Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.09.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
11.09.2020
Дата вступления в силу
11.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0228/11/19

ԵԴ/0228/11/19

Նախագահող դատավոր՝ Ա. Նիկողոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2020 թվականի սեպտեմբերի 11-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատախազ Ա.Ստեփանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հուլիսի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ՀԱսլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Կ.Մարուքյանի որոշմամբ` Երեմ Միշայի Հովսեփյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` անձի նկատմամբ նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին նախաքննության մարմնի և դատախազի չվերացված որոշման առկայության պատճառաբանությամբ:

Վերոնշյալ որոշման դեմ դիմող Ե.Հովսեփյանի ներկայացուցիչ Ա.Պողոսյանի բողոքը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Ս.Խաչատրյանի՝ 2019 թվականի մարտի 4-ի որոշմամբ մերժվել է:

2 Դիմողի ներկայացուցչի բողոքի քննության արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան), 2019 թվականի մայիսի 15-ի որոշմամբ բողոքը բավարարել է, և քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացրել:

3. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա.Ստեփանյանը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 10-ի որոշմամբ դատախազի բողոքը թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա.Ստեփանյանի միջնորդությունը` բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի համարելու և Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 15-ի որոշումը բողոքարկելու համար օրենքով սահմանված բողոքարկման ժամկետի բացթողումը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է:

5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ դատախազ Ա.Ստեփանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության։

6Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ՀԱսլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ վարույթ է ընդունվել1: Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Վերաքննիչ դատարանը, առանց ըստ էության քննության առնելու դատախազի բողոքի փաստարկները և հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածին, իր որոշմամբ փաստել է. «(...) [Ե]լնելով դատական ատյանների գործառութային և ինստիտուցիոնալ տարանջատման սկզբունքներից՝ օրենսդիրը սահմանել է յուրաքանչյուր հաջորդող դատական ատյան բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների տարբերակված շրջանակ, մասնավորապես՝ վերաքննիչ բողոքարկման իրավունքով օժտել է մեղադրողին և վերադաս դատախազին, ինչն էլ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ որևէ կերպ չի սահմանափակում դատախազի՝ անսահմանափակ բողոքարկման իրավունքի կենսագործումը, քանզի և՛ մեղադրողը, և՛ վերադաս դատախազը քրեադատավարական օրենսդրության և դատախազության միասնական համակարգի հասկացության իմաստով ևս հանդիսանում են դատախազներ:

(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա.Ստեփանյանը տվյալ բողոքի քննության կապակցությամբ չի կարող համարվել ոչ միայն վերադաս դատախազ, այլև մեղադրող, քանզի քրեական գործն ըստ էության լուծման համար դատարանի վարույթում չէ և վերջինս էլ չի հանդիսանում այդ գործով մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ: Ասվածն առավել հատկանշական է դառնում այն հանգամանքի լույսի ներքո, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Ս.Խաչատրյանն է հենց հանդիսանում իր՝ 2019 թվականի մարտի 4-ի բողոքը մերժելու մասին որոշման անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ արտահայտված տեսակետների «սեփականատերը», իսկ օրենսդրի կամքն ուղղված է այն գաղափարին, որ այդ տեսակետներն արտահայտած դատախազի ստորադաս դատախազը չներկայացնի վերաքննիչ բողոք՝ ի պաշտպանություն վերադաս դատախազի տեսակետների, մինչդեռ այդ որոշումն ըստ էության գնահատման ենթարկած Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա.Ստեփանյանը (…)»2։

 7.1. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Ս.Խաչատյանի 2019 թվականի ապրիլի 16-ի գրության համաձայն՝ նույն վարչական շրջանների ավագ դատախազ Ա.Ստեփանյանը լիազորվել է մասնակցելու դիմող Ե.Հովսեփյանի ներկայացուցիչ Ա.Պողոսյանի կողմից ներկայացված բողոքի քննությանը3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում կայացրել է անհիմն և անօրինական դատական ակտ։

Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածը նեղ մեկնաբանելու հետևանքով, սահմանափակել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունքը:

Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանն իր վերլուծությունների հիմքում, ըստ էության, դրել է այն տրամաբանությունը, համաձայն որի՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իրավասու չէ մինչդատական քրեական վարույթն ավարտող՝ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության վիճարկման ընթացակարգում մասնակցելու, քանի որ այդ որոշման դեմ բերված բողոքը վերադաս դատախազի կողմից մերժվել է, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների տրամաբանությունից։ Հակառակը՝ եթե վերադաս դատախազը մերժել է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված 7-օրյա ժամկետում օրինական համարված որոշման դեմ բերված բողոքը, ապա վերջիններս՝ տվյալ դատախազը և իր վերադաս դատախազը համակարծիք են քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման օրինական և հիմնավոր լինելու հարցում։ Տվյալ դեպքում, ըստ բողոքաբերի, գործառութային տարանջատման սկզբունքի խախտման մասին խոսք լինել չի կարող։

9. Վերոշարադրյալի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ՀԱսլանյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 17-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա.Ստեփանյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ։

11. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն` «1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝

(...)

2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.

(...)

4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.

(...)

4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն (…) մեղադրողը կամ վերադաս դատախազը, (…)»:

12. Վճռաբեկ դատարանը Ժենիկ Հովսեփյանի գործով ՀՀ Սահմանադրության, քրեական դատավարության օրենսգրքի և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի կարգավորումների մեկնաբանմամբ արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը ներառում է նաև մեղադրողի դատավարական կարգավիճակին համարժեք` մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, ինչպես նաև որպես դատավարության մասնակից` վերադաս դատախազի կողմից լիազորված այլ դատախազին4։

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Հետաքննության մարմնի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ դիմող Ե.Հովսեփյանի ներկայացուցիչ Ա.Պողոսյանի բողոքը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Ս.Խաչատրյանի՝ 2019 թվականի մարտի 4-ի որոշմամբ մերժվել է5,

- Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 15-ի որոշմամբ դիմող Ե.Հովսեփյանի ներկայացուցիչ Ա.Պողոսյանի բողոքը բավարարվել է և քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը՝ վերացվել6: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Ս.Խաչատյանի կողմից Առաջին ատյանի դատարանում գործի քննությանը լիազորվել է ու մասնակցել նույն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա.Ստեփանյանը7,

- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա.Ստեփանյանը: Վերաքննիչ դատարանի որոշմամբ դատախազի բողոքը թողնվել է առանց քննության՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու ոչ պատշաճ սուբյեկտ հանդիսանալու պատճառաբանությամբ8:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և մեջբերված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, ըստ որի` առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունքով օժտված է միայն վերադաս դատախազը կամ քրեական գործի ըստ էության քննության ընթացքում մեղադրանքը դատարանում պաշտպանող մեղադրողը, հակասում է տվյալ իրավանորմը սահմանելիս օրենսդրի կամքին, դատախազության մարմինների միասնականության և կենտրոնացվածության սկզբունքներին, անհարկի սահմանափակում է դատախազի՝ սահմանադրորեն ամրագրված՝ դատական ակտերի բողոքարկման գործառույթի իրացման հնարավորությունը։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա.Ստեփանյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ, հիմնավոր չէ։

15. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 17-ի որոշումը պետք է բեկանել, և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության9: Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, պետք է քննարկման առարկա դարձնի դատախազի վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատախազ Ա.Ստեփանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հուլիսի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________

1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է առնվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 22-25:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 48։

4 Մանրամասն տե՛ս Ժենիկ Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԱՐԴ1/0002/11/18 որոշման 10-15-րդ կետերը:

5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

6 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

9 Տե՛ս, mutatis mutandis, Հրայր Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան