ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0250/02/16 2020 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0250/02/16 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուզող |
Ա. Բարսեղյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Ս եդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի հոկտեմբերի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով Միքայել Մարգարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.06.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արթուր Ղալաչյանի ընդդեմ Վարդուհի Մարգարյանի և Միքայել Մարգարյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր)՝ նվիրատվության պայմանագրերն անվավեր ճանաչելու, ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքային միավորների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Միքայել Մարգարյանի ընդդեմ Վարդուհի Մարգարյանի, Արթուր Ղալաչյանի, Սեդա Շահբազյանի, Ջուլիետա, Մալվինա, Ամալիյա և Արտավազդ Այվազյանների, երրորդ անձ Կադաստրի՝ գործարքները՝ գնորդի մասով, շինծու լինելու հիմքով առոչինչ ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Արթուր Ղալաչյանը պահանջել է անվավեր ճանաչել Վարդուհի Մարգարյանի և Միքայել Մարգարյանի միջև 12.02.2016 թվականին կնքված նվիրատվության պայմանագրերը, ճանաչել իր սեփականության իրավունքն ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքային միավորների նկատմամբ, առանձնացնել ընդհանուր գույքից իր բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել, ինչպես նաև բռնագանձել շարժական գույքերի և Երևանի Օհանովի փողոցի թիվ 2 շենքի 77-րդ բնակարանի վարձակալության գումարները:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Միքայել Մարգարյանը պահանջել է օրենքի ուժով առոչինչ ճանաչել շինծու գործարքները՝ 16.04.2010 և 12.03.2012 թվականներին կնքված առուվաճառքի պայմանագրերը՝ գնորդ Վարդուհի Մարգարյանի մասով, և նշված գործարքներով որպես գնորդ ճանաչել Միքայել Մարգարյանին՝ կիրառելով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Կատվալյան) (այսուհետ՝ Դատարան) 25.01.2018 թվականի վճռով հայցը՝ նվիրատվության պայմանագրերն անվավեր ճանաչելու, ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքային միավորների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասով, մերժվել է, քաղաքացիական գործի վարույթը` շարժական գույքերի և Երևանի Օհանովի փողոցի թիվ 2 շենքի 77-րդ բնակարանի վարձակալության գումարները բռնագանձելու մասով, կարճվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.06.2018 թվականի որոշմամբ Արթուր Ղալաչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Դատարանի 25.01.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ անվավեր են ճանաչվել Վարդուհի Մարգարյանի՝ որպես նվիրատուի, և Միքայել Մարգարյանի՝ որպես նվիրառուի կողմից 12.02.2016 թվականին ստորագրված՝ Երևանի Շերամի փողոցի թիվ 99 շենքի 6-րդ բնակարանի և Երևանի Օհանովի փողոցի թիվ 2 շենքի 77-րդ բնակարանի նվիրատվության պայմանագրերը, Երևանի Շերամի փողոցի թիվ 99 շենքի 6-րդ բնակարանի և Երևանի Օհանովի փողոցի թիվ 2 շենքի 77-րդ բնակարանի նկատմամբ ճանաչվել և վերականգնվել է Վարդուհի Մարգարյանի և Արթուր Ղալաչյանի համատեղ սեփականության իրավունքը՝ հավասար բաժիններով, որոշվել է Երևանի Շերամի փողոցի թիվ 99 շենքի 6-րդ բնակարանը և Երևանի Օհանովի փողոցի թիվ 2 շենքի 77-րդ բնակարանը վաճառել հրապարակային սակարկությունների միջոցով և ստացված գումարը բաշխել Վարդուհի Մարգարյանի և Արթուր Ղալաչյանի միջև՝ նրանց բաժիններին համաչափ, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Միքայել Մարգարյանը և Վարդուհի Մարգարյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2018 թվականի որոշումներով Միքայել Մարգարյանի և Վարդուհի Մարգարյանի բերած վճռաբեկ բողոքներն ընդունվել են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վարույթ:
27.09.2019 թվականին Վարդուհի Մարգարյանը դիմում է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան՝ վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.09.2020 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին Վարդուհի Մարգարյանի դիմումի հիման վրա սույն քաղաքացիական գործով Վարդուհի Մարգարյանի բերած վճռաբեկ բողոքի հիման վրա հարուցված վարույթը կարճվել է:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արթուր Ղալաչյանը:
2. Միքայել Մարգարյանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 208-րդ, 219-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 197-րդ, 198-րդ, 201-րդ, 303-րդ, 306-րդ, 470-րդ, 501-րդ, 502-րդ և 507-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, կատարել է եզրահանգումներ այն մասին, որ Միքայել Մարգարյանը չի ապացուցել, որ առուվաճառքի պայմանագրերով վաճառողների կամքն ուղղված է եղել անշարժ գույքը ոչ թե Վարդուհի Մարգարյանին, այլ իրեն վաճառելուն: Մինչդեռ Արթուր Ղալաչյանն իր վերաքննիչ բողոքում նման հիմք չի վկայակոչել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերով գնորդ է հանդիսացել հակընդդեմ հայցվոր Միքայել Մարգարյանը, քանի որ վերջինս է վարել բանակցությունները, նա է վճարել գույքերի համար պայմանավորված գները, և վերջինիս կամքն է եղել հանդես գալու որպես գնորդ, ինչը հիմնավորվել է ինչպես գործում առկա ապացույցներով, այնպես էլ վկաների ցուցմունքներով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ խեղաթյուրել է գործում առկա ապացույցները, աղճատել վկաների ցուցմունքները, դրանք գնահատել է յուրովի մեկնաբանմամբ:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վեճի առարկա բնակարանների առուվաճառքի պայմանագրերով իրական գնորդը Միքայել Մարգարյանն է, և վերջինիս կամքն էր գույքերը ձեռք բերել իր համար, որպիսի փաստն ապացուցվում է գործում առկա բազմաթիվ ապացույցներով, այն է՝ բրոքեր Էդմոն Դալլաքյանի, բնակարանների շինարար Էդգար Աղաջանյանի և այլոց ցուցմունքներով: Բացի այդ, Արթուր Ղալաչյանը և կինը՝ Վարդուհի Մարգարյանը, բնակարանների ձեռքբերման ժամանակահատվածում չեն աշխատել և եկամուտ չեն ունեցել: Նշվածը հիմնավորվում է նաև վեճի առարկա բնակարանների ամբողջ կահույքի և տեխնիկայի՝ Միքայել Մարգարյանի կողմից գնված լինելու վերաբերյալ սույն գործում առկա երաշխավորության կտրոններով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.01.2018 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 21.06.2018 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը դուրս չի եկել վերաքննիչ բողոքի սահմաններից և քննության է առել վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ բողոքի հիմքերում նշվել էր, որ Միքայել Մարգարյանը չի ապացուցել այն, որ վաճառողների կամքն ուղղված էր բնակարանները ոչ թե Վարդուհի Մարգարյանին, այլ` Միքայել Մարգարյանին վաճառելուն: Վերաքննիչ բողոքում որպես հիմք նշված էր նաև, որ Միքայել Մարգարյանը չի ապացուցել այն փաստը, որ բնակարանները ձեռք է բերել իր համար, իսկ գումարները վճարելը դեռևս չի ապացուցում, որ առուվաճառքի պայմանագրի իրական գնորդն ինքն է: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված է և օրինական, իսկ հայցվորի ներկայացրած վճռաբեկ բողոքն անհիմն է:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից 30.10.2015 թվականին տրված թիվ ԱԲ151421 ամուսնության վկայականի կրկնօրինակի համաձայն՝ Արթուր Ղալաչյանի և Վարդուհի Մարգարյանի ամուսնությունը գրանցվել է 27.10.1995 թվականին, որի մասին ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 175 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 22):
2) 16.04.2010 թվականին մի կողմից Ջուլիետա, Մալվինա, Ամալիյա և Արտավազդ Այվազյանների, իսկ մյուս կողմից Վարդուհի Մարգարյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Երևանի Շերամի փողոցի 99-րդ շենքի թիվ 6 բնակարանը վաճառվել է Վարդուհի Մարգարյանին 21.500.000 ՀՀ դրամով (հատոր 1-ին, գ.թ. 23):
3) 12.03.2012 թվականին Սեդա Շահբազյանի և Վարդուհի Մարգարյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Երևանի Օհանովի փողոցի 2-րդ շենքի թիվ 77 բնակարանը վաճառվել է Վարդուհի Մարգարյանին 16.000.000 ՀՀ դրամով (հատոր 1-ին, գ.թ. 24-25):
4) 12.02.2016 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն՝ Վարդուհի Մարգարյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Շերամի փողոցի 99-րդ շենքի թիվ 6 բնակարանը նվիրել է Միքայել Մարգարյանին, որի մասին նոտարի կողմից սեղանամատյանում կատարվել է թիվ 546 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 15-16):
5) 12.02.2016 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն՝ Վարդուհի Մարգարյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Օհանովի փողոցի 2-րդ շենքի թիվ 77 բնակարանը նվիրել է Միքայել Մարգարյանին, որի մասին նոտարի կողմից սեղանամատյանում կատարվել է թիվ 545 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 18-19):
6) 29.02.2016 թվականին նոտար Աննա Թովմասյանի կողմից կատարված թիվ 0520 գրանցմամբ Սեդա Շահբազյանի կողմից տրվել է հայտարարություն այն մասին, որ Երևանի Օհանովի փողոցի 2-րդ շենքի թիվ 77 բնակարանը վաճառել է Վարդուհի Մարգարյանին, իսկ առուվաճառքի գումարը ստացել է նրա հորից՝ Միքայել Մարգարյանից, որի համար ստորագրել է (հատոր 1-ին, գ.թ. 71):
7) 29.02.2016 թվականին նոտար Աննա Թովմասյանի կողմից կատարված թիվ 0521 գրանցմամբ Ջուլիետա Այվազյանի և Մալվինա Այվազյանի կողմից տրվել է հայտարարություն այն մասին, որ Երևանի Շերամի փողոցի 99-րդ շենքի թիվ 6 բնակարանը վաճառել են Վարդուհի Մարգարյանին, իսկ առուվաճառքի գումարը ստացել են նրա հորից՝ Միքայել Մարգարյանից, որի համար ստորագրել են (հատոր 1-ին, գ.թ. 72):
8) Վկա Էդմոն Դալլաքյանը ցուցմունք է տվել այն մասին, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը կնքվել են Միքայել Մարգարյանի հետ, նա է վաճառողներին վճարել բնակարանների գինը, ընդ որում, Միքայել Մարգարյանն իրեն հայտնել է, որ անշարժ գույքերը ձեռք է բերում իր համար, բայց ձևակերպում է դստեր անվամբ:
Վկա Էդգար Աղաջանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Երևանի Օհանովի փողոցի 2-րդ շենքի թիվ 77 և Երևանի Շերամի փողոցի 99-րդ շենքի թիվ 6 բնակարաններում կատարել է շինարարական աշխատանքներ, և որ Միքայել Մարգարյանն իրեն հեռախոսազանգով հաղորդել է, որ իր դստեր համար նոր բնակարան է գնել և ցանկանում է, որ այդ աշխատանքները կատարի ինքը:
Վկա Արամ Եղյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Երևանի Օհանովի փողոցի 2-րդ շենքի թիվ 77 և Երևանի Շերամի փողոցի 99-րդ շենքի թիվ 6 բնակարանները գնել է Միքայել Մարգարյանը՝ թոռների համար, և որ ինքը նյութապես աջակցել է նրան այդ հարցում:
Վկա Սուսան Սուրգունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Երևանի Շերամի փողոցի 99-րդ շենքի թիվ 6 բնակարանն իր դստեր համար գնել է Միքայել Մարգարյանը:
Վկա Նելլի Ղալաչյանը ցուցմունք է տվել այն մասին, որ բնակարաններն իրենց ընտանիքի համար գնել է Միքայել Մարգարյանը (հատոր 3-րդ, 04.12.2017 թվականի դատական նիստի արձանագրություն, գ.թ. 149-152, 165):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ շինծու գործարքի իրավական բնույթին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)՝ հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունն օրենքով նախատեսված դեպքերում կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը շինծու գործարքի վերաբերյալ նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ երկկողմ գործարքը կնքողներից միայն մեկ կողմի մոտ խաթարված կամքի առկայության դեպքում այդ գործարքը չի կարող գնահատվել շինծու, քանի որ նման փաստերի առկայությունը հնարավոր հիմք է տալիս հանգելու հետևության, որ հարցը վերաբերում է խաբեությամբ կնքված գործարքին (վիճահարույց գործարք), որի համար օրենսդիրը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդված) սահմանել է անվավեր ճանաչելու այլ հիմքեր և դրանից բխող հետևանքներ (տե՛ս Հասմիկ Բլուրցյանն ընդդեմ Վահե Այվազյանի և մյուսների թիվ 3-793 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝
1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ
2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին:
Այսինքն՝ շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի և մյուսների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ապացուցման առարկան կազմում են հետևյալ փաստերը.
- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.
- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).
- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.
- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող՝ իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.
- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:
Ընդ որում, նշված հանգամանքները պետք է ապացուցի այդ փաստերը վկայակոչող կողմը (տե՛ս Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ շինծու գործարքի տեսակ է հանդիսանում նաև այն գործարքը, որով քողարկվում է իրականում ոչ այն ստորագրած անձանց միջև կնքված գործարքը, այսինքն` քողարկվում է գործարքի իրական կողմը: Նման պայմաններում քողարկող և քողարկված գործարքների սուբյեկտային կազմը չի համընկնում: Հետևաբար շինծու գործարք կարող է կնքվել ոչ միայն իր բնույթով այլ գործարք քողարկելու, այլ նաև գործարքի իրական կողմին քողարկելու նպատակով: Այսինքն՝ շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ իրավահարաբերությունները իրականում ծագում են ոչ այն ստորագրած անձանց միջև: Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված մեկ այլ գործարք հասկացությունը ներառում է ոչ միայն այլ պայմաններով գործարքը, այլ նաև այլ սուբյեկտային կազմով գործարքը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են`
1) գրավոր և իրեղեն ապացույցներով.
2) փորձագետների եզրակացություններով.
3) վկաների ցուցմունքներով.
4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ՝ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ներկայացված ապացույցները վերաբերելի են, եթե դրանց բովանդակությունը տեղեկություն է պարունակում այն մասին, որ գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին (տե՛ս Ամրբեկ Չոգունյանն ընդդեմ Հայկ Նազարյանի և Արթուր Դանիելյանի թիվ ԿԴ/0393/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Արթուր Ղալաչյանը և Վարդուհի Մարգարյանն ամուսնացել են 27.10.1995 թվականին, որի մասին ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 175 գրանցումը: 16.04.2010 թվականին Ջուլիետա, Մալվինա, Ամալիյա և Արտավազդ Այվազյանները Երևանի Շերամի փողոցի 99-րդ շենքի թիվ 6 բնակարանը վաճառել են Վարդուհի Մարգարյանին: 12.03.2012 թվականին Սեդա Շահբազյանը Երևանի Օհանովի փողոցի 2-րդ շենքի թիվ 77 բնակարանը վաճառել է Վարդուհի Մարգարյանին: 12.02.2016 թվականին անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համաձայն՝ Վարդուհի Մարգարյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Շերամի փողոցի 99-րդ շենքի թիվ 6 բնակարանը և Երևանի Օհանովի փողոցի 2-րդ շենքի թիվ 77 բնակարանը նվիրել է Միքայել Մարգարյանին:
29.02.2016 թվականին նոտարական գրասենյակում Սեդա Շահբազյանը, Ջուլիետա և Մալվինա Այվազյանները հայտարարություններ են տվել այն մասին, որ վեճի առարկա բնակարանները վաճառել են Վարդուհի Մարգարյանին, մինչդեռ առուվաճառքի գումարը ստացել են նրա հորից՝ Միքայել Մարգարյանից:
Սույն գործով դիմելով դատարան՝ Արթուր Ղալաչյանը պնդել է, որ ինքը և իր կինը՝ Վարդուհի Մարգարյանը, ամուսնության ընթացքում 16.04.2010 և 12.03.2012 թվականներին կնքված առուվաճառքի պայմանագրերով ձեռք են բերել Երևանի Շերամի փողոցի 99-րդ շենքի թիվ 6 և Երևանի Օհանովի փողոցի 2-րդ շենքի թիվ 77 բնակարանները: Այդ բնակարանները 12.02.2016 թվականին կնքված նվիրատվության պայմանագրերով Վարդուհի Մարգարյանը նվիրել է իր հորը՝ Միքայել Մարգարյանին: Արթուր Ղալաչյանը սույն գործով պահանջել է անվավեր ճանաչել 12.02.2016 թվականին կնքված անշարժ գույքերի նվիրատվության պայմանագրերը, ճանաչել իր սեփականության իրավունքն ամուսնության ընթացքում ձեռք բերված վերոգրյալ անշարժ գույքերի նկատմամբ, առանձնացնել իր բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել՝ ստացված գումարը հետագայում բաշխելով կողմերի միջև նրանց բաժիններին համապատասխան:
Պատասխանող Միքայել Մարգարյանն իր հերթին ներկայացրել է հակընդդեմ հայց՝ պահանջելով գնորդի մասով` շինծու լինելու հիմքով կիրառել առոչինչ գործարքների՝ 16.04.2010 և 12.03.2012 թվականներին կնքված առուվաճառքի պայմանագրերի անվավերության հետևանքներ, և նշված գործարքներով որպես գնորդ ճանաչել Միքայել Մարգարյանին: Միքայել Մարգարյանը պնդել է, որ 16.04.2010 և 12.03.2012 թվականներին կնքված առուվաճառքի պայմանագրերը գնորդի մասով շինծու գործարքներ են, քանի որ այդ պայմանագրերով իրական գնորդը ոչ թե իր դուստր Վարդուհի Մարգարյանն է, այլ ինքը՝ Միքայել Մարգարյանը:
Դատարանը, հայցը մերժելով, իսկ հակընդդեմ հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ իրականում գործարքները կնքվել են ոչ այն ստորագրած անձանց միջև, որի արդյունքում քողարկվել է գործարքների իրական կողմ հանդիսացող անձանց միջև կնքված գործարքները: Հետևաբար, ըստ Դատարանի, վեճի առարկա առուվաճառքի պայմանագրի իրական կողմը՝ գնորդը, Միքայել Մարգարյանն է, այլ ոչ թե՝ Վարդուհի Մարգարյանը: Ուստի Դատարանը գտել է, որ անհրաժեշտ է 16.04.2010 թվականին և 12.03.2012 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կիրառել շինծու գործարքի անվավերության հետևանքներ, այն է՝ այդ գործարքով գնորդ և գույքի սեփականատեր ճանաչել Միքայել Մարգարյանին և որպես անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել Վարդուհի Մարգարյանի անվամբ անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները: Դատարանն արձանագրել է, որ հակընդդեմ հայցի ամբողջությամբ բավարարումը բացառում է սկզբնական հայցի բավարարումը:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Արթուր Ղալաչյանի վերաքննիչ բողոքը, բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը. Վարդուհի Մարգարյանի և Միքայել Մարգարյանի կողմից 12.02.2016 թվականին կնքված՝ Երևանի Շերամի փողոցի թիվ 99 շենքի 6-րդ բնակարանի և Երևանի Օհանովի փողոցի թիվ 2 շենքի 77-րդ բնակարանի նվիրատվության պայմանագրերը ճանաչվել են անվավեր, այդ բնակարանների նկատմամբ ճանաչվել և վերականգնվել է Վարդուհի Մարգարյանի և Արթուր Ղալաչյանի համատեղ սեփականության իրավունքը՝ հավասար բաժիններով, որոշվել է նշված բնակարանները վաճառել հրապարակային սակարկությունների միջոցով և ստացված գումարը բաշխել Վարդուհի Մարգարյանի և Արթուր Ղալաչյանի միջև՝ նրանց բաժիններին համաչափ, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:
Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ առուվաճառքի պայմանագրերի գինը կազմող գումարները Միքայել Մարգարյանի կողմից վճարված լինելու փաստի հաստատված լինելը բավարար չէր հանգելու այն եզրակացության, որ առուվաճառքի պայմանագրերով իրական գնորդը Միքայել Մարգարյանն էր: Այդ հանգամանքը չէր կարող հաստատվել, քանի դեռ չէր ապացուցվել, մասնավորապես, բնակարաններն իր համար ձեռք բերելու՝ Միքայել Մարգարյանի մտադրության, և բնակարանները հենց նրան վաճառելու՝ վաճառողների մտադրության առկայությունը: Իսկ Միքայել Մարգարյանի՝ անշարժ գույքերն իր համար ձեռք բերելու մտադրության առկայության մասին վկայող որևէ ապացույց գործում առկա չէ:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով մի կողմից Ջուլիետա, Մալվինա, Ամալիյա, Արտավազդ Այվազյանների (վաճառողներ) և մյուս կողմից Վարդուհի Մարգարյանի (գնորդ) միջև 16.04.2010 թվականին կնքված Երևանի Շերամի փողոցի 99-րդ շենքի թիվ 6 բնակարանի և 12.03.2012 թվականին Սեդա Շահբազյանի (վաճառող) և Վարդուհի Մարգարյանի (գնորդ) միջև կնքված Երևանի Օհանովի փողոցի 2-րդ շենքի թիվ 77 բնակարանի առուվաճառքի պայմանագրերը կնքվել են Վարդուհի Մարգարյանի կողմից, մինչդեռ առուվաճառքի պայմանագրի գումարը ստացել են վերջինիս հորից Միքայել Մարգարյանից:
Նախ՝ Վճռաբեկ դատարանը, համադրելով սույն գործում առկա ապացույցները վերոգրյալ իրավական դիրքորոշումների հետ, գտնում է, որ վեճի առարկա գործարքները կնքելու իրական շարժառիթները բացահայտելու, գործարքները կնքած անձանց ներքին կամքը և արտաքին կամահայտնությունը պարզելու համար ստորադաս ատյանները սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում պետք է պարզեին, թե իրականում ովքեր են գործարքների կողմերը, նրանց անձնական հատկանիշները և գործարքների կնքման ընթացքի վրա արտաքին ներգործության գործոնի առկայությունը, ինչը, սակայն, հաշվի չի առնվել թեԲ Դատարանի և թեԲ Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպես՝ սույն գործի փաստերից հետևում է, որ Երևանի Շերամի 99-րդ շենքի թիվ 6 բնակարանի առուվաճառքի պայմանագրի մի կողմը՝ վաճառողներ Ջուլիետա Այվազյանը և Մալվինա Այվազյանը, և Երևանի Օհանովի փողոցի 2-րդ շենքի թիվ 77 բնակարանի առուվաճառքի մի կողմը՝ վաճառող Սեդա Շահբազյանը, նոտարական գրասենյակում տվել են հայտարարություններ այն մասին, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերով որպես պայմանագրի կողմ՝ գնորդ, հանդես է եկել Վարդուհի Մարգարյանը, սակայն բնակարանների արժեքներն իրենց վճարել է Միքայել Մարգարյանը:
Ավելին՝ գործում առկա են նաև այլ վկաների ցուցմունքներ: Այսպես՝ վեճի առարկա անշարժ գույքերի վաճառքի գործակալ Էդմոն Դալլաքյանի ցուցմունքն այն մասին, որ ինքը վերոնշյալ բնակարանները վաճառելու հետ կապված բանակցությունները վարել է Միքայել Մարգարյանի հետ, և գումարները վճարվել են վերջինիս կողմից, իսկ որպես պայմանագրի գնորդ ինքը ճանաչել է հենց Միքայել Մարգարյանին: Վկա Էդգար Աղաջանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Երևանի Օհանովի փողոցի 2-րդ շենքի թիվ 77 և Երևանի Շերամի փողոցի 99-րդ շենքի թիվ 6 բնակարաններում կատարել է շինարարական աշխատանքներ, և Միքայել Մարգարյանն իրեն հեռախոսազանգով հաղորդել է, որ իր դստեր համար նոր բնակարան է գնել և ցանկանում է, որ այդ աշխատանքները կատարի ինքը: Վկա Արամ Եղյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Երևանի Օհանովի փողոցի 2-րդ շենքի թիվ 77 և Երևանի Շերամի փողոցի 99-րդ շենքի թիվ 6 բնակարանները գնել է Միքայել Մարգարյանը՝ թոռների համար, և որ ինքը նյութապես աջակցել է նրան այդ հարցում: Վկա Սուսան Սուրգունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 99-րդ շենքի թիվ 6 բնակարանն իր դստեր համար գնել է Միքայել Մարգարյանը: Արթուր Ղալաչյանի դուստրը՝ վկա Նելլի Ղալաչյանը, ցուցմունք է տվել այն մասին, որ բնակարաններն իրենց ընտանիքի համար գնել է Միքայել Մարգարյանը:
Վերոգրյալից հետևում է, որ ստորադաս ատյանները պետք է բացահայտեին այն կարևոր հանգամանքը` թե գործարքի կողմերը գիտակցել են արդյոք թե ով է գործարքի կողմ գնորդը՝ Վարդուհի Մարգարյանը, թե վերջինիս հայրը՝ Միքայել Մարգարյանը, այն պայմաններում, երբ առուվաճառքի պայմանագրի էական պայման հանդիսացող գինը վճարվել է հենց Միքայել Մարգարյանի կողմից: Վճռաբեկ դատարանը գտնում է, ստորադաս ատյանները չեն բացահայտել գործարքի կողմերի իրական սուբյեկտային կազմը և նրանց իրական կամքն ու կամահայտնությունը: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործարքը կնքած անձինք ցուցմունք չեն տվել դատարանում, իսկ գործարքի միայն մի կողմի կողմից տրված հայտարարությունը չի կարող համարվել բավարար ապացույց, որով կհիմնավորվեր կնքված գործարքի իրական կողմերի կազմը և վերջիններիս իրական կամքը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն: Գործի նոր քննության ընթացքում դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, պետք է որոշի հայցի և հակընդդեմ հայցի մերժման կամ բավարարման հարցերը՝ ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ գործարքը շինծու որակելու համար էական նշանակություն ունեն վեճի առարկա գործարքները կնքելու իրական շարժառիթները բացահայտելու, գործարքները կնքած անձանց ներքին կամքը և արտաքին կամահայտնությունը պարզելու հարցերը:
Վերը նշված պատճառաբանությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուզող |
Ա. Բարսեղյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Ս եդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական: