Գլխավոր տեղեկություն
Номер
N 2073-Լ
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (20.12.2020-21.02.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 19.12.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.12.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.12.2020
Дата вступления в силу
20.12.2020

 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2073-Լ

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ ԿԱՄ ԽԵՂՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման իմաստով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայող է համարվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անձը, ում վրա տարածվում են Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի N 9 որոշման 9-17-րդ կետերի դրույթները։

3. Սահմանել, որ սույն միջոցառման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին է տրամադրում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, 500,000.0 հազ. դրամի չափով, որից հետո` եռամսյա պարբերականությամբ՝ հիմք ընդունելով Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունը սույն միջոցառման շրջանակներում կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2073-Լ որոշման

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ ԿԱՄ ԽԵՂՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին (այսուհետ՝ շահառու)։

2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 200 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար։

3. Ամենամսյա դրամական վճարի տրամադրումն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (այսուհետ՝ hիմնադրամ) միջոցով, հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի N 9 որոշման 9-րդ կետով սահմանված 100 000 դրամի հետ միաժամանակ։

4. Ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե`

1) վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողը ճանաչվել է hիմնադրամի շահառու, շահառու ճանաչվելու ամսվա 1-ից.

2) ամենամսյա դրամական վճարը վճարվել է 6 ամսվա համար՝ 6-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

3) ամենամսյա դրամական վճար տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել են տեղեկություններ, որ զինծառայողը վնասվածքը կամ խեղումն ստացել է զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու կամ դասալքության կամ կամովին գերի հանձնվելու կամ մարտադաշտն ինքնակամ լքելու հետևանքով։

5. Եթե ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա, ապա վճարված գումարները նվազեցվում են շահառուին hիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից։

6. Եթե ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է սույն հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա, ապա վճարված գումարները շահառուից ետ չեն պահանջվում և դիտարկվում են որպես hիմնադրամի ծախս։

7. Եթե ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է սույն հավելվածի 4–րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա, ապա վճարված գումարները կարող են վերադարձվել զինծառայողի կամ այլ անձի կողմից կամ hիմնադրամի կողմից գանձվել դատական կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան