ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2064/02/11 2020 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2064/02/11 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
Մ. Դրմեյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Գ. հակոբյան | ||
|
|
Ս. միքայելյան |
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի հուլիսի 08–ին
գրավոր ընթացակարգով քննելով Նունե Շահինյանի, Գայանե Մուշեղյանի և նրանց ներկայացուցիչ Մինաս Մուրադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նունե Շահինյանի և Գայանե Մուշեղյանի (այսուհետ` Համահայցվորներ) ընդդեմ Ժոզեֆ և Էդուարդ Գավարյանների (այսուհետ` Համապատասխանողներ)` հողամասի սահմանների խախտումները վերացնելուն և բետոնապատ ցանկապատի հիմքերը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են պարտավորեցնել Համապատասխանողներին վերացնել իրենց սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքի (հողամասի) սահմանների խախտումները, այն է` պարտավորեցնել Համապատասխանողներին ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 24 և թիվ 22/1 հասցեներում գտնվող անշարժ գույքերի (հողամասերի) միջև գտնվող սահմանը բնության մեջ տեղադրել (համապատասխանեցնել) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) կողմից 24.01.2014 թվականին տրված թիվ 24012014-01-0124 սեփականության վկայականում նշված կոորդինատներին համապատասխան, ինչպես նաև պարտավորեցնել Համապատասխանողներին իրենց միջոցներով բետոնապատման եղանակով վերականգնել շինարարական աշխատանքների արդյունքում ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 24 և թիվ 22/1 հասցեներում գտնվող անշարժ գույքերի (հողամասերի) միջև վնասված բետոնապատ ցանկապատի (բաժանարար պատի) հիմքերը և ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքի (հողամասի) քանդված հողային ծածկույթը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) 08.06.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան, դատավորներ` Տ. Նազարյան, Կ. Չիլինգարյան) 03.11.2016 թվականի որոշմամբ Համահայցվորների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.06.2016 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.01.2017 թվականի որոշմամբ Համապատասխանողների ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 18.12.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2018 թվականի որոշմամբ Համապատասխանողների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 18.12.2017 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Նունե Շահինյանը, Գայանե Մուշեղյանը և նրանց ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածները, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 274-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Համահայցվորների պահանջը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի իրավակարգավորումների շրջանակներում:
Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ Համահայցվորները դատաքննության ժամանակ ապացուցել են իրենց հողամասը Համապատասխանողների կողմից զավթած լինելու փաստը: Նշվածը հիմնավորվել է գործում առկա՝ Ժոզեֆ Գավարյանի կնոջ՝ Սոֆյա Կարապետյանի կողմից ոստիկանությունում տրված բացատրությամբ, որով վերջինս ընդունել է, որ վիճելի հողամասի ցանկապատը քանդվել է իրենց կողմից՝ շինարարական աշխատանքների (վերանորոգման) ընթացքում, և պարտավորվել է չիրականացնել որևէ շինարարական աշխատանք մինչև օրենքով սահմանված կարգով վեճի լուծումը: Բացի այդ, գործում առկա փորձագիտական եզրակացություններից հետևում է, որ առկա է կոորդինատների տեղաշարժում, որի հետևանքով հայցվորների հողը պակասել է 6,1քմ-ով:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանն իրականացրել է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ամբողջովին հետազոտել է գործում առկա ապացույցները և կայացրել օրինական ու հիմնավորված դատական ակտ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «բեկանել Վերաքննիչ դատարանի 19.07.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.12.2017 թվականի վճռին, ինչպես նաև Համապատասխանողներից բռնագանձել 300.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ դատարանում ներկայացուցչության համար փաստաբանին վճարված խելամիտ վարձատրության գումար»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Կադաստրի կողմից 21.08.2007 թվականին տրված թիվ 22576100 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1 հասցեում (ներկայիս՝ ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1) գտնվող հողամասի (0,01268հա) նկատմամբ հավասար բաժիններով գրանցված է Զեմֆիրա և Գայանե Մուշեղյանների, Նունե Շահինյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 12-16):
2) ՀՀ կենտրոն նոտարական տարածքի կողմից 30.07.2012 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Զեմֆիրա Մուշեղյանի մահից հետո վերջինիս ըստ կտակի ժառանգ է Նունե Շահինյանը (հատոր 1-ին, գ.թ. 84):
3) Կադաստրի կողմից 24.01.2014 թվականին տրված թիվ 24012014-01-0124 սեփականության վկայականի համաձայն՝ ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող հողամասը (0,0127հա) սեփականության իրավունքով պատկանում է Գայանե Մուշեղյանին (1/3 բաժնեմասով) և Նունե Շահինյանին (2/3 բաժնեմասով) (հատոր 5-րդ, գ.թ. 113):
4) Կադաստրի կողմից 12.06.2009 թվականին տրված թիվ 2563288 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 24 բնակելի տան նկատմամբ գրանցված է Համապատասխանողների սեփականության իրավունքը: Նույն հասցեի հողամասի մակերեսը կազմում է 0,862հա (հատոր 5-րդ, գ.թ. 104-109):
5) Ժոզեֆ Գավարյանի կնոջ՝ Սոֆիա Կարապետյանի կողմից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում 11.08.2011 թվականին «Բացատրություն վերցնելու մասին» արձանագրության համաձայն` Սոֆիա Կարապետյանը հայտնել է, որ «(...) Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 24 հասցեում բնակվում է 1972 թվականից ընտանիքի հետ միասին: Վերը նշված հասցեում թիվ 22 տան հարևանությամբ բաժանող սահմանագծի ցանկապատը վերանորոգելու ընթացքում քանդվել է մի որոշ հատված և բաժանարար պատը, որի հետևանքով իրենց և Գայանե Մուշեղյանի միջև առաջացել է վիճելի հարց հողամասի սահմանագծի վերաբերյալ: Ցանկացել են իրենց միջոցներով այն վերականգնել, սակայն իմացել են, որ Գայանե Մուշեղյանը դիմել է համապատասխան մարմիններին նշված վիճելի հարցի շուրջ: Իրենք էլ իրենց հերթին են դիմել գեոդեզիայի կենտրոն, որպեսզի համապատասխան մասնագետները իրավապահների հետ կատարեն չափագրական աշխատանքներ: Չափագրման աշխատանքների ընթացքում առաջացել են հակասություններ նախկինում կատարված չափագրումների հետ: Դրանից հետո (…) ոչ մի շինարարական աշխատանքներ չի իրականացրել, քանի որ վիճելի հարցը պետք է լուծվի օրենքի սահմաններում (...)»: Միաժամանակ Սոֆիա Կարապետյանը նշել է, որ քանդված բետոնի հետքը պարզ երևում է հողի շերտի վրա (հատոր 5-րդ, գ.թ. 74):
6) Ժոզեֆ Գավարյանի կնոջ՝ Սոֆիա Կարապետյանի կողմից 11.08.2011 թվականին ՀՀ ոստիկանությունում ստորագրված պարտավորագրի համաձայն` Սոֆիա Կարապետյանը՝ բնակվող Լեռ Կամսար թիվ 24 հասցեում գտնվող տանը, պարտավորվել է չիրականացնել ոչ մի շինարարական աշխատանք (հատոր 5-րդ, գ.թ. 75):
7) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 09.08.2011 թվականի թիվ 19/Մ-4144 գրության համաձայն` Երևանի քաղաքապետարանը Գայանե Մուշեղյանին հայտնել է, որ «Ժոզեֆ Գավարյանի կողմից Երևան քաղաքի, Լեռ Կամսար փողոցի թիվ 24 հողամասի և Մ. Բաղրամյան պողոտա 1-ին նրբանցքի թիվ 22/1 (ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1) հասցեի` սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի (սեփականության իրավունքի վկայական հ.2257610 տրված 21.08.2007թ.) սահմանազատման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները կասեցվել են (...)» (հատոր 5-րդ, գ.թ. 76):
8) «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 18.12.2013 թվականի թիվ 36491207 եզրակացությամբ, ի պատասխան առաջադրված 2-րդ հարցադրմանը, այն է՝ համապատասխանում է արդյո՞ք ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 24 հասցեի և Երևանի Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի (ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1) հասցեի հողամասերի միջև սահման հանդիսացող ցանկապատի ծայրակետային հիմքերի փորձաքննության անցկացման պահի դրությամբ բնության մեջ փաստացի առկա տեղադրվածությունը 28.04.2009 թվականի թիվ 1730-2009 գլխավոր հատակագծում արտացոլված 5 և 6 կետերի համապատասխան կոորդինատներին, «Հետազոտում» բաժնում նշվել է «(...) 28.04.2009 թվականի թիվ 1730-2009 գլխավոր հատակագիծն իրականացվել է գեոդեզիական տեղական համակարգով, որը ներկա դրությամբ ՀՀ տարածքում չի գործում, ներկա դրությամբ գործում է ռեֆերենց կայանի միջոցով WGS-84 կոորդինատային համակարգը: Ուստի նման պայմաններում տարբեր համակարգերով իրականացված գեոդեզիական տեղագրական հանույթները չեն կարող համապատասխանել միմյանց, (…) ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 24 հասցեի և Երևան քաղաքի, Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի թիվ 22/1 (ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1) հասցեի հողամասերի միջև սահման հանդիսացող ցանկապատի ծայրակետային հիմքերի փորձաքննության անցկացման պահի դրությամբ բնության մեջ փաստացի առկա տեղադրվածությունը 28.04.2009 թվականի թիվ 1730-2009 գլխավոր հատակագծում արտացոլված 5 և 6 կետերի կոորդինատներին չի համապատասխանում (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 6-20):
9) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 13.04.2015 թվականի թիվ 14-0331Դ եզրակացությամբ, ի թիվս այլնի, առաջադրվել են հետևյալ հարցադրումները՝
Հարց 1-ին – ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 24 հասցեի հողամասի Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի թիվ 22/1 (ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1) հասցեի հողամասին հարող հատվածի (ողջ երկարությամբ) ծայրակետերի դիրքը բնության մեջ համապատասխանում է արդյո՞ք վերջինիս՝ 28.04.2009 թվականի թիվ 1730-2009 գլխավոր հատակագծում նշված ծայրակետերի կոորդինատներին,
Հարց 2-րդ – 1-ին հարցին բացասական պատասխան տալու դեպքում՝ բնության մեջ ի՞նչ չափով և ո՞ր ուղղությամբ պետք է տեղաշարժել ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 24 հասցեի հողամասի Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի թիվ 22/1 (ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1) հասցեի հողամասին հարող հատվածի (ողջ երկարությամբ) ծայրակետերի դիրքը, որպեսզի դրանք համապատասխանեն վերջինիս՝ 28.04.2009 թվականի թիվ 1730-2009 գլխավոր հատակագծում նշված ծայրակետերի կոորդինատներին:
Նույն փորձաքննության «Հետևություններ» բաժնում վերը նշված հարցերին տրվել են հետևյալ պատասխանները՝
1-ին հարցի պատասխան՝ «(...) փորձաքննությանը ներկայացված 28.04.2009 թվականի թիվ 1730-2009 գլխավոր հատակագծի տեղական կոորդինատային համակարգի փոխարկումը WGS-84 կոորդինատային համակարգի և «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի կողմից կատարված փաստացի վիճակի չափագրության համադրումից պարզվեց, որ Երևանի Լեռ Կամսարի փողոցի թիվ 24 հասցեի և Երևանի Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի թիվ 22/1 (ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1) հասցեի հողամասերի միջև սահման հանդիսացող ցանկապատի ծայրակետային հիմքերի փորձաքննության անցկացման պահի դրությամբ բնության մեջ փաստացի առկա տեղադրվածությունը 28.04.2009 թվականի թիվ 1730-2009 գլխավոր հատակագծում արտացոլված 5,6 և 7 կետերի համապատասխան նույն կոորդինատներին չի համապատասխանում»:
2-րդ հարցի պատասխան՝ «28.04.2009 թվականի թիվ 1730-2009 գլխավոր հատակագծի և փաստացի վիճակի կադաստրային հանույթի համադրմամբ գոյություն ունի անհամապատասխանություն, մասնավորապես` 5-րդ համարի կետը բնության մեջ դեպի աջ է տեղափոխվել 0,11մ (Լեռ Կամսար թիվ 24 հասցեի հողամասի կողմ), 6-րդ կետը բնության մեջ դեպի ձախ է տեղափոխվել 0,34մ (Բաղրամյան 1-ին նրբանցք թիվ 22/1 (ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1) հասցեի հողամասի կողմ), իսկ 7-րդ համարի կետը բնության մեջ դեպի աջ է տեղափոխվել 1,05մ (Լեռ Կամսար թիվ 24 հասցեի հողամասի կողմ), հարկ է նշել, որ այդ կետերի տեղաշարժման արդյունքում Բաղրամյան 1-ին նրբանցք թիվ 22/1 (ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1) հողամասի մակերեսը պակասել է 6,1քմ-ով (...)» (հատոր 3-րդ, գ.թ. 31-48):
10) Ա/Ձ Մինաս Մուրադյանի և Նունե Շահինյանի միջև 22.02.2018 թվականին կնքված «Իրավաբանական ծառայությունների մատուցման» մասին պայմանագրի համաձայն` Ա/Ձ Մինաս Մուրադյանը պարտավորվել է սույն գործով, ի թիվս այլնի, իրականացնել դատական ներկայացուցչություն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում և կազմել վերաքննիչ բողոքի պատասխան: Պայմանագրի գինը կազմել է 300.000 ՀՀ դրամ (հատոր 7-րդ, գ.թ. 62-63):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ և 277-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ՝
- վինդիկացիոն և նեգատոր հայցերի իրավական կարգավորմանը՝ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները,
- վինդիկացիոն և նեգատոր հայցերի փոխհարաբերակցության խնդրին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` (...) (2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով. (3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքի 274-277-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները պատկանում են նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Այդ անձն իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաև ընդդեմ սեփականատիրոջ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի սեփականությանը` որպես սահմանադրորեն երաշխավորված իրավունքի: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, և դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը (տե՛ս Գագիկ Սիսակունին ընդդեմ Սարգիս Գարուկյանի և մյուսների թիվ ԵԱՆԴ/1628/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վերոնշյալ իրավանորմերը ուղղված են պաշտպանելու և՛ սեփականատիրոջ իրավունքները, և՛ այն անձանց իրավունքները, որոնք նշված գույքը տիրապետում են պայմանագրի կամ օրենքի հիման վրա (տե´ս Սարգիս և Ռոզա Գևորգյաններն ընդդեմ Արմենուհի Հովհաննիսյանի թիվ ԵԿԴ/1572/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը): Այլ կերպ ասած՝ գույքի սեփականատիրոջ լիազորությունների շրջանակներում ներառվում են ինչպես գույքը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, գույքն օգտագործման հանձնելու, այլ անձանց գույքից օգտվելու հնարավորություն ընձեռելու, այնպես էլ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողություններ իրականացնելու իրավունքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է սեփականատիրոջ` իր գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու իրավունքին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումն ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի (տե՛ս Արմենուհի Թադևոսյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ՇԴ/0613/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):
Ապօրինի տիրապետման փաստն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայում է տիտղոսային տիրապետումը, այլև երբ տիրապետումը հիմնված է օրինական հիմքի (տիտղոս) վրա, որը հետագայում վերանում է:
Ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան պատասխանողի կողմից վեճի առարկա գույքն ապօրինի տիրապետելու և հայցվորի կողմից տվյալ գույքի սեփականատեր հանդիսանալու փաստերն են: Հետևաբար ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջ ներկայացնող կողմը կրում է նշված երկու փաստերի ապացուցման բեռը (տե՛ս Միսակ-Նուբար Թեբելեկյանն ընդդեմ Ռուբեն Քոչարի և մյուսների թիվ ԵԿԴ/0805/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում կայացրած որոշումներում արտահայտած դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայցերով պատշաճ հայցվոր հանդիսանում է գույքի սեփականատերը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածից հետևում է, որ նույն օրենսգրքի 274-րդ հոդվածով նախատեսված իրավունքը պատկանում է նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Միևնույն ժամանակ վինդիկացիոն հայցը կարող է հարուցվել միայն ապօրինի տիրապետողի դեմ, հետևաբար այդպիսի հայցով պատշաճ պատասխանող կարող է լինել այն անձը, ում ապօրինի տիրապետման ներքո գտնվում է սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի գույքը (տե՛ս Վարդան Ղազարյանն ընդդեմ Լևոն Գրիգորյանի թիվ ԼԴ1/0030/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով նեգատոր հայցի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Ընդ որում, գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումները, որպես կանոն, տևական և շարունակական են (տե´ս Ռազմիկ, Սիրանուշ, Կարեն, Տիգրան Մանուչարյանները և Կարինե Հարությունյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության և Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/0502/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածով ամրագրվել է այնպիսի խախտումները վերացնելու պահանջ ներկայացնելու իրավունքը (նեգատոր հայց), որոնք, չզրկելով սեփականատիրոջը գույքի տիրապետման իրավունքից, խոչընդոտում են նրա այլ` գույքի օգտագործման և տնօրինման լիազորությունների լիարժեք իրականացմանը` դրանով իսկ խախտելով այդ իրավունքները: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարել արձանագրել, որ նեգատոր հայցով սեփականատիրոջ իրավունքները ենթակա են պաշտպանության այն դեպքում, երբ պատասխանողի գործողություններն օրինական չեն, իսկ այն դեպքում, երբ պատասխանողի գործողությունները հիմնված են վարչական ակտի վրա, ապա իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի վարչական ակտը վիճարկելու եղանակով (տե´ս Նվարդ Ղուկասյանն ընդդեմ Համլետ Մադոյանի թիվ ՇԴ/1609/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նեգատոր հայցի ներկայացման հնարավորություն առաջանում է այն դեպքում, երբ գույքի սեփականատերը և երրորդ անձը վիճելի գույքի առնչությամբ չեն գտնվում պարտավորական հարաբերությունների մեջ, և երբ թույլ տրված իրավախախտումը չի հանգեցրել գույքի նկատմամբ սեփականության սուբյեկտիվ իրավունքի դադարման: Վերոնշյալ մեկնաբանությունների ընդհանրացման արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ նեգատոր հայցի ներկայացման դեպքում միաժամանակ պետք է առկա լինեն հետևյալ երկու պայմանները.
1) հայցվորը հայցի հարուցման պահին պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ օրինական (տիտղոսային) տիրապետող,
2) հայցի ներկայացման պահին պետք է առկա լինի երրորդ անձի կողմից թույլ տրված այնպիսի գործողություն կամ անգործություն, որը խոչընդոտի գույքի սեփականատիրոջը կամ օրինական (տիտղոսային) այլ տիրապետողին օգտագործել և (կամ) տնօրինել գույքը:
Վերոնշյալ պայմանները որպես փաստ ներառվում են նեգատոր հայցերով հարուցված գործերի ապացուցման առարկայում: Այդուհանդերձ դրանք ապացուցման առարկան կազմող միակ փաստերը չեն: Ի թիվս վերոնշյալի` ապացուցման է ենթակա նաև երրորդ փաստը, այն է` գույքի օգտագործմանը և (կամ) տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության օրինական լինելու փաստը: Նեգատոր հայցը սեփականության իրավունքի պաշտպանության ինքնուրույն միջոց է, որն իր հիմքում ունի փաստերի առանձնահատուկ կազմ, հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը կիրառելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ գործով ապացուցման առարկան և դրա հիմքը, որից հետո միայն կողմերի միջև ճիշտ բաշխեն ապացուցման պարտականությունը: Հիմք ընդունելով վերոնշյալ վերլուծությունները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ նեգատոր հայցերի դեպքում դատավարական բեռը բաշխելիս հայցվորն է կրում գույքի սեփականատերը լինելու և այդ գույքի օգտագործմանը և (կամ) տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության փաստերն ապացուցելու պարտականությունը: Ինչ վերաբերում է երրորդ փաստին` գործողությունների կամ անգործության հակաիրավական բնույթին, ապա հայց ներկայացնելու պահին վերջիններիս առնչությամբ գործում է հակաիրավական լինելու կանխավարկածը, քանի դեռ պատասխանողը չի ապացուցել հակառակը: Հետևաբար նշված փաստի ապացուցման դատավարական բեռը կրում է պատասխանողը (տե´ս Լևոն Արշակունին ընդդեմ Կոմիտաս Հայրապետյանի թիվ ԿԴ3/0450/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Հավելելով վերը նշված իրավական դիրքորոշումներին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ և 277-րդ հոդվածներն ուղղված են ապահովելու սեփականատիրոջ՝ սահմանադրորեն երաշխավորված սեփականության իրավունքների պաշտպանությունը: Ընդ որում, վինդիկացիոն հայցի դեպքում պարտադիր պայման է սեփականությունը տիրապետելու հնարավորությունից սեփականատիրոջ զրկված լինելու փաստի առկայությունը, իսկ նեգատոր հայցի դեպքում սեփականատերը պետք է զրկված չլինի իրեն պատկանող գույքը փաստացի տիրապետելու հնարավորությունից: Այսինքն՝ վինդիկացիոն և նեգատոր հայցերի տարանջատման հարցում օրենսդիրը կարևորել է այն հանգամանքը, թե սեփականատիրոջ իրավունքի խախտումն արդյո՞ք կապված է նրան իր գույքի տիրապետումից զրկելու հետ, թե` ոչ: Բոլոր այն դեպքերում, երբ խախտումը զուգորդված չէ սեփականատիրոջը գույքի տիրապետման իրավազորությունից զրկելով, գործ ունենք նեգատոր հայցի հետ, իսկ երբ խախտումն ուղեկցվում է սեփականատիրոջն իր գույքի տիրապետման հնարավորությունից զրկելով, գործ ունենք վինդիկացիոն հայցի հետ: Վինդիկացիոն հայցի մասին խոսք լինել չի կարող միայն այն դեպքում, երբ սեփականատերը խախտման արդյունքում ստեղծված իրավիճակում հնարավորություն ունի տիրապետել իր գույքը, իսկ եթե խախտման արդյունքում սեփականատերը մեկուսացվում է իր գույքի տիրապետումից, ապա նա իր իրավունքը կարող է պաշտպանել միայն վինդիկացիոն հայցի, այն է` իր գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու միջոցով:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ օրենսդիրը չի բացառել և՛ վինդիկացիոն, և՛ նեգատոր հայցերի միաժամանակյա հարուցումը: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վինդիկացիոն և նեգատոր հայցերը, լինելով իրարից էականորեն տարբեր հայցատեսակներ, որոշ դեպքերում կարող են զուգորդվել՝ փոխլրացնելով միմյանց: Այդ կերպ ապահովվում է սեփականատիրոջ իրավունքի լիիրավ պաշտպանությունը, այն դեպքում, երբ միևնույն անձը թույլ է տվել սեփականության իրավունքի՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի խախտում, որոնցից մեկը զրկում է սեփականատիրոջը գույքի որոշ մասի տիրապետումից, իսկ մյուս խախտումը կապված չէ տիրապետումից զրկելու հետ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործով վերը նշված հանգամանքները ենթակա են իրավահարաբերության ծագման պահին գործող`17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով սահմանված ապացուցման կանոններով: Այսպես՝
Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս անդրադարձել է վերը նշված հոդվածի իրավական վերլուծությանը, ուստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում դրան (տե'ս ի թիվս այլնի, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը և հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվում է հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող գույքը պատասխանողների կողմից ապօրինի տիրապետելու փաստը, մասնավորապես` հայցվորների հողամասի սահմանակից հատվածում հողամասի սահմանները բնության մեջ տեղափոխելու և հայցվորներից 6,1քմ մակերես հող զավթելու հանգամանքը: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ գործում առկա ապացուցներով հաստատվում է նաև պատասխանողների կողմից վիճելի հողամասի ցանկապատի բետոնապատ հիմքի քանդելու փաստը՝ շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով:
Վերաքննիչ դատարանը Համապատասխանողների բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ ներկայացված հայցապահանջի բովանդակությունից հետևում է, որ հայցվորները սույն գործով ներկայացրել են գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջ (վինդիկացիոն հայց), ինչպես նաև տիրապետումից զրկելու հետ չզուգորդված պահանջ, այսինքն` գույքի տնօրինման և օգտագործման իրավունքի խախտումը վերացնելու պահանջ, այլ կերպ ասած` նեգատոր հայց: Սակայն Դատարանը որևէ կերպ անդրադարձ չի կատարել հայցի իրավական հիմքում դրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածին, դրա` սույն գործով կիրառելի լինելուն կամ չլինելուն, այդ հիմքով ներկայացված պահանջը հիմնավոր կամ անհիմն լինելուն: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանի կողմից սույն գործով կատարվել է թերի քննություն, քանի որ Դատարանը, վկայակոչելով և կիրառելով միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, պատշաճ քննություն չի իրականացրել նշված հոդվածի կիրառման համար հայցի ապացուցման առարկան կազմող փաստերի մասով: Վերաքննիչ դատարանը նշել է, որ երկու հողամասերի միջև առկա ցանկապատի քանդումը (անգամ եթե այդպիսի փաստը հաստատված համարվի) դեռևս չի կարող վկայել հողազավթման փաստի առկայության մասին:
Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը՝
Համահայցվորների ներկայացուցչի կողմից ներկայացված «Հայցի հիմքն ու առարկան փոխելու մասին» դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ հայցի իրավական հիմքում դրվել են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ, այնպես էլ 277-րդ հոդվածները, իսկ վերջնական պահանջներն են կազմել հետևյալ պահանջները, այն է՝
1. պարտավորեցնել Էդուարդ և Ժոզեֆ Սուրենի Գավարյաններին ՀՀ, ք. Երևան, Լեռ Կամսար թիվ 24 հասցեում գտնվող և ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքերի (հողամասերի) միջև գտնվող սահմանը բնության մեջ տեղադրել (համապատասխանեցնել) Կադաստրի 24.01.2014 թվականի թիվ 24012014-01-0124 սեփականության վկայականում նշված կոորդինատներին համապատասխան,
2. պարտավորեցնել Էդուարդ և Ժոզեֆ Սուրենի Գավարյաններին իրենց միջոցներով, բետոնապատման եղանակով վերականգնել շինարարական աշխատանքների արդյունքում ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 24 հասցեում գտնվող և ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքերի միջև վնասված բետոնապատ ցանկապատի (բաժանարար պատի) հիմքերը և ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքի (հողամասի) քանդված հողային ծածկույթը:
Նշվածը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Համահայցվորներն ըստ էության առաջին պահանջով ներկայացրել են վինդիկացիոն հայց՝ պահանջելով վերացնել տիրապետման հետ կապված խախտումը, մասնավորապես՝ վիճելի հողամասի սահմանը բնության մեջ տեղադրել (համապատասխանեցնել) Կադաստրի 24.01.2014 թվականի թիվ 24012014-01-0124 սեփականության վկայականում նշված կոորդինատներին համապատասխան: Այդ պահանջը, փաստորեն, ուղղված է վեճի առարկա հողամասի համապատասխան մասի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձմանը:
Ինչ վերաբերում է Համահայցվորների երկրորդ պահանջին, ապա այն իրենից ներկայացնում է նեգատոր հայց և ուղղված է տիրապետման հետ չկապված խախտման վերացմանը:
Այսինքն՝ տվյալ դեպքում վինդիկացիոն և նեգատոր հայցերն ըստ էության զուգորդվել են: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ ներկայացված հայցապահանջի բովանդակությունից հետևում է, որ հայցվորները սույն գործով ներկայացրել են ինչպես գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջ (վինդիկացիոն հայց), այնպես էլ տիրապետումից զրկելու հետ չզուգորդված պահանջ, այլ կերպ ասած` նեգատոր հայց:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Դատարանն իրականացրել է թերի քննություն և որևէ անդրադարձ չի կատարել հայցի հիմքում դրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածին, ինչպես նաև պատշաճ քննություն չի իրականացրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի կիրառման համար հայցի ապացուցման առարկան կազմող փաստերի մասով, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը, բավարարելով Համահայցվորների վինդիկացիոն հայցի հետ կապված պահանջը, հիմք է ընդունել Կադաստրի կողմից տրված սեփականության իրավունքի վկայականները, որտեղ արտացոլված են նաև հողամասերի չափերը, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 18.12.2013 թվականի թիվ 36491207 և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 13.04.2015 թվականի թիվ 14-0331Դ եզրակացություները, որոնցից հետևում է, որ փորձաքննության անցկացման պահի դրությամբ ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 24 հասցեի և Երևանի Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի թիվ 22/1 (ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1) հասցեի հողամասերի միջև սահման հանդիսացող ցանկապատի ծայրակետային հիմքերի բնության մեջ փաստացի առկա տեղադրվածությունը չի համապատասխանում 28.04.2009 թվականի թիվ 1730-2009 գլխավոր հատակագծում արտացոլված 5, 6 և 7 կետերի կոորդինատներին և այդ կետերի տեղաշարժման արդյունքում Բաղրամյան 1-ին նրբանցք թիվ 22/1 (ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1) հողամասի մակերեսը պակասել է 6,1քմ:
Բացի այդ, Ժոզեֆ Գավարյանի կնոջ՝ Սոֆիա Կարապետյանի կողմից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում 11.08.2011 թվականին «Բացատրություն վերցնելու մասին» արձանագրության և ստորագրված պարտավորագրի բովանդակությունից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 09.08.2011 թվականի թիվ 19/Մ-4144 գրությունից հետևում է, որ վիճելի հողամասի ցանկապատը և դրա բետոնապատ հիմքը քանդվել են Համապատասխանողների կողմից՝ շինարարական աշխատանքների (վերանորոգման) կատարման ընթացքում, և հողամասերի սահմանների վեճը ծագելուց հետո այդ աշխատանքները կասեցվել են մինչև օրենքով սահմանված կարգով վեճի լուծումը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Համապատասխանողները, կատարելով որոշակի շինարարական աշխատանքներ, քանդել են վիճելի հողամասի ցանկապատը և դրա բետոնապատ հիմքը, որի հետևանքով տեղի է ունեցել կոորդինատների տեղաշարժում, ինչի արդյունքում Համահայցվորների հողը պակասել է 6,1 քմ-ով: Այսինքն՝ Համապատասխանողների կողմից կատարված խախտումը, այն է` ցանկապատի սահմանների տեղաշարժը, իսկ այնուհետև շինարարական աշխատանքներ կատարելիս հողածածկույթը վնասելը, անմիջականորեն կապված են Համահայցվորներին իրենց գույքի տիրապետումից զրկելու, նրանց հողամասի մի մասը զավթելու հետ, քանի որ շինարարական աշխատանքները կատարվել են նրանց հողամասում` փաստորեն նրանց զրկելով հողամասի այդ հատվածի նկատմամբ տիրապետման իրավազորությունից: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն իրավացիորեն հաստատված է համարել Համապատասխանողների կողմից Համահայցվորներին սեփականության իրավունքով պատկանող հողի համապատասխան մակերեսի ապօրինի տիրապետումը:
Ինչ վերաբերում է հայցի առարկայում ներառված նեգատոր հայցապահանջի բավարարման իրավաչափությանը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած այն հանգամանքին, որ Դատարանը չի անդրադարձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի իրավական վերլուծությանը, այնուհանդերձ այդ պահանջի մասով նույնպես կատարել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ հետազոտելով գործում առկա բոլոր ապացույցները:
Այսպես՝ Ժոզեֆ Գավարյանի կնոջ՝ Սոֆիա Կարապետյանի կողմից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում 11.08.2011 թվականին տրված բացատրությամբ և ստորագրված պարտավորագրով վերջինս ընդունել է, որ Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 24 հասցեում բնակվում է 1972 թվականին իր ընտանիքի հետ միասին: Նշված հասցեում թիվ 22 տան հարևանությամբ բաժանող սահմանագծի ցանկապատը վերանորոգելու ընթացքում քանդվել է դրա մի որոշ հատվածը և բաժանարար պատը, որի հետևանքով իրենց և Համահայցվորների միջև առաջացել է վիճելի հարց հողամասի սահմանագծի վերաբերյալ: Միաժամանակ Սոֆիա Կարապետյանը նշել է, որ քանդված բետոնի հետքը պարզ երևում է հողի շերտի վրա:
Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակառակն ապացուցված չլինելու պայմաններում հիմնավորվում է այն փաստը, որ Համապատասխանողների շինարարական աշխատանքների արդյունքում վնասվել են Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 24 հասցեում գտնվող և ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքերի միջև բետոնապատ ցանկապատի (բաժանարար պատի) հիմքերը և ՀՀ, Երևան քաղաքի Լեռ Կամսար փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքի (հողամասի) քանդված հողային ծածկույթը: Այսինքն՝ Համապատասխանողների կողմից թույլ տրված գործողությունների հետևանքով խոչընդոտվում է Համահայցվորների գույքի օգտագործումը և (կամ) տնօրինումը, այլ կերպ ասած՝ թույլ է տրվել Համահայցվորների սեփականության իրավունքի՝ տիրապետումից զրկելու հետ չզուգորդված խախտում:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Համահայցվորների նեգատոր հայցին առնչվող պահանջը, որը նույնպես ենթակա է բավարարման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված պատճառաբանություններով հերքվում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Դատարանի կողմից սույն գործով կատարվել է թերի քննություն, ներկայացված բոլոր ապացույցները պատշաճ կերպով իրենց համակցության մեջ չեն ուսումնասիրվել ու գնահատվել, բացակայում են Դատարանի վերլուծությունները, դատողությունները, հիմնավորումները ներկայացված պահանջի և ի հիմնավորում դրա ներկայացված ապացույցների վերաբերյալ, ինչի արդյունքում կայացված դատական ակտը չի կարող համարվել պատշաճ հիմնավորված ու պատճառաբանված:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը`(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոնների համաձայն:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 18.12.2017 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Ժոզեֆ և Էդուարդ Գավարյաններից հօգուտ Նունե Շահինյանի և Գայանե Մուշեղյանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար (հատոր 4-րդ, գ.թ. 6), ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է փաստաբանի խելամիտ վարձատրության իրավական դիրքորոշմանը և նշել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե´ս Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի, մասնավորապես` Ա/Ձ Մինաս Մուրադյանի և Նունե Շահինյանի միջև 22.02.2018 թվականին կնքված «Իրավաբանական ծառայությունների մատուցման» մասին պայմանագրի համաձայն` Ա/Ձ Մինաս Մուրադյանը պարտավորվել է սույն գործով, ի թիվս այլնի, իրականացնել դատական ներկայացուցչություն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում և կազմել վերաքննիչ բողոքի պատասխան: Պայմանագրի գինը կազմել է 300.000 ՀՀ դրամ (հատոր 7-րդ, գ.թ. 62):
Սույն գործով Համապատասխանողները ներկայացրել են վերաքննիչ բողոք, իսկ Համահայցվորների ներկայացուցիչ Մինաս Մուրադյանը կազմել և 07.03.2018 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան (հատոր 7-րդ, գ.թ. 45): Բացի այդ, վերջինս Վերաքննիչ դատարանում երկու անգամ` 31.05.2018 թվականին և 06.07.2018 թվականին մասնակցել է հրավիրված դատական նիստերին: Վերաքննիչ դատարանում գործի քննությունը տևել է մոտ հինգ ամիս:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ինչպես նաև վերլուծելով Ա/Ձ Մինաս Մուրադյանի և Նունե Շահինյանի միջև 22.02.2018 թվականին կնքված «Իրավաբանական ծառայությունների մատուցման» մասին պայմանագիրը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վերաքննիչ դատարանում ներկայացուցչության համար փաստաբանին վճարված խելամիտ վարձատրության գումար պետք է համարել 150.000 ՀՀ դրամը, հետևաբար Ժոզեֆ և Էդուարդ Գավարյաններից հօգուտ Նունե Շահինյանի ենթակա է բռնագանձման 150.000 ՀՀ դրամ`որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2017 թվականի վճռին:
2. Էդուարդ և Ժոզեֆ Գավարյաններից հօգուտ Նունե Շահինյանի և Գայանե Մուշեղյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
3. Էդուարդ և Ժոզեֆ Գավարյաններից հօգուտ Նունե Շահինյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
Զեկուցող |
Մ. Դրմեյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Գ. հակոբյան | ||
|
|
Ս. միքայելյան |
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|