Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1570
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.12.2020
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
08.12.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
08.12.2020
Дата вступления в силу
08.12.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

8 դեկտեմբերի 2020 թ.

 

1989 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ՝ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ՝ արդարադատության նախարարի տեղակալ Ք. Գրիգորյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1989 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2020 թվականի հունիսի 25-ի N 1071-Ա որոշմամբ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի հուլիսի 3-ին:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2020 թվականի հուլիսի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 1989 թվականի դեկտեմբերի 15-ին:

 «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (այսուհետ՝ Դաշնագիր) ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 Ա(XXI) բանաձևով և ուժի մեջ է մտել 1976 թվականի մարտի 23-ին։ Հայաստանի Հանրապետությունը «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին միացել է 1993 թվականի հունիսի 23-ին։

 

2. Սույն Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 29-ին։

 

3. Սույն Արձանագրությամբ նախատեսված է, մասնավորապես, որ՝

ա) Արձանագրության կողմ պետության իրավազորության ներքո գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի մահապատժի (հոդված 1, մաս 1),

բ) Արձանագրության յուրաքանչյուր Կողմ պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր իրավազորության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար (հոդված 1, մաս 2)։

 

4. Հաջորդիվ, Արձանագրությամբ նախատեսված են նաև Արձանագրությամբ ստանձնվող պարտավորություններից վերապահման թույլատրելի շրջանակը (հոդված 2, մաս 1) և վերապահում կատարելու ընթացակարգը (հոդված 2, մասեր 2 և 3)։ Արձանագրությամբ նախատեսված է նաև, որ Դաշնագրով կողմ պետության կողմից ստանձնված պարտավորություններից՝ նույն Դաշնագրի 4-րդ հոդվածով նախատեսված՝ Դաշնագրով ստանձնված պարտավորություններից շեղման հնարավորությունը չի վերաբերվելու Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված մահապատժի արգելքին (հոդված 6, մաս 1)։

 

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13-րդ արձանագրությամբ արդեն իսկ ստանձնել է միջազգային պարտավորություններ, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է, մասնավորապես, մահապատիժը վերացնելու պարտավորություն, երաշխավորելով, որ ոչ ոք չդատապարտվի կամ չենթարկվի մահապատժի։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13-րդ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը 2007 թվականի ապրիլի 17-ին ընդունել էր դրանց՝ Սահմանադրությանը համապատասխանելու մասին ՍԴՈ-694 որոշումը։

 

6. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով Արձանագրությամբ նախատեսված պարտավորությունների բնույթը, գտնում է, որ դրանք բխում են Սահմանադրության 24-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթից, որով նախատեսված՝ կյանքի իրավունքի պաշտպանության սահմանափակումը բացառված է Սահմանադրության 76-րդ հոդվածով։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. 

 

1. 1989 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

8 դեկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1570

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան