Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.11.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
07.11.2019
Дата вступления в силу
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՇԴ/0003/11/18

ՇԴ/0003/11/18

Նախագահող դատավոր՝

Տ. Սահակյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ`

Տ. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 27-ի որոշման դեմ դիմող Ռուզան Վարազդատի Ադանալյանի ներկայացուցիչ Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 68109515 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունվարի 21-ի որոշմամբ թիվ 68109515 քրեական գործի նյութերով հարուցվել է նոր` թիվ 68100916 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն օրը թիվ 68100916 և 68109515 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 68100916 համարով:

2017 թվականի մարտի 31-ին թիվ 68100916 քրեական գործի վարույթը կասեցվել է` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:

2. Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդ Ռ.Ադանալյանի` կասեցված քրեական գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:

Վերոնշյալ որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Ռ.Ադանալյանի բողոքը Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Կ.Հովսեփյանի` 2018 թվականի հունվարի 19-ի որոշմամբ մերժվել է:

3. Դիմող Ռ.Ադանալյանի բողոքի քննության արդյունքում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2018 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է:

4. Դիմողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի ապրիլի 12-ի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 27-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Ռ.Ադանալյանի ներկայացուցիչ Լ.Ասլանյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

        Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքում դիմող Ռ.Ադանալյանը, ի թիվս այլնի, նշել է հետևյալը. «(…) [Գ]ործով վարույթը կասեցնելու որոշման (...) բողոքարկ[ման] իրավունքներն իրացնելու համար անհրաժեշտ է և իմ իրավունքն է ծանոթանալ գործի նյութերին, որպեսզի հնարավորություն ընձեռնվի համապատասխան փաստարկներով և ապացույցներով հիմնավորելու [քննիչի` քրեական գործի վարույթը կասեցնելու մասին] որոշման անօրինական լինել[ը] (...)»1:

7. Առաջին ատյանի դատարանը, մերժելով դիմող Ռ.Ադանալյանի բողոքը, նշել է. «(…) Դատական ստուգման ենթարկելով [քրեական հետապնդման մարմինների որոշումների] օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ դատարանը գտնում է, որ բողոքարկվող որոշումները կայացվել են օրենքին համապատասխան, անձի իրավունքների կամ ազատությունների խախտված լինելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ դատարանին չեն ներկայացվել, ուստի բողոքն ամբողջությամբ ենթակա է մերժման»2:

8. Վերաքննիչ բողոքից երևում է, որ բողոքաբերը վիճարկել է կասեցված քրեական գործի նյութերին ծանոթանալու միջնորդությունը մերժելու մասին նախաքննության մարմնի որոշման իրավաչափությունը և այդ առնչությամբ Առաջին ատյանի դատարանի հետևությունների հիմնավորվածությունը3:

9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է. «(…) [Ք]րեական գործի քննության կասեցման դեպքում օրենսդիրը չի սահմանել դատավարության մասնակիցների՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու որևէ կարգ:

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով վերը նշված պատճառաբանությունները, գտնում է, որ [Առաջին ատյանի դատարանի] հետևություններն, այն մասին, որ քննիչի և դատախազի որոշումները կայացվել են իրավաչափ հիմքով և դրանցով չեն խախտվել դիմողի իրավունքներն ու ազատությունները, բխում են դատավարական նորմերի պահանջներից և նման որոշում կայացնելով վարույթն իրականացնող մարմինը թույլ չի տվել դիմողի իրավունքների և ազատությունների խախտումներ, ուստի, ներկայացված բողոքը բավարարելու որևէ իրավաչափ հիմք չկա»4:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Դիմողի ներկայացուցիչ Լ.Ասլանյանի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս հաշվի չի առել այն, որ դիմողը զրկվել է իր իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից։

Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ գործի նյութերին ծանոթանալու իրավունքի սահմանափակումը դիմողին զրկում է մի կողմից պատկերացում կազմելու գործի ընթացքի մասին, մյուս կողմից` վերադասության և դատական կարգով վարույթն իրականացնող մարմնի որոշման դեմ փաստական տվյալներով հիմնավորված բողոք ներկայացնելու հնարավորությունից:

Բացի այդ, վերլուծելով մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առանձնահատկությունները, բողոքաբերը փաստել է, որ նախաքննությունն ավարտված չլինելու պատճառաբանությամբ գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից զրկելն իրավաչափ չէ:

11. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանն անդրադարձ չի կատարել այն հանգամանքին, որ Առաջին ատյանի դատարանում գործի քննությունն իրականացվել է դիմողի բացակայությամբ: Բողոքաբերը նշել է, որ գործի նյութերում բացակայում է պատշաճ ծանուցված լինելը հավաստող որևէ փաստական տվյալ, հետևաբար Առաջին ատյանի դատարանի հետևությունները` դիմողի բացակայությունը ոչ հարգելի համարելու և բողոքի քննությունը վերջինիս բացակայությամբ անցկացնելու վերաբերյալ, հիմնավոր չեն:

12. Վերոշարադրյալի հիման վրա դիմող Ռ.Ադանալյանի ներկայացուցիչ Լ.Ասլանյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, հիմնավորված ճանաչել դիմողի կողմից ներկայացված բողոքը և կայացնել նոր դատական ակտ՝ Ռ.Ադանալյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության վերաբերյալ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի)` քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու համար:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք կասեցված քրեական գործի նյութերին ծանոթանալու միջնորդությունը մերժելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշմամբ դիմող Ռ.Ադանալյանի իրավունքների խախտման բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

15. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։

15.1 ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքին, ի թիվս այլնի, ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատական բողոքարկումը` որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի` վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները5,

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ6,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում7:

16. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։

Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։

16.1 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված երաշխիքի համատեքստում իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ`

- Եվրոպական կոնվենցիայի hոդված 13-ը երաշխավորում է ներպետական մակարդակում պաշտպանության միջոցի մատչելիությունը՝ Եվրոպական կոնվենցիայի իրավունքների ու ազատությունների էությունը խթանելու նպատակով՝ ինչպիսի ձևով էլ որ դրանք երաշխավորված լինեն ներպետական իրավական կարգում8,

- Եվրոպական կոնվենցիայի հոդված 13-ը պահանջում է, որ ներպետական պաշտպանության միջոց առկա լինի Եվրոպական կոնվենցիայով նախատեսված՝ «վիճարկելի» բողոքի էությունը քննելու և համապատասխան օգնություն տրամադրելու համար, չնայած որ պայմանավորվող պետություններին տրվում է որոշակի թույլատրելի հայեցողության շրջանակ՝ կապված այն ձևի հետ, որով նրանք կատարում են Եվրոպական կոնվենցիայի այս դրույթով նախատեսված իրենց պարտականությունները9,

- Եվրոպական կոնվենցիայի հոդված 13-ով ամրագրված համապատասխան պարտավորության շրջանակը տարբերվում է՝ կախված Եվրոպական կոնվենցիայով դիմողի ներկայացրած բողոքի բնույթից։ Այնուհանդերձ, հոդված 13-ով պահանջվող պաշտպանության միջոցը պետք է լինի «արդյունավետ»՝ ինչպես գործնականում, այնպես էլ օրենսդրության մեջ։ Մասնավորապես, դրա կիրառումը չպետք է անարդարացիորեն խոչընդոտվի պատասխանող Պետության գործողություններով կամ բացթողումներով10:

17. Ազգային դատական համակարգերի արդյունավետության խնդիրների վերաբերյալ 2004 թվականի մայիսի 12-ի թիվ R (2004) 6 հանձնարարականի հավելվածում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն անդամ պետություններին հորդորում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերանայել իրենց իրավական համակարգերը և, ըստ անհրաժեշտության, օրենսդրության կամ դատական որոշումների միջոցով ամրագրել անհրաժեշտ և պատշաճ միջոցներ` երաշխավորելու համար Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված` արդյունավետ պաշտպանության երաշխիքը11։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի` 1985 թվականի նոյեմբերի 29-ի Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագրի համաձայն` դատավարական ընթացակարգերը պետք է համապատասխանեն հանցագործություններից տուժած անձանց պահանջներին, այդ թվում` դատավարության արդյունքների մասին տուժողին տեղեկատվություն տրամադրելու միջոցով, հատկապես այն դեպքերում, երբ նրանց կողմից պահանջվել են այդպիսիք, գործերի քննության անհարկի ձգձգումները կանխելու միջոցով, ինչպես նաև վարույթի ցանկացած փուլում գործի էության վերաբերյալ տուժողներին կարծիք արտահայտելու հնարավորություն ապահովելու եղանակով, այն դեպքում, երբ շոշափվում են նրանց անձնական շահերը12:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` 1985 թվականի հունիսի 28-ի` «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» թիվ R(85) 11 հանձնարարականի նախաբանում հատուկ ընդգծվել է, որ վերջինս ընդունվել է` ելնելով այն հանգամանքից, որ քրեական արդարադատության նպատակները ավանդաբար ձևակերպվել են պետության և իրավախախտի միջև հարաբերությունների տիրույթում, ինչի արդյունքում այդ համակարգի գործադրումը հաճախ բարդեցնում է տուժողի մոտ ծագած խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը: Մինչդեռ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելը և շահերը պաշտպանելը13:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իր իրավունքները և ազատությունները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` «Տուժողը, (...) իրավունք ունի` (…) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը.»:

Նույն օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն` «Քննիչը տուժողին (...) կամ [նրա] ներկայացուցիչներին (...) պատշաճ ծանուցմամբ անհապաղ ուղարկում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը՝ պարզաբանելով որոշման բողոքարկման կարգը և ժամկետները»:

18.1 Իրավական պաշտպանության միջոցների վերաբերյալ ձևավորված նախադեպային իրավունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է դատական պաշտպանության առանձնահատուկ դերը, որի բաղադրիչն է նաև դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման իրավունքը։ Դատական պաշտպանության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա14:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, դատական պաշտպանության իրավունքի համատեքստում անդրադառնալով քրեական արդարադատության համակարգում դատավարության մասնակիցների կամ շահագրգիռ անձանց կողմից գործի նյութերին ծանոթանալու իրավունքին, արձանագրել է, որ «գործի նյութերին ծանոթանալու իրավունքն ունի հիմնարար նշանակություն դատավարության մասնակիցների կամ շահագրգիռ անձանց կողմից իրենց իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու համար։ Մասնավորապես, այն հնարավորություն է տալիս մի կողմից պատկերացում կազմելու գործի ընթացքի մասին, միջնորդելու կատարել լրացուցիչ քննչական կամ այլ դատավարական գործողություններ, մյուս կողմից` անհրաժեշտության դեպքում ներկայացնելու փաստական տվյալներով հիմնավորված բողոք վարույթն իրականացնող մարմնի ոչ իրավաչափ որոշումների կամ գործողությունների (անգործության) դեմ»15։

19. Սույն որոշման 15-18-րդ կետերում վկայակոչված՝ սահմանադրական, կոնվենցիոն, միջազգային իրավական փաստաթղթերի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների ու դրանց վերաբերյալ մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման իրավաչափության կապակցությամբ տուժողի (տուժողի իրավահաջորդի) կողմից հայցվող իրավական պաշտպանության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է գործի նյութերին ծանոթանալու նրա հնարավորությամբ։ Այսինքն` քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման առնչությամբ տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով են վերջինիս հասու գործի նյութերում պարունակվող փաստական տվյալները` իր իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար: Ուստի, տուժողը (տուժողի իրավահաջորդը) ունենալով ենթադրյալ հանցագործությամբ իր խախտված իրավունքների վերականգնման շահ` քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը բողոքարկելու իր իրավունքն արդյունավետ իրականացնելու համար պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու գործի նյութերին, ինչը կլինի նաև նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանության կարևոր երաշխիք։ Նշվածը բխում է նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից արտահայտված այն դիրքորոշումից, որ մեղավորներին պարզելու անհնարինության պատճառաբանությամբ գործի վարույթը կասեցնելիս պետք է ապահովվի գործի նյութերի մատչելիությունը` տուժողների համար։ Միաժամանակ, պետք է հնարավոր լինի բացառել կոնֆիդենցիալ կամ գաղտնի բնույթի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի տրամադրումը16։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ, բացառությամբ գործի` կոնֆիդենցիալ կամ գաղտնի բնույթի տեղեկատվություն պարունակող նյութերի, տուժողին (տուժողի իրավահաջորդին) պետք է տրամադրվեն իրեն վերաբերող գործի ողջ նյութերը՝ հնարավորություն ընձեռելով բավարար պատկերացում կազմել քրեական գործի վարույթը կասեցնելու որոշման հիմքում ընկած փաստական տվյալների մասին և ըստ անհրաժեշտության` լիարժեքորեն իրացնելու այդ որոշումը բողոքարկելու իր իրավունքը: Այդ համատեքստում հարկ է նկատել, որ կոնֆիդենցիալ կամ գաղտնի բնույթի տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտությունը չպետք է մեկնաբանվի չափազանց ձևականացված (excessive formalism) և դիտարկվի որպես անվերապահ հիմք` գործի նյութերին ծանոթանալուց տուժողին (տուժողի իրավահաջորդին) զրկելու և վերջինիս դատական պաշտպանության երաշխիքն անհարկի սահմանափակելու համար։ Ուստի, կոնֆիդենցիալ կամ գաղտնի բնույթի տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված, ծանոթացման ներկայացվող գործի նյութերի ծավալը որոշելիս, քրեական վարույթն իրականացնող մարմինը պետք է գործի բարեխղճորեն՝ ինքնաբերաբար թույլ չտալով տուժողի (տուժողի իրավահաջորդի)` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի անհամաչափ սահմանափակում։

Այսպիսով, վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը տուժողին (տուժողի իրավահաջորդին) ուղարկելիս, վերջինիս պետք է պարզաբանվի որոշման բողոքարկման կարգը և ժամկետները, գործի նյութերին ծանոթանալու նրա իրավունքը: Իսկ համապատասխան միջնորդության դեպքում տուժողին (տուժողի իրավահաջորդին) պետք է հնարավորություն տրվի ծանոթանալու նրան վերաբերող գործի նյութերին, բացառությամբ կոնֆիդենցիալ կամ գաղտնի բնույթի տվյալների` նրա դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու համար: Հակառակ պարագայում, նշված որոշումը բողոքարկելու` տուժողի (տուժողի իրավահաջորդի) իրավունքը չի լինի կոնկրետ և իրական, այլ կլինի վերացական և պատրանքային:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդ Ռ.Ադանալյանի` կասեցված քրեական գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այդ որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Ռ.Ադանալյանի բողոքը Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Կ.Հովսեփյանի` 2018 թվականի հունվարի 19-ի որոշմամբ ևս մերժվել է17,

- դիմող Ռ.Ադանալյանը բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերականգնելու իր խախտված իրավունքները, քանի որ նախաքննության մարմինը, իրեն զրկելով գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից, սահմանափակել է դատական բողոքարկման իրավունքը18,

- Առաջին ատյանի դատարանը մերժել է բողոքն այն հիմնավորմամբ, որ կասեցված քրեական գործի նյութերին ծանոթանալու միջնորդությունը մերժելու մասին որոշմամբ չեն խախտվել դիմողի իրավունքները19,

- Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով անփոփոխ, փաստել է, որ քրեական գործի վարույթի կասեցման փուլում օրենսդիրը չի նախատեսել դատավարության մասնակիցների կողմից գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն, հետևաբար Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված է20:

21. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 19-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել բողոքաբերի բարձրացրած այն փաստարկը, որ գործի նյութերին չծանոթանալու արդյունքում սահմանափակվել է տուժողի իրավահաջորդ Ռ.Ադանալյանի` գործի վարույթը կասեցնելու մասին որոշման կապակցությամբ արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու իրավունքը:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ քրեական հետապնդման մարմնի` կասեցված քրեական գործի նյութերին ծանոթանալու միջնորդությունը մերժելու մասին որոշմամբ դիմող Ռ.Ադանալյանի իրավունքների խախտման բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

22. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ելնելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքից զրկված է դիմողի ներկայացուցչի կողմից սույն որոշման 11-րդ կետում բարձրացված փաստարկին անդրադառնալու հնարավորությունից։ Վճռաբեկ դատարանը, սահմանափակված լինելով վիճարկվող դատական ակտում քննարկված հարցերի շրջանակով21, չի կարող իր վերստուգիչ լիազորությունն իրացնելիս անդրադառնալ վերաքննիչ բողոքում չբարձրացված և Վերաքննիչ դատարանում քննարկման առարկա չդարձված այդ փաստարկին22։ Ուստի, սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը քննարկման առարկա չի դարձնում բողոք բերած անձի` սույն որոշման 11-րդ կետում բարձրացված փաստարկը:

23. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից դատական ակտեր կայացնելիս թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և փոփոխելու համար: Միևնույն ժամանակ, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Ռ.Ադանալյանի բողոքը պետք է բավարարել և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու սույն որոշմամբ արձանագրված՝ դիմողի իրավունքների և ազատությունների խախտումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Ռուզան Վարազդատի Ադանալյանի բողոքի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի ապրիլի 12-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը բեկանել և փոփոխել:

2. Դիմող Ռ.Ադանալյանի բողոքը բավարարել` պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնելու սույն որոշմամբ արձանագրված՝ դիմողի իրավունքների և ազատությունների խախտումը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 2-4:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 34-36:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 58-61:

4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 103-109:

5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936 որոշումը, կետ 6:

6 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 10-ի թիվ ՍԴՈ-1190 որոշումը, 9-րդ կետ։

7 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192 որոշումը, 7-րդ կետ։

8 Տե՛ս Petropavlovskis v. Latvia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015 թվականի հունվարի 13-ի վճիռը, գանգատ թիվ 44230/06, կետ 91:

9 Տե՛ս նույն տեղում։

10 Տե՛ս Paul and Audrey Edwards v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2002 թվականի մարտի 14-ի վճիռը, գանգատ թիվ 46477/99, կետեր 96-97:

11 Տե՛ս Ազգային դատական համակարգերի արդյունավետության խնդիրների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2004 թվականի մայիսի 12-ի թիվ R (2004) 6 հանձնարարականի հավելվածը, կետ 4:

12 Տե՛ս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի` 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/34 բանաձևով ընդունված՝ Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագիր:

13 Տե՛սԵվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` 1985 թվականի հունիսի 28-ի՝ «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» թիվ R(85) 11 հանձնարարականը:

14 Տե՛ս, mutatis mutandis, Տիգրան Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշումը և Արթուր Այվազյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը։

15 Տե՛ս ,Հեսսարե ՍՊԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ԱՐԴ1/0006/11/17 որոշման 15-րդ կետը:

16 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի`Aslakhanova and others v. Russia գործով 2012 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, գանգատներ թիվ 2944/06 և 8300/07, 50184/07, 332/08, 42509/10, կետ 236, Anguelova v. Bulgaria գործով 2002 թվականի հունիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 38361/97, կետ 140։

17 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

18 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

19 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

20 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

21 Տե՛ս, mutatis mutandis, Ռուբիկ Արշալույսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԱՐԱԴ/0021/01/08 որոշումը և «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԳԴ3/0001/11/14 որոշումը։

22 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: