Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.11.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
07.11.2019
Дата вступления в силу
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԿԴ/0180/01/15

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի


քարտուղարությամբ՝
 


Ն. Թ
ումանյանի

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

   

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Անդրանիկ Գևորգի Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

     

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2016 թվականի մայիսի 17-ի դատավճռով Անդրանիկ Գևորգի Գրիգորյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով արդարացվել է` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ։ Նույն դատական ակտով Ա.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), 268-րդ հոդվածի 1-ին մասով, 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ Ա.Գրիգորյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից` ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով և Ա.Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 8 (ութ) տարի ժամկետով:

2. Ա.Գրիգորյանի պաշտպան Վ.Զուռնաչյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 17-ի դատավճիռը:

3. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 23-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ա.Գրիգորյանի պաշտպան Վ.Զուռնաչյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ մասնակիորեն բավարարվել է և ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանվել ու փոփոխվել են, Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ: Հանցանքների և դատավճիռների համակցությամբ Ա.Գրիգորյանի նկատմամբ սահմանված 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկում պատժից հանվել է վերոնշյալ յուրաքանչյուր հոդվածով նշանակված և գումարված 6 (վեց) ամիս ժամկետը` վերջնական թողնելով կրելու ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով: Դատական ակտերը մնացած մասով թողնվել են օրինական ուժի մեջ:

4. Դատապարտյալ Ա.Գրիգորյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

   

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Ա.Գրիգորյանը դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նրա] (...) ցուցումով և Անդրանիկ Մելքոնյանի անմիջական ուղղորդմամբ Ռաֆիկ Զաքեյանը (...) հանդիպել է (...) թմրամիջոցի ապօրինի ձեռք բերմանը նրան օժանդակող Ծերուն Ղազարյանին, ումից ստացել է` Անդրանիկ Գրիգորյանի համար նախատեսված զգալի չափերով` 0.0119 գրամ «բուպրենորֆին» և 0.789 գրամ «մեթադոն» տեսակների թմրամիջոցները` վերջինիս փոխանցելու համար (...), սակայն ինչպես Անդրանիկ Գրիգորյանը, Ծերուն Ղազարյանը, այնպես էլ Ռաֆիկ Զաքեյանը, Անդրանիկ Մելքոնյանը հանցավոր արարքներն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով (...):

Դրանից բացի, (...) Անդրանիկ Գրիգորյանի ցուցումով, նրա կողմից թմրամիջոցի ապօրինի իրացմանն օժանդակող (...) Գևորգ Գրիգորյանն Արմեն Շամիրյանի համար նախատեսված զգալի չափերով` 0.008 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատը (...) տեղադրել է (...) թաքստոցում, որից հետո Անդրանիկ Գրիգորյանի ուղղորդմամբ (...) Ջիվան Շամիրյանը նշված վայրից վերցնելով ապօրինի ձեռք է բերել նշված թմրամիջոցը (...):

Շարունակելով իր հանցավոր գործունեությունը, (...) Անդրանիկ Գրիգորյանի ցուցումով, նրա կողմից թմրամիջոցի ապօրինի իրացմանն օժանդակող Ծերուն Ղազարյանը (...) զգալի չափերով` 0.016 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող երկու դեղահատերը (...) տեղադրել է (...) թաքստոցում, որից հետո Անդրանիկ Գրիգորյանի ուղղորդմամբ դատապարտյալի կողմից թմրամիջոցի ապօրինի ձեռք բերմանն օժանդակող Ջիվան Սարգսյանը նույն թաքստոցից վերցնելով ապօրինի ձեռք է բերել նշված թմրամիջոցը (...):

Այնուհետև, Անդրանիկ Գրիգորյանը (...) առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և (...) ապօրինի պահել է զգալի չափերով` 0.05 գրամ «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող դեղահատ (…)»1:

     

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

6. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար, դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը, կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 30-ի որոշումը վերանայելու համար:

9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար, նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

11. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում՝ արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով՝ որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»3:

Արդյունքում, Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

12. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

13. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»։

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը  թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.002 գրամից մինչև 0.02 գրամը ներառյալ, «մեթադոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.1 գրամից մինչև 1.0 գրամը ներառյալ, «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.05 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար՝ որպես զգալի չափ է սահմանվել 0.001 գրամից մինչև 0.005 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 0.005 գրամից մինչև 0.025 գրամը ներառյալ, «մեթադոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.025 գրամից մինչև 0.125 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 0.125 գրամից մինչև 0.625 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 0.625 գրամը, «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի համար որպես մանր չափ է սահմանվել 0.05 գրամից մինչև 0.25 գրամը ներառյալ, որպես զգալի չափ՝ 0.25 գրամից մինչև 1.25 գրամը ներառյալ:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Գրիգորյանը դատապարտվել է՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով՝ զգալի չափի՝ 0.0119 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց,  զգալի չափի՝ 0.789 գրամ «մեթադոն» տեսակի թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու փորձ կատարելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ զգալի չափի՝ 0.008 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, զգալի չափի՝ 0.016 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափի՝ 0.05 գրամ «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար5:

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Ա.Գրիգորյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով,  266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1-ին և 2-րդ դրվագներով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

16. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Ա.Գրիգորյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը։

Մասնավորապես, «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում՝ 0.05 գրամ «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է: 

Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելն Ա.Գրիգորյանի կողմից կատարված արարքի վրա:

17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 30-ի որոշումը վերանայելու համար։

18. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է դատապարտյալ Ա.Գրիգորյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 17-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել և փոփոխել. Ա.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պետք է արդարացնել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Միաժամանակ, հաշվի առնելով, որ Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, ուստի նրա նկատմամբ նշանակված պատիժը ենթակա չէ փոփոխման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 4261-4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Անդրանիկ Գևորգի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 30-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Անդրանիկ Գևորգի Գրիգորյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 17-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել ու փոփոխել:

3. Անդրանիկ Գևորգի Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

4. Դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

        

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

___________________________________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 98-99:

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

3  Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

5 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

         

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:

      

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան