Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.09.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
10.09.2020
Дата вступления в силу
10.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

      

ՀՀ վերաքննիչ քրեական

դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԴ/0281/11/18

Գործ թիվ ԵԴ/0281/11/18

Նախագահող դատավոր՝  Ա.Նիկողոսյան

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

  

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

    

2020 թվականի սեպտեմբերի 10-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Սամվել Թորգոմի Նահապետյանի ներկայացուցիչ Լ.Ասլանյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 6 որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

  

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2017 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 62248417 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ Սամվել Թորգոմի Նահապետյանը ճանաչվել է տուժող:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի մարտի 29-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վ.Մուրադյանի` 2018 թվականի մայիսի 23-ի որոշմամբ տուժող Ս.Նահապետյանի բողոքը` քրեական գործով վարույթը կասեցնելու մասին նախաքննության մարմնի` 2018 թվականի մարտի 29-ի որոշման դեմ, մերժվել է:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ դիմող Ս.Նահապետյանի ներկայացուցիչ Լ.Ասլանյանի բողոքը բավարարվել է և արձանագրվել է Ս.Նահապետյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

3. ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ.Թադևոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումը թողնվել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանը 2020 թվականի օգոստոսի 26-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին1:

Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վերաքննիչ դատարանը, դատախազի բողոքի փաստարկներն ըստ էության քննության առնելու արդյունքում Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ համարելուց բացի, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածին, իր որոշմամբ արձանագրել է. « (...) [Ե]լնելով դատական ատյանների գործառութային և ինստիտուցիոնալ տարանջատման սկզբունքներից` օրենսդիրը սահմանել է յուրաքանչյուր հաջորդող դատական ատյան բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների տարբերակված շրջանակ, մասնավորապես` վերաքննիչ բողոքարկման իրավունքով օժտել է մեղադրողին և վերադաս դատախազին, ինչն էլ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ որևէ կերպ չի սահմանափակում դատախազի անսահմանափակ բողոքարկման իրավունքի կենսագործումը, քանզի և՛ մեղադրողը, և՛ վերադաս դատախազը քրեադատավարական օրենսդրության և դատախազության միասնական համակարգի հասկացության իմաստով ևս հանդիսանում են դատախազներ:

(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ.Թադևոսյանը տվյալ բողոքի քննության կապակցությամբ չի կարող համարվել ոչ միայն  վերադաս դատախազ, այլև մեղադրող, քանզի քրեական գործն ըստ էության լուծման համար դատարանի վարույթում չէ և վերջինս էլ չի հանդիսանում այդ գործով մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ: Ասվածն առավել հատկանշական է դառնում այն հանգամանքի լույսի ներքո, որ ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը` ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վ.Մուրադյանն է հենց հանդիսանում իր` (...) բողոքը մերժելու մասին որոշման անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ արտահայտված տեսակետների «սեփականատերը», իսկ օրենսդրի կամքն ուղղված է այն գաղափարին, որ այդ տեսակետներն արտահայտած դատախազի ստորադաս դատախազը չներկայացնի վերաքննիչ բողոք` ի պաշտպանություն վերադաս դատախազի տեսակետների, մինչդեռ այդ որոշումն ըստ էության գնահատման ենթարկած Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ.Թադևոսյանը (...)»2:

5.1. Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ.Թադևոսյանը, ով նաև մասնակցել է Առաջին ատյանի դատարանում բողոքի քննությանը3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով

6. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածը նեղ մեկնաբանելու հետևանքով, սահմանափակել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունքը:

Ըստ բողոքաբերի` դատարանի որոշումները բողոքարկելու՝ դատախազության սահմանադրական լիազորությունն ենթադրում է նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարանների կայացրած դատական ակտերը դատախազի կողմից բողոքարկելու իրավունքը։

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մասնակի` քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ բերված բողոքի կապակցությամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը հսկող դատախազի կողմից վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքին տրված մեկնաբանության մասով, բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի որոշումը` կայացնելով նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ.Թադևոսյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ։

9. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն` «1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝

(...)

2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.

(...)

4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.

(...)

4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն (…) մեղադրողը կամ վերադաս դատախազը, (…):»:

10. Վճռաբեկ դատարանը Ժենիկ Հովսեփյանի գործով ՀՀ Սահմանադրության, քրեական դատավարության օրենսգրքի և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի կարգավորումների մեկնաբանմամբ արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը ներառում է նաև մեղադրողի դատավարական կարգավիճակին համարժեք` մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, ինչպես նաև որպես դատավարության մասնակից` վերադաս դատախազի կողմից լիազորված այլ դատախազին4։

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- նախաքննության մարմնի` քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ տուժող Ս.Նահապետյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վ.Մուրադյանի` 2018 թվականի մայիսի 23-ի որոշմամբ մերժվել է5,

- Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ դիմող Ս.Նահապետյանի ներկայացուցիչ Լ.Ասլանյանի բողոքը բավարարվել է, և արձանագրվել է Ս.Նահապետյանի իրավունքների և ազատությունների խախտումը6: Առաջին ատյանի դատարանում գործի քննությանը մասնակցել է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ.Թադևոսյանը7,

- ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ.Թադևոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ` ըստ էության քննության առնելով դատախազի բողոքի փաստարկները: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ.Թադևոսյանի վերաքննիչ բողոք ներկայացնելու ոչ պատշաճ սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը8:

12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-10-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և մեջբերված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, ըստ որի` առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունքով օժտված է միայն վերադաս դատախազը կամ քրեական գործի ըստ էության քննության ընթացքում մեղադրանքը դատարանում պաշտպանող մեղադրողը, հակասում է տվյալ իրավանորմը սահմանելիս օրենսդրի կամքին, դատախազության մարմինների միասնականության և կենտրոնացվածության սկզբունքներին, անհարկի սահմանափակում է դատախազի՝ սահմանադրորեն ամրագրված՝ դատական ակտերի բողոքարկման գործառույթի իրացման հնարավորությունը։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ.Թադևոսյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ, հիմնավոր չէ։

13. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատախազի վերաքննիչ բողոքը մերժել է նաև բողոքի փաստարկներն ըստ էության քննության առնելու արդյունքում, որոնց վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները բողոքաբերի կողմից վճռաբեկ բողոքում չեն վիճարկվել9: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի պահանջը` Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի բեկանելու և փոփոխելու վերաբերյալ, հնարավոր չէ բավարարել: Վերոնշյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել, Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6 որոշումը՝ թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

  

Ո Ր Ո Շ Ե Ց

  

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դիմող Սամվել Թորգոմի Նահապետյանի ներկայացուցիչ Լ.Ասլանյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6 որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։        

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

   

________________________________________  

1  Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է առնվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

2  Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 46-65:

3  Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 47-52, հավելված, թերթեր 252, 363ա։

4  Մանրամասն տե՛ս Ժենիկ Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԱՐԴ1/0002/11/18 որոշման 10-15-րդ կետերը:

5  Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

6  Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը:

8  Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

9  Տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը:

         

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

            

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան