Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
14.10.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
14.10.2020
Дата вступления в силу
14.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/1163/02/15

2020 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/1163/02/15

Նախագահող դատավոր՝ Գ. Խանդանյան  

Դատավորներ՝

Հ. Ենոքյան

 

Տ. Նազարյան 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հոկտեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.05.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Գազիֆիկատոր» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (այսուհետ՝ Եկեղեցի)` պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարմամբ դադարած ճանաչելու և պարտքի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է 31.05.2008 թվականին Եկեղեցու, Ընկերության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության միջև կնքված 16Շ/008 շինարարական կապալի պայմանագրով Ընկերության ստանձնած պարտավորությունները համարել դադարեցված, ինչպես նաև Եկեղեցուց հօգուտ Ընկերության բռնագանձել պարտքի գումար։

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Մելքոնյան) 20.10.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ վճռվել է. «31.05.2008 թվականին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, «Գազիֆիկատոր» փակ բաժնետիրական ընկերության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության միջև կնքված 16Շ/008 շինարարական կապալի պայմանագրով «Գազիֆիկատոր» փակ բաժնետիրական ընկերության ստանձնած պարտավորությունները համարել դադարեցված։ Պատասխանող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հօգուտ «Գազիֆիկատոր» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 534.986 (հինգ հարյուր երեսունչորս հազար ինը հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ` որպես հետավարտման երաշխիքային գոյացած պարտքի գումար։ Պատասխանող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հօգուտ «Գազիֆիկատոր» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 534.986 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներն ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների, սկսած վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև փաստացի կատարման օրը»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան, դատավորներ` Ա. Սմբատյան, Ա. Պետրոսյան) 23.04.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.10.2017 թվականի վճիռը՝ Ընկերության հայցադիմումը մերժելու և դրան համապատասխան դատական ծախսերը բաշխելու մասերով բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝  Է. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 11.01.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից) հօգուտ «Գազիֆիկատոր» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 20.720.000 (քսան միլիոն յոթ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ՝ որպես հետավարտման երաշխիքի գոյացած պարտքի գումար: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից) հօգուտ «Գազիֆիկատոր» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 30.11.2014 թվականից մինչև պարտավորության դադարման օրը 13.813.333 (տասներեք միլիոն ութ հարյուր տասներեք հազար երեք հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ պարտքի գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով՝ ըստ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների հաշվարկված տոկոսների գումարը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից) հօգուտ «Գազիֆիկատոր» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 30.11.2015 թվականից մինչև պարտավորության դադարման օրը 6.906.667 (վեց միլիոն ինը հարյուր վեց հազար վեց հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ պարտքի գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով՝ ըստ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների հաշվարկված տոկոսների գումարը: Բանկային տոկոսների բռնագանձման պահանջի մնացած մասը մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.05.2019 թվականի որոշմամբ Եկեղեցու վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.01.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Եկեղեցին:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ, 379-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 714-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 746-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բողոքաբերը, վերաքննիչ բողոքում մեջբերելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 714-րդ հոդվածը, պնդել է, որ Կապալառուն պարտավոր էր պատվիրատուին նախազգուշացնել նախագծային փաստաթղթերում առկա թերությունների մասին՝ որպես ոլորտում մասնագիտացված, շինարարական գործին քաջատեղյակ կազմակերպություն, որպեսզի Պատվիրատուն կարողանար գնահատել և որոշել իր անելիքը՝ հետագա թերություններից և վնասներից խուսափելու համար։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, դատական ակտում քննարկման առարկա է դարձրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 746-րդ հոդվածով նախատեսված՝ պատվիրատուի կողմից կապալառուի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականության հարցը, որը որևէ առնչություն չունի վերաքննիչ բողոքի հիմքի և հիմնավորումների հետ: Եթե առկա է որոշակի կապ Վերաքննիչ դատարանի նշված եզրահանգման և վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների միջև, ապա Վերաքննիչ դատարանը պարտավոր էր պատճառաբանել այդ եզրահանգման և վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների միջև պատճառական կապը, ինչը, սակայն, չի արել: Վերաքննիչ դատարանի նշված եզրահանգումն ի վերջո ազդել է գործի ելքի վրա այնքանով, որքանով Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը՝ որոշման հիմքում դնելով նյութական իրավունքի այնպիսի նորմ, որը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակի մեջ ընդգրկված չէր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը և այն փոփոխել կամ գործն ուղարկել նույն դատարան նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ Եկեղեցին, կրելով համապատասխան փաստն ապացուցելու պարտականություն, չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ կապալի պայմանագրով սահմանված աշխատանքներում հետագայում ի հայտ եկած թերությունների պատճառ հանդիսացող լրացուցիչ աշխատանքների կատարման անհրաժեշտությունը հայտնաբերվել է Կապալառուի կողմից աշխատանքների իրականացման ընթացքում։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

Եկեղեցու կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

- Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 714-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` անտեսելով, որ շինարարական աշխատանքները չեն նախագծվել և համապատասխանաբար չեն իրականացվել բավարար ծավալով՝ հետագայում թերությունները բացառելու համար, հետևաբար Եկեղեցու կողմից վկայակոչված թերությունների պատճառ հանդիսացող հանգամանքները միանշանակ հետևանք են մինչև աշխատանքի արդյունքը Եկեղեցուն հանձնելն ընկած ժամանակահատվածում թույլ տրված սխալների: Ավելին, դրանք Ընկերության կողմից շինարարական աշխատանքները ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանող նախագծային փաստաթղթերի հիման վրա իրականացնելու հետևանք են:

- Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 714-րդ հոդվածի 2-րդ կետը և հաշվի չի առել, որ կապալառուն որևէ դեպքում իրավունք չունի վկայակոչելու նախագծային փաստաթղթերում և տեխնիկական առաջադրանքներում առկա թերությունները, որոնց մասին նա չի նախազգուշացրել պատվիրատուին: Ավելին, այդ թերություններին համապատասխան շինարարական աշխատանքները շարունակելու և դրանց մասին պատվիրատուին չնախազգուշացնելու ամբողջ ռիսկը կրում է հայցվորը: Տվյալ դեպքում, Ընկերությունը, իմանալով շինարարական աշխատանքների հիմքում ընկած նախագծային փաստաթղթերի ոչ պատշաճ լինելու մասին, այդ մասին չի նախազգուշացրել Եկեղեցուն: Հետևաբար Եկեղեցին որևէ պարտավորություն չի ունեցել ընդունելու հայցվորի կողմից կատարված աշխատանքը և վճարելու դրա դիմաց (հատոր 9-րդ, գ.թ. 37-44)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության սահմաններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:

«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (…):

Համանման իրավական կարգավորումներ է պարունակել նաև 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Նախկին օրենսգիրք): Այսպես.

Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Նախկին օրենսգրքի 220-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ:

Նախկին օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Նախկինում կայացված իր որոշումներից մեկով անդրադառնալով Նախկին օրենսգրքի՝ վերաքննության սահմանների վերաբերյալ կարգավորումներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում: Ընդ որում, վերաքննության սահմանները նաև ենթադրում են, որ վերաքննիչ դատարանն անդրադառնում է միայն բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ փաստարկները ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքաբերը զրկված է եղել դրանք ներկայացնելու հնարավորությունից: Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին: (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը Վարդանուշ Բեժանյանի, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյանների հայցն ընդդեմ Վաչագան Հակոբյանի որոշմամբ արձանագրել է, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում՝

1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված և բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ՝ գործն ընդհանրապես,

2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում,

3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին՝ քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է նաև, որ վերաքննության սահմանների վերաբերյալ վերը նշված ընդհանուր կանոններին զուգահեռ օրենսդիրը նախատեսել է նաև որոշ բացառություններ: Այսպես.

1 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները հիմք ընդունելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: Ուստի, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում:

2 ՀՀ վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն ևս, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ և 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես՝ եթե առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն՝ անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլևս չի անդրադառնում: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայակոչված կարգավորման ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից՝ բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:

3 ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում (տե՛ս, Վարդանուշ Բեժանյանն, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/ 02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված որոշ բացառություններ, ապա ընդհանուր կանոնի համաձայն՝ վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է 31.05.2008 թվականին Եկեղեցու, Ընկերության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության միջև կնքված 16Շ/008 շինարարական կապալի պայմանագրով Ընկերության ստանձնած պարտավորությունները համարել դադարեցված, ինչպես նաև Եկեղեցուց հօգուտ Ընկերության բռնագանձել պարտքի գումար։

Դատարանը հայցը մասնակիորեն բավարարել է` պատճառաբանելով, որ Եկեղեցին չի ներկայացրել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց՝ կապված Պայմանագրով կատարվող աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնելու իր վրա դրված պարտականությունը պատշաճ կատարելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը մերժել է Եկեղեցու վերաքննիչ բողոքը, իրավաչափ համարելով Դատարանի եզրահանգումն այն մասին, որ Պատվիրատուն, Պայմանագրով իր համար նախատեսված՝ իրականացվող աշխատանքի ընթացքի (այդ թվում՝ նախագծային փաստաթղթերի պահանջների) նկատմամբ համապատասխան հսկողություն իրականացնելու պարտավորությունը չկատարելու արդյունքում օրենքի ուժով զրկվում է աշխատանքի արդյունքն ընդունելուց հետո հայտնաբերած Պայմանագրից շեղումներն ու թերությունները վկայակոչելու իրավունքից:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի՝ 11.01.2019 թվականի վճռի դեմ Եկեղեցու կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում առկա չէ որևէ փաստարկ Եկեղեցու կողմից ընթացիկ աշխատանքների հսկողության հարցի վիճարկման հետ կապված։ Եկեղեցու կողմից վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

- Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 714-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` անտեսելով, որ շինարարական աշխատանքները չեն նախագծվել և համապատասխանաբար չեն իրականացվել բավարար ծավալով, հետագայում թերությունները բացառելու համար, հետևաբար Եկեղեցու կողմից վկայակոչված թերությունների պատճառ հանդիսացող հանգամանքները միանշանակ հետևանք են մինչև աշխատանքի արդյունքը Եկեղեցուն հանձնելն ընկած ժամանակահատվածում թույլ տրված սխալների: Ավելին, դրանք Ընկերության կողմից շինարարական աշխատանքները ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանող նախագծային փաստաթղթերի հիման վրա իրականացնելու հետևանք են.

- Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 714-րդ հոդվածի 2-րդ կետը և հաշվի չի առել, որ կապալառուն որևէ դեպքում իրավունք չունի վկայակոչելու նախագծային փաստաթղթերում և տեխնիկական առաջադրանքներում առկա թերությունները, որոնց մասին նա չի նախազգուշացրել պատվիրատուին: Ավելին, այդ թերություններին համապատասխան շինարարական աշխատանքները շարունակելու և դրանց մասին պատվիրատուին չնախազգուշացնելու ամբողջ ռիսկը կրում է հայցվորը: Տվյալ դեպքում, Ընկերությունն, իմանալով շինարարական աշխատանքների հիմքում ընկած նախագծային փաստաթղթերի ոչ պատշաճ լինելու մասին, այդ մասին չի նախազգուշացրել Եկեղեցուն: Հետևաբար, Եկեղեցին որևէ պարտավորություն չի ունեցել ընդունելու հայցվորի կողմից կատարված աշխատանքը և վճարելու դրա դիմաց:

Նշվածից հետևում է, որ Եկեղեցին վերաքննիչ բողոքը բերել է նյութական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 714-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ կետերի խախտման հիմքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 714-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝

1. Կապալառուն պարտավոր է պատվիրատուին անհապաղ նախազգուշացնել և մինչև նրանից ցուցում ստանալը դադարեցնել աշխատանքը, եթե հայտնաբերվել են`

1) պատվիրատուի տրամադրած նյութերի, սարքավորումների, նախագծային փաստաթղթերի կամ մշակման (վերամշակման) հանձնված գույքի ոչ պիտանի կամ անպատշաճ որակի լինելը.

2) աշխատանքների կատարման եղանակների մասին պատվիրատուի ցուցումների իրագործման հետ կապված` նրա համար հնարավոր անբարենպաստ հետևանքներ.

3) կապալառուից անկախ այլ հանգամանքներ, որոնք սպառնում են կատարվող աշխատանքի արդյունքի պիտանիությանը և ամրությանը կամ անհնար են դարձնում դրանք ժամանակին ավարտելը:

2. Կապալառուն, որը պատվիրատուին չի նախազգուշացրել սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների մասին կամ շարունակել է աշխատանքը` չսպասելով նախազգուշացման պատասխանի համար պայմանագրում նշված ժամկետի, իսկ դրա բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետի ավարտին կամ, չնայած աշխատանքները դադարեցնելու մասին պատվիրատուի ժամանակին տված ցուցումին, շարունակել է դրանք, իրավունք չունի իրեն կամ իր կողմից պատվիրատուին համապատասխան պահանջներ ներկայացնելիս վկայակոչել նշված հանգամանքները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակում Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 714-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հնարավոր խախտման հանգամանքին, մինչդեռ Վերաքննիչ դատարանը դատական ակտում քննարկման առարկա է դարձրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 746-րդ հոդվածը և արձանագրելով նշված հոդվածի խախտում` բեկանել է Դատարանի վճիռը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների շրջանակից՝ վերաքննության օբյեկտ դարձնելով ոչ թե Դատարանի 11.01.2019 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը՝ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակում, այլ՝ գործն ընդհանրապես: Արդյունքում` քննության ենթարկելով Եկեղեցու կողմից աշխատանքի ընթացքի (այդ թվում՝ նախագծային փաստաթղթերի պահանջների) նկատմամբ համապատասխան հսկողություն իրականացնելու պարտավորության ապացուցման հարցը՝ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկությունները:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից՝ նկատի ունենալով, որ Եկեղեցու վերաքննիչ բողոքը բերվել է բոլորովին այլ հիմքերով և հիմնավորումներով, որոնց շարքում առկա չէ Եկեղեցու՝ աշխատանքի ընթացքի (այդ թվում՝ նախագծային փաստաթղթերի պահանջների) նկատմամբ համապատասխան հսկողություն իրականացնելու պարտավորության ապացուցման հարցի վերաբերյալ որևէ փաստարկ:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ Եկեղեցու վերաքննիչ բողոքում բերված հիմքերը և հիմնավորումները քննելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

 Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական: