ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ք. Երևան 07 դեկտեմբերի 2020 թ. |
ԲԴԽ-64-Ո-Կ-16 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԲԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ` Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ռ. Վարդազարյանի, |
մասնակցությամբ` անդամներ |
Գ. Բեքմեզյանի, Ա. Հայկյանցի, Մ. Մակյանի, Լ. Մելիքջանյանի, Ա. Միքայելյանի, Ս. Չիչոյանի, Վ. Քոչարյանի, |
Արդարադատության նախարար | Ռ. Բադասյանի, |
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ |
Ռ. Գրիգորյանի, |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության |
Գ. Մուղնեցյանի, |
քարտուղարությամբ՝ |
Մ. Թելոյանի, |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի (այսուհետ՝ Նախարար)՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 14-ի 93-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսացել փաստաբաններ Սեդրակ Ասատրյանի և Սիլվա Ասատրյանի կողմից Նախարարին 17.06.2020թ.-ին ուղղված հաղորդումը՝ թիվ ԵԿԴ/0142/02/17 քաղաքացիական գործով Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ, ինչպես նաև «www.1in.am» կայքում 16.07.2020թ.-ին տեղադրված՝ ««Ունեզրկելու», «պարտքերը ջրելու», «գցելու» արատավոր բարքեր դատական համակարգում. ԱԱԾ-ն սկսել է մաքրազերծումը» վերնագրով հրապարակումը:
Նախարարի 17.07.2020թ. թիվ 75-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Ռուբեն Ներսիսյանի (այսուհետ՝ Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
2020 թվականի սեպտեմբերի 14-ի 93-Ա որոշմամբ Նախարարը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Դիմողն իր դիրքորոշումը ներկայացնելու համար վկայակոչում է հետևյալ իրավական նորմերը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, 380-րդ հոդվածի 1-ին մասը, 399-րդ, 888-րդ, 887-րդ հոդվածները, 878-րդ հոդվածի 2-րդ մասը: 17.06.1998թ.-ին ընդունված և 09.04.2018թ.-ից ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 130-րդ հոդվածի 3-րդ մասը, 130.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, 51-րդ հոդվածի 1-ին մասը:
Դիմողը պնդում է, որ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքները երաշխավորին կարող են անցնել պարտավորությունը երաշխավորի կողմից կատարվելու դեպքում։ Ընդ որում, պարտատիրոջ իրավունքները երաշխավորին փոխանցվում են այն ծավալով, որով կատարվել է պարտավորությունը։ Տվյալ դեպքում խոսքը գնում է երաշխավորի կողմից հիմնական պարտավորության պատշաճ կատարման մասին, որը ենթադրում է պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունների կատարում՝ պարտավորության պայմաններին, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Ինչ վերաբերում է փոխանցվող իրավունքի ծավալին՝ դրա առնչությամբ օրենսդիրը սահմանել է, որ օրենքով կամ պայմանագրով այլ կարգավորումներ սահմանված չլինելու պայմաններում սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, որպիսի պայմաններում նոր պարտատերը ձեռք է բերում ինչպես պարտավորության կատարումն ապահովող, այնպես էլ պահանջի հետ կապված այլ իրավունքները:
Դատարան ներկայացված Դիմումով Հայցվորը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի, 399-րդ հոդվածի կարգավորումները, Դատարանից խնդրել է իր՝ որպես երաշխավորի կողմից ՓԲԸ-ի վարկային պարտավորությունների կատարման արդյունքում պարտավորեցնել Բանկին իրեն փոխանցել Վարկային պայմանագրեր 1-ից, 2-ից, 3-ից, 4-ից և 4.1-ից բխող պահանջատիրոջ իրավունքները, ինչպես նաև գրավառուի իրավունքները, քանի որ իր կողմից վճարված 3.445.107,49 ԱՄՆ դոլար գումարն ուղղվել է նշված վարկային պայմանագրերով նախատեսված՝ ՓԲԸ-ի կողմից Բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների մարմանը:
Դատարանը, առանց գործում պատշաճ ապացույցների առկայության հաստատված համարելով Բանկի հանդեպ ՓԲԸ-ի ունեցած վարկային պարտավորությունների մարումը, եկել է եզրահանգման, որ Հայցվորի` երաշխավորի, կողմից արդեն իսկ մեծ մասամբ կատարվել է հիմնական պարտավորությունը և կիրառելի համարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի և 399-րդ հոդվածի կարգավորումները, գտել է, որ պարտավորությունը կատարած երաշխավորին փոխանցման ենթակա են պարտատիրոջ բոլոր իրավունքները, ինչպես նաև ք. Երևան, Ազատության պող. 1/18 շենքի թիվ 1, 2, 9 և ք. Երևան, Բաբայան փող. 2/4 հասցեի անշարժ գույքերի նկատմամբ գրավի իրավունքը:
Դիմողը նաև գտնում է, որ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման ակնհայտությունն առկա է, քանի որ Հայցվորի՝ որպես երաշխավորի կողմից պարտավորության պատշաճ կատարման փաստը չհիմնավորվելու պայմաններում Դատարանի կողմից Բանկի և «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի միջև առկա վարկային պարտավորությունները կատարված համարելու, պարտատիրոջ իրավունքները երաշխավորին փոխանցվելու, և պարտատիրոջ և պարտապանի համընկնման հիմքով գրավից բխող պարտավորությունները դադարած համարվելու արդյունքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածով, 375-րդ հոդվածի 1-ին մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասով, 399-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների, վարկային պայմանագրի վերաբերյալ գործում ապացույցների բացակայության պայմաններում հիմնական և լրացուցիչ պարտավորությունների առկայության հաստատման արդյունքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 888-րդ հոդվածով, 878-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների, իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավունքի վերաբերյալ եզրահանգումներ չանելու, վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները չպահպանելու, հայցային վաղեմություն կիրառելու կամ դրա կիրառումը մերժելու հիմքերը քննարկման առարկա չդարձնելով հայցային վաղեմության կիրառումը մերժելու վերաբերյալ եզրահանգում կատարելու, դատական ակտը չհիմնավորելու և չպատճառաբանելու արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասով, 130.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, 132-րդ հոդվածի 4-րդ մասի 1-4-րդ կետերով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով, 337-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների, դատական ակտի եզրափակիչ մասի որոշակիության պահանջին չհամապատասխանող վճիռ կայացնելու արդյունքում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների խախտման առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, որպիսիք չի բովանդակում նաև Դատավորի կողմից ներկայացված բացատրությունը:
Դիմողը նաև շեշտել է, որ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման կոպտությունն առկա է, քանի որ արձանագրված խախտումներով կայացված դատական ակտը նաև բացասաբար է անդրադարձել գործով պատասխանող Բանկի իրավունքների վրա, քանի որ հանգեցրել է վերջինիս՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով և Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքի խախտման և որպես հետևանք՝ դատական իշխանության հեղինակազրկման: Ընդ որում, Բարձրագույն դատական խորհրդի 04.11.2019թ. թիվ ԲԴԽ-63-Ո-Կ-16 որոշմամբ արդեն իսկ արձանագրվել է, որ դատական ակտի եզրափակիչ մասի որոշակիության պահանջին չհամապատասխանող վճիռ կայացնելը հանդիսանում է կոպիտ խախտում, քանի որ այն միանշանակ հեղինակազրկում է դատական իշխանությունը՝ խախտելով անձի դատական պաշտպանության իրավունքը և նվազեցնելով վստահությունը դատական համակարգի նկատմամբ, իսկ Բարձրագույն դատական խորհրդի 10.12.2019թ. թիվ ԲԴԽ-69-Ո-Կ-17 որոշմամբ արձանագրվել է, որ առանց պատճառաբանության հայցային վաղեմության կիրառումը մերժելը ևս հանդիսանում է կոպիտ խախտում, քանի որ այդպիսով խախտվում է անձի արդար դատաքննության իրավունքը, ինչն իր հերթին հեղինակազրկում է դատական իշխանությունը և նվազեցնում վստահությունը դատական իշխանության նկատմամբ:
3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Բարձրագույն դատական խորհրդում կայացած դատական նիստի ընթացքում Դատավորի ներկայացուցիչը հայտնեց, որ արդարադատությունն իրականացնում են դատարանները, իսկ դատական քաղաքականությունը՝ Վճռաբեկ դատարանն ու Սահմանադրական դատարանը. Կառավարության կողմից այս գործառույթի իրականացումն աբսուրդ է: Բացի դրանից, ներկայացուցիչը կասկած հայտնեց Արդարադատության նախարարի կողմից սույն կարգապահական վարույթը հարուցելու իրավասության առումով, քանզի վերջինս աշխատել է «Կոնցեռն Դիալոգ» կազմակերպությունում, այսինքն՝ դիմում ներկայացրած կազմակերպությունում: Բացի այդ, նման պայմաններում չկա կարգապահական վարույթ հարուցած մարմնին ինքնաբացարկ հայտնելու հնարավորություն: Ներկայացուցիչը նաև կարծիք հայտնեց, որ Սահմանադրությամբ նախատեսված է միայն կարգապահական պատասխանատվության ինստիտուտը, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով» մուտացիայի է ենթարկվել՝ կարգապահական վարույթի տեսքով, որը հակասահմանադրական ինստիտուտ է: Ներկայացուցիչը նաև պնդել է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքում չեն դրվել ապացույցներ, որոնցով կարելի է պրակտիկ երևույթների վերաբերյալ անել եզրահանգումներ:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Բանկ) և «Էսկո Կոնցեռն» ՓԲ ընկերության (որը հետագայում վերանվանվել է «ԱԼՏԷ» ՓԲ ընկերություն) (այսուհետ՝ նաև ՓԲԸ) միջև կնքվել են`
ա) ըստ Սարգիս Աղաբեկյանի կողմից թիվ ԵԿԴ/0142/02/17 քաղաքացիական գործով ներկայացված՝ հայցային պահանջների չափը փոփոխելու վերաբերյալ դիմումի՝ 01.12.2009թ. վարկային պայմանագիրը (այսուհետ՝ նաև Վարկային պայմանագիր 1), որով ՓԲԸ-ին տրամադրվել է մինչև 900.000 ԱՄՆ դոլարի վարկ մինչև 11.04.2013թ.-ը: Ի ապահովումն նշված պայմանագրի՝ Բանկի, քաղաքացի Սարգիս Աղաբեկյանի և ՓԲԸ-ի միջև 01.12.2009թ.-ին կնքվել է անշարժ գույքի հաջորդող գրավի մասին պայմանագիրը (այսուհետ՝ նաև Գրավի պայմանագիր 1), որով Սարգիս Աղաբեկյանը Բանկի օգտին գրավադրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը, ինչպես նաև Բանկի և Սարգիս Աղաբեկյանի միջև 01.12.2009թ. կնքվել է երաշխավորության պայմանագիր (այսուհետ՝ նաև Երաշխավորության պայմանագիր 1), որով վերջինս հանդիսացել է երաշխավոր:
բ) 03.06.2010թ. վարկային պայմանագիրը (այսուհետ՝ նաև Վարկային պայմանագիր 2), որով ՓԲԸ-ին տրամադրվել է մինչև 3.000.000 ԱՄՆ դոլարի վարկային գիծ երեք տարի ժամկետով: Ի ապահովումն Վարկային պայմանագրեր 1-ի և 2-ի՝ Բանկի, քաղաքացիներ Լևիկ Աղաբեկյանի և Սիմա Ղուկասյանի, ՓԲԸ-ի միջև 03.06.2010թ.-ին կնքվել են անշարժ գույքի գրավի պայմանագիրը (այսուհետ՝ նաև Գրավի պայմանագիր 2), որով Լևիկ Աղաբեկյանը և Սիմա Ղուկասյանը Բանկի օգտին գրավադրել են իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը, Բանկի, քաղաքացի Սարգիս Աղաբեկյանի, ՓԲԸ-ի միջև՝ անշարժ գույքի հաջորդող գրավի մասին պայմանագիրը (այսուհետ՝ նաև Գրավի պայմանագիր 2.1), որով Սարգիս Աղաբեկյանը Բանկի օգտին գրավադրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը, ինչպես նաև Բանկի, Սարգիս և Սուրեն Աղաբեկյանների միջև 03.06.2010թ. կնքվել է երաշխավորության պայմանագիր (այսուհետ՝ նաև Երաշխավորության պայմանագիր 2), որով վերջիններս հանդիսացել են երաշխավորներ։
գ) 24.10.2011թ. վարկային պայմանագիրը (այսուհետ՝ նաև Վարկային պայմանագիր 3), որով ՓԲԸ-ին տրամադրվել է 3.000.000 ԱՄՆ դոլար գումար 36 ամիս ժամկետով: Ի ապահովումն Վարկային պայմանագրեր 1-ի, 2-ի, 3-ի՝ Բանկի, Սարգիս Աղաբեկյանի և ՓԲԸ-ի միջև 24.10.2011թ.-ին կնքվել են անշարժ գույքի գրավի, անշարժ գույքի հաջորդող գրավի մասին պայմանագրերը (այսուհետ՝ նաև Գրավի պայմանագրեր 3, 3.1,), որոնցով Սարգիս Աղաբեկյանը գրավադրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը, ի ապահովումն Վարկային պայմանագիր 3-ի՝ Բանկի, Սարգիս Աղաբեկյանի, Լևիկ Աղաբեկյանի ՓԲԸ-ի միջև՝ անշարժ գույքի հաջորդող գրավի մասին պայմանագիրը (այսուհետ՝ նաև Գրավի պայմանագիր 3.2) որով Լևիկ Աղաբեկյանը և Սիմա Ղուկասյանը Բանկի օգտին գրավադրել են իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը, ինչպես նաև Բանկի, Սարգիս և Սուրեն Աղաբեկյանների միջև 24.10.2011թ. կնքվել է երաշխավորության պայմանագիրը (այսուհետ՝ նաև Երաշխավորության պայմանագիր 3), որով վերջիններս հանդիսացել են երաշխավորներ։
դ) 29.07.2013թ. երկու վարկային պայմանագրեր (այսուհետ՝ նաև Վարկային պայմանագրեր 4, 4.1), որոնցից առաջինով տրամադրվել է մինչև 1.950.000 ԱՄՆ դոլար (ներառում է Վարկային պայմանագիր 3-ով տրամադրված 3.000.000 ԱՄՆ դոլար գումարի մնացորդի վերաֆինանսավորումը) մինչև 22.10.2014թ.-ը, երկրորդով՝ մինչև 3.200.000 ԱՄՆ դոլար (ներառում է Վարկային պայմանագիր 2-ով տրամադրված 3.000.000 ԱՄՆ դոլար վարկային գծի մնացորդի վերաֆինանսավորումը) 36 ամիս ժամկետով: Վարկային պայմանագրեր 4-ի և 4.1-ի «նպատակ» դաշտերում սահմանվել է, որ գումարները տրամադրվում են համապատասխանաբար Վարկային պայմանագիր 3-ով և 2-ով առկա պարտավորությունների մարման նպատակով:
Ի ապահովումն նշված պայմանագրերի՝ 29.07.2013թ.-ին Բանկի, Սարգիս Աղաբեկյանի և ՓԲԸ-ի միջև կնքվել են անշարժ գույքի գրավի պայմանագիրը (այսուհետ՝ նաև Գրավի պայմանագիր 4), Բանկի, Սարգիս Աղաբեկյանի, Լևիկ Աղաբեկյանի, Սիմա Ղուկասյանի, ՓԲԸ-ի միջև՝ թվով երեք անշարժ գույքի հաջորդող գրավի մասին պայմանագրեր (այսուհետ՝ նաև Գրավի պայմանագրեր 4.1, 4.2, 4.3), որոնցով Սարգիս Աղաբեկյանը, Լևիկ Աղաբեկյանը և Սիմա Ղուկասյանը Բանկի օգտին գրավադրել են իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը, ինչպես նաև Բանկի և Սարգիս Աղաբեկյանի միջև 24.10.2011թ. կնքվել է երաշխավորության պայմանագիրը (այսուհետ՝ նաև Երաշխավորության պայմանագիր 4), որով վերջինս հանդիսացել է երաշխավոր։
2010թ.-ին կնքված՝ անշարժ գույքի գրավի և հաջորդող գրավի պայմանագրերով Սարգիս Աղաբեկյանը որպես գրավատու գրավադրել է ք. Երևան, Ազատության պող. 1/18 հասցեի թիվ 1, 2, 9, 10, 17 տարածքների (ընդհանուր բաժնային սեփականություն) իր բաժնեմասերը, իսկ Լևիկ Աղաբեկյանը և Սիմա Ղուկասյանը՝ ք. Երևան, Տիգրան Մեծի թիվ 53/3 հասցեի անշարժ գույքը:
2011թ.-ին կնքված՝ անշարժ գույքի գրավի և հաջորդող գրավի պայմանագրերով Սարգիս Աղաբեկյանը որպես գրավատու գրավադրել է վերոնշյալ նույն անշարժ գույքերի իր բաժնեմասերը, ավելացել է ք. Երևան, Բաբայան թիվ 2/4 հասցեի անշարժ գույքը, իսկ Լևիկ Աղաբեկյանը և Սիմա Ղուկասյանը՝ ևս նույն անշարժ գույքը:
2013թ.-ին կնքված՝ անշարժ գույքի գրավի և հաջորդող գրավի պայմանագրերով Սարգիս Աղաբեկյանը որպես գրավատու գրավադրել է ք. Երևան, Ազատության պող. 1/18 հասցեի անշարժ գույքերից 1, 2, 9 տարածքների (ընդհանուր բաժնային սեփականություն) իր բաժնեմասերը, ինչպես նաև նույն Բաբայան թիվ 2/4 հասցեի անշարժ գույքը, իսկ Լևիկ Աղաբեկյանը և Սիմա Ղուկասյանը՝ ք. Երևան, Տիգրան Մեծի թիվ 53/3 հասցեի ևս 2 նոր անշարժ գույք:
Քաղաքացի Սարգիս Աղաբեկյանը (այսուհետ՝ Հայցվոր) 18.01.2017թ.-ին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Բանկի, երրորդ անձինք` ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Երևան» տարածքային ստորաբաժանման, «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի, որը Դատարանի 19.07.2017թ. որոշմամբ ընդունվել է վարույթ: 06.10.2017թ.-ին դատարան ներկայացված՝ հայցային պահանջի չափը փոփոխելու մասին դիմումով (այսուհետ՝ նաև Դիմում) Հայցվորը խնդրել է պարտավորեցնել Բանկին իրեն փոխանցել`
- Վարկային պայմանագիր 1-ով նախատեսված վարկատու Բանկի (պարտատիրոջ) իրավունքները 1.070.115,28 ԱՄՆ դոլար գումարի և վարկային պայմանագրով նախատեսված այլ պահանջների չափով, ինչպես նաև Գրավի պայմանագիր 1-ով նախատեսված գրավառուի իրավունքները գրավի առարկա Երևանի Ազատության 1/18 հասցեի թիվ 1, 2, 10 տարածքների, թիվ 7, 8, 15, 16 բնակարանների նկատմամբ,
- Վարկային պայմանագիր 2-ով նախատեսված վարկատու Բանկի պահանջի իրավունքը 759.605,24 ԱՄՆ դոլարի գումարի և վարկային պայմանագրով նախատեսված այլ պահանջների չափով, ինչպես նաև Գրավի պայմանագրեր 2-ով և 2.1-ով նախատեսված գրավառուի իրավունքները գրավի առարկա Երևանի Ազատության 1/18 հասցեի թիվ 1, 2, 9, 10, 17 տարածքների նկատմամբ,
- Վարկային պայմանագիր 3-ով նախատեսված վարկատու Բանկի պահանջի իրավունքը 1.467.769,10 ԱՄՆ դոլար գումարի չափով և վարկային պայմանագրով նախատեսված այլ պահանջների մասով, ինչպես նաև Գրավի պայմանագրեր 3-ով, 3.1-ով, 3.2-ով նախատեսված գրավառուի իրավունքները Երևանի Ազատության 1/18 հասցեի թիվ 1, 2, 9, 10, 17 տարածքների, Երևանի Բաբայան փողոցի թիվ 2/4 հասցեի անշարժ գույքերի նկատմամբ,
- Վարկային պայմանագրեր 4-ով և 4.1-ով նախատեսված վարկատու Բանկի պահանջի իրավունքը 147.617,87 ԱՄՆ դոլար գումարի չափով և վարկային պայմանագրով նախատեսված այլ պահանջների մասով, ինչպես նաև Գրավի պայմանագրեր 4-ով, 4.1-ով, 4.2-ով նախատեսված գրավառուի իրավունքները մասնակի՝ գրավի առարկա Երևանի Ազատության 1/18 հասցեի թիվ 1, 2, 9 տարածքների, Երևանի Բաբայան փողոցի թիվ 2/4 հասցեի անշարժ գույքի նկատմամբ։
Դիմումի շրջանակներում Հայցվորն իր հայցապահանջները հիմնավորել է նրանով, որ վճարել է ՀՀ դրամով արտահայտված 3.098.857.677 գումար ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման նպատակով, որից 3.445.107,49 ԱՄՆ դոլար գումարը Հայցվորի կողմից ուղղվել է Վարկային պայմանագրեր 1-ով, 2-ով, 3-ով, 4-ով և 4.1-ով նախատեսված՝ ՓԲԸ-ի կողմից Բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների մարմանը: Հայցվորի՝ որպես երաշխավորի կողմից Վարկային պայմանագրեր 1-ով, 2-ով, 3-ով տրամադրված վարկերի ամբողջությամբ մարման, Վարկային պայմանագրեր 4-ով և 4.1-ով տրամադրված վարկերի՝ մասամբ վճարման արդյունքում ՓԲԸ-ի վարկային պարտավորությունները Բանկի նկատմամբ դադարել են վճարումների կատարման հիմքով։ Մասնավորապես՝
- ի կատարումն Վարկային պայմանագիր 1-ով ստանձնած պարտավորությունների՝ 900.000 ԱՄՆ դոլար գումարը, ինչպես նաև հաշվարկված տոկոսները՝ 64.695.246,29 ՀՀ դրամը (համարժեք է 170.115,28 ԱՄՆ դոլարի, ընդհանուր՝ 1.070.115,28 ԱՄՆ դոլար) Հայցվորի՝ որպես երաշխավորի կողմից ամբողջությամբ մարվել է մինչև 31.05.2013թ.-ը։
- ի կատարումն Վարկային պայմանագիր 2-ով, Գրավի պայմանագրեր 2-ով և 2.1-ով ստանձնած պարտավորությունների՝ 759.605,24 ԱՄՆ դոլար գումարը վճարվել է Հայցվորի՝ որպես երաշխավորի կողմից։
- ի կատարումն Վարկային պայմանագիր 3-ով, Գրավի պայմանագրեր 3-ով, 3.1-ով, 3.2-ով ստանձնած պարտավորությունների՝ 1.467.769,10 ԱՄՆ դոլար գումարը վճարվել է Հայցվորի՝ որպես երաշխավորի կողմից։
- ի կատարումն Վարկային պայմանագրեր 4-ով և 4.1-ով, Գրավի պայմանագրեր 4-ով, 4.1-ով, 4.2-ով, 4.3-ով ստանձնած պարտավորությունների՝ 60.080.951,06 ՀՀ դրամ գումարը (համարժեք է 147.617,87 ԱՄՆ դոլարի) վճարվել է Հայցվորի՝ որպես երաշխավորի կողմից։
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ, 380-րդ հոդվածների կարգավորումները՝ Հայցվորը նշել է, որ երաշխավորի կողմից պարտապանի պարտավորության կատարման արդյունքում պարտատերը պարտավոր է պահանջի իրավունքը և այն հիմնավորող փաստաթղթերը փոխանցել պարտավորությունը կատարած երաշխավորին։ Բացի այդ, Հայցվորը, ներկայանալով Վարկային պայմանագրեր 1-ից, 2-ից, 3-ից, 4-ից և 4.1-ից բխող վարկային պարտավորությունների ապահովման նպատակով գրավադրված գույքերի սեփականատեր, նշել է, որ Բանկը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 399-րդ հոդվածի իմաստով երաշխավորին պետք է փոխանցի նաև գրավի իրավունքը, քանի որ սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։
Հայցվորի կողմից վարկային պայմանագրերով «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի` Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների կատարման փաստը հիմնավորելու նպատակով դատարան են ներկայացվել բանկային անդորրագրեր, որոնց բովանդակության համաձայն՝ գումարները Հայցվորի կողմից 2010-2013թթ. ընթացքում փոխանցվել են Բանկում բացված՝ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի դոլարային և դրամային երկու հաշվեհամարներին, իսկ «նպատակ» դաշտում նշված տեղեկատվության համաձայն՝ փոխանցումները կատարվել են փոխառության վերադարձի, հաշվի համալրման և այլ նպատակներով: Ներկայացվել են նաև դրամային փոխանցումների վերաբերյալ փաստաթղթեր, Բանկի ավանդային և բանկային հաշվի քաղվածքներ, որոնց բովանդակության համաձայն՝ Հայցվորի կողմից 2010-2013թթ. ընթացքում փոխանցումներ են կատարվել նույն հաշվեհամարներին, «քաղվածքի մանրամասներ» հատվածում նշված է՝ «հաշվի տեսակ - ընթացիկ հաշիվ», իսկ գործարքի նկարագրություն մասում նշված է՝ «վարկի մարում», «կանխիկի մուտքագրում», «փոխանցում» («արտարժույթային փոխանցում») և այլ նշումներ: Այսինքն՝ Հայցվորի կողմից գումարները փոխանցվել են Բանկում բացված՝ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի ընթացիկ հաշիվներին, այլ ոչ վարկային պարտավորություններով սահմանված վարկային հաշիվներին, որոնցով, բանկերում գործող պրակտիկայի համաձայն, կատարվում են վարկի մարումները:
Դիմումի վերջնամասում նշված՝ կից ներկայացված փաստաթղթերի ցանկի համաձայն՝ ի թիվս այլ փաստաթղթերի՝ Հայցվորի կողմից դատարան են ներկայացվել նաև Վարկային պայմանագիր 1-ի, Գրավի պայմանագիր 1-ի, Երաշխավորության պայմանագիր 1-ի պատճենները, մինչդեռ, դրանք գործի նյութերում բացակայում են:
Բանկի կողմից 28.07.2017թ.-ին ներկայացված առարկությունների շրջանակներում միջնորդություն է ներկայացվել հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով ևս հայցը մերժելու վերաբերյալ:
Դատարանը 04.02.2019թ. վճռով (այսուհետ՝ Վճիռ) հայցը բավարարել է:
Թիվ ԵԿԴ/0142/02/17 քաղաքացիական գործի հարուցման համար հիմք հանդիսացած Հայցադիմում Հայցվորը նշել է, որ վարկառուի կողմից ստանձնած վարկային պարտավորություններն իր կողմից կատարված լինելու փաստը հիմնավորել է նաև սնանկության վարույթով:
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Նախարարի առաջին տեղակալի հաղորդումը, Դատավորի փաստաբանի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.
1. ո՞ր դեպքում կարող է արձանագրվել Դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
2. արդյո՞ք թիվ ԵԿԴ/0142/02/17 քաղաքացիական գործով Դատավորը խախտել է հայցային վաղեմությունը պատճառաբանված կարգով կիրառելու կամ մերժելու օրենսդրական պահանջը, ինչպես նաև վճռի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները և իրավական որոշակիության սկզբունքին դատական ակտի համապատասխանության պահանջը,
3. արդյո՞ք թիվ ԵԿԴ/0142/02/17 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Առաջին հարցադրման առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է հետևյալ իրավական նորմերի վերլուծության անհրաժեշտությունը.
ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն՝ 1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
2. Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:
ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Վճռաբեկ դատարանն իր 27.08.2010թ. ԼԴ/0301/01/09 քրեական գործով կայացված որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:/…/ Ապացույցները, որոնք հավաքվել և ստուգվել են օրենքին համապատասխան, կազմում են ներքին համոզմունքի այն օբյեկտիվ հիմքը, որն իր դրսևորումն է գտնում ընդունվող որոշումներում: /…/ Միևնույն ժամանակ, ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ ապացույցը գնահատող անձը կաշկանդված չէ տվյալ ապացույցին դատավարության նախորդ փուլերում կամ տվյալ փուլի շրջանակներում այլ անձանց կամ մարմինների տված գնահատականներով»:
1985թ. ՄԱԿ-ի կողմից «Հանցագործության կանխման և հանցագործների նկատմամբ վերաբերմունքի» կոնգրեսում ընդունված, այնուհետև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 29.11.1985թ. 40/32 և 13.12.1985թ. 40/146 հանձնարարականներով հաստատված «Դատական համակարգի անկախության հիմնարար սկզբունքներ»-ի 1-ին սկզբունքի համաձայն՝ դատական համակարգի անկախությունը պետք է երաշխավորվի պետության կողմից և սահմանված լինի պետության սահմանադրությամբ կամ օրենսդրությամբ: Դատական համակարգի անկախությունը հարգելը և պահպանելը կառավարության և բոլոր ինստիտուցիոնալ մարմինների պարտականությունն է:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ մասի համաձայն՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի անկախությունն իրավունքի գերակայության երաշխավորման անկյունաքարային պահանջ է: Դատավորն արդարադատություն իրականացնելիս օժտված է ապացույցների՝ ներքին համոզման հիման վրա գնահատելու իրավասությամբ, ինչը պայմանավորված է դատավորի գործունեության առաքելությամբ: Դատավորին օրենքով վերապահված գնահատողական գործառույթի պատշաճ կամ ոչ պատշաճ իրականացման նկատմամբ վերահսկողություն են իրականացնում վերադաս դատական ատյանները` բողոքարկման օրենսդրական հնարավորության տիրույթում, ինչով պետության կողմից ապահովվում է դատական սխալի ուղղման հնարավորությունը: Բարձրագույն դատական խորհուրդը շեշտադրում է դատական ակտերի բողոքարկման և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտների արմատական տարբերությունը և դրանց նույնականացումը բացառելու անհրաժեշտությունը:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չի կարող հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք, բացառությամբ այնպիսի ակնառու դեպքերի, երբ նման գնահատումը բացառվում է որևէ իրավական հիմքով և/կամ ողջամիտ դատողությամբ, հակառակ մեկնաբանման դեպքում կարող է առաջանալ դատավորի անկախության սկզբունքի հետ բախման վտանգ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով Նախարարը ներկայացրել է ըստ էության Դատավորի կողմից դատական ակտի պատճառաբանվածության պահանջի խախտման երկու փաստարկ՝ առանց բավարար ապացույցների կամ ապացույցի սխալ գնահատմամբ հայցի բավարարում և վաղեմության ժամկետի կիրառման միջնորդության մերժում՝ առանց պատճառաբանության, որոնցից առաջինը կապել է նյութական իրավունքի նորմի խախտման հետ՝ Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում տարանջատել այս երկու փաստարկները և գնահատել դրանք առանձին-առանձին:
Առանց բավարար ապացույցի կամ ապացույցի սխալ գնահատմամբ հայցի բավարարման Նախարարի փաստարկի առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ այս համատեքստում Նախարարը պնդել է, որ Դատավորի կողմից խախտվել են նյութական իրավունքի նորմեր: Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Նախարարն ըստ էության դատական ակտի պատճառաբանման դատավարական պահանջի վկայակոչմամբ փորձել է հիմնավորել Դատավորի կողմից նյութական իրավունքի նորմերի խախտումը: Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համատեքստում խիստ կարևորում է դատավարական և նյութական իրավունքի նորմերի տարբերակումը և արձանագրում, որ դատավարական իրավունքի նորմերի խախտման և նյութական իրավունքի նորմերի խախտման գնահատումն ունեն տարբեր տրամաբանություն: Եթե դատավարական իրավունքի նորմերի խախտումը գնահատվում է օբյեկտիվ իրականության մեջ դատավորի կողմից այս կամ այն դատավարական գործողությունը կատարել/չկատարելու օրենսդրական կանոնները պահպանված լինել/չլինելու միջոցով, ապա նյութական իրավունքի նորմերի խախտումն առավելապես առնչվում է դատավորի կողմից օրենքի մեկնաբանման տիրույթին, որն ի տարբերություն դատավարական նորմերի մեկնաբանման ավելի լայն ընդգրկում ունի՝ պայմանավորված նյութական իրավունքի նորմի կարգավորման առարկայի շրջանակներում քննվող գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ ապացույցների՝ վերաբերելիության հատկանիշով գնահատման անհրաժեշտությամբ:
Հետևաբար նյութական իրավունքի նորմերի խախտումները պետք է վարույթը հարուցող մարմնի կողմից հիմնավորվեն այնպիսի ծանրակշիռ փաստարկներով, որպիսիք կբացառեն խախտման փաստն արձանագրելու այլընտրանքային հնարավորությունները՝ չթույլատրելով դատավորի անկախության սկզբունքի հետ բախում առաջացնող որևէ առնչություն:
Այս համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է այն փաստը, որ թիվ ԵԿԴ/0142/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում Հայցվորը պնդել է, որ վարկառուի վարկային պարտավորությունների իր կողմից կատարման փաստը հիմնավորել է ի թիվս այլնի, նաև սնանկության վարույթով, մինչդեռ վերաբերելի սնանկության վարույթը ուսումնասիրված չլինելու արդյունքում վարույթ հարուցող մարմնի կողմից չի հիմնավորվել՝ դատավորի կողմից հայցի բավարարումն առանց բավարար ապացույցների իրականացնելու վերաբերյալ փաստարկը: Բացի դրանից, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի կողմից չի հիմնավորվել թիվ ԵԿԴ/0142/02/17 քաղաքացիական գործով Դատավորի կողմից նյութական իրավունքի նորմերի խախտում, քանզի նյութական իրավունքի նորմերի վկայակոչմամբ, ըստ էության Նախարարը բարձրացրել է դատական ակտի պատճառաբանման դատավարական պահանջի խախտման հարցը, ուստիև նյութական իրավունքի նորմերի խախտումը սույն գործով ներկայացվել է միջնորդավորված կերպով:
Դատավորի կողմից առանց որևէ պատճառաբանության հայցային վաղեմության միջնորդությունը մերժելու հարցի առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ 05.05.1998թ. ընդունված և մինչ օրս գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար: Օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ 1. գործին մասնակցող անձանց դիմումները և միջնորդությունները, գործի քննության հետ կապված բոլոր հարցերով, դատարանը լուծում է գործին մասնակցող մյուս անձանց կարծիքները լսելուց հետո: 2. Դիմումների և միջնորդությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
Բարձրագույն դատական խորհուրդն այս համատեքստում անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներով (Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի թիվ ԵԷԴ /0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը և այլն) անդրադարձել է հայցային վաղեմության ինստիտուտի կիրառությանը և հատուկ ընդգծել այս ինստիտուտի նշանակությունը դատական պաշտպանության իրավունքի իրացման հարցում, նշելով, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ 17.06.1998թ. ընդունված, գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 130-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանի վճիռը պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված: Օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին։
Օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ դատական ակտի պատճառաբանվածության օրենսդրական պահանջի կարևորությունն ընդգծել է Վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում, մասնավորապես նշելով, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե' փաստական և թե' իրավական հիմնավորումը: Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Բարձրագույն դատական խորհուրդը վերահաստատում է Բարձրագույն դատական խորհրդի 10.12.2019թ. ԲԴԽ-69-Ո-Կ-17 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ վերոգրյալ բոլոր պահանջներն առավել կարևորվում են դատական ակտում հայցային վաղեմության հարցի լուծման դեպքում, քանի որ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելն իրավական համապատասխան հետևանք առաջացնող, քննվող գործի հնարավոր ելքը կանխորոշող գործոն է՝ որոշ դեպքերում անկախ վեճի նյութաիրավական փաստակազմից:
Մինչդեռ 13.04.2020թ. վճռի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատավորը որևէ վերլուծություն և/կամ պատճառաբանություն հայցային վաղեմության ժամկետը լրացած լինել/չլինելու մասին չի իրականացրել, մանրամասն քննարկման առարկա չի դարձրել հայցային վաղեմություն կիրառելու կամ դրա կիրառումը մերժելու հիմքերը, այլ սահմանափակվել է հայցային վաղեմության կիրառումը մերժելու վերաբերյալ եզրահանգում արձանագրելով, ինչն էլ հանգեցրել է դատական ակտի պատճառաբանվածության պահանջի խախտման՝ դատավարական իրավունքի նորմի խախտման:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ Դատավորի կողմից բավարար չափով չեն պահպանվել նաև վճռի ձևին և բովանդակությանը ներկայացվող օրենսդրական պահանջները:
Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է նաև դատական ակտի՝ իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու պահանջը: Մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի 04.11.2019թ. թիվ ԲԴԽ-63-Ո-Կ-16 որոշմամբ արդեն իսկ արձանագրվել է, որ դատական ակտի եզրափակիչ մասի որոշակիության պահանջին չհամապատասխանող վճիռ կայացնելը հանդիսանում է կոպիտ խախտում, քանի որ այն միանշանակ հեղինակազրկում է դատական իշխանությունը՝ խախտելով անձի դատական պաշտպանության իրավունքը և նվազեցնելով վստահությունը դատական համակարգի նկատմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով 29.07.2011թ. որոշման շրջանակներում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Դատական ակտի որոշակիության սկզբունքը թեև քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված չէ, սակայն այն իրավական հասկացություն է և միջազգայնորեն ճանաչված սկզբունք ու ենթադրում է, որ դատական ակտը պետք է լինի որոշակի՝ այն պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, դրա բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դատավարության մասնակիցների համար ակնառու և ակնհայտ լինի, թե իրենց ինչ իրավունք է տրամադրվում, իրենց որ իրավունքն է սահմանափակվում, իրենց ինչ իրավունքից են զրկում կամ իրենց վրա ինչ պարտականություն է դրվում»:
Վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից ընդունված Վճռի եզրափակիչ մասը չի համապատասխանում դրա որոշակիությանը ներկայացվող պահանջին, մասնավորապես՝ Վճռի եզրափակիչ մասով Դատարանը Բանկին պարտավորեցրել է Հայցվորին «(...) վարկային պայմանագրով նախատեսված այլ պահանջների չափով (...)» իրավունքներ փոխանցել: Մինչդեռ, նշված բովանդակությունից հստակ չէ Հայցվորին փոխանցման ենթակա իրավունքների ծավալը, որպիսի պայմաններում այն չի կարող դիտվել որպես որոշակի դատական ակտ, որով հստակ սահմանված են գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորն ի պաշտոնե պարտավոր էր իմանալ և պահպանել օրենսդրական կանոնակարգումները:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորն ունեցել է կարգապահական տույժ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին հայտարարել նկատողություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ` |
Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ | |
Անդամներ՝ |
Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ | |
Ա. ՀԱՅԿՅԱՆՑ | ||
Մ. ՄԱԿՅԱՆ | ||
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ | ||
Ա. Միքայելյան | ||
(դեմ) |
Ս. Չիչոյանի | |
Վ. Քոչարյան |