Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-376-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.07.2002-08.04.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.07.17/25(200) Հոդ.585
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.06.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.07.2002
Дата вступления в силу
18.07.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հունիսի 12-ին

 

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ պաշտպանության բնագավառի կազմակերպման հիմնադրույթները և կարգավորում է դրա հետ կապված հարաբերությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սեյսմիկ պաշտպանության մասին օրենսդրությունը

 

Սեյսմիկ պաշտպանության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

Եթե սեյսմիկ պաշտպանության բնագավառում միջազգային պայմանագրով սահմանվում են այլ նորմեր, քան օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ա) ուժեղ երկրաշարժ՝ երկրաշարժ, որի ուժը, ըստ մագնիտուդային սանդղակի, 5.5-ից բարձր է.

բ) սեյսմիկ պաշտպանություն՝ իրավական, սոցիալական, տնտեսական, կրթական, կազմակերպչական, գիտական, ինժեներատեխնիկական և այլ հատուկ միջոցառումներ՝ ուղղված պետության և հասարակության սեյսմիկ անվտանգության և կայուն զարգացման ապահովմանը.

գ) սեյսմիկ վտանգ՝ տարածքում հնարավոր ուժեղ երկրաշարժի սպառնալիք, որն արտահայտվում է ուժեղ ցնցումներով.

դ) սեյսմաշրջանացում՝ տարածքում հնարավոր առավելագույն սեյսմիկ վտանգի տարածքային բաշխման քարտեզագրում.

ե) սեյսմիկ իրավիճակ՝ սեյսմիկ պաշտպանության տեսակետից ընթացիկ սեյսմիկ վտանգի ընդհանուր բնութագիր.

զ) սեյսմիկ ռիսկ՝ մարդկային, նյութական և այլ հնարավոր կորուստներ՝ պայմանավորված ուժեղ երկրաշարժով.

է) սեյսմիկ ռիսկի նվազեցում՝ պետության և հասարակության երկարաժամկետ համալիր և բազմաբնույթ գործողություններ (վարչական, իրավական, սոցիալական, տնտեսական, ուսուցողական, կրթական, գիտական, ինժեներատեխնիկական, կազմակերպչական և այլն)՝ ուղղված ուժեղ երկրաշարժից մարդկային, նյութական և այլ հնարավոր կորուստների նվազեցմանը.

ը) վաղ ահազանգում` բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով նրա բնականոն կենսագործունեության ժամանակավոր խախտման մասին ազդարարում.

թ) շենքերի և շինությունների սեյսմիկ պաշտպանություն՝ շենքերի, շինությունների սեյսմակայունության ապահովում.

ժ) շենքերի և շինությունների խոցելիության գնահատում՝ շենքերի, շինությունների վարքի կանխատեսում ուժեղ երկրաշարժի դեպքում.

ժա) սեյսմիկ պաշտպանության արագ արձագանքման ուժեր՝ ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում բնակչությանն անհապաղ օգնություն ցուցաբերելու նպատակով սեյսմիկ պաշտպանության ոլորտում մասնագիտացված բազմապրոֆիլային կազմավորումներ:

 

Հոդված 3. Սեյսմիկ պաշտպանություն իրականացնելու հիմնական նպատակները

 

Սեյսմիկ պաշտպանություն իրականացնելու հիմնական նպատակներն են՝

ա) սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի կողմից (այսուհետ՝ լիազորված մարմին) միասնական պետական քաղաքականության իրականացումը.

բ) սեյսմիկ պաշտպանության բնագավառում միասնական պետական և միջազգային միջպետական քաղաքականության մեջ պատրաստվածության և կանխարգելման սկզբունքների գերակայության ապահովումը հետևանքների վերականգնման նկատմամբ.

գ) սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր տարրերի հավասար առաջնայնությունը.

դ) սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական և միջպետական ծրագրերի իրագործմանը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակայնության ներգրավումը.

ե) սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրերի միջազգայնացումը:

 

Հոդված 4. Սեյսմիկ պաշտպանության աշխատանքների ծրագրերը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ պաշտպանության աշխատանքներն իրականացվում են սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր):

Ծրագիրն ունի համալիր բնույթ և բաղկացած է կարճաժամկետ (մինչև 1 տարի), միջինժամկետ (մինչև 5 տարի) և երկարաժամկետ (մինչև 30 տարի) ենթածրագրերից:

Ծրագիրը ներառում է երկրաշարժերի և դրանց հետ կապված աղետների նկատմամբ տարածքների խոցելիության նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումներ՝ իրենց ժամանակացույցով և պատասխանատու կատարողներով:

Ծրագրի կատարման արդյունքում ապահովվում է սեյսմիկ վտանգի կանխատեսումը, սեյսմիկ ռիսկի գնահատումն ու նվազեցումը:

Սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի ղեկավարը յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս հաղորդմամբ:

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

(4-րդ հոդվածը 16.12.16 ՀՕ-15-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից)

 

Հոդված 5. Սեյսմիկ պաշտպանության գործունեության օբյեկտները

 

Սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման տեսանկյունից սեյսմիկ պաշտպանության գործունեության օբյեկտներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության տարածքը.

բ) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների տարածքը.

գ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերը.

դ) կառավարական, պաշտպանական, արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական (այդ թվում՝ ջրամբարներ, պատվարներ), էներգետիկ (այդ թվում՝ ԱԷԿ), գիտատեխնիկական, առողջապահության և կրթության համալիրները.

ե) շենքերը, շինությունները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները.

զ) ինժեներատրանսպորտային հաղորդակցության համակարգերը.

է) կենսաապահովման գծերը (գազամուղ, ջրամատակարարման և ջրահեռացման գծեր):

 

Հոդված 6. Սեյսմիկ պաշտպանության գործունեության օբյեկտների դասակարգումը

 

Սեյսմիկ պաշտպանության գործունեության օբյեկտները սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման տեսանկյունից, ըստ նշանակության, դասակարգվում են՝

ա) հատուկ.

բ) կարևոր.

գ) ընդհանուր:

Օբյեկտների ցանկը, ըստ դասակարգման, սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 7. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) հաստատում է պետական քաղաքականության հիմնական ուղղությունները.

բ) հաստատում է սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրերը.

գ) սահմանում է հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների ցանկը.

դ) սահմանում է բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը.

ե) սահմանում է սեյսմաշրջանացման աշխատանքների լիցենզիաների տրման կարգը.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 8. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի լիազորությունները

 

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազորված մարմինը՝

ա) մշակում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները.

բ) պատասխանատվություն է կրում սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման համար.

գ) համակարգում է Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները.

դ) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում և դրանից հանրապետության համար վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսումը.

ե) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմաշրջանացման, դրա խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման և սեյսմիկ ռիսկի քարտեզները.

զ) հաստատում է հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարածքների սեյսմիկ ռիսկի փորձագիտական գնահատումները.

է) կազմակերպում է ուժեղ երկրաշարժերին բնակչության դիմակայելու նախապատրաստվածությունը և ուսուցումը.

ը) համակարգում և վերահսկում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացումը.

թ) մասնակցում է շենքերի և շինությունների խոցելիության օպերատիվ գնահատմանը՝ բարձր սեյսմիկ վտանգի գոտիներում սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով.

ժ) սահմանված կարգով տալիս է լիցենզիաներ սեյսմաշրջանացման աշխատանքների համար.

ժա) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 9. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և այլ օրենքներով:

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները՝

ա) կազմակերպում են համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները.

բ) ապահովում են համայնքի տարածքում ուժեղ երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքները.

գ) աջակցում են համայնքի տարածքում սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի կատարմանը.

դ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 10. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիցենզավորման ենթակա ոլորտները

 

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիցենզավորման ենթակա են սեյսմաշրջանացման աշխատանքները: Նշված լիցենզիաները տրվում են միայն իրավաբանական անձանց՝ մինչև երեք տարի ժամկետով:

Լիցենզիա ստանալու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

Հոդված 11. Սեյսմիկ վտանգի գնահատման տարրերը

 

Սեյսմիկ վտանգի գնահատման տարրերն են առաջնային սեյսմիկ վտանգի գնահատումը և երկրորդային սեյսմիկ վտանգի գնահատումը:

Առաջնային սեյսմիկ վտանգի գնահատումն ընդգրկում է երկարաժամկետ և ընթացիկ սեյսմիկ վտանգների գնահատումները:

Երկրորդային սեյսմիկ վտանգի գնահատումը ներառում է երկրաշարժի հետևանքով հարուցվող բնական և տեխնածին երևույթների գնահատումը:

 

Հոդված 12. Երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատումը

 

Երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատումը երկրի մակերեսի առավելագույն հնարավոր ցնցումների տեղի և ուժի կանխատեսումն է:

Երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատման արդյունքում սահմանված կարգով կազմվում են տարբեր մասշտաբների սեյսմաշրջանացման քարտեզներ, որոնք որպես նորմատիվային փաստաթուղթ հաստատում է լիազորված մարմինը:

Սեյսմաշրջանացման քարտեզները հիմք են Հայաստանի Հանրապետության սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի, հողօգտագործման, բնակչության տարաբնակեցման սխեմաների մշակման համար:

Սեյսմամիկրոշրջանացման քարտեզները պարտադիր հաշվի են առնվում քաղաքների և բնակավայրերի կառուցապատման, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների նախագծման համար:

 

Հոդված 13. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը

 

Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը հնարավոր ուժեղ երկրաշարժի տեղի, ուժի և ժամանակի որոշակի հավանականությամբ կանխատեսումն է:

Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է սեյսմիկ դիտարկումների ազգային բազմապարամետրային ցանց:

Ցանցը բաղկացած է ազգային և միջազգային դիտակայաններից, որոնք ներգրավված են համաշխարհային գլոբալ ցանցի մեջ: Սեյսմիկ դիտակայաններում անմիջականորեն կատարվում են շուրջօրյա բազմապարամետրային դիտարկումներ, և ստացված արդյունքները հաղորդվում են լիազորված մարմնի՝ տվյալների հավաքման կենտրոն, որտեղ դրանք հավաքվում են տվյալների միասնական բանկում: Փորձագիտական վերլուծությունից հետո տեղեկատվությունը, լիազորված մարմնի սահմանած կարգով, հաղորդվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին, իրավասու այլ մարմիններին և բնակչությանը:

Ցանցի ստեղծման, դիտարկումների իրականացման, տեղեկատվության հավաքման և հաղորդման կարգը սահմանում է լիազորված մարմինը:

Բնական երևույթների մասին տեղեկատվության հավաստիությունն ապահովելու և դիտարկումների շեղումներից խուսափելու նպատակով դիտակայանների շուրջ ստեղծվում են պահպանման գոտիներ:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ

 

Հոդված 14. Սեյսմիկ ռիսկի գնահատումը

 

Սեյսմիկ ռիսկի գնահատումը մարդկային, նյութական և այլ հնարավոր կորուստների կանխատեսումն է՝ պայմանավորված ուժեղ երկրաշարժով:

Սեյսմիկ ռիսկի գնահատման արդյունքում լիազորված մարմնի սահմանած կարգով կազմվում և հաստատվում են տարբեր մասշտաբների սեյսմիկ ռիսկի քարտեզներ, որոնք դրվում են տնտեսության զարգացման ծրագրերի հիմքում:

 

Հոդված 15. Սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնական խնդիրները

 

Սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնական խնդիրներն են՝

ա) տարածքների խոցելիության նվազեցումը.

բ) բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացումը.

գ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը սեյսմիկ ռիսկի կառավարմանը.

դ) բնակչության վաղ ահազանգման համակարգի ստեղծումը.

ե) բժշկական պատրաստվածությունը.

զ) արագ արձագանքման ուժերի զարգացումը.

է) ապահովագրության համակարգի ստեղծումը.

ը) ուժեղ երկրաշարժից տուժած գոտու վերականգնումը և բնակչության ռեաբիլիտացիան:

Սեյսմիկ ռիսկի նվազեցումն իրականացվում է սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր պետական ծրագրերի համաձայն:

 

Հոդված 16. Տարածքների խոցելիության նվազեցման հիմնական սկզբունքները

 

Տարածքների խոցելիության նվազեցման հիմնական սկզբունքներն են՝

ա) տարածքների սեյսմաշրջանացումը.

բ) բնակավայրերի, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ ռիսկի գնահատումը.

գ) գոյություն ունեցող շինությունների ուժեղացումը.

դ) հատուկ, կարևոր, ընդհանուր նշանակության օբյեկտների, կենսաապահովման գծերի սեյսմակայունության բարձրացումը.

ե) սեյսմակայուն շինարարության կանոնների և նորմերի առկայությունը.

զ) շենքերի և շինությունների նախագծման, շինարարության և շահագործման ընթացքում խոցելիության նվազեցման միջոցառումների և պահանջների նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

է) երկրորդային վտանգների կանխատեսումը:

 

Հոդված 17. Բնակչության դերը սեյսմիկ պաշտպանության համակարգում

 

Բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացումն ապահովվում է ուսուցման պետական համակարգի միջոցով:

Ուսուցման պետական համակարգն ընդգրկում է հետևյալ ենթահամակարգերը.

ա) բնակչության տարբեր շերտերի անմիջական ուսուցումը՝ սկսած հանրակրթական դպրոցից (հրահանգիչների, դասախոսների, ուսուցիչների, բժիշկների և այլոց միջոցով).

բ) ուսումնական ծրագրերը, մեթոդական ձեռնարկները, համապատասխան ցուցադրանյութերը.

գ) հեռուստառադիոհաղորդումները և հրապարակումները զանգվածային լրատվության միջոցներում.

դ) սոցիալ-հոգեբանական նախապատրաստումը:

Ուսուցման պետական համակարգն ապահովում է տրամադրվող տեղեկատվության հավաստիությունը և մատչելիությունը:

 

Հոդված 18. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը սեյսմիկ ռիսկի կառավարմանը

 

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստման նպատակն է պետության ուժերի և միջոցների արդյունավետ օգտագործման համար սեյսմիկ ռիսկի կառավարման միասնական համակարգի ստեղծումը:

Սեյսմիկ ռիսկի կառավարման նախապատրաստումը պետք է ընդգրկի հետևյալ ժամանակահատվածները` մինչև երկրաշարժը (կանխարգելիչ երկարաժամկետ միջոցառումներ), երկրաշարժի ընթացքում (արագ արձագանքում), հետերկրաշարժային (օգնության ցուցաբերում, վերականգնողական աշխատանքներ և բնակչության ռեաբիլիտացիա):

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը ներառում է սեյսմիկ ռիսկի նվազեցման տարածաշրջանային և համայնքային, ինչպես նաև համատեղ փոխօգնության ծրագրերի մշակումը, անձնակազմի ուսուցողական վարժանքների կազմակերպումը:

 

Հոդված 19. Ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում սեյսմիկ իրավիճակի մասին բնակչության իրազեկման կարգը

 

Հայաստանի Հանրապետությունում ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի, ինչպես նաև ընդհանուր սեյսմիկ իրավիճակի մասին բնակչության պաշտոնական իրազեկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 20. Վաղ ահազանգման և ազդարարման եղանակները

 

Վաղ ահազանգման և ազդարարման եղանակներն են` ոչ շտապ ահազանգում՝ պետական կառավարման մարմինների միջոցով, և ակնթարթային, ավտոմատ ահազանգում՝ սեյսմիկ տագնապի ձայնային ազդանշանի միջոցով:

Ոչ շտապ վաղ ահազանգման և ազդարարման հիմքում ընկած է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը լիազորված մարմնի կողմից, որն ուղեկցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախատեսվող միջոցառումների իրականացմամբ: Միջոցառումների գլխավոր նպատակն է նախօրոք ծրագրավորված գործողությունների միջոցով խուսափել մարդկային և նյութական զգալի կորուստներից:

Ակնթարթային վաղ ահազանգումը և ազդարարումը երկրաշարժի օջախից դեպի բնակավայր տարածվող ավերիչ սեյսմիկ ալիքի ազդանշանի փոխանցումն է տեխնիկական ավտոմատ համակարգի միջոցով:

 

Հոդված 21. Արագ արձագանքման համակարգը

 

Սեյսմիկ պաշտպանության ոլորտում արագ արձագանքման համակարգն ընդգրկում է գործողությունների ծրագիրը, ուժերը, անհրաժեշտ միջոցները և ուղղված է տուժած բնակչությանը արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելուն՝ մարդկային և նյութական նվազագույն կորուստների ապահովման նպատակով:

Գործողությունների ծրագիրը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գործողությունների ծրագիրն ուժեղ երկրաշարժի առկայության պայմաններում համալիր միջոցառումների ցանկ է՝ համապատասխան ժամանակացույցով և պատասխանատու կատարողներով:

Երկրաշարժից տուժած շրջաններում արագ արձագանքման ուժերն իրականացնում են՝

ա) որոնողափրկարարական աշխատանքներ.

բ) երկրաշարժից տուժած բնակչությանն առաջին բժշկական օգնության ցուցաբերում փրկարարների և բնակչության կողմից.

գ) բժշկական օգնության ցուցաբերում առողջապահության համակարգի ուժերով.

դ) մարդկանց հոգեբանական վիճակի հետազոտում և բնակչության հետ բացատրական աշխատանքների կազմակերպում.

ե) կապի և կենսաապահովման այլ ենթակառուցվածքների վերականգնում.

զ) տեղեկատվական ծառայության կազմակերպում.

է) նյութատեխնիկական մատակարարման կազմակերպում.

ը) հասարակական կարգի ապահովում.

թ) վթարային շենքերի վնասազերծում.

ժ) երկրաշարժի գոտու շենքերի և կառույցների նախնական վնասվածության աստիճանի և հետևանքների գնահատում.

ժա) երկրաշարժի գոտում սեյսմիկ դիտակայանների խիտ ցանցի տեղադրում, սեյսմաերկրաբանական և մակրոսեյսմիկ հետազոտումներ.

ժբ) ուժեղ երկրաշարժի հետևանքների վերացման այլ աշխատանքներ:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքների վերացման աշխատանքներում արագ արձագանքման ուժերն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հոդված 22. Բժշկական պատրաստվածությունը

 

Բժշկական պատրաստվածությունը հիմնված է ուժեղ երկրաշարժի դեպքում հնարավոր սանիտարական կորուստների կանխատեսման վրա:

Բժշկական պատրաստվածությունը ենթադրում է`

ա) մասնագիտացված բժշկական հիմնարկների նախապատրաստում.

բ) բժշկական և ոչ բժշկական մասնագետների նախապատրաստում՝ առաջին բուժօգնություն ցույց տալու նպատակով.

գ) բժշկական հիմնարկների տեղաբաշխման պլանավորում՝ կախված բարձր սեյսմիկ ռիսկի գոտիների տեղադրումից.

դ) բժշկական ծառայությունների և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համատեղ գործողությունների իրականացում:

 

Հոդված 23. Վերականգնման սկզբունքները

 

Ուժեղ երկրաշարժից տուժած գոտու վերականգնման փուլը միջանկյալ է՝ արտակարգ սեյսմիկ իրավիճակի և վերակառուցման փուլերի միջև: Վերականգնման փուլի տևողությունը և ռազմավարությունը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերականգնման աշխատանքների իրականացումը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.

ա) հավանական վերականգնման աշխատանքների հնարավոր ծավալների պլանավորում աղետից առաջ և այդ ծավալների ճշգրտում աղետից հետո.

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ոչ կառավարական հիմնարկների, հասարակության համագործակցության ապահովում՝ վերականգնման խնդիրների լուծման ուղղությամբ.

գ) վերականգնողական աշխատանքներին աղետի գոտու բնակչության ակտիվ մասնակցության համար պայմանների ստեղծում.

դ) աղետի գոտում միջազգային ներդրումների ներգրավման պայմանների ստեղծում:

 

Հոդված 24. Վերականգնման աշխատանքների էությունը

 

Վերականգնման աշխատանքները ենթադրում են՝

ա) սեյսմիկ վտանգի գնահատման գոյություն ունեցող քարտեզների վերանայում և նոր քարտեզների (այդ թվում՝ սեյսմամիկրոշրջանացման) կազմում.

բ) երկրաշարժի գոտում գտնվող բնակավայրերի վերականգնման ծրագրի և գլխավոր հատակագծի առկայություն.

գ) երկրաշարժի գոտում սեյսմակայուն շինարարության ռազմավարության մշակում.

դ) պահպանված շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի գնահատում, դրանց շահագործման նպատակով երաշխավորագրի հանձնում.

ե) բարձրվթարային և ավերված շինությունների հեռացում ու հրապարակի մաքրում.

զ) նոր բնակավայրերի, բնակելի շրջանների, շենքերի կառուցում.

է) արդյունաբերության, մշակույթի, կենցաղի, առողջապահության, կրթության և գիտության օբյեկտների, կենսաապահովման ուղիների, պաշտամունքային կառույցների վերականգնում.

ը) շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծում:

 

Հոդված 25. Բնակչությանն օգնություն ցուցաբերելը և նրա ռեաբիլիտացիան

 

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և նրա ռեաբիլիտացիայի նպատակը հետերկրաշարժային ժամանակահատվածում պետության նյութական և հոգեբանական կորուստների նվազեցումն է:

Բնակչությանն օգնություն ցուցաբերելը և նրա ռեաբիլիտացիան բազմափուլային է՝ օպերատիվ (առաջին մի քանի օր), կարճաժամկետ (առաջին ամիս), միջինժամկետ (առաջին տարին) և երկարաժամկետ (մեկ տարուց ավելի):

Բնակչությանն օգնություն ցուցաբերելը և նրա ռեաբիլիտացիան հիմնված են հետևյալ սկզբունքների վրա.

ա) օգնության և ռեաբիլիտացիոն աշխատանքների ծավալների նախօրոք պլանավորում աղետից առաջ և ճշգրտում աղետից անմիջապես հետո.

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակության ակտիվ մասնակցությունը:

 

Հոդված 26. Հայաստանի Հանրապետությունում երկրաշարժերից ապահովագրման կարգը

 

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց գույքի ապահովագրումը երկրաշարժից իրականացվում է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 27. Պատասխանատվությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում իրավախախտումների համար

 

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում կատարված իրավախախտումներն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 28. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հուլիսի 6
Երևան
ՀՕ-376-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.01.2020, ՀՕ-36-Ն 22.02.2020, ՀՕ-376-Ն
16.12.2016, ՀՕ-15-Ն 18.05.2017, ՀՕ-376-Ն
01.03.2017, ՀՕ-53-Ն 08.04.2017, ՀՕ-376-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան