Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.11.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
07.11.2019
Дата вступления в силу
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵՔՐԴ/0341/01/08

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ` դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ`

Տ. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Խոսրով Հայրապետի Ավագյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճռով ամբաստանյալ Խոսրով Հայրապետի Ավագյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ճանաչվել է անպարտ և արդարացվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ, 15-րդ կետերով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ցմահ ազատազրկման:

2. Խ.Ավագյանի պաշտպան Կ.Մանուչարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2009 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճիռը:

3. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Խ.Ավագյանի վճռաբեկ բողոքը՝ Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ վերադարձվել է:

4. Դատապարտյալ Խ.Ավագյանի դիմումի հիման վրա Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2012 թվականի մարտի 23-ի որոշմամբ՝ Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճիռը վերանայել է: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքի համաձայն՝ ԽԱվագյանին առաջադրված մեղադրանքից հանվել է արարքի կրկնակիությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով առաջադրված մեղադրանքը, և դատավճիռը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերին, իսկ պատժի և մնացած մասով թողնվել է անփոփոխ:

5. Դատապարտյալ Խ.Ավագյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2012 թվականի մայիսի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի մարտի 23-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

6Խ.Ավագյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) 2018 թվականի նոյեմբերի 22-ին Ավագյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 1837/10) գործով վճիռ է կայացրել, որով ճանաչել է Խ.Ավագյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը:

7. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 22-ի` Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը` Խ.Ավագյանը Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 28-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Դատապարտյալ Խ.Ավագյանի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունիսի 10-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցել է Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 28-ի որոշման վերանայման վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Երևանի քրեական դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճռով ԽԱվագյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերով այն բանի համար, որ «(…) [նա], նախկինում շահադիտական դրդումներով սպանություն կատարելու համար դատվածություն ունենալով, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 6 շենքի թիվ 38 բնակարանին տիրապետելու նպատակով, ԲԻ-58 տեսակի թունաքիմիկատով թունավորելու եղանակով, կյանքից զրկել է Վարսենիկ և Մարգարիտա Գյուրջինյաններին»:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի մարտի 23-ի որոշմամբ Խ.Ավագյանի մեղադրանքից հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով որակված՝ սպանությունը կրկին անգամ կատարելու հատկանիշը։

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը փաստել է, որ Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 28-ի որոշումը վերանայելու համար:

Շարադրելով և վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները` բողոքաբերը նշել է, որ Եվրոպական դատարանն արձանագրել է Խ.Ավագյանի արդար դատաքննության իրավունքի խախտում, մասնավորապես՝ չեն ապահովվել մրցակցային դատավարության և կողմերի հավասարության երաշխիքները։

Մեջբերելով նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2000 թվականի հունվարի 19-ի` «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների հիման վրա ներպետական մակարդակով գործերի վերանայման և վարույթի նորոգման մասին» N R(2000) 2 հանձնարարականը` բողոք բերած անձը եզրահանգել է, որ իր առնչությամբ ՀՀ ներպետական դատարանների դատական ակտերը ենթակա են վերանայման և բեկանման։

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2009 թվականի փետրվարի 12-ի որոշումը, և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումը.

I. Ներպետական դատական ակտերի վերանայումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտումների արձանագրման փաստը Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հուլիսի 28-ի որոշումը վերանայելու հիմք է։

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-ին հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1.Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

 (…)։

2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից։

(…)»։

13. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը1։

14. Եվրոպական դատարանը, Ավագյանն ընդդեմ Հայաստանի` 2018 թվականի նոյեմբերի 22-ի վճռով վերահաստատելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված իրավունքի վերաբերյալ նախկինում ձևավորած դիրքորոշումները2, փաստել է. «(…) [Եվրոպական] Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ որպես ընդհանուր կանոն, 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ մեղադրյալին համարժեք և պատշաճ հնարավորություն տրվի` վկայի կողմից իր դեմ տրված ցուցմունքը վիճարկելու կամ նրան հարցաքննելու` վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ հետագա փուլերում։ Թեև փորձագետ Ա.Դ.-ի կողմից ներկայացված երկու սկզբնական եզրակացություններում նշվել է, որ երկու քույրերը մահացել են սրտային սուր անբավարարությունից և հիպոթերմիայից, փորձագետներ Գ.Հ.-ի և Ա.Բ.-ի, ինչպես նաև փորձագետներ Ս.Հ.-ի և Ս.Ս.-ի կողմից տրված լրացուցիչ եզրակացություններից պարզ է դառնում, որ տուժողներին թունավորել են: Դիմումատուն խնդրել է փորձագետներ Ա.Դ.-ին, Ս.Հ.-ին և Ս.Ս.-ին կանչել առաջին ատյանի դատարան` նրանց կողմից ներկայացված հակասական եզրակացությունների առնչությամբ նրանց հարցաքննելու հնարավորություն ունենալու համար, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է նրա խնդրանքը` համարելով, որ այդ փորձագետներին կանչելու անհրաժեշտություն չկա: Ո՛չ առաջին ատյանի դատարանը և ո՛չ էլ Վերաքննիչ քրեական դատարանն իրենց դատավճիռներում չեն անդրադարձել այդ հարցին։

(…) Դատարանի ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` պաշտպանության կողմը պետք է ունենա, որպես այդպիսին, ոչ միայն փորձագիտական եզրակացությունն ուսումնասիրելու և վիճարկելու իրավունք, այլ նաև եզրակացությունները նախապատրաստողների վստահելիությունն ուղիղ հարցաքննության միջոցով վիճարկելու իրավունք։

Սույն գործով դիմումատուն առաջին ատյանի դատարանին հստակորեն հայտնել է, որ ինքը ցանկանում է դատարանում հարցաքննել փորձագետ-վկաներին մի շարք այնպիսի հարցեր պարզաբանելու համար, որոնք պահանջում են մասնագիտական գիտելիքներ: Դատարանի համար այդ պահանջը ձևակերպված է եղել բավականին հստակորեն` բացատրելու համար, թե ինչու էր դիմումատուի համար կարևոր տվյալ վկաներին լսելը:

Առաջին ատյանի դատարանը մերժել էր դիմումատուի խնդրանքը` գտնելով, որ Ա.Դ.-ի կողմից ներկայացված առաջին եզրակացության բովանդակությունն արդեն իսկ պարզաբանվել էր դրան հաջորդող փորձագիտական եզրակացություններով, և հետևաբար փորձագետ-վկաներին կանչելու անհրաժեշտություն չկար: Արդյունքում փորձագետ-վկաներ Ա.Դ.-ն, Ս.Հ.-ն և Ս.Ս.-ն առաջին ատյանի դատարանում չեն լսվել, ոչ էլ մյուս երեք փորձագետ-վկաներն են դատարանում լսվել: Ըստ երևույթին, մինչդատական վարույթի ընթացքում հարցաքննվել են միայն փորձագետ-վկաներ Ա.Դ.-ն, Գ.Հ.-ն և Մ.Ա.-ն: Այնուամենայնիվ, չկա որևէ տվյալ, որ դիմումատուն երբևէ ունեցել է այդ փորձագետ-վկաներին առերես [հարցաքննելու] և քննության փուլում նրանց եզրակացությունները վիճարկելու հնարավորություն:

(…) Դատարանը համարում է, որ դիմումատուի` առաջին ատյանի դատարանում Ա.Դ.-ին, Ս.Հ.-ին և Ս.Ս.-ին լսելու խնդրանքն անհիմն չէր: Ընդհակառակը, Դատարանը գտնում է, որ այդ փորձագիտական եզրակացությունները գործի համար հիմնարար նշանակություն ունեին: Հիմնվելով այդ ապացույցների վրա` ներպետական դատարանները պետք է որոշում կայացնեին` արդյոք քույրերի մահը եղել է դժբախտ պատահար, թե դիտավորությամբ կատարված սպանություն: Դիմումատուի խնդրանքն անհիմն չէր նաև` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա դատապարտվում էր ցմահ ազատազրկման: Դատական քննության ժամանակ փորձագետ-վկաներին չկանչելով և նրանց չհարցաքննելով` առաջին ատյանի դատարանն իր եզրակացությունները կատարելիս հիմնվել է փորձագետ-վկաների ցուցմունքների վրա, որոնք երբեք դատական նիստերի ժամանակ չեն ուսումնասիրվել»։

15 Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ դիմումատու Խոսրով Ավագյանի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում3։

16. Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետիխախտումների արձանագրման փաստը Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հուլիսի 28-ի որոշումը վերանայելու հիմք է։

 

II. Ներպետական դատական ակտերի բեկանումը.

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Եվրոպական դատարանի՝ Ավագյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետիխախտումները հիմք են Երևանի քրեական դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 12-ի որոշումը, ինչպես նաև Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2012 թվականի մարտի 23-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2012 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։

18. Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) [Վ]ճիռը, որով [Եվրոպական դատարանը] խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում` վերջ տալու համար [Եվրոպական դատարանի] արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են [Եվրոպական դատարանի] վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ:

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի հիման վրա արդարացի փոխհատուցման կարգով գումարների տրամադրման նպատակը բացառապես կրած վնասի համար հատուցում տալն է այնքանով, որքանով որ այդ վնասը հետևանք է խախտման, որն այլ կերպ վերականգնվել չի կարող»4:

19. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի խախտում արձանագրվելու դեպքում պետությունն արդարացի փոխհատուցում տրամադրելուց զատ պարտավորվում է հնարավորության դեպքում ձեռնարկել որոշակի անհատական միջոցառումներ, որոնք հնարավորինս կվերականգնեն մինչև խախտումը եղած իրավիճակը: Այլ կերպ` յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, խախտման բնույթը, դրա` գործի ելքի վրա ունեցած ազդեցությունը, ինչպես նաև «restitutio in integrum»ապահովելու հնարավորությունը: Եթե վերոնշյալ հանգամանքների գնահատումը վկայում է, որ գործի վերաբացման արդյունքում հնարավոր է վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը, ապա վարույթի նորոգում պետք է տեղի ունենա5:

20. Հաշվի առնելով Ավագյանն ընդդեմ Հայաստանի վճռի շրջանակներում Եվրոպական դատարանի արտահայտած և սույն որոշման 14-16-րդ և 18-19-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև սույն որոշման նախորդ կետի վերլուծության լույսի ներքո գնահատելով Ավագյանն ընդդեմ Հայաստանի վճռով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումների բնույթը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտումները հիմք են Երևանի քրեական դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 12-ի որոշումը, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մարտի 23-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։ Այլ կերպ, նշված խախտումները վերացնելու ամենապատշաճ միջոցը, ըստ Վճռաբեկ դատարանի, վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։

21. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի հուլիսի 28-ի որոշման վերանայման արդյունքում Երևանի քրեական դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 12-ի որոշումը, ինչպես նաև այդ դատական ակտերը վերանայելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մարտի 23-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի մայիսի 18-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը պետք է վերացնի Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտումներն ու յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հանգի համապատասխան հետևության:

22. Անդրադառնալով Խոսրով Ավագյանի խափանման միջոցի հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմաններն ու հիմքերը։ Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Խ.Ավագյանին վերագրված հանցագործության հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, կատարման եղանակը, գտնում է, որ Խ.Ավագյանը, մինչև գործի նոր քննության ընթացքում խափանման միջոցի հարցի լուծումը մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել դատարանում գործի քննությանը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2009 թվականի հուլիսի 28-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Խոսրով Հայրապետի Ավագյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերով Երևանի քրեական դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 12-ի որոշումը, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մարտի 23-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

3. Խոսրով Հայրապետի Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________

1 Տե'ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գրիշա Վիրաբյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Արայիկ Զալյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Դավիթ Ավետիսյանի գործով 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09, Ալիկ Մաթևոսյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները:

2 Տե'ս Ավագյանն ընդդեմ Հայաստանի վճռի 39-47-րդ կետերը:

3 Տե'ս Ավագյանն ընդդեմ Հայաստանի վճռի 47-րդ կետը:

4 Տե'ս Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի` 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250:

5 Տե'ս Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15 որոշման 19-րդ կետը, Մուշեղ Սաղաթելյանի գործով 2019 թվականի հունիսի 12-ի թիվ ԵՔՐԴ/0396/01/08, ԵԿԴ/0052/11/08, ԵԿԴ/0123/06/08 որոշման 28-39-րդ կետերը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: