Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.11.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
07.11.2019
Дата вступления в силу
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԱՔԴ/0052/06/08

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 20-ի որոշման դեմ Վարտգեզ Լիվանի Գասպարիի ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2008 թվականի մարտի 2-ի որոշմամբ հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով:

Նախաքննության մարմնի նույն օրվա որոշմամբ թիվ 62202508 քրեական գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին:

Նույն օրը Վարտգեզ Լիվանի Գասպարին ձերբակալվել է:

2008 թվականի մարտի 5-ին Վ.Գասպարին ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ Վ.Գասպարիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

Պաշտպան Վ.Էլբակյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2008 թվականի մարտի 20-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ:

3. Վ.Գասպարիի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է Վ.Գասպարիի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 3-րդ հոդվածով և 5-րդ հոդվածի 3-րդ կետով երաշխավորված իրավունքների խախտման փաստը1։

4. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ Վ.Գասպարիի պաշտպան Մ.Շուշանյանը 2019 թվականի մարտի 20-ին բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։

Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի մարտի 20-ի որոշման վերանայման վարույթ և բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Վ.Գասպարիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ. «[Ն]ա մասնակցելով ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների կողմից 2008 թվականի փետրվարի 20-ից կազմակերպված և իրականացված` մայրաքաղաքի կենսագործունեությունը, երթևեկությունը, պետական և մասնավոր հիմնարկների բնականոն գործունեությունը, ազգաբնակչության հանգիստն ու անդորրը խանգարող ապօրինի հրապարակային միջոցառումներին` զանգվածային ցույցերին, շուրջօրյա հանրահավաքներին, միտինգներին, պիկետներին և նստացույցերին, 2008 թվականի մարտի 1-ին, ժամը 0830-ի սահմաններում, երբ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներ` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ոստիկաններ` Էդգար Պետրոսյանը և Գարիկ Հովանյանն «Ազատության» հրապարակի մոտակայքում, հերթական անգամ նրան նախազգուշացրել և պահանջել են դադարեցնել անօրինական միջոցառման մասնակցելը, Վարտգեզ Գասպարին չենթարկվելով նրանց օրինական պահանջներին, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել Էդգար Պետրոսյանի և Գարիկ Հովանյանի նկատմամբ ու նաև տվել բռնություն գործադրելու սպառնալիքներ»2:

6. Առաջին ատյանի դատարանը 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Դատարանը հետազոտելով գործով ձեռք բերված խափանման միջոց կալանքը հիմնավորող նյութերը, համադրելով դրանք իրենց համակցության մեջ, (…) հանգում է այն հետևության, որ միջնորդությունը հիմնավոր է և այն ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

Վարտգեզ Գասպարիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ազատության մեջ մնալով նա կարող է խոչընդոտել քննությանը, թաքնվել քննությունից և դատից, կատարել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված նոր արարք, ազդել գործով վկաների վրա: (…)»3:

7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի մարտի 20-ի որոշմամբ փաստել է. «(…) Ներկայացված նյութերից երևում է, որ բերման ենթարկելուց հետո և ձերբակալվելիս, Վարտգեզ Գասպարին ներկայացել է որպես Վարդգես Լևոնի Գասպարյան, այսինքն` իր ինքնության վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմնին հայտնել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ, որոնք էլ նշվել են համապատասխան դատավարական փաստաթղթերում: Միայն անձը հաստատող փաստաթղթի ուսումնասիրությամբ պարզվել է վերջինիս իրական անուն, ազգանուն, հայրանունը և համապատասխան ուղղում է կատարվել, մասնավորապես` ձերբակալման մասին արձանագրությունում:

Այս հանգամանքը բավարար հիմք է տալիս դատարանին ենթադրելու, որ մնալով ազատության մեջ` մեղադյալ Վ.Գասպարին կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործողությունները, այն է` թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու միջոցով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը:

Նման հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև նրան վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը (…)»4:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը փաստել է, որ Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռը նոր հանգամանք է՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 20-ի որոշումը վերանայելու համար:

Բողոքաբերը նշել է, որ Եվրոպական դատարանն, ի թիվս այլնի, արձանագրել է Վ.Գասպարիի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով երաշխավորված՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, որն ուղղակիորեն առնչվում է Վ.Գասպարիի վերաբերյալ կայացված դատական ակտերով թույլ տրված սխալներին։

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է վերանայել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 20-ի որոշումը և բեկանել այն՝ վերացնելով դրանով անփոփոխ թողնված կալանավորման մասին որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանը Գասպարին ընդդեմ Հայաստանիվճռով ճանաչել է Վ.Գասպարիի` Կոնվենցիայի 3-րդ հոդվածով և 5-րդ հոդվածի 3-րդ կետով երաշխավորված իրավունքների խախտման փաստը։ Սույն գործով բողոքաբերը որպես նոր հանգամանք է վկայակոչել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով երաշխավորված իրավունքի խախտումը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը քննարկման առարկա է դարձնում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով երաշխավորված իրավունքի խախտման հիմքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 20-ի որոշման վերանայման հարցը:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով խախտում արձանագրելու փաստը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 20-ի որոշումը վերանայելու հիմք է։

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

 (…)։

2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից։

(…)»։

13. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը5։

14. Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով վճռում Եվրոպական դատարանը, հղում կատարելով Հայաստանի դեմ քննված մի շարք գործերին, որոնցով ճանաչվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, ընդգծել է, որ. «(…) Գործը քննող դատարանների սույն գործով բոլոր որոշումները կայացվել են նույն տրամաբանությամբ. դրանք կամ չեն պարունակել որևէ հիմնավորում, կամ եղել են պարզապես ներպետական օրենսդրությամբ ամրագրված համապատասխան սկզբունքների մեջբերումներ` հղում կատարելով հանցանքի ծանրությանը և առանց անդրադառնալու դիմումատուի գործի կոնկրետ փաստերին կամ առանց ներկայացնելու որևէ մանրամասն տեղեկություն, թե ինչով էին հիմնավորված քննությունից թաքնվելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու կամ նոր հանցանք կատարելու ռիսկերը (…):

(…) Վերաքննիչ դատարանը դիմումատուի կողմից ներկայացված ոչ մի փաստարկի չի անդրադարձել, փոխարենը` դիմումատուին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորել է` նշելով, որ դիմումատուն իր ինքնության վերաբերյալ կեղծ տեղեկություն է տրամադրել (…)»6:

Եվրոպական դատարանը գտել է, որ Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով ներպետական դատարանները դիմումատուի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ իրենց որոշումների համար հիմնավոր և բավարար պատճառներ չեն ներկայացրել7:

14.1 Արդյունքում, Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում8։

15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում արձանագրելու փաստը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի մարտի 20-ի որոշումը վերանայելու հիմք է։

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո±ք Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումը հիմք է Վ.Գասպարիի կալանավորման վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի մարտի 5-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 20-ի որոշումը բեկանելու համար:

17. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»։

17.1 Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պետություններն ունեն հետևյալ պարտավորությունները.

1. վճարել նշանակված փոխհատուցումը,

2. անհրաժեշտության դեպքում հօգուտ դիմումատուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է՝ 

- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետևանքների ներգործությունը,

- հնարավորինս վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը (restitutio in integrum), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարտավորությունների կատարումը, 

3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ՝ կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»9։

18. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված [վճիռների] հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով «restitutio in integrum» (նախնական իրավական վիճակի վերականգնում)` հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:

Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը` նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.

(i) Տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետևանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և

(ii) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ

ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային,

բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:

18.1 Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն` կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն։

Նշված չափանիշներից (i)-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատև պատիժների և դեռևս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը։ Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ պատճառահետևանքային կապ` հայտնաբերված խախտման և տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետևանքների միջև։

Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (ii) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարևոր է։ Այսպես, «ա» չափանիշին կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` անձի դատապարտումը ներպետական ատյանների կողմից խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածն այն պատճառով, որ ներպետական մարմինների կողմից քրեորեն պատժելի դիտարկված հայտարարություններն իրավաչափորեն արվել են արտահայտվելու ազատության շրջանակներում, կամ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ քրեորեն պատժելի դիտարկված անձի վարքագիծը եղել է կրոնի ազատության իրավաչափ դրսևորում։ Ինչ վերաբերում է «բ» չափանիշին, ապա դրան կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` տուժող կողմը չի ունեցել ժամանակ և հնարավորություն կազմակերպելու իր պաշտպանությունը քրեական դատավարությունում, երբ դատապարտումը հիմնվել է խոշտանգման արդյունքում ստացված հայտարարությունների կամ այն նյութերի վրա, որոնք տուժող կողմը հնարավորություն չի ունեցել ստուգել։ Նման թերությունները պետք է լինեն այնպիսի ծանրության, որ լուրջ կասկած առաջացնեն ներպետական վարույթի արդյունքների վերաբերյալ10:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված] վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:

19.1 Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ ՀՀ սաhմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(...) [Ի]րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»11:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Գասպարիին ազատությունից զրկելու վերաբերյալ բողոքարկվող դատական ակտը վերաբերել է նրա նախնական կալանքին։ Այդ որոշման կայացումից հետո` Վ.Գասպարիի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի` 2008 թվականի նոյեմբերի 10-ի դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման: Միևնույն ժամանակ, նույն դատավճռով Վ.Գասպարիի` ազատազրկման ձևով պատժի կրման սկիզբը հաշվվել է 2008 թվականի մարտի 2-ից12, այսինքն` սույն բողոքի քննության պահի դրությամբ Վ.Գասպարին արդեն իսկ կրել է իր նկատմամբ նշանակված պատիժը:

21. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 17-19.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման բացասական հետևանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուն չի շարունակում կրել։ Նման պայմաններում Վ.Գասպարիի նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտի բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը։ Բացի այդ, այն իրավական առումով նաև անիրագործելի է, քանի որ գործի մինչդատական վարույթում Վ.Գասպարիի նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտի բեկանումը կհանգեցնի իրավական անորոշության` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դա եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը:

22. Վերոգրյալի հետ մեկտեղ անհրաժեշտ է փաստել, որ համանման պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ մերժել է Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` 2012 թվականի հունիսի 5-ի վճռի հիման վրա հարուցված վերանայման վարույթի շրջանակներում նոր հանգամանքի հիմքով Արարատ Մուրադխանյանի նախնական կալանքի վերաբերյալ որոշումների բեկանման պահանջով ներկայացված վճռաբեկ բողոքը13։ Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը վերահսկողություն է իրականացնում Եվրոպական դատարանի վճիռների կատարման նկատմամբ, 2018 թվականի հունիսի 7-ի թիվ CM/ResDH(2018)191 բանաձևով քննարկել է Հայաստանի վերաբերյալ կայացված ընդհանուր թվով յոթ վճիռների, այդ թվում` Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի վճռի կատարման ընթացքը և արձանագրել, որ նշված գործերով անհատական միջոցառումներն իրականացված են, արդարացի փոխհատուցումները վճարված են և մեղադրյալներից ոչ մեկը չի գտնվում մինչդատական կալանքի տակ, նրանք դատապարտվել կամ ազատ են արձակվել։ Արդյունքում հիշյալ գործերի կատարման նկատմամբ վերահսկողությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հայտարարվել է փակված14։

23. Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումը հիմք չէ Վ.Գասպարիի կալանավորման վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի մարտի 5-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 20-ի որոշումը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 20-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Վերանայման արդյունքում Վարտգեզ Լիվանի Գասպարիի պաշտպան Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքը մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________

1 Տե'ս Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 44769/08:

2 Տե'ս նյութեր, թերթեր 7-8:

3 Տե'ս նյութեր, թերթ 36:

4 Տե'ս նյութեր, թերթեր 48-49:

5 Տե'ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գրիշա Վիրաբյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Արայիկ Զալյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Դավիթ Ավետիսյանի գործով 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09, Ալիկ Մաթևոսյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները:

6 Տե'ս Գասպարին ընդդեմ Հայաստանի վճռի 77-78-րդ կետերը:

7 Տե'ս Գասպարին ընդդեմ Հայաստանի վճռի նույն կետը:

8 Տե'ս Գասպարին ընդդեմ Հայաստանի վճռի 79-րդ կետը:

9 Տե'ս Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը:

10 Տե'ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights.

11 Տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը։

12 Տե'ս Գասպարին ընդդեմ Հայաստանի վճռի 23-րդ կետը:

13 Տե'ս Արարատ Մուրադխանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՎԲ-01/13 որոշումը:

14 Տե՛ս բանաձևը հետևյալ հղմամբ` https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID= 09000016808a08a7

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան