ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԼԴ/0072/01/18 |
Գործ թիվ ԼԴ/0072/01/18 |
Նախագահող դատավոր՝ | Մ. Արղամանյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2020 թվականի նոյեմբերի 12-ին ք. Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Հայկազ Վաչագանի Մարտիրոսյանի պաշտպան Ս.Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի հունվարի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 19100118 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հունվարի 4-ի որոշմամբ Հայկազ Վաչագանի Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունվարի 5-ի որոշմամբ Հայկազ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, որը նույն դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:
2018 թվականի փետրվարի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 19101018 քրեական գործը:
2018 թվականի մարտի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 19101318 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի մարտի 16-ի որոշմամբ թիվ 19100118 և 19101318 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և նախաքննությունը շարունակվել է 19100118 համարով:
Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 27-ի, 2018 թվականի հունիսի 26-ի, 2018 թվականի օգոստոսի 23-ի, 2018 թվականի հոկտեմբերի 26-ի որոշումներով Հ․Մարտիրոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի նոյեմբերի 20-ի, 2018 թվականի նոյեմբերի 21-ի և 2018 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումներով Հ.Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
2. 2018 թվականի դեկտեմբերի 18-ին քրեական գործն ըստ մեղադրանքի Հ․Մարտիրոսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
3. Առաջին ատյանի դատարանը, 2018 թվականի դեկտեմբերի 25-ին, քրեական գործը դատական քննության նախապատրաստելու փուլում, քննության առնելով Հ.Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոխելու, ինչպես նաև դրա հիմնավորվածության հարցը, այն թողել է անփոփոխ՝ միաժամանակ մերժելով կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը:
4. Հ.Մարտիրոսյանի պաշտպան Ս.Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:
5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Հ.Մարտիրոսյանի պաշտպան Ս.Ամիրխանյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 21-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման եզրափակիչ մասում նշել է. «(…) Հայկազ Վաչագանի Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ (…)»2:
7. Վերաքննիչ դատարանը, բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ վկայակոչելով Անուշ Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշումը, արձանագրել է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանման արդյունքում ստացվում է, որ դատական կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Քրեադատավարական օրենքը որևէ նշում չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին (…):
(…) Քրեադատավարական օրենքը որևէ դրույթ չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գործի քննության տվյալ փուլում անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին, մինչդեռ սույն գործով բողոքարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Հայկազ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելու մասին որոշումը, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով չի կարող բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, այսինքն` տվյալ դեպքում բողոքարկվել է այնպիսի դատավարական ակտ, որն ենթակա չէ բողոքարկման, ինչը հիմք է պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու համար (…)»3:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, Հ.Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշում կայացնելով, դուրս է եկել քրեադատավարական օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից և կայացրել է իրավական կարգավորումներից դուրս, ոչ օրինական և ոչ իրավաչափ որոշում։
Ըստ բողոքաբերի՝ գործի դատական քննության նախապատրաստական փուլում քրեադատավարական օրենսգրքով նախատեսված չեն կալանք խափանման միջոցի կիրառման առավելագույն ժամկետներ, ուստի իրավական կարգավորումներից դուրս կայացված ոչ օրինական որոշման արդյունքում Հ.Մարտիրոսյանը 2019 թվականի հունվարի 2-ից առանց ժամկետի սահմանափակման անօրինական է պահվում անազատության մեջ, որի կապակցությամբ Եվրոպական դատարանը կայացրել է հստակ դիրքորոշում։
Բողոքաբերը նշել է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք ունի իրեն ազատությունից զրկելու որոշումը բողոքարկելու իրավունք, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, ներկայացված վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության: Նման պայմաններում, բողոքաբերը հանգել է հետևության, որ առկա է Հ.Մարտիրոսյանի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Ըստ բողոքաբերի՝ Հ.Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 25-ի՝ իրավական կարգավորումներից դուրս կայացրած որոշումը, և այդ որոշումն ըստ էության վերաքննության կարգով վիճարկելու հնարավորությունը սահմանափակող` պաշտպանի ներկայացրած բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 19-ի որոշումը չեն կարող իրավաչափ և օրինական համարվել։
9. Վերոշարադրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 18-ի՝ որոշումը, կայացնել նոր դատական ակտ, և Հ.Մարտիրոսյանին անհապաղ ազատ արձակել։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Հ.Մարտիրոսյանի պաշտպան Ս.Ամիրխանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը:
11. ՀՀ սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ անդրադառնալով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննության արդյունքում կայացված որոշման բողոքարկման հնարավորությանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Գ]ործը դատական քննության նախապատրաստելու փուլում վիճարկվող իրավակարգավորման ուժով մեղադրյալի նկատմամբ անձնական ազատության իրավունքի սահմանափակում նախատեսող խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունվում է որոշում (Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մաս), որն, ի թիվս այլնի, Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի, ինչպես նաև Օրենսգրքի 73-րդ հոդվածի 15-րդ կետի ուժով կարող է բողոքարկվել մեղադրյալի, նրա պաշտպանի կողմից (…): Ուստիև, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը խնդրահարույց չէ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում այն առումով, որ Օրենսգրքում, մասնավորապես, առկա են կալանքի՝ որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունված որոշման դատական բողոքարկման (ստուգման) օրենսդրական երաշխիքներ (…)»4:
12. ՀՀ սահմանադրական դատարանի` նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը վերանայելով Անուշ Ղավալյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները5՝ Գարիկ Սարգսյանի գործով փաստել է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու (այդ թվում նաև՝ կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը մերժելու) մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով6:
13. ՀՀ սահմանադրական դատարանը, 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Ելնելով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության սահմանադրական պահանջից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան, մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ենթակա են վերաքննության կարգով անմիջական բողոքարկման՝ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումների բողոքարկման համար Օրենսգրքով սահմանված կարգով՝ առաջնորդվելով անձնական ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացման ապահովման անհրաժեշտությամբ (…)»7:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը գործը դատական քննության նախապատրաստելու փուլում, որոշում է կայացրել Հ.Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին8: Նշված որոշման դեմ պաշտպան Ս.Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության՝ այն պատճառաբանությամբ, որ պաշտպանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է որոշում, որը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով սահմանված՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա ակտերի ցանկում9:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից Հ.Մարտիրոսյանի պաշտպան Ս.Ամիրխանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը:
16. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի Հ.Մարտիրոսյանի պաշտպան Ս.Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Հայկազ Վաչագանի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________
1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:
2 Տե՛ս նյութեր, հավելված, թերթ 16:
3 Տե՛ս նյութեր, հավելված, թերթեր 62-63:
4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.2-րդ կետը:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Անուշ Ղավալյանի գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշման 21-րդ կետը:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարիկ Սարգսյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԿԴ/0294/01/17 որոշման 14-րդ կետը:
7 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշման 4.6.-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|