ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
5 հnկտեմբերի 2020 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ I-ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԳԻԾ/ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ ԵՎ ՀԵՏՎՃԱՐՄԱՆ ՓՈՓՈԽՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Խաչատրյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Դիլանյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հ. Վարդանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի հուլիսի 23-ի Ņ 1240-Ա որոշմամբ 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի օգոստոսի 6-ին:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի օգոստոսի 6-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, ինչպես նաև դրան կից ներկայացված՝ կողմերի նամակագրությունը՝ Համաձայնագրի վերնագրի փոփոխության վերաբերյալ, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (այսուհետ` Բանկ կամ ՎՎԲ) միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի (այսուհետ` Վարկային համաձայնագիր) մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը (այսուհետ` Նամակ-համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի հուլիսի 1-ին՝ 2014 թվականի դեկտեմբերի 9-ով թվագրված՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու նպատակով:
2. «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I- Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 ԿՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ):
Նամակ-համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ոչ ուշ, քան մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը Համաձայնագրի վավերացնելու վերաբերյալ ՀՀ գրավոր հաստատումը ստանալուց հետո:
3. Ըստ Նամակ-համաձայնագրի՝ փոփոխություն է կատարվում Վարկային համաձայնագրի 3.2 հոդվածում, և մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը մասամբ կկրի այդ երկարաձգման հետևանքով Բանկի կրած վերաֆինանսավորման ծախսերը (Վերջնական երկարաձգման վճար), որը կհաշվարկվի Բանկի կողմից՝ կապիտալի շուկայի գործունեության՝ վերջնահաշվարկի օրվա դրությամբ գերակայող պայմանների հիման վրա:
Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վճարել Վերջնական երկարաձգման վճարի մի մասը` 740.000.00 (յոթ հարյուր քառասուն հազար) եվրո, եթե Փոխառուի և Բանկի հետ գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
4. Նամակ-համաձայնագիրն ունի Հավելվածներ` Հավելված 1ա. «Պարտավորությունների պահպանումը Փոխառուի կողմից» և Հավելված 1բ. «Պարտավորությունների պահպանումը Ծրագրի իրականացման գործակալության կողմից», որոնք կցվում են Վարկային համաձայնագրին և դառնում են դրա բաղկացուցիչ մասը:
5. Հայաստանի Հանրապետությունը Նամակ-համաձայնագրով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները՝
●
սկսած 2025 թվականի հունիսի 30-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 30-ը` յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին և դեկտեմբերի 30-ին մարել վարկը 7,500.000.00 եվրո մասնաբաժնով,● մշտապես կատարել Հավելված 1ա-ով (Պարտավորությունների պահպանումը Փոխառուի կողմից) սահմանված պարտավորությունները, իսկ Ծրագրի իրականացման գործակալությունը պարտավորվում է մշտապես կատարել Հավելված 1բ-ով (Պարտավորությունների պահպանումը Ծրագրի իրականացման գործակալության կողմից) սահմանված պարտավորությունները,
● ՎՎԲ-ին անհապաղ տրամադրել «Ճանաչե՛ք Ձեր հաճախորդին» կանոնի համաձայն պահանջվող բոլոր համապատասխան տեղեկությունները կամ Փոխառուի մասին համանման տեղեկություններ, որոնք կարող է հայցել ՎՎԲ-ն,
● ցանկացած Պատժելի գործելակերպի, փողերի լվացման և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման որևէ արարքի մասին տեղեկանալուց կամ դրա վերաբերյալ կասկածներ ունենալուց անմիջապես հետո այդ մասին անհապաղ և սեփական նախաձեռնությամբ տեղեկացնել ՎՎԲ-ին,
● ՎՎԲ-ին տրամադրել Ծրագրի և դրա հետագա ընթացքի վերաբերյալ ցանկացած և բոլոր տեղեկություններն ու հաշվետվությունները, որոնք ՎՎԲ-ն կարող է պահանջել 1ա Հավելվածի նպատակներով,
● հնարավորություն տալ ՎՎԲ-ին և դրա գործակալներին 1ա Հավելվածի նպատակներով ցանկացած ժամանակ ստուգելու և դրա (ենթա)կապալառուների և այլ շահագրգիռ կողմերի՝ Ծրագրին առնչվող մյուս բոլոր փաստաթղթերը և այցելելու Ծրագրի հիմնական և դրան առնչվող բոլոր կայանքները,
● Փոխառուին կամ ՎՎԲ-ին Պատժելի գործելակերպի, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման որևէ արարք հայտնի դառնալուց կամ դրանց առնչությամբ կասկածներ ունենալուց անմիջապես հետո լիովին համագործակցել ՎՎԲ-ի և դրա գործակալների հետ՝ որոշելու համար՝ արդյոք տեղի է ունեցել համապատասխանության հետ կապված այդպիսի դեպք. Մասնավորապես, անհապաղ և ողջամիտ մանրամասնությամբ արձագանքել ՎՎԲ-ից ստացված ցանկացած ծանուցման և ՎՎԲ-ի պահանջով վերջինիս տրամադրել այդ արձագանքը հիմնավորող փաստաթղթեր,
● Ծրագրի առնչությամբ չկնքել որևէ գործարք կամ չներգրավվել որևէ այլ գործունեության մեջ, որը կարող է համարվել Պատժամիջոցների խախտում:
Սահմանադրական դատարանը կարևորում է վարկային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև այդ միջոցների նկատմամբ պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Ա. Խաչատրյան |
5 հոկտեմբերի 2020 թվականի ՍԴՈ-1552 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2020 թվական: