Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.11.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
07.11.2019
Дата вступления в силу
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ՇԴ3/0037/01/15

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Արմեն Անդրանիկի Առաքելյանի պաշտպան Կ.Գրեյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2016 թվականի մարտի 29-ի դատավճռով Արմեն Անդրանիկի Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներում և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնների կիրառմամբ, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ, նշանակված պատժին հաշվակցվել է Արմեն Առաքելյանի՝ 2015 թվականի հուլիսի 7-ից մինչև 2015 թվականի հուլիսի 10-ը արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը և թողնվել է կրելու 6 (վեց) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր:

2. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2016 թվականի մայիսի 25-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մարտի 29-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

 Նշված որոշման դեմ դատապարտյալ Ա.Առաքելյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ վերադարձվել է:

3. Դատապարտյալ Ա.Առաքելյանի պաշտպան Կ.Գրեյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ հարուցել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ, և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

4. Դատապարտյալ Ա.Առաքելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) նա (…) 2015 թվականի օգոստոսին, չպարզված օրը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջները, գործով չպարզված հանգամանքներում, կանեփի թփից գլխիկներ ու տերևներ պոկելով, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը ծխելու եղանակով, իր կողմից օգտագործմանը հարմարեցնելով` չորացնելով, մանրացնելով և փաթեթավորելով, պահել է իր հագուստի գրպանում:
Դրանից մի քանի օր անց, Արմեն Առաքելյանն իր կողմից ապօրինի ձեռք բերած և պահած «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մի մասը գործածելու նպատակով, 2015 թվականի օգոստոսի 21-ին ժամը 22:00-ի սահմաններում, միայնակ գնացել է Մարալիկ քաղաքի «Հին գերեզմաններ» կոչվող գերեզմանատուն, որտեղ նա որոշել է թմրամիջոցն օգտագործել իր եղբոր` Արթուր Առաքելյանի հետ` հյուրասիրելով նրան: Իրականացնելով եղբորը հյուրասիրելու եղանակով ապօրինի թմրամիջոց իրացնելու այդ պահին ծագած իր դիտավորությունը` զանգահարել և նշված վայր է կանչել վերջինիս ու առաջարկել իր հետ օգտագործել թմրամիջոց: Ստանալով Արթուր Առաքելյանի համաձայնությունը` թմրամիջոցի մի մասը լցրել է նախապես իր կողմից պլաստմասե տարայով ծխելու եղանակով գործածելու համար պատրաստած սարքի մեջ, դրա մի մասը ծխելու միջոցով գործածել է, իսկ մնացածը` հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացնելով, տվել է եղբորը, ով ծխելու միջոցով նույն պահին այն գործածել է: Մնացած խոշոր չափերի 7.6 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցն Արմեն Առաքելյանը շարունակել է ապօրինի պահել իր տաբատի գրպանում (…):
Այնուհետև, Արմեն Առաքելյանը, 2015 թվականի օգոստոս ամսին, չպարզված օրը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջները, գործով չպարզված հանգամանքներում, ինչպես նաև Մարալիկ քաղաքի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի հետնամասում վայրի աճաց կանեփի թփից գլխիկներ ու տերևներ պոկելով, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել համապատասխանաբար 0.7 գրամ և 0.4 գրամ վերջնական քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, որը ծխելու եղանակով, իր կողմից օգտագործելուն հարմարեցնելով` չորացնելով, մանրացնելով և փաթեթավորելով, երկու տարբեր փաթեթներով, ապօրինի պահել է Մարալիկ քաղաքի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի հետնամասի ձորակում գտնվող թիթեղի տակ, իսկ հետո շարունակել է ապօրինի պահել իր տաբատի գրպանում: (…)»1:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

5. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործող) նյութերի չափերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելու մասին վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածին և այդ չափերը սահմանող ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար, դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է Արմեն Առաքելյանի վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել նրա նկատմամբ նշանակված վերջնական պատիժը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

7. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Արմեն Անդրանիկի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մայիսի 25որոշումը վերանայելու համար:

8. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

9. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ՝ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

10. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում՝ արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով՝ որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»3:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

11. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

12. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»։

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) խոշոր չափերով,

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (...)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ, իսկ խոշոր չափ` 5.0 գրամից մինչև 500.0 գրամը ներառյալ։

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, զգալի չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, իսկ խոշոր չափ` 12.5 գրամից մինչև 62.5 գրամը ներառյալ:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արմեն Առաքելյանը դատապարտվել է՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` առանց իրացնելու նպատակի, զգալի չափի` 1.1 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` առանց իրացնելու նպատակի, խոշոր չափի` 7.6 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար5:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 8-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Ա.Առաքելյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

15. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ա.Առաքելյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության: Միաժամանակ, նշված փոփոխությունները նաև վերացնում են Ա.Առաքելյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը։

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 7.6 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է։ Ուստի` դատապարտյալ Ա.Առաքելյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին։

16. Միևնույն ժամանակ, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 1.1 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է: Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Ա.Առաքելյանին պետք է արդարացնել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նման պայմաններում, թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա.Առաքելյանի կողմից կատարված արարքների վրա:

17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ա.Առաքելյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մայիսի 25որոշումը վերանայելու համար:

18. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Արմեն Անդրանիկի Առաքելյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մարտի 29-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մայիսի 25-ի որոշումը Ա.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ա.Առաքելյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ Ա.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժին` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Ա.Առաքելյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:

 ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով, նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցելով 2017 թվականի հուլիսի 7-ից մինչև 2017 թվականի հուլիսի 10-ը Ա.Առաքելյանին կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ նրան պետք է թողնել կրելու ազատազրկում՝ 6 (վեց) տարի 2 (երկու) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Արմեն Անդրանիկի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի մայիսի 25-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Արմեն Անդրանիկի Առաքելյանի վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մարտի 29-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի մայիսի 25-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

3. Արմեն Անդրանիկի Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

4. Արմեն Անդրանիկի Առաքելյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով:

5. ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ Արմեն Անդրանիկի Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժին` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Արմեն Անդրանիկի Առաքելյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:

6. ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով, նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցելով 2017 թվականի հուլիսի 7-ից մինչև 2017 թվականի հուլիսի 10-ը կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ Արմեն Անդրանիկի Առաքելյանին թողնել կրելու ազատազրկում՝ 6 (վեց) տարի 2 (երկու) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:

 

7. Պատժի սկիզբը հաշվել 2015 թվականի սեպտեմբերի 1-ից։

8. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

9. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_____________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 186-189:

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

3 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

5 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան