Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.10.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.10.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
02.10.2020
Дата вступления в силу
02.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/11311/05/17

2020 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/11311/05/17

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան  

Դատավորներ՝

Ք. Մկոյան

 

Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հոկտեմբերի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ՇԱՆՏԱՆ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.03.2019 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ (այսուհետ` Կազմակերպություն)` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպությանը 15.08.2017 թվականին տրված շինարարության թույլտվությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 16.02.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.03.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.02.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 35-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վիճարկվող ակտի ընդունման պահին և առ այսօր Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեում գտնվող տաղավարի նկատմամբ գրանցված է Ընկերության սեփականության իրավունքը, նույն հասցեում գտնվող հողամասի նկատմամբ՝ անհատույց օգտագործման, իսկ անշարժ գույքի նկատմամբ՝ վարձակալության իրավունքները: Ավելին` նույն հասցեում գտնվող 0,0125հա մակերեսով հողամասի նկատմամբ Ընկերությանը պատկանող օգտագործման իրավունքը տրված է «բացօթյա սրճարան» օգտագործելու նպատակով, և Ընկերությունը 2003 թվականի հունիս ամսից ի վեր Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեում իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում՝ ինչպես բացօթյա սրճարանի, այնպես էլ ռեստորանի տեսքով, այսինքն՝ նշված տարածքում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և ստացել է համապատասխան շահույթ: Հետևաբար ակնհայտ է, որ վիճարկվող վարչական ակտով շոշափվում է նաև Ընկերության սեփականության իրավունքը: Մինչդեռ Ընկերությունը վարչական մարմնի կողմից չի ծանուցվել հարուցված վարչական վարույթի մասին և զրկված է եղել այդ վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքի իրացման հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պայմանագրից հրաժարվելու վերաբերյալ ծանուցելը չի հանգեցնում վարձակալական իրավահարաբերությունների դադարեցմանը: Տվյալ դեպքում դատարանները շփոթել են պայմանագրից հրաժարվելու և պայմանագիրը լուծելու միանգամայն տարբեր ինստիտուտները: Վարձակալության պայմանագիրը լուծելու համար նախ անհրաժեշտ է երեք ամիս առաջ ծանուցել պայմանագրից հրաժարվելու մասին, իսկ համաձայնության չգալու դեպքում` դիմել դատական կարգով պայմանագիրը լուծելու համար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացած` 15.08.2017 թվականին Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցված թիվ 01/18-05/1-Մ-6336-614 նախագիծը նախատեսում է շենքի դիմային ճակատի կողմից թեթև կոնստրուկցիաներով միահարկ կցակառույցի շինարարության իրականացում, որը նախատեսվում է կառուցել հենց այն տարածքում, որտեղ Ընկերությունն առ այսօր ունի տաղավարի գրանցված սեփականության, տարածքի վարձակալության և բացօթյա սրճարան կազմակերպելու նպատակով հողամասի անհատույց օգտագործման իրավունքներ: Եթե Ընկերությունն այս փուլերից յուրաքանչյուրի վերաբերյալ տեղեկացված լիներ, ծանուցվեր որպես երրորդ անձ և իրացներ իր լսված լինելու իրավունքը, ապա հնարավոր է, որ շինարարության թույլտվությունը տրամադրվեր այնպիսի պայմաններով, որոնք չէին խախտի Ընկերության իրավունքներն ու օրինական շահերը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Երևանի քաղաքապետի կողմից տրամադրված և սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվությունը նաև քանդման թույլտվություն է, իսկ Ընկերությունն իրեն վարձակալության և օգտագործման իրավունքով պատկանող տարածքներում իրականացրել է բարեկարգումներ՝ տարիների ընթացքում կառուցվել են աստիճաններ, տեղադրվել է ծածկ, կատարվել է ապակեպատում, իսկ վիճարկվող ակտը, փաստորեն, Կազմակերպությանն իրավունք է տրամադրել քանդման աշխատանքներ իրականացնել նշված տարածքում և թեթև կոնստրուկցիաներով միահարկ կցակառույցի շինարարություն իրականացնել:

Ստորադաս դատարանները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չեն հետազոտել գործի նյութերը: Հակառակ պարագայում կպարզեին, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ միևնույն վարչական մարմինն Ընկերությանը տրամադրում է շինարարության թույլտվություն, որի հիման վրա կատարվում են կառուցապատման աշխատանքներ, իսկ հետագայում տրված քանդման թույլտվության հիման վրա մեկ այլ սուբյեկտի թույլատրում է այդ կառուցածը քանդել և փոխարենն այլ կառույց կառուցել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.03.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 16.05.2003 թվականին Երևանի պետական համալսարանի (այսուհետ՝ Փոխատու) և Ընկերության (այսուհետ՝ Փոխառու) միջև կնքվել է գույքի (տարածքի մասի) անհատույց օգտագործման պայմանագիր, որի համաձայն՝ Փոխատուն պարտավորվել է Փոխառուին տրամադրել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեում գտնվող արտասահմանյան հյուրերի տան (3.140,6քմ մակերեսով) տարածքից 125քմ մակերեսով տարածքը։ Պայմանագրի համաձայն՝ գույքի անհատույց օգտագործումը պետք է սկսվեր 17.05.2003 թվականից և գործեր քսան տարի ժամկետով։ Նշված գործարքի հիման վրա 20.05.2003 թվականին Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեում գտնվող 0,0125հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Ընկերության օգտագործման իրավունքը (Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեի կադաստրային գործի պատճենը).

2) նույն պայմանագրի, 19.12.2002 թվականի շինարարության թույլտվության և 05.08.2002 թվականի շինարարության նախագծի հիման վրա 03.06.2003 թվականին վերը նշված նույն հողամասի նկատմամբ կրկին գրանցվել է Ընկերության օգտագործման իրավունքը, իսկ նույն հասցեում գտնվող 4,8քմ մակերեսով տաղավարի նկատմամբ` սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 14, 15).

3) 08.09.2005 թվականին Հայաստանի Հանրապետության, ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ՝ Վարձատու) և Ընկերության (այսուհետ՝ Վարձակալ) միջև կնքվել է ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր, որի համաձայն` Վարձատուն պարտավորվել է վճարի դիմաց Վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեի արտասահմանյան հյուրերի տան նկուղային հարկում գտնվող ոչ բնակելի տարածքը (շենքը, կառույցը, շինությունը), վարձակալության հանձնվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 451,9քմ: Նույն պայմանագրի 1.2 կետի համաձայն` պայմանագիրը գործել է տասը տարի ժամկետով` 25.08.2005 թվականից մինչև 25.08.2015 թվականը: Գործարքը վավերացվել է նոտարի կողմից, իսկ դրանից բխող վարձակալության իրավունքը 30.09.2005 թվականին գրանցվել է (Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեի կադաստրային գործի պատճենը, հատոր 1-ին, գ.թ. 16-19).

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 11.09.2017 թվականին տրված գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքում Ընկերության անվամբ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեում գտնվող տաղավարի նկատմամբ գրանցված է սեփականության իրավունքը (հողամասը` անհատույց օգտագործում), իսկ նույն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ` Ընկերության վարձակալության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 20).

5) 28.09.2015 թվականին Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեում գտնվող 0,180192հա մակերեսով հողամասի և 3.140,6քմ մակերեսով շինության նկատմամբ գրանցվել է Կազմակերպության սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 44).

6) Երևանի քաղաքապետի կողմից 02.04.2016 թվականին Կազմակերպությանը տրվել է թիվ 01/18-07/1-Մ-926-167 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը), որի համաձայն` Կազմակերպությանը թույլատրվել է մշակել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեում գտնվող հյուրատունը հյուրանոցի վերակառուցելու, ինչպես նաև երկու հարկ և մեկ մանսարդային հարկ ավելացնելու նախագիծ (հատոր 1-ին, գ.թ. 26).

7) Երևանի քաղաքապետի կողմից 15.08.2017 թվականին Կազմակերպությանը տրվել է թիվ 01/18-Մ-6336-725 շինարարության թույլտվությունը, որով թույլատրվել է վերը նշված հասցեում հյուրատունը վերակառուցել հյուրանոցի, ինչպես նաև կառուցելու միջոցով ավելացնել երկու հարկ և մեկ մանսարդային հարկ (հատոր 1-ին, գ.թ. 27):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ առանձին դեպքերում վարչական վարույթում երրորդ անձանց ներգրավելու և վերջիններիս լսված լինելու իրավունքի կենսագործման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե իրավաչափ է արդյոք համայնքի ղեկավարի կողմից կառուցապատողին շինարարության թույլտվություն տրամադրելն այն պայմաններում, երբ կառուցապատման ենթակա տարածքում առկա են այլ անձի պետական գրանցում ստացած իրավունքներ և վերջինս չի ներգրավվել վարչական վարույթում որպես երրորդ անձ, ինչպես նաև չի ապահովվել վերջինիս լսված լինելու իրավունքի կենսագործումը:

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու (...) հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ): Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներ են` (ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ, (բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված վարույթի մասնակիցները վարչական վարույթում ներգրավվում են իրենց դիմումի համաձայն կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց (...) վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաuտական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մաuնակիցների oգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե` (ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն, (բ) դիմումն ակնհայտ անհիմն է, (գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե` (ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման, (բ) ընդունվում է այլ ձևի վարչական ակտ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում. արդյունավետ միջոցը պետք է օժտված լինի մարդու իրավունքի ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակումը կանխելու, կամ իրավունքի խախտման համար պատշաճ փոխհատուցում ապահովելու հատկանիշով (տե՛ս, İlhan v. Turkey (22277/93) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճիռը, կետ 97):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում արձանագրել է, որ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով և Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորված մարդու՝ պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը ներառում է նաև վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքը, որի ապահովման պարտականությունն օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով դրել է վարույթն իրականացնող վարչական մարմնի վրա: 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքը բարձրացվել է սահմանադրական մակարդակի (...) (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վարչական վարույթի մասնակիցների` ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց լսված լինելու իրավունքի իրացման հարցին, արձանագրել է, որ այդ իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը: Այդ իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական և փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման ու դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական և իրավական հանգամանքների վերաբերյալ՝ հնարավորություն ունենալով վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա: Ընդ որում, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ վարչական մարմինը լսի, ի գիտություն ընդունի և գնահատի վարույթի մասնակիցների դիրքորոշումները: Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարևոր երաշխիք է վարույթի մասնակցի` իրեն ընձեռնված իրավունքներն իրացնելու և պաշտպանության միջոցներից օգտվելու համար, իսկ այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն` ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրի կողմից նախատեսված` վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով: Դրա միջոցով վարչական վարույթի մասնակիցները նաև նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Իրավական պետության պայմաններում պատշաճ վարչական վարույթի պարտադիր նախապայման է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը գործնականում իրացնելը (տե՛ս, Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն ի լրումն վերը նշված դիրքորոշման՝ դիրքորոշում է արտահայտել նաև այն մասին, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը գործնականում իրացնելու նպատակին հասնելու համար օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում սահմանել է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը: Այսպես, օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին լսելու վարչական մարմնի պարտականությունը, որի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է վերջիններիս հնարավորություն տալ արտահայտվելու տվյալ վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը կարող է տեղի ունենալ միայն վարույթի ընթացիկ փուլում, երբ վարչական մարմինն իրականացնում է գործի փաստերի ուսումնասիրություն և պարզում է կիրառման ենթակա իրավական ակտերը. այս փուլում կատարվում են վարչական ակտ ընդունելուն ուղղված հիմնական գործողությունները, մասնավորապես՝ վարչական գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մաuնակիցների oգտին առկա հանգամանքների բացահայտումը, անհրաժեշտ ապացույցների ձեռքբերումը և գնահատումը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը: Բացի այդ, վարույթի ընթացիկ փուլում լսումները պետք է իրականացվեն այն հաշվառմամբ, որ վարույթի մասնակիցները դեռ հնարավորություն ունենան իրենց դիրքորոշմամբ ազդելու վարչական մարմնի որոշման վրա:

Վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքի երաշխավորված իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերից մեկը վարչական վարույթ հարուցելու մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու վարչական մարմնի պարտականության պատշաճ կատարումն է, որը սահմանված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածում ամրագրված վարչական վարույթի մասին ծանուցելու վերաբերյալ իրավակարգավորումների միջոցով և նպատակ է հետապնդում վարույթի մասնակիցներին իրազեկելու այն մասին, որ վերջինիս նկատմամբ հարուցվել է և իրականացվելու է վարչական վարույթ: Նշված հոդվածով նախատեսված իրավական նորմերի բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, որ օրենսդիրը նախատեսել է վարչական վարույթի մասնակիցներին ծանուցման հետ կապված վարչական մարմնի հետևյալ պարտականությունները.

1) դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելը,

2) վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելը,

3) վարույթի մասնակիցներին վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցելը:

Վարչական վարույթի հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու կարգավորումը հատկապես կարևորվում է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարույթ հարուցելու դեպքերում, քանի որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցված լինելու մասին վարույթի մասնակիցը որևէ կերպ տեղեկացված չի կարող լինել: Ընդ որում, դիմումի հիման վրա հարուցված և վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու վարչական մարմնի պարտականությունների բովանդակային տարբերությունն այն է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է առանց որևէ բացառության, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է միայն այն դեպքում, երբ վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է: Այսինքն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարչական մարմինը պարտավոր է վարույթ հարուցելու մասին պատշաճ ձևով ծանուցել վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։ Այլ կերպ ասած՝ վարչական մարմինը չունի սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու պարտականություն միայն այն դեպքում, երբ վարչական ակտն ընդունվելու է վարչական վարույթի հարուցումից հետո երեք օրվա ընթացքում (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարույթին մասնակցող անձի` լսված լինելու իրավունքը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը: Այս եզրահանգումը բխում է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներից, որոնցով սահմանված պաշտպանության միջոցները պետք է արդյունավետ լինեն թե՛ գործնական և թե՛ իրավական առումներով, մասնավորապես այն առումով, որ պաշտպանության միջոցներից օգտվելը չպետք է անհիմն խոչընդոտվի պետական մարմինների գործողություններով կամ անգործությամբ (տե՛ս, Ivanov and others v. Bulgaria (46336/99) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 24.11.2005 թվականի վճիռը, կետ 70): Հետևաբար, վարչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթին մասնակից անձին պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին (տե՛ս, ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը)։

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական վարույթի մասին ծանուցելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգն անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում վարչական վարույթի ընթացքում մարդու լսված լինելու իրավունքի կենսագործման համար, քանի որ առանց վարչական վարույթի մասնակիցներին վարույթի հարուցման կամ վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների (օրինակ՝ լսումների) անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցելու հնարավոր չէ ապահովել վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` 20.05.2003 թվականին Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեում գտնվող 0,0125հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Ընկերության օգտագործման իրավունքը: 03.06.2003 թվականին նույն հողամասի և նույն հասցեում գտնվող 4,8քմ մակերեսով տաղավարի նկատմամբ գրանցվել են Ընկերության, համապատասխանաբար, օգտագործման և սեփականության իրավունքները, որից հետո` 30.09.2005 թվականին, նույն հասցեում գտնվող 451,9քմ մակերեսով հասարակական տարածքի նկատմամբ գրանցվել է Ընկերության վարձակալության իրավունքը:

28.09.2015 թվականին Երևանի Կենտրոն Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեում գտնվող 0,180192հա մակերեսով հողամասի և 3140,6քմ մակերեսով շինության նկատմամբ գրանցվել է Կազմակերպության սեփականության իրավունքը:

Երևանի քաղաքապետի կողմից 02.04.2016 թվականին Կազմակերպությանը տրվել է թիվ 01/18-07/1-Մ-926-167 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը), որի համաձայն Կազմակերպությանը թույլատրվել է նախագծել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեում գտնվող հյուրատունը հյուրանոցի վերակառուցելու, ինչպես նաև երկու հարկ և մեկ մանսարդային հարկ ավելացնելու նախագիծ, որից հետո 15.08.2017 թվականին Կազմակերպությանը տրվել է թիվ 01/18-Մ-6336-725 շինարարության թույլտվությունը, որով թույլատրվել է վերը նշված հասցեում հյուրատունը վերակառուցել հյուրանոցի, ինչպես նաև կառուցելու միջոցով ավելացնել երկու հարկ և մեկ մանսարդային հարկ:

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպությանը 15.08.2017 թվականին տրված շինարարության թույլտվությունը` հայցի հիմքում դնելով այն, որ Քաղաքապետարանը Կազմակերպության ներկայացրած հայտի հիման վրա հարուցված վարչական վարույթի մասին ոչ միայն չի տեղեկացրել իրեն, այլև ընդհանրապես լսումներ չի կազմակերպել: Մինչդեռ տվյալ պարագայում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածում թվարկված լսումներ չանցկացնելու հիմքերը բացակայել են: Կազմակերպության համար ընդունվել է բարենպաստ վարչական ակտ, որն իր համար միջամտող վարչական ակտ է և անմիջականորեն խախտում է իր իրավունքներն ու օրինական շահերը: Վիճարկվող վարչական ակտն ընդունվել է առանց Ընկերության դիրքորոշումը լսելու և այն հաշվի առնելու, մինչդեռ վարչական ակտն ընդունելուն ուղղված վարչական վարույթի ընթացքում ակնհայտ է եղել, որ ընդունվող վարչական ակտով շոշափվելու են նաև իր իրավունքներն ու օրինական շահերը, իսկ Քաղաքապետարանը քաջատեղյակ է եղել նման իրավունքների առկայությանը:

Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով նաև, որ «հայցվորի և երրորդ անձի միջև վարձակալական իրավահարաբերությունները հիմնվել են անորոշ ժամկետով վարձակալության պայմանագրի վրա. այս փաստն անվիճելի փաստ է՝ որպես դատավարության մասնակիցների կողմից չվիճարկվող փաստ: (...) Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեում գտնվող հողամասի և շինության սեփականատեր հանդիսացող Կազմակերպությունն իրավասու էր ցանկացած ժամանակ օգտվել օրենքով նախատեսված՝ վարձակալության պայմանագրից հրաժարվելու իրավական հնարավորությունից, որպիսի պարագայում կընդհատվեր Ընկերության իրավական և փաստացի կապն իր կողմից օգտագործվող խնդրո առարկա գույքի հետ: Այդ իրավական հնարավորությունը երրորդ անձ Կազմակերպության համար գործել է նաև գույքի անհատույց օգտագործման պայմանագրի առնչությամբ», «(…) 4,8քմ մակերեսով տաղավարը հանդիսանում է ոչ հիմնական, ժամանակավոր օբյեկտ», «նշված պայմանագրերի հիմքով խնդրո առարկա գույքի նկատմամբ՝ Ընկերության օգտագործման իրավունքը (տաղավարի դեպքում՝ սեփականության իրավունքը) Կազմակերպությանը շինարարության թույլտվություն տրամադրելուն ուղղված վարչական վարույթի շրջանակներում իրավական պաշտպանության ենթակա իրավունք չէ. այդ իրավունքն օբյեկտիվորեն և ողջամտորեն չէր կարող պաշտպանվել նշված վարույթի շրջանակներում: Ընկերությունն այդ իրավունքի իրավական պաշտպանությունը (անհրաժեշտության դեպքում) կարող է իրականացնել ընդդեմ գույքի սեփականատիրոջ՝ քաղաքացիական իրավահարաբերությունների շրջանակներում: Այն փաստը, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեում գտնվող՝ Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի և շինության նկատմամբ Ընկերությունը համապատասխան պայմանագրերի հիմքով ուներ օգտագործման իրավունք, որևէ կերպ չէր կարող սահմանափակել Կազմակերպությանը շինարարության թույլտվություն տրամադրելու իրավական հնարավորությունը՝ հաշվի առնելով սեփականատիրոջ Կազմակերպության՝ իր գույքն անարգել օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրավազորությունը», ««ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 19 մարտի 2015 թվականի թիվ 596-Ն որոշման հավելված 1-ում սահմանված են շինարարության թույլտվությունը, այդ թվում՝ քանդման թույլտվությունը մերժելու հիմքերը (կետ 106-րդ), որոնք սակայն չեն ներառում այնպիսի հիմք, ինչպիսին կարող էր լինել կառուցապատողին սեփականության իրավունքով պատկանող հողամասի և (կամ) շինության՝ այլ անձանց գույքային իրավունքներով ծանրաբեռնված լինելու հանգամանքը», «խնդրո առարկա շինարարության թույլտվություն տրամադրելուն ուղղված վարչական վարույթում հայցվոր ընկերությանը չէր կարող վերապահվել երրորդ անձի կարգավիճակ: Հետևաբար, պատասխանող վարչական մարմնի կողմից Ընկերությանը վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում որպես երրորդ անձ չներգրավելը չի հանդիսանում ոչ իրավաչափ վարքագիծ, և առկա չէ Ընկերության՝ վարչական վարույթին երրորդ անձի կարգավիճակով ներգրավվելու իրավունքի խախտում»:

Միևնույն ժամանակ Դատարանը նշել է, որ «ինչ վերաբերում է վարչական վարույթում լսված լինելու իրավունքի ենթադրյալ խախտմանը, ապա արձանագրելով, որ ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի՝ վարչական վարույթում լսված լինելու իրավունքը վարույթի մասնակիցների (վարչական ակտի հասցեատեր և երրորդ անձինք) իրավունքն է՝ դատարանը գտնում է, որ հայցվոր ընկերության՝ վարչական վարույթում երրորդ անձի կարգավիճակով ներգրավվելու իրավունքի խախտման բացակայության վերաբերյալ դատարանի եզրահանգումն ինքնին բացառում է հայցվորի՝ վարչական վարույթում լսված լինելու իրավունքի խախտումը»:

Վերաքննիչ դատարանն Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 16.02.2018 թվականի վճիռը թողել է անփոփոխ` ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները, և հավելելով, որ «բողոքի քննության ընթացքում, ի պատասխան դատարանի հարցադրմանը, հայցվոր ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տաղավարն այսօր իր նախկին տեսքով գոյություն չունի, այն քանդվել (ապամոնտաժվել) է Ընկերության կողմից: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ խնդրո առարկա տաղավարի քանդման և դրա արդյունքում հայցվոր ընկերությանը հասցված հնարավոր վնասների իրավական պաշտպանությունը ևս (անհրաժեշտության դեպքում) կարող է իրականացվել քաղաքացիական իրավահարաբերությունների շրջանակներում, ուստի այդ հանգամանքը ևս հիմք չի կարող հանդիսանալ շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու համար»:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների վերոգրյալ պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Այսպես, սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համապատասխան անշարժ գույքի նկատմամբ ունեցած գրանցված իրավունքների առկայության պայմաններում Ընկերությունը պետք է վարչական վարույթում ներգրավվեր որպես երրորդ անձ` հաշվի առնելով, որ նրա իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, և ծանուցվեր Երևանի քաղաքապետի 15.08.2017 թվականի թիվ 01/18-Մ-6336-725 շինարարության թույլտվության ընդունմանն ուղղված վարչական վարույթի հարուցման ու վարույթի ընթացիկ փուլում կազմակերպվող լսումների մասին, մինչդեռ նշված փաստերը հաստատող որևէ ապացույց գործում առկա չէ:

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն պատճառաբանություններին, որ տվյալ դեպքում Կազմակերպությունն իրավասու էր ցանկացած ժամանակ օգտվել օրենքով նախատեսված՝ վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերից հրաժարվելու իրավական հնարավորությունից, որպիսի պարագայում կընդհատվեր Ընկերության իրավական և փաստացի կապն իր կողմից օգտագործվող խնդրո առարկա գույքի հետ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում նախքան վիճարկվող վարչական ակտի ընդունումը համապատասխան անշարժ գույքի նկատմամբ Ընկերության իրավունքները դադարած լինելու վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ, ինչը նշանակում է, որ վիճարկվող վարչական ակտի ընդունման պահին և դրա հիմքում ընկած վարչական վարույթի ժամանակ Ընկերության իրավական ու փաստացի կապն իր կողմից օգտագործվող խնդրո առարկա գույքի հետ ընդհատված կամ դադարած չէր։ Դա իր հերթին նշանակում է, որ վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով կարող էին շոշափվել Ընկերության իրավունքները կամ օրինական շահերը, ինչը բավարար հիմք է Ընկերությանն այդ վարույթին ներգրավելու և նրա լսված լինելու իրավունքի կենսագործումն ապահովելու համար։

Անդրադառնալով ստորադաս դատարանների այն պատճառաբանություններին, որ ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման հավելված 1-ում սահմանված են շինարարության թույլտվությունը, այդ թվում՝ քանդման թույլտվությունը մերժելու հիմքերը (կետ 106-րդ), որոնք, սակայն, չեն ներառում այնպիսի հիմք, ինչպիսին կարող էր լինել կառուցապատողին սեփականության իրավունքով պատկանող հողամասի և (կամ) շինության՝ այլ անձանց գույքային իրավունքներով ծանրաբեռնված լինելու հանգամանքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությանը սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթին մասնակից դարձնելու անհրաժեշտությունը պարզելը չպետք է բացառապես կապվի նրա իրավունքի առկայության փաստի ուժով հայցվող վարչական ակտի ընդունումը մերժելու իրավական հիմքի առկայության կամ բացակայության հետ։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում Ընկերությանը վարչական վարույթին մասնակից դարձրած չլինելու պայմաններում սույն գործի դատական քննության արդյունքում այլևս հնարավոր չէ միանշանակ եզրակացնել, թե ինչ վարչական ակտ կընդունվեր, եթե համապատասխան անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքներ ունեցող Ընկերությունը մասնակից դարձվեր վարչական վարույթին և հնարավորություն ունենար արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի 15.08.2017 թվականի թիվ 01/18-Մ-6336-725 շինարարության թույլտվության ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը, չկատարելով վարչական վարույթին Ընկերության մասնակցությունն ապահովելու իր պարտականությունը` նրան զրկել է իր իրավունքներն ու օրինական շահերն արդյունավետ կերպով պաշտպանելու հնարավորությունից` խախտելով Ընկերության՝ որպես այդ վարչական վարույթում չներգրավված երրորդ անձի, լսված լինելու իրավունքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործում առկա չէ նաև որևէ ապացույց Ընկերությանը վարչական վարույթում լսումների անցկացման ժամանակի և վայրի մասին ծանուցելու վերաբերյալ, մինչդեռ սույն գործի փաստերից հետևում է, որ նշված վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում բացակայել են լսումներ չանցկացնելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված թե՛ հայեցողական, թե՛ պարտադիր հիմքերը, ինչպես նաև վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով իրականացնելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքը: Հետևաբար Երևանի քաղաքապետի 15.08.2017 թվականի թիվ 01/18-Մ-6336-725 շինարարության թույլտվության ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում լսումների անցկացումը պարտադիր էր:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի 15.08.2017 թվականի թիվ 01/18-Մ-6336-725 շինարարության թույլտվության ընդունմանն ուղղված վարչական վարույթի հարուցման մասին Ընկերությանը չծանուցելու և այդ վարույթի ընթացքում Ընկերության մասնակցությամբ լսումներ չանցկացնելու հետևանքով վերջինս ոչ իրավաչափ կերպով զրկվել է վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողությունների միջոցով վարչական մարմնի վերջնական որոշման վրա ազդելու հնարավորությունից: Այսինքն՝ վիճարկվող շինարարության թույլտվությունն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 35-րդ և 38-րդ հոդվածների խախտմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասով և Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորված Ընկերության իրավունքների խախտման:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է փոփոխման, իսկ Ընկերության հայցը` բավարարման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, գտնում է, որ Քաղաքապետարանից հօգուտ Ընկերության պետք է բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.03.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել. անվավեր ճանաչել երրորդ անձ «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ին 15.08.2017 թվականին տրված շինարարության թույլտվությունը:

2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ «ՇԱՆՏԱՆ» ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական: