ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/0432/05/15 2020 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0432/05/15
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան
Դատավորներ՝ |
Հ. Բեդևյան |
Ա. Բաբայան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
Ս. Անտոնյան |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | ||
Գ. հակոբյան | ||
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի հուլիսի 03-ին
դռնբաց դատական նիստում քննելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.04.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սիրվարդ Աբրահամյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային բաժնի (այսուհետ՝ Կադաստր), Ընկերության, Արմավիրի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան)` ՀՀ էներգետիկայի նախարարություն «Կենտրոնական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անվամբ 04.10.2001 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից քաղաք Արմավիր, Չարենցի թիվ 4 հասցեում տեղակայված տրանսֆորմատորային ենթակայանի նկատմամբ կատարած պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Արմավիրի քաղաքապետի 21.08.2001 թվականի թիվ 76 որոշումն իրեն վերաբերող մասով մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սիրվարդ Աբրահամյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ էներգետիկայի նախարարություն «Կենտրոնական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անվամբ 04.10.2001 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից քաղաք Արմավիր, Չարենցի թիվ 4 հասցեում տեղակայված տրանսֆորմատորային ենթակայանի նկատմամբ կատարած պետական գրանցումը և Արմավիրի քաղաքապետի 21.08.2001 թվականի թիվ 76 որոշումը մասնակի` իրեն վերաբերող մասով:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 05.05.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.04.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի 05.05.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սիրվարդ Աբրահամյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 6-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածները, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 124-րդ հոդվածի 1-ին մասը, 126-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Գործում առկա ապացույցներից հետևում է, որ Սիրվարդ Աբրահամյանը 23.05.2014 թվականին Սիմոն Սիմոնյանից և Աղավնի Սրապիոնյանից 40.000.000 ՀՀ դրամով գնել է քաղաք Արմավիր, Չարենցի փողոց թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքը` բաղնիքը և կաթսայատունը: Այսինքն` հայցվորը իր իրավանախորդներից ձեռք չի բերել ջերմոցային տնտեսությունը, որի տարածքում գտնվում է հանձնման-ընդունման ակտում նշված ենթակայանը: Հանձնման-ընդունման ակտում նշված ենթակայանը շարունակում է պատկանել Սիմոն Սիմոնյանին և կրում է 6326 համարը, մինչդեռ վիճելի ենթակայանն ունի 6230 (նախկինում 2012) համարը: Մասնավորապես, Սիմոն Սիմոնյանը սեփականության իրավունքով տիրապետել և ներկայում էլ շարունակում է տիրապետել Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի 105 հասցեում (ջերմոցային տնտեսության տարածքում) գտնվող թիվ 6326 տրասֆորմատորային ենթակայանը: Նշված ենթակայանի վերաբերյալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է գտնվել թիվ ԱՐԴ/0683/02/12 քաղաքացիական գործն ըստ հայցի Սիմոն Սիմոնյանի ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ Լերմոնտովի փողոցի 105 հասցեում գտնվող ջերմոցային տնտեսության տարածքում գտնվող տրանսֆորմատորային ենթակայանն Ընկերության ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու և վերջինիս այնտեղից վտարելու պահանջի մասին: Նշված գործի վարույթը 16.05.2014 թվականին կարճվել է: Այդ ենթակայանի վերաբերյալ փաստաթղթերի բնօրինակները գտնվում են Սիմոն Սիմոնյանի մոտ, իսկ պատճենները թիվ ԱՐԴ/0683/02/12 քաղաքացիական գործի նյութերում:
Դատարանը և Վերաքննիչ դատարանն ապացույցները պատշաճ կարգով չեն ուսումնասիրել և հետազոտել, որի արդյունքում կատարել են նշված ապացույցների սխալ գնահատում: Ստորադաս դատարանները հանձնման-ընդունման ակտը, սեփականության իրավունքի թիվ 861668 և թիվ 2699120 վկայականները պատշաճ կարգով չուսումնասիրելու և սխալ գնահատելու արդյունքում հանգել են սխալ եզրահանգման, փաստելով, որ հանձնման-ընդունման ակտով հայցվորի իրավանախորդին է փոխանցվել վիճելի ենթակայանը, և որ 04.10.2001 թվականին Կադաստրի կողմից իրականացված պետական գրանցման պահին արդեն իսկ առկա է եղել նույն գույքի (վիճելի ենթակայանի) սեփականության իրավունքի պետական գրանցման վարչական ակտ, որի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման վերաբերյալ պետական գրանցում վեճի առարկայի սեփականության իրավունքի պետական գրանցման պահին չի եղել, այն ունեցել է իրավաբանական ուժ, որևէ կերպ վերացված կամ ուժը կորցրած չի ճանաչվել։
Սույն գործով վիճարկվող վարչական ակտերով ենթադրյալ խախտումները կարող էին վերաբերվել հայցվորի իրավանախորդ՝ Սիմոն Սիմոնյանին և Աղավնի Սրապիոնյանին, որոնք իրենց իրավունքների պաշտպանության համար օրենքով սահմանված ժամկետը բաց են թողել: Այսինքն` սույն գործով հայցվորը չի հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված դատարան դիմելու իրավունքի իրավատեր, քանի որ վիճարկվող վարչական ակտով չի խախտվել սույն գործով հայցվոր Սիրվարդ Աբրահամյանի սուբյեկտիվ իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.04.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և չի բխում գործող օրենսդրության պահանջներից և բացի այդ ներկայացվել է վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետի խախտմամբ, ուստի ենթակա չէ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելուն, իսկ վարույթ ընդունելու դեպքում ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Արմավիրի քաղաքապետի 21.08.2001 թվականի թիվ 76 որոշման հիման վրա կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը հիմք է հանդիսացել տրանսֆորմատորային ենթակայանի նկատմամբ ՀՀ էներգետիկայի նախարարության «Կենտրոնական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը գրանցելու համար (հատոր 1-ին, գ.թ. 6-8):
2) Սիմոն Սիմոնյանի, Աղավնի Սրապիոնյանի և Սիրվարդ Աբրահամյանի միջև 23.05.2014 թվականի կնքվել է անշարժ գույքի (բաղնիք և կաթսայատուն) առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրից ծագած իրավունքը 30.05.2014 թվականին գրանցվել է Կադաստրում (հատոր 1-ին, գ.թ. 14-15):
3) Սիմոն Սիմոնյանի, Աղավնի Սրապիոնյանի և Սիրվարդ Աբրահամյանի միջև 23.05.2014 թվականի կնքած անշարժ գույքի առուվաճառքի առարկա է հանդիսացել Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքը, որի նկատմամբ վաճառողների սեփականության իրավունքը գրանցված է եղել 21.01.2010 թվականին (գրանցման վկայական N 2699120) (հատոր 1-ին, գ.թ. 15):
4) Սիմոն Սիմոնյանը, Աղավնի Սրապիոնյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի բաղնիքի տարածքի թիվ 2012 (նոր համարով 6230) տրանսֆորմատորային ենթակայանի նկատմամբ ՀՀ էներգետիկայի նախարարություն «Կենտրոնական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անվամբ 04.10.2001 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, միաժամանակ միջնորդել են հայցադիմումը ներկայացնելու համար սահմանված և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.08.2014 թվականի որոշմամբ Սիմոն Սիմոնյանի, Աղավնի Սրապիոնյանի՝ հայցադիմումը ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել է (հատոր 4-րդ, գ.թ. 67-68):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը սխալ մեկնաբանելու հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն գործի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից այդ գույքի իրավանախորդի իրավունքի առերևույթ խախտումները վերացնելու պահանջ ներկայացնելու իրավական խնդիրներին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 07-ի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձն իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել նրա իրավունքները կամ օրինական շահերը: Նշվածից հետևում է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձի պահանջը կարող է բավարարվել միայն նրա` շահագրգիռ անձ լինելու դեպքում, այն է` եթե խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` ՄԻԵԴ) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե´ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի վճիռը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի վճիռը, պարբ. 32):
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն` դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ, որոնք խախտվել են կամ կարող են խախտվել:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ անձանց՝ իրենց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության իրավունք տրամադրելով հանդերձ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, վերջիններիս համար, սակայն, չի ընձեռում հանրության շահերը պաշտպանելու հնարավորություն, այն է` չի թույլատրում անձանց իրականացնել վարչական մարմինների վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության իրավաչափության օբյեկտիվ վերահսկողություն: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայց ներկայացնելու համար, պետք է առկա լինի ոչ միայն վարչական մարմինների ոչ իրավաչափ որոշում, գործողություն կամ անգործություն, այլև նշված ոչ իրավաչափ որոշման, գործողության կամ անգործության արդյունքում անձանց սուբյեկտիվ իրավունքների խախտում կամ խախտման առաջացման վտանգ:
Այսինքն՝ վարչական արդարադատություն, բացառությամբ նույն օրենսգրքով սահմանված դեպքերի, կարող է հայցել միայն այն անձը, ով հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, կամ այլ կերպ ասած՝ այն անձը, ում սուբյեկտիվ իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել:
Վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատություն հայցող անձանց կողմից ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված վարչական գործերից յուրաքանչյուրով պետք է պարզվի` արդյոք հայցվորը հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, այսինքն՝ «շահագրգիռ անձ», քանի որ միայն իրավական շահագրգռվածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր խախտված իրավունքների դատական պաշտպանություն: Ընդ որում, իրավունքների խախտման, կամ այլ կերպ ասած՝ դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ լինելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հենց հայցվորը (տե´ս, Ջորջիո ԱՐՄԱՆԻ Ս.Պ.Ա. Միլան, Սվիս Բրենչ Մենդրիսիո ընկերությունն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության` ի դեմս Մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ ««Այգեպատ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ (տե´ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավական դրույթների վերլուծությունից հետևում է, որ վկայակոչված իրավանորմերը սահմանում են, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան: Այսինքն` սկզբունքորեն ենթադրվում է, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի և իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան:
Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի, դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե′ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով Սիրվարդ Աբրահամյանը հայցադիմում է ներկայացրել դատարան` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ էներգետիկայի նախարարություն «Կենտրոնական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անվամբ 04.10.2001 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից քաղաք Արմավիր, Չարենցի թիվ 4 հասցեում տեղակայված տրանսֆորմատորային ենթակայանի նկատմամբ կատարած պետական գրանցումը:
Սույն գործի փաստերի համաձայն Արմավիրի քաղաքապետի 21.08.2001 թվականի թիվ 76 որոշման համաձայն` «Կենտրոնական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող օբյեկտների պետական գրանցումն իրականացնելու համար, հիմք է ընդունվել 15.06.2001 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ կետը և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վարձակալության իրավունքով վերահատկացվել են մի շարք ենթակայաններով զբաղեցված հողատարածքներ, այդ թվում` 33քմ մակերես տարածություն ունեցող թիվ 2012 ենթակայանը` տեղակայված քաղաք Արմավիր, Չարենցի փողոց, քաղաքային բաղնիքի բակում:
Սիմոն Սիմոնյանի, Աղավնի Սրապիոնյանի և Սիրվարդ Աբրահամյանի միջև կնքվել է անշարժ գույքի (բաղնիք և կաթսայատուն) առուվաճառքի պայմանագիր, որից ծագած իրավունքը 30.05.2014 թվականին գրանցվել է Կադաստրում: Նշված անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանել է Սիմոն Սիմոնյանին և Աղավնի Սրապիոնյանին` Կադաստրի կողմից 21.01.2010 թվականին տրված թիվ 2699120 սեփականության իրավունքի գրանցման վկայականի հիման վրա:
Վերաքննության կարգով գործի քննության ընթացքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերը ներկայացրել է դիրքորոշում հայտնելով, որ Սիրվարդ Աբրահամյանը չի հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված դատարան դիմելու իրավունքի սուբյեկտ, քանի որ Սիրվարդ Աբրահամյանի իրավանախորդներ Սիմոն Սիմոնյանը և Աղավնի Սրապիոնյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Կադաստրի` քաղաք Արմավիր, Չարենցի փողոց թիվ 4 հասցեում տեղակայված բաղնիքի տարածքի թիվ 2012 (նոր համարն է 6230) ենթակայանի նկատմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ԲԲԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին (վարչական գործ թիվ ՎԴ/4373/05/14), միաժամանակ հայցվորները ներկայացրել են բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, որը ՀՀ վարչական դատարանի որոշմամբ մերժվել է և, ըստ այդմ, մերժվել է նաև հայցադիմումի ընդունումը։ Վերոգրյալի վերաբերյալ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ թիվ ՎԴ/4373/05/14 վարչական գործով մերժվել է ոչ թե Սիրվարդ Աբրահամյանի, այլ Սիմոն Սիմոնյանի և Աղավնի Սրապիոնյանի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը, ինչը որևէ կերպ չի կարող անդրադառնալ Սիրվարդ Աբրահամյանի իրավասուբյեկտության վրա, քանի որ սույն գործով հայցվորը հանդիսանում է Սիրվարդ Աբրահամյանը, իսկ վերջինիս կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարվել է Վերաքննիչ դատարանի 01.06.2015 թվականի որոշմամբ` Դատարանի կողմից 03.04.2015 թվականի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ Սիրվարդ Աբրահամյանի կողմից ներկայացված բողոքի բավարարման արդյունքում, և նշված փաստարկը համարել է անհիմն:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով խնդրո առարկա հարցի վերաբերյալ իր ձևավորած իրավական դիրքորոշումը, ևս մեկ անգամ փաստում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը վարչական դատավարության կարգով վիճարկելու դեպքում անձը պետք է հիմնավորի, որ այդ վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Սիրվարդ Աբրահամյանը չի կարող հանդիսանալ Արմավիրի քաղաքապետի 21.08.2001 թվականի թիվ 76 որոշմամբ խախտված իրավունքների պաշտպանության նպատակով, տվյալ վարչական ակտը վիճարկելու «իրական (ռեալ)» իրավունք ունեցող «շահագրգիռ անձ», հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտը` Արմավիրի քաղաքապետի թիվ 76 որոշումը, որի հիման վրա Կադաստրը կատարել է պետական գրանցում, կայացված է եղել մինչև 21.01.2010 թվականին Կադաստրում Սիմոն Սիմոնյանի և Աղավնի Սրապիոնյանի անվամբ անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը և արդեն իսկ այդ պահից ներառված չի եղել նրանց պատկանող անշարժ գույքի պետական գրանցման վկայականում:
Սույն գործի փաստերից հետևում է, որ հայցվորի սեփականության իրավունքի գրանցումը համապատասխանում է գույքի սեփականատիրոջ իրավանախորդի անվամբ գրանցված իրավունքի ծավալին, որն էլ փոխանցվել է 23.05.2014 թվականի առուծախի պայմանագրով:
Սիմոն Սիմոնյանը և Աղավնի Սրապիոնյանը, ունենալով առերևույթ խախտված իրավունք և դիմելով ՀՀ վարչական դատարան (թիվ ՎԴ/4373/05/14 վարչական գործի շրջանակներում), միջնորդել են վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը: ՀՀ վարչական դատարանի 26.08.2014 թվականի որոշմամբ Սիմոն Սիմոնյանի և Աղավնի Սրապիոնյանի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել է, որից հետո վերջիններիս կողմից այլ միջոցներ չեն ձեռնարկվել իրենց խախտված իրավունքների վերականգնման համար: Ըստ էության անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով` գնորդը, որը սույն գործով հայցվորն է, չունի վիճարկվող վարչական ակտով ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքով կամ այլ իրավական ակտերով երաշխավորված որևէ իրավունքի կամ օրինական շահի խախտում, իսկ հայցի առարկա վարչական ակտը կարող էին վիճարկել Սիմոն Սիմոնյանը և Աղավնի Սրապիոնյանը:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Սիրվարդ Աբրահամյանի կողմից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սիրվարդ Աբրահամյանից հօգուտ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.04.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` Սիրվարդ Աբրահամյանի հայցը մերժել:
2. Սիրվարդ Աբրահամյանից հօգուտ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Սիրվարդ Աբրահամյանից հօգուտ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող ռ. Հակոբյան Զեկուցող Ե. Խունդկարյան Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ