Գլխավոր տեղեկություն
Номер
N 422-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2021-01.01.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.12.2020
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
27.11.2020
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող
Дата подписания
27.11.2020
Дата вступления в силу
01.01.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 նոյեմբերի 2020 թվականի
ք. Երևան

N 422-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 429-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ՝

ա) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն), համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ դեզ Օ» ընկերության միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի (այսուհետ՝ Վարձակալության պայմանագիր) ընդհանուր պայմանների 9-րդ հոդվածի 9.1 կետի 1-ին ենթակետի, և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2016 թվականի դեկտեմբերի 9-ի N 397-Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ Ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություններ) մատուցման ԼՋ N 0001 լիցենզիայի (այսուհետ՝ Լիցենզիա) պայմանների N 3 հավելվածի 19-րդ կետի՝ 2020 թվականի օգոստոսի 7-ին Հանձնաժողով է ներկայացրել Ծառայությունների մատուցման 2021 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ՝ բաժանորդներին մատուցվող Ծառայությունների (այսուհետ՝ Մանրածախ ծառայություններ) սակագների գումարային մեծությունը հաշվարկելով յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 179.283 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), և Լիցենզիայի պայմանների N 3 հավելվածի 13-րդ կետի հիման վրա՝ առաջարկելով Ծառայությունների մատուցման գործող սակագները թողնել անփոփոխ նաև 2021 թվականի համար (Մանրածախ ծառայությունների սակագների գումարային մեծությունը՝ 180 դրամ/խորանարդ մետր՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ) Հանձնաժողովը Ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի, Ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը նախաձեռնել է մոնիթորինգ,

գ) Ծառայությունների մատուցման 2021 թվականի սակագների ճշգրտման գործոնների, այդ թվում նաև՝ մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգի արդյունքներով Հանձնաժողովի կատարած հաշվարկների համաձայն՝ Մանրածախ ծառայությունների սակագների գումարային մեծությունը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար կազմում է 178,247 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

դ) Լիցենզիայի պայմանների N 3 հավելվածի 16-րդ կետի համաձայն՝ հաշվարկային տարվա Մանրածախ ծառայությունների մատուցման ճշգրտված սակագնի և հաշվարկային տարվան նախորդող տարվա Մանրածախ ծառայությունների մատուցման գործող սակագնի տարբերությունը, Ընկերության և Հանձնաժողովի փոխադարձ համաձայնությամբ` նույն կետով նախատեսված ճշգրտումից հետո, կարող է հաշվի առնվել հաջորդ կամ հետագա տարիների սակագները հաշվարկելիս,

ե) 2022 թվականին նախատեսվում է Մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ և նպատակ ունենալով մեղմելու այդ աճը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ընկերության հետ քննարկվել է 2020 թվականի համար գործող Մանրածախ ծառայությունների սակագների (գումարային 180 դրամ/խորանարդ մետր՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը) և 2021 թվականի համար նախատեսվող սակագների տարբերությունը (գումարային 1.753 դրամ/խորանարդ մետր՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը) 2022 թվական տեղափոխելու հարցը,

զ) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի 2020 թվականի նոյեմբերի 19-ի N 04/03.8/49928-2020 և Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 01/08/4546-2020 գրություններով ստացվել են վերջիններիս դիրքորոշումները՝ Մանրածախ ծառայությունների գործող սակագների (գումարային 180 դրամ/խորանարդ մետր՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը) և 2021 թվականի համար նախատեսվող սակագների տարբերությունը (գումարային 1.753 դրամ/խորանարդ մետր՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը) 2022 թվական տեղափոխելուն չառարկելու վերաբերյալ,

է) Ընկերությունը 2020 թվականի նոյեմբերի 13-ի N ՄՇ/24736 գրությամբ տվել է իր համաձայնությունը՝ Հանձնաժողովի կողմից 2021 թվականի համար հաշվարկված և Ծառայությունների մատուցման 2020 թվականի համար գործող Հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 20-ի N 429-Ն որոշմամբ սահմանված Մանրածախ ծառայությունների գումարային սակագների տարբերությունը Լիցենզիայի պայմանների 16-րդ կետով նախատեսված ճշգրտումից հետո հաշվի առնել 2022 թվականի սակագների հաշվարկներում,

և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետը, 79.1-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի N 296-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 127.5 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 153,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 22.5 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 27.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող այլ անձանց, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող համայնքներին, համայնքային բյուջետային հիմնարկներին և ոչ առևտրային կազմակերպություններին`

ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 30.0 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 36.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 15.0 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 18.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը` 9.184 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 11.021 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 20-ի «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 28-ի N 434-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 429-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող`

Ս. ԱՂԻՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 դեկտեմբերի 2020 թվական: