27.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1853-Լ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-722-03.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-722-03.09.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելը» վերտառությամբ 1823-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ մասերով սահմանված իրավախախտումների կատարման դեպքում նախատեսված տուգանքի փոխարեն կիրառել նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում՝ տուգանքի նշանակում:
Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է նախատեսել, որ մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1823-րդ հոդվածով նախատեսված արարքները (բացառությամբ 6-րդ և 9-րդ մասերով սահմանված դեպքերի) կատարելու դեպքերում համապատասխան վարչական ակտերը վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնի կողմից ենթակա են անվավեր ճանաչման՝ նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է նախատեսել, որ նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերանայվող վարչական ակտերի վարչական վարույթի ընթացքի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնները:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն …() Նախագծի ընդունման դեպքում պետությունն իր հոգածությունը ցույց կտա ավելի քան 82000 քաղաքացու և իրավաբանական անձի նկատմամբ, ինչպես նաև կվերականգնվեն օրենքի սխալ կիրառման արդյունքում խարխլված արդարության և օրինականության սկզբունքները, կվերականգնվի քաղաքացիներին անվավեր վարչական ակտի կատարման կամ կիրառման հետևանքով հասցված վնասը, միաժամանակ ևս մեկ անգամ կապացուցվի իրավունքի գերակայությունը Հայաստանի Հանրապետությունում:
Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ է դառնում, որ նախագծի նպատակն է սահմանել այնպիսի իրավակարգավորումներ, որոնք հնարավորություն կտան Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների դեպքում սահմանված տուգանքի փոխարեն կիրառել նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում՝ տուգանքի նշանակում:
Տվյալ պարագայում, ներկայացված նախագծով առաջարկվող իրավակարգավորումները դիտարկելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իրավական որոշակիության և համաչափության սկզբունքների տեսանկյունից, հարկ ենք համարում նշել հետևյալը՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:»:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին:
«Արտակարգ իրավիճակների մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝
«1. Արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է։
2. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:
3. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:»:
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն արտակարգ իրավիճակը՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ է, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է՝ նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել հետևյալ վարչական տույժերը` 1) նախազգուշացում, 1.1) տուգանային միավոր, 2) տուգանք….():
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:…():
Վերոգրյալ իրավակարգավորումների համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ վարչական տույժը համարվում է վարչական պատասխանատվության միջոց և կիրառվում է՝ առաջին հերթին նպատակ ունենալով իրավախախտում կատարած անձին դաստիարակել օրենքները պահպանելու, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով որպես վարչական տույժի տեսակներ ի թիվս այլնի առանձնացվում են նախազգուշացումը և տուգանքը: Ընդ որում, ինչպես պարզ է դառնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի բովանդակությունից՝ վարչական տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Օրենսդիրը, թերևս, առանձին կարգավորմամբ չի նախատեսել վարչական տույժի կիրառման սկզբունքները, սակայն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ նման սկզբունք է հանդիսանում համաչափության սկզբունքը, ըստ որի սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին և դրա բնույթին:
Նշվածից պարզ է դառնում, որ վարչական իրավախախտման համար այս կամ այն վարչական տույժի տեսակն ընտրելիս պետք է հաշվի առնել՝ իրավախախտման բնույթը, դրա հանրային վտանգավորությունը, այսինքն, վարչական տույժը պետք է համապատասխանի վարչական իրավախախտման հանրային վտանգավորության աստիճանին:
Այս առումով հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված համաչափության սկզբունքին, արձանագրել է, որ՝
«1) համաչափության սկզբունքը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածից (իրավական պետության սկզբունք) (ՍԴՈ-917),
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատասխանատվության տեսակների, չափերի սահմանման իր լիազորությունն իրականացնելիս օրենսդիրն ինքնուրույնաբար որոշում է օրենսդրության դրույթների բովանդակությունը, այն արարքների շրջանակը, որոնց կատարումը հանգեցնում է պատասխանատվության, ինչպես նաև սահմանում է պատասխանատվության միջոցները, տեսակներն ու չափերը…():
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նշված հարցերում օրենսդրի հայեցողությունը, սակայն, ունի իր սահմանադրական շրջանակները, և օրենսդիրն իր նշված լիազորությունն իրականացնելիս կաշկանդված է սահմանդրական սկզբունքներով:…(): Հանրային իշխանության իրականացումը նախևառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող՝ համաչափության ընդհանուր սկզբունքով (ՍԴՈ–920): …() Համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն մի կողմից սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի, իսկ մյուս կողմից՝ պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի առջև:
Իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սկզբունքը պահանջում է նաև, որ սահմանված պատասխանատվությունը լինի տարբերակված՝ ելնելով արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, (ՍԴՈ–924):»:
Տվյալ պարագայում անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածին՝ հարկ է նկատել, որ նշված հոդվածը պատասխանատվություն է սահմանում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար: Այս առումով հարկ ենք համարում նշել, որ անձի կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված պահանջների խախտումն աչքի է ընկնում հանրային բարձր վտանգավորությամբ, քանի որ արտակարգ դրություն հայտարարելու օրենքով նախատեսված իրավական հիմքերով պայմանավորված՝ արտակարգ դրության ժամանակ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պահանջների խախտումն անմիջականորեն վնաս է հասցնում հանրային շահին՝ վտանգելով հանրության առողջությունը, կյանքը, պետության և հասարակության բնականոն կենսագործունեությունը:
Նման պայմաններում տուգանքի՝ որպես վարչական տույժի նշանակումն այն զսպող և համաչափ միջոցն է, որը համապատասխանում է վարչական պատասխանատվությամբ սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին:
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, գտնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.3-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները համաչափ են նույն հոդվածով նախատեսված իրավախախտումներին:
Միևնույն ժամանակ, ներկայացված նախագիծը դիտարկելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում, հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը բազմիցս անդրադառնալով Սահմանադրության 79-րդ հոդվածում ամրագրված որոշակիության սկզբունքին` գտել է, որ օրենքները պետք է լինեն այնպիսին, որ համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության համար, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում (ՍԴՈ-1142, ՍԴՈ-1270):
Օրենքի և իրավական որոշակիության սկզբունքի հարաբերակցության վերաբերյալ իր մի շարք որոշումներում, հղում կատարելով նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ–630 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «...օրենքը պետք է համապատասխանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն, ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղել իր վարքագիծը:»։
Տվյալ պարագայում նախագիծը խնդրահարույց է նաև իրավական որոշակիության սկզբունքի ապահովման տեսանկյունից, քանի որ նախագծով առաջարկվող կարգավորումների բովանդակությունից պարզ չէ, թե ինչ ժամանակահատվածի ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 1-10-րդ մասերով՝ բացառությամբ 6-րդ և 9-րդ մասերի, նախատեսված իրավախախտումն անձի կողմից ևս մեկ անգամ կատարելը կարող է առաջացնել տուգանքի նշանակում:
Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և ընդունումից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|