Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1553
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2020
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
26.10.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
26.10.2020
Дата вступления в силу
26.10.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

26 հnկտեմբերի 2020 թ.

 

«ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի (զեկուցող), Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ՝ արդարադատության նախարարի տեղակալ Ք. Գրիգորյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

 

Կառավարությունն իր` 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 1676-Ա որոշմամբ «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի հոկտեմբերի 14-ին:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ընդունվել է 1989 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Միավորված ազգերի կազմակերպության 44-րդ նստաշրջանում: Այն ուժի մեջ է մտել, համաձայն Կոնվենցիայի 19-րդ հոդվածի 1-ին մասի, 2001 թվականի հոկտեմբերի 20-ին: Կոնվենցիան ստորագրված է 17 և վավերացված՝ 36 պետության կողմից:

Սույն Կոնվենցիայի Կողմ պետություններն ընդունել են (Կոնվենցիայի նախաբան), մասնավորապես, որ՝

ա) վերահաստատում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և «Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան՝ պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության մասով միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով ամրագրված նպատակներն ու սկզբունքները,

բ) իրազեկ են եղել, որ վարձկանները հավաքագրվում, օգտագործվում, ֆինանսավորվում և ուսուցանվում են այնպիսի գործողությունների համար, որոնցով խախտվում են միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են պետությունների ինքնիշխան հավասարությունը, քաղաքական անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշումը,

գ) համոզված են եղել, որ վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ Կոնվենցիայի ընդունումը կնպաստի այդպիսի հակաիրավական գործողությունների վերացմանը՝ դրանով իսկ հանգեցնելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների պահպանմանը:

Կոնվենցիայով սահմանվել է սույն Կոնվենցիայի իմաստով «վարձկան» եզրույթի բովանդակությունը, որն ընդգրկում է Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին մասին համապատասխան Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին մասի «ա»-«ե» կետերում թվարկված բոլոր պայմանները (որպես հանրագումարային արդյունք), իսկ Կոնվենցիայի 1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի 2-րդ մասի «ա»-«ե» կետերում թվարկված բոլոր պայմանները (որպես հանրագումարային արդյունք):

 

2. Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսված են այն արարքները, որոնք Կոնվենցիայի իմաստով համարվում են հանցագործություն:

 

3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիան չի հանդիսանում հանձնման հարաբերությունները կարգավորող հիմնական միջազգային պայմանագիր։ Ինչպես Կոնվենցիայով սահմանված, այնպես էլ հանձնման ենթակա այլ հանցագործությունների պարագայում գործում է «հանձնիր կամ դատիր» (aut dedere aut judicare) սկզբունքը։ Ավելին, ոչ ոք չպետք է հանձնվի այն պետությանը, որտեղ իրական վտանգ կա, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, կամ նրան կարող են սպառնալ խոշտանգումներ, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ, ինչպես նաև չհանձնվի այն պետությանը, որի օրենքներով տվյալ հանցագործության համար նախատեսված է մահապատիժ:

Սույն Կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցը որոշելիս Սահմանադրական դատարանը հիմք է ընդունում, այն, որ Կոնվենցիան ընդունելով՝ Կողմ պետությունները հաստատում են, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը և ուսուցումը պետք է համարվեն բոլոր պետությունների մտահոգություններն առաջացնող հանցագործություններ, և այդ հանցագործություններից որևէ մեկը կատարած ցանկացած անձ ենթակա է կա´մ քրեական հետապնդման, կա´մ հանձնման, և ըստ այդմ՝ սույն Կոնվենցիայում ամրագրվել են համապատասխան կանոնակարգումներ:

 

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) չհավաքագրել, չօգտագործել, չֆինանսավորել կամ չուսուցանել վարձկանների և արգելել այդպիսի գործողությունները (հոդված 5, մաս 1),

բ) չհավաքագրել, չօգտագործել, չֆինանսավորել կամ չուսուցանել վարձկանների՝ միջազգային իրավունքով ճանաչված՝ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի իրավաչափ իրականացմանը հակադրվելու նպատակով, և միջազգային իրավունքին համապատասխան ձեռնարկել պատշաճ միջոցներ՝ այդ նպատակով վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը կամ ուսուցումը կանխելու համար (հոդված 5, մաս 2),

գ) Կոնվենցիայով սահմանված հանցագործությունների համար սահմանել համապատասխան պատիժներ, որոնցով հաշվի է առնվում այդ հանցագործությունների ծանր բնույթը (հոդված 5, մաս 3),

դ) համագործակցել Կոնվենցիայի Կողմ պետությունների հետ Կոնվենցիայով սահմանված հանցագործությունների կանխարգելման հարցում, մասնավորապես՝ ձեռնարկելով գործնականում կիրառելի բոլոր միջոցները` կանխելու համար Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրանից դուրս այդ հանցագործությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան տարածքներում նախապատրաստական աշխատանքների իրականացումը, այդ թվում՝ արգելելով ապօրինի գործողությունների իրականացումն այն անձանց, խմբերի և կազմակերպությունների կողմից, որոնք խրախուսում, դրդում, կազմակերպում են այդպիսի հանցագործություններ կամ մասնակցում են դրանց կատարմանը (հոդված 6, մաս 1, կետ ա),

ե) համագործակցել Կոնվենցիայի Կողմ պետությունների հետ Կոնվենցիայով սահմանված հանցագործությունների կանխարգելման հարցում, մասնավորապես՝ համակարգելով այդ հանցագործությունների կանխարգելման համար վարչական և այլ միջոցների ձեռնարկումը (հոդված 6, մաս 1, կետ բ),

զ) անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի միջոցով համապատասխան տեղեկություններն ստանալուց անմիջապես հետո դրանք ներկայացնել ազդակիր Կողմ պետություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե հիմքեր կան հավատալու, որ Կոնվենցիայով սահմանված որևէ հանցագործություն է կատարվել, կատարվում կամ կկատարվի (հոդված 8),

է) ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Կոնվենցիայով սահմանված ցանկացած այն հանցագործության նկատմամբ Հայաստանի Հանրապետության իրավազորությունը հաստատելու համար, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված նավի կամ օդանավի վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու կողմից կամ Հայաստանի Հանրապետության նպատակահարմարությամբ՝ քաղաքացիություն չունեցող և Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց կողմից (հոդված 9, մաս 1),

ը) ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել հաստատելու Հայաստանի Հանրապետության իրավազորությունը Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված հանցագործությունների նկատմամբ այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, և Հայաստանի Հանրապետությունը նրան չի հանձնում Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պետության (հոդված 9, մաս 2),

թ) համոզվելով, որ հանգամանքներն այդպես են պահանջում ենթադրյալ հանցագործի` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու պարագայում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան նրան կալանավորել կամ ձեռնարկել այնպիսի այլ միջոցներ, որոնք ապահովում են նրա ներկայությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է քրեական կամ հանձնման վարույթ հարուցելու համար, և անհապաղ իրականացնել փաստերի նախնական քննություն (հոդված 10, մաս 1),

ժ) այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, անձին կալանավորում է կամ ձեռնարկում է նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված այլ միջոց, ապա անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի միջոցով այդ մասին անհապաղ տեղեկացնել նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետությունների շրջանակին (հոդված 10, մաս 2),

ժա) ապահովել ցանկացած անձի իրավունքը, որի առնչությամբ ձեռնարկվում են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասում նշված միջոցները` անհապաղ դիմելու այն պետության ամենամոտ գտնվող ներկայացուցչին, որի քաղաքացին է ինքը, կամ որն այլ կերպ իրավասու է պաշտպանելու իր իրավունքները, կամ եթե նա քաղաքացիություն չունեցող անձ է, ապա այն պետության ներկայացուցչին, որի տարածքում նա ունի հիմնական բնակության վայր: Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի նաև այդ պետության ներկայացուցչի կողմից այցի իրավունքը (հոդված 10, մաս 3),

ժբ) Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջոցները ձեռնարկելիս եզրահանգումների մասին անմիջապես տեղեկացնել նույն հոդվածի 2-րդ մասում նշված պետություններին և նշել, թե արդյոք մտադիր է իրականացնել Հայաստանի Հանրապետության իրավազորությունը (հոդված 10, մաս 5),

ժգ) ցանկացած անձի համար, որի առնչությամբ իրականացվում է վարույթ Կոնվենցիայով սահմանված հանցագործություններից որևէ մեկի կապակցությամբ, վարույթի բոլոր փուլերում երաշխավորել արդարության պահանջների պահպանումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու երաշխիքները` ներառյալ նաև միջազգային իրավունքի կիրառելի նորմերը (հոդված 11),

ժդ) եթե ենթադրյալ հանցագործը հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, և եթե Հայաստանի Հանրապետությունը չի հանձնում նրան, ապա առանց որևէ բացառության և անկախ այն հանգամանքից՝ հանցագործությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, թե՝ ոչ, գործը հանձնել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վարույթների միջոցով քրեական հետապնդում իրականացնելու նպատակով և ապահովել, որ այդ մարմիններն իրենց որոշումը կայացնեն նույն կարգով, ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն այլ ծանր հանցագործության դեպքում (հոդված 12),

ժե) Կոնվենցիայով սահմանված հանցագործությունների առնչությամբ հարուցված քրեական գործով վարույթների կապակցությամբ Կոնվենցիայի Կողմ պետություններին` փոխադարձության հիման վրա, տրամադրել առավել լայն աջակցություն, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության տրամադրության տակ եղած, վարույթի համար անհրաժեշտ բոլոր ապացույցները (հոդված 13, մաս 1),

ժզ) եթե ենթադրյալ հանցագործը քրեական հետապնդման է ենթարկվում Հայաստանի Հանրապետությունում, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ վարույթի վերջնական արդյունքի մասին տեղեկացնել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որն էլ տեղեկատվությունը փոխանցում է մյուս շահագրգիռ պետություններին (հոդված 14):

 

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված դրույթներին և ի թիվս այլնի՝ միտված են նաև վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ պայքարին՝ նպաստելով այդպիսի հակաիրավական գործողությունների վերացմանը՝ դրանով իսկ հանգեցնելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների պահպանմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

26 հոկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1553

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2020 թվական: