեֆիլյանը` ծնված 2006 թվականի հունիսի 27-ին):
Վերաքննիչ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Ժիրայր Սեֆիլյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հանցագործության կատարման մեջ առանձնապես ակտիվ դերը, որն արտահայտվել է նրանում, որ հիշյալ հանցանքի կատարման մեջ նա դրսևորել է առանձնակի ակտիվություն և ունեցել ավելի մեծ դերակատարություն:
Կատարած արարքի համար ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:
Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով Ժիրայր Սեֆիլյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ինչպես նաև այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված է պատիժ միայն ազատազրկման ձևով, գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին հասնելու համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով:
...»4:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Հ.Թոփչյանի պաշտպան Գ.Մելիքյանն իր բողոքում նշել է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի հավասարակշռությունը: Նման պայմաններում, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ինչը չի արել՝ կայացնելով չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտ: Ըստ բողոք բերած անձի՝ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի, քրեադատավարական օրենքի մի շարք պահանջների խախտումներ:
Բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարանների դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, ինչպես նաև արձանագրել, որ հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատելիս ապացույցների բավարարության մասով դատական ակտի պատճառաբանվածության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Մասնավորապես, բողոքաբերը գտել է, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է դատաքննության ընթացքում հաստատված փաստական տվյալները, ապացույցների միակողմանի հետազոտման արդյունքում Հ.Թոփչյանին արդարացնող ապացույցները չի ենթարկել օբյեկտիվ համադրության, իսկ մեղադրական դատավճռի հիմքում դրվել են անթույլատրելի ապացույցներ: Բողոքի հեղինակի կարծիքով՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը հիմնվել է բացառապես ենթադրությունների վրա, և դրանով խախտվել է անմեղության կանխավարկածի դատավարական սկզբունքը:
6.1. Ըստ պաշտպան Գ.Մելիքյանի՝ իրեղեն ապացույց ճանաչված ստվարաթղթե արկղը, դրա մեջ հայտնաբերված ինքնաձիգերը և փամփուշտները, ստվարաթղթե արկղը զննելու մասին 2016 թվականի մայիսի 20-ի արձանագրությունն ու դատաձգաբանական փորձաքննության թիվ 1390-16 եզրակացությունը պետք է ճանաչվեին անթույլատրելի ապացույցներ, ինչը չի արվել: Բացի այդ, բողոքաբերի համոզմամբ, պետք է ոչ արժանահավատ ճանաչվեին Հ.Թոփչյանի՝ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները և հիմք ընդունվեին բացառապես դատաքննական ցուցմունքները։
6.2. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և կայացնել նոր դատական ակտ, Հ.Թոփչյանի և մյուսների նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ՝ ճանաչելով և հռչակելով նրանց անմեղությունը, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։
7. Ս.Կիրակոսյանի պաշտպան Կ.Հակոբյանն իր բողոքում փաստել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 6-րդ, 61-րդ, 63-րդ, 67-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին, 2-րդ, 7-րդ, 11-րդ, 17-19-րդ, 23-րդ, 105-րդ, 358-րդ, 360-րդ, 365-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 9-րդ և 235-րդ հոդվածների պահանջները, ինչն ազդել է գործի ելքի վրա:
Բողոք բերած անձը նշել է նաև, որ ստորադաս դատարանների դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին:
7.1. Բողոքաբերի կարծիքով՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ: Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստել է, որ Ս.Կիրակոսյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքները հիմնվել են բացառապես անթույլատրելի, միևնույն աղբյուրից բխող իրարամերժ ապացույցների ոչ բավարար համակցության վրա, իսկ դատաքննությունն ընթացել է ամբաստանյալների պաշտպանության իրավունքի և մրցակցության պահանջների խախտմամբ, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:
7.2. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Ս.Կիրակոսյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 13-ի որոշումը և հռչակել վերջինիս անմեղությունը:
8. Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի պաշտպան Տ.Եգորյանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 27-29-րդ, 61-րդ, 63-64-րդ, 66-67-րդ, 71-72-րդ, 75-րդ, 78-81-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ, 18-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ, 225-րդ հոդվածների պահանջները՝ կայացնելով անօրինական, անհիմն և չպատճառաբանված դատական ակտ:
Բողոքի հեղինակի կարծիքով՝ Առաջին ատյանի դատարանի հետևությունները չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին, չեն բխում քննության ընթացքում ձեռք բերված, դատարանում հետազոտված ապացույցների բավարար համակցությունից, Առաջին ատյանի դատարանը ոչ ճիշտ է գնահատել ապացույցները, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները:
8.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոք բերած անձը նշել է, որ Առաջին ատյանի դատարանն անհիմն մերժել է պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդությունները, իսկ Վերաքննիչ դատարանը դրան որևէ անդրադարձ չի կատարել և որևէ կերպ չի գնահատել ստորադաս դատարանի այն որոշումները, որոնք վերաբերում էին դատական քննության մեծ մասից Ժ.Սեֆիլյանի և Գ.Սաֆարյանի՝ կամայականորեն հեռացված լինելուն, ապացույցների թույլատրելիության և վերաբերելիության հարցին, պաշտպանության կողմի վկաների հարցաքննությանը:
8.2. Բողոքաբերը գտել է նաև, որ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի անձը բնութագրող ու պատիժը մեղմացնող բոլոր հանգամանքները՝ նշանակելով անհամաչափ խիստ պատիժներ, իսկ Վերաքննիչ դատարանը թեև նվազեցրել է նշված անձանց պատիժները, սակայն ո´չ Գ.Սաֆարյանի, և ո´չ էլ Ժ.Սեֆիլյանի մասով չի ներկայացրել պատճառաբանված ու հիմնավորված վերլուծություն առ այն, թե ինչու նրանց նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելով հնարավոր չէ հասնել պատժի նպատակներին:
8.3. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից իբրև ծանրացնող հանգամանք դիտարկված՝ Ժ.Սեֆիլյանի՝ հանցանքի կատարման մեջ առանձնահատուկ ակտիվ դերին՝ բողոքաբերը փաստել է, որ այն հիմնված չէ քրեական գործում առկա նյութերի և դատարանում հետազոտված ապացույցների վրա, քանի որ քրեական գործում առկա չէ որևէ ապացույց, որ Ժ.Սեֆիլյանն ավելի մեծ եռանդով կամ առանձնահատուկ եղանակով է մասնակցել «Հիմնադիր Խորհրդարանի» կողմից կազմակերպվող գործողություններին կամ որ հանցավոր նպատակների իրականացման հարցում դրսևորել է վճռականություն, ունեցել է նախաձեռնող դերակատարում:
8.4. Վերոգրյալի հիման վրա, Ժ.Սեֆիլյանի ու Գ.Սաֆարյանի պաշտպան Տ.Եգորյանը խնդրել է վերջիններիս մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 13-ի որոշումը և հռչակել Ժ.Սեֆիլյանի ու Գ.Սաֆարյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում կամ նրանց նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառել: Միևնույն ժամանակ, պաշտպան Տ.Եգորյանը միջնորդել է կասեցնել գործի քննությունը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար:
9. Ժ.Սեֆիլյանի պաշտպան Ա.Պապիկյանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է չպատճառաբանված որոշում՝ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 104-107-րդ և 127-րդ հոդվածների պահանջները: Բացի այդ, բողոքաբերի համոզմամբ, Վերաքննիչ դատարանի հետևությունները հակասում են Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկների՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված կարգով չի հետազոտել քրեական գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ պատշաճ իրավական վերլուծության ու գնահատման չեն ենթարկվել դատավարության մասնակիցների նախաքննական ու դատաքննական ցուցմունքները: Ավելին, Վերաքննիչ դատարանը, ըստ բողոք բերած անձի, թույլատրելի է ճանաչել մի շարք վկաների՝ հակասական և իրարամերժ նախաքննական ցուցմունքները՝ ընդհանրական ձևով փաստելով, որ Առաջին ատյանի դատարանի հետազոտած և մեղադրանքի հիմքում դրված ապացույցները թույլատրելի են։
9.1. Բացի այդ՝ բողոքաբերն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ քրեաիրավական որակում է տվել Ժ.Սեֆիլյանին մեղսագրվող արարքներին՝ հիմնվելով գործի տվյալներից չբխող ենթադրությունների վրա: Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչ չափորոշիչներով է առաջնորդվել այս կամ այն ապացույցներին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տալիս, կամ դրանց մի մասն արժանահավատ, իսկ մյուսներն անարժանահավատ համարելիս: Բողոքաբերը նաև փաստել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքն անհիմն լինելու հիմքով Ժ.Սեֆիլյանին անմեղ ճանաչելու փոխարեն, Վերաքննիչ դատարանը կայացրել է այլ՝ գործի նյութերից չբխող որոշում:
Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունք չէ, քանի որ գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ ոչ միայն չեն հիմնավորում Ժ.Սեֆիլյանի մեղավորությունը հանցանք կատարելու մեջ, այլև հաստատապես վկայում են նրա անմեղության մասին:
9.2. Վերոգրյալի հիման վրա, պաշտպան Ա.Պապիկյանը խնդրել է մասնակիորեն՝ Ժ.Սեֆիլյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 13-ի որոշումը, և ճանաչել ու հռչակել վերջինիս անմեղությունն առաջադրված մեղադրանքներում:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Հ.Թոփչյանի և Ս.Կիրակոսյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Գ.Սաֆարյանի արարքում 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, Ժ.Սեֆիլյանի արարքում 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմերի հատկանիշների առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:
11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահատման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ Վերաքննիչ դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում իրականացնելով գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, Հ.Թոփչյանի, Ս.Կիրակոսյանի, Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի մեղավորության մասին հանգել է ճիշտ հետևության։
11.1. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Թոփչյանի և Ս.Կիրակոսյանի մեղքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Գ.Սաֆարյանի մեղքը՝ 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և Ժ.Սեֆիլյանի մեղքը՝ 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքներում հաստատվում, իսկ բողոքաբերների պատճառաբանությունները հերքվում են ամբաստանյալներ Հ.Թոփչյանի, Գ.Գրիգորյանի նախաքննական ցուցմունքներով, որոնք ոչ միայն համապատասխանում են միմյանց, այլև հաստատվում են քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցներով, այդ թվում՝ Հ.Պետրոսյանի, սույն գործի մեղադրանքի հետ առնչվող՝ մեկ այլ քրեական գործով մեղադրյալ Ս.Գալոյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներով, օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ ներքին և արտաքին դիտման արդյունքում ստացված փաստական տվյալներով և ամբաստանյալների հեռախոսահամարների վերծանումներով, իրեղեն ապացույց ճանաչված ստվարաթղթե արկղի առկայության փաստով, նշված իրեղեն ապացույցը զննելու մասին 2016 թվականի մայիսի 20-ի արձանագրությամբ, ստվարաթղթե արկղում հայտնաբերված ինքնաձիգերով ու փամփուշտներով, դատաձգաբանական փորձաքննության թիվ 1390-16 եզրակացությամբ5:
Ինչ վերաբերում է պաշտպան Գ.Մելիքյանի այն փաստարկին, որ իրեղեն ապացույց ճանաչված ստվարաթղթե արկղը, դրա մեջ հայտնաբերված ինքնաձիգերը և փամփուշտները, ստվարաթղթե արկղը զննելու մասին 2016 թվականի մայիսի 20-ի արձանագրությունն ու դատաձգաբանական փորձաքննության թիվ 1390-16 եզրակացությունը պետք է ճանաչվեին անթույլատրելի ապացույցներ6, ապա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում ստորադաս դատարանների այն եզրահանգումը, որ Հ.Թոփչյանը զենք և զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել, և վերջինիս անձնական խուզարկությունը (որպիսի գործողությունը ներառել է նաև նրա մոտ գտնվող իրերի, այդ թվում՝ ստվարաթղթե արկղի և դրա պարունակության ամրագրումը) կատարվել է քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ, իսկ պաշտպանության կողմը որևէ հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացրել, որը կվկայեր այն մասին, որ հիշյալ ապացույցների ձեռքբերման ընթացքում թույլ է տրվել դատավարության մասնակիցների իրավունքների կամ արդար դատաքննության իրավունքի խախտում, որն ազդել է կամ կարող էր ազդել uտացված փաuտական տվյալների հավաuտիության վրա7:
11.2. Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի այն փաստարկին, որ սույն գործով դատական քննությունն ընթացել է պաշտպանության և մրցակցության պահանջների խախտմամբ8, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդ առումով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն առ այն, որ Ժ.Սեֆիլյանը և Գ․Սաֆարյանն իրենք են իրենց զրկել Առաջին ատյանի դատարանի դատական քննությանը մասնակցելու իրավունքի իրացումից, քանի որ Առաջին ատյանի դատարանի կողմից դատական սանկցիաներն ամբաստանյալների նկատմամբ կիրառվել են որպես դատական քննության բնականոն ընթացքը խոչընդոտելուն ուղղված նրանց գործողությունների հակազդման միջոց, և որ Առաջին ատյանի դատարանի կողմից, այնուամենայնիվ, ապահովվել է վերջիններիս պաշտպանության իրավունքը, ևս հիմնավոր ու իրավաչափ են 9:
11.3 Անդրադառնալով գործով վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին պաշտպան Տ․Եգորյանի միջնոդրությանը10, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հիմքերը բացակայում են։
12. Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ.Թոփչյանի և Ս.Կիրակոսյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Գ.Սաֆարյանի՝ 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, Ժ.Սեֆիլյանի՝ 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են:
13. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանի պաշտպան՝ Ա.Պապիկյանի կողմից վճռաբեկ բողոքում բարձրացված այն փաստարկին, որ իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով քրեական հետապնդումը՝ նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հիմքով դադարեցնելով՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործի փաստական հանգամանքներից չբխող որոշում11, գտնում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ հանգել է իրավաչափ հետևության, և այդ առումով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները ևս օրինական են ու հիմնավոր12:
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալներ Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` համաներման մասին օրենք ընդունված լինելու հիմքով:
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(…)
13) ընդունվել է համաներման մասին օրենք:
(…)
5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:
6. Սույն հոդվածի առաջին մասի (…) 13-րդ [կետում նշված հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:
15.1. Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման:
15.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»13:
15.3 Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում14:
16. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի այսուհետ՝ նաև Համաներման մասին օրենք 2-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ «Համաներում հայտարարելով՝
1) 2016 թվականի հուլիսի 17-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել, քրեական հետապնդում չիրականացնել կամ քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները.
2) սույն մասի 1-ին կետը չի տարածվում նույն կետում նկարագրված իրադարձությունների ընթացքում կատարված այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան.
(...)»:
Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել՝
(...)
3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (...)»:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալներ Գ.Սաֆարյանը և Ժ.Սեֆիլյանը ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր են ճանաչվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին, Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված՝ հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից, կատարել են դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ15:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալներ Գ.Սաֆարյանը և Ժ.Սեֆիլյանը մեղավոր են ճանաչվել 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար, որը տեղի է ունեցել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը։ Վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ տուժողի տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք գործով առկա չեն:
18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-րդ կետում վկայակոչված իրավադրույթների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա են Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 11-րդ մասի կիրառման անհրաժեշտ վավերապայմանները: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքը Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի նկատմամբ կիրառելուն խոչընդոտող որևէ հանգամանք։
18.1 Հետևաբար, հիմք ընդունելով սույն որոշման 15-15.3-րդ կետերում ներկայացված իրավանորմերն ու իրավական դիրքորոշումները և ղեկավարվելով Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ համաներման մասին օրենք ընդունված լինելու հիմքով:
18.2. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Սաֆարյանը և Ժ.Սեֆիլյանը հնարավորություն են ունեցել Առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում` վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրենց առաջադրված մեղադրանքը, հետևաբար, համաներման մասին օրենք ընդունված լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրանց դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է16:
19․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Ժ․Սեֆիլյանի նկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
20. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: (...)»:
20.1. Մեջբերված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ։ Հետևաբար, կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա` ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից17։
20.2. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ յուրաքանչյուր գործով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների (կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան, հանցագործության կատարման եղանակ և այլն), պետք է բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկի հանցավորի անձը։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատասխանատվության և պատժի անհատականացման և հետևաբար նաև նշանակված պատժի կրման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն հանցավորի անձի ոչ միայն ֆիզիկական ու հոգեկան, այլև սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները։ Հետևաբար, հանցավորի պատասխանատվությունն ու պատիժն անհատականացնելիս և նշանակված պատիժը փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է ուսումնասիրի հանցավորի ընտանեկան դրության, նրա խնամքին այլ անձանց առկայության, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղի ու դիրքի, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագրի և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները18։
20.3. Պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներից՝ հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը կրկնում է իր՝ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումն այն մասին, որ հանցակիցների նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանի կողմից հաշվի են առնվում հանցագործության կատարմանն անձի փաստացի մասնակցության բնույթն ու աստիճանը, այդ մասնակցության նշանակությունը հանցագործության նպատակներին հասնելու համար, նրա ազդեցությունը պատճառված կամ հնարավոր վնասի բնույթի և չափի վրա: Հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը բնութագրում է անձի մասնակցության աստիճանը. նրան է պատկանում նախաձեռնությունը, նա հանդես է գալիս որպես հանցագործության ոգեշնչող և առավել հաստատակամորեն է ձգտում հասնել հանցավոր արդյունքի: Ընդ որում, օրենքը ոչ թե խոսում է հանցագործության մեջ անձի պարզապես ակտիվ դերի մասին, այլ մատնանշում է նրա առանձնապես ակտիվ դերը: Այստեղից հետևում է, որ հանցագործության մեջ հանցավորի վարքագիծը պետք է արտահայտվի ոչ թե պարզապես ինչ-որ առաջարկությունների, նախաձեռնությունների ձևով, այլ առանձնանալու, աչքի ընկնելու, օրինակ՝ կազմակերպչականության, մյուս մասնակիցների համախմբման, կարգապահության պահպանման, առաջնորդելու բոլոր դրսևորումներով և այլն: Այդպիսի անձը հանցագործության մյուս մասնակիցների մեջ առավել մեծ վտանգ է ներկայացնում19:
21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկման այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն հանդիսացող՝ «AK-74» տեսակի մարտական ակոսափող «971737» և «304598» գործարանային համարների երկու ինքնաձիգ ու չորս ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող 5․45 մմ տրամաչափի 120 մարտական փամփուշտներով։ Վերաքննիչ դատարանը Ժ.Սեֆիլյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկել խնամքին մինչև տասնչորս տարեկան մեկ երեխայի առկայությունը (Վահագն Ժիրայրի Սեֆիլյան` ծնված 2006 թվականի հունիսի 27-ին): Վերաքննիչ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ Ժ.Սեֆիլյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հանցագործության կատարման մեջ առանձնապես ակտիվ դերը, որն արտահայտվել է նրանում, որ հիշյալ հանցանքի կատարման մեջ նա դրսևորել է առանձնակի ակտիվություն և ունեցել ավելի մեծ դերակատարություն20։
22․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 20-20.3-րդ կետերում շարադրված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը ամբաստանյալ Ժ․Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ նշանակելիս պատշաճ վերլուծության ու գնահատման չի ենթարկել վեջինիս անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները։
22.1. Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը որևէ գնահատականի չի արժանացրել անձը բնութագրող դրական այն հանգամանքը, որ Ժ․Սեֆիլյանն ակտիվ դերակատարություն է ունեցել Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը21։
22.2. Ինչ վերաբերում է որպես ամբաստանյալ Ժ․Սեֆիլյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը դիտարկելուն, ապա Վճռաբեկ դատարանը, սույն որոշման 20.3-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, արձանագրում է, որ գործի նյութերում առկա փաստական տվյալներն այն մասին, որ Ժ․Սեֆիլյանի հանձնարարությամբ համապատասխան հրազենն ու ռազմամթերքը Հ.Թոփչյանը հանձնել է Հ.Պետրոսյանին, ապա հետ վերցրել22, սույն գործով չեն կարող ինքնին բավարար համարվել քննարկվող ծանրացնող հանգամանքի առկայությունը փաստելու համար, քանի որ այդպիսիք չեն վկայում կոնկրետ հանցանքի կատարման մեջ Ժ.Սեֆիլյանի առանձնահատուկ ակտիվ դերակատարության մասին։
22.3. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Ժ․Սեֆիլյանի նկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն։
Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Ժ․Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակվել է ոչ համաչափ` ակնհայտ խիստ պատիժ, ինչը չի բխում հանցագործության բնույթի ու հանրային վտանգավորության աստիճանի, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների, նրա պատաuխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայության և ծանրացնող հանգամանքների բացակայության մասին փաստերի ամբողջական վերլուծությունից: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ժ.Սեֆիլյանի անձը բնութագրող հանգամանքները, սույն գործում առկա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունն ու ծանրացնող հանգամանքների բացակայությունը էականորեն նվազեցնում են հանցավորի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը ու հիմք են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու համար։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է։ Նշված հանգամանքը ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, առաջնորդվելով արդարադատության արդյունավետության շահով, արձանագրում է, որ ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքներն հնարավորություն են տալիս բեկանելու և փոփոխելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշումը։
23. Ամփոփելով վերոգրյալը և հաշվի առնելով սույն որոշման 18.1-րդ և 22.3-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ․Սաֆարյանի և Ժ․Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ, պետք է դադարեցնել։
Ամբաստանյալ Ժ․Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով պետք է պատիժ նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցել Ժ.Սեֆիլյանի` 2015 թվականի ապրիլի 7-ից մինչև 2015 թվականի մայիսի 4-ը և 2016 թվականի հունիսի 20-ից մինչև 2018 թվականի հունիսի 13-ը կալանքի տակ գտնվելու ժամկետը` համապատասխանաբար 28 (քսանութ) օրը և 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 24 (քսանչորս) օրը, և նշանակված պատիժը համարել կրած:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ պետք է վերացնել ամբաստանյալ Գ․Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը և վճարած գումարը վերադարձնել երաշխավորողներ` Ալեն Սիմոնյանին, Նաիրա Զոհրաբյանին, Միքայել Մելքումյանին, Վահե Էնֆիաջյանին, Վարդան Բոստանջյանին, Վարդևան Գրիգորյանին, Իվետա Տոնոյանին, Շաքե Իսայանին, Արթուր Մանուկյանին, Լուիզա Սարգսյանին, Նոռա Առուստամյանին, Սերգեյ Բագրատյանին ու Գևորգ Պետրոսյանին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ամբաստանյալ Հրայր Իվանի Թոփչյանի պաշտպան Գ.Մելիքյանի, ամբաստանյալ Սասունիկ Դավթի Կիրակոսյանի պաշտպան Կ.Հակոբյանի վճռաբեկ բողոքները մերժել: Ամբաստանյալ Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի պաշտպան Տ.Եգորյանի և ամբաստանյալ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանի պաշտպաններ Տ.Եգորյանի ու Ա.Պապիկյանի վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի և Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
2. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել:
Գևորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:
3. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել:
Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժին հաշվակցել Ժ.Սեֆիլյանի` 2015 թվականի ապրիլի 7-ից մինչև 2015 թվականի մայիսի 4-ը և 2016 թվականի հունիսի 20-ից մինչև 2018 թվականի հունիսի 13-ը կալանքի տակ գտնվելու ժամկետները` համապատասխանաբար 28 (քսանութ) օրը և 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 24 (քսանչորս) օրը, և նշանակված պատիժը համարել կրած:
Ժ.Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել և վճարած գումարը վերադարձնել երաշխավորողներ` Ալեն Սիմոնյանին, Նաիրա Զոհրաբյանին, Միքայել Մելքումյանին, Վահե Էնֆիաջյանին, Վարդան Բոստանջյանին, Վարդևան Գրիգորյանին, Իվետա Տոնոյանին, Շաքե Իսայանին, Արթուր Մանուկյանին, Լուիզա Սարգսյանին, Նոռա Առուստամյանին, Սերգեյ Բագրատյանին ու Գևորգ Պետրոսյանին:
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
------------------------
1 Տե՛ս Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ ԵԱԴԴ/0028/01/17 որոշումը:
2 ՏեԲս քրեական գործ, հատոր 45-րդ, թերթեր 121-172։
3 ՏեԲս քրեական գործ, հատոր 45-րդ, թերթեր 121-172։
4 ՏեԲս քրեական գործ, հատոր 48-րդ, թերթեր 1-157։
5 ՏեԲս սույն որոշման 4.1-րդ և 5-րդ կետերը:
6 ՏեԲս սույն որոշման 6.1-րդ կետը։
7 ՏեԲս սույն որոշման 4.1-րդ և 5-րդ կետերը։
8 ՏեԲս սույն որոշման 7.1-րդ և 8.1-րդ կետերը։
9 ՏեԲս սուն որոշման 5-րդ կետը:
10 ՏեԲս սուն որոշման 8․4-րդ կետը:
11 ՏեԲս սուն որոշման 9.1-րդ կետը։
12 ՏեԲս սուն որոշման 5-րդ կետը:
13 Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը:
14 Տե՛ս, mutatis mutandis, Մխիթար Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ որոշման 14-րդ կետը։
15 ՏեԲս սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերը:
16 Տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը։
17 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումները:
18 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սեյրան Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշման 19-րդ կետը, mutatis mutandis, Սերոբ Սարգսյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12, Նարեկ Սարգսյանի գործով վերը հիշատակված, Հազարապետ Հարությունյանի գործով 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07 որոշումները։
19 Տե՛ս Վաչիկ Մնացականյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-25/08 որոշման 22-րդ կետը։
20 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
21 Տե՛ս սույն որոշման 4․1-րդ կետը։
22 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|