Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.09.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
03.07.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
03.07.2020
Дата вступления в силу
03.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/8479/05/18 

Վարչական գործ թիվ ՎԴ/8479/05/18
2020 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Թովմասյան  

Դատավորներ՝

 Ա. Պողոսյան

 

 Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Գ. հակոբյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

 

 

Ե. Խունդկարյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 03-ին

դռնբաց դատական նիստում քննելով Ալեքսան Թումասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.04.2019 թվականի որոշման դեմ` ըստ Ալեքսան Թումասյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` որոշումն անվավեր ճանաչելու և դատական ծախսը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ալեքսան Թումասյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 06.07.2018 թվականի թիվ 1808255343 որոշումը, ինչպես նաև Ծառայությունից բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 23.10.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.04.2019 թվականի որոշմամբ Ալեքսան Թումասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 23.10.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է, Ծառայության 06.07.2018 թվականի թիվ 1808255343 որոշումը ճանաչվել է անվավեր, Դատարանում և Վերաքննիչ դատարանում գործի քննության հետ կապված՝ կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով դատական ծախսերի բաշխման հարցը համարվել է լուծված:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալեքսան Թումասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ և 58-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի 23.10.2018 թվականի վճիռը, չի անդրադարձել դատական ծախսի, մասնավորապես` փաստաբանին վճարված վարձատրության բաշխման հարցին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում առկա է տվյալ գործով փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր, որում հստակ սահմանված է այդ ծառայությունների արժեքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` փաստաբանի վարձատրության գումարի մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 03.04.2019 թվականի որոշումը և այդ մասով գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ալեքսան Թումասյանը հայցադիմում է ներկայացրել դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Ծառայության 06.07.2018 թվականի թիվ 1808255343 որոշումը, ինչպես նաև Ծառայությունից բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար (գ.թ. 4).

2) Ալեքսան Թումասյանը Դատարան է ներկայացրել փաստաբան Տիգրան Ղազարյանի հետ կնքված փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիրը, որով փաստաբան Տիգրան Ղազարյանը պարտավորվել է Ալեքսան Թումասյանին մատուցել ծառայություններ՝ կապված թիվ 1808255343 որոշման դատական կարգով բողոքարկման հետ: Պայմանագրի գինը կազմել է 10.000 ՀՀ դրամ (գ.թ. 23).

3) Դատարանի 23.10.2018 թվականի վճռով հայցը մերժվել է։ Նույն վճռի եզրափակիչ մասում նշվել է, որ հատուցման ենթակա դատական ծախս առկա չէ (գ.թ. 29-32).

4) Ալեքսան Թումասյանը Դատարանի 23.10.2018 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք` խնդրելով բեկանել նշված վճիռը, անվավեր ճանաչել Ծառայության 06.07.2018 թվականի թիվ 1808255343 որոշումը և Ծառայությունից բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար (գ.թ. 39, 40).

5) Վերաքննիչ դատարանի 03.04.2019 թվականի որոշմամբ Ալեքսան Թումասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 23.10.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է` Ծառայության 06.07.2018 թվականի թիվ 1808255343 որոշումը ճանաչվել է անվավեր, Դատարանում և Վերաքննիչ դատարանում գործի քննության հետ կապված՝ կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով դատական ծախսերի բաշխման հարցը համարվել է լուծված (գ.թ. 59-69):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վերաքննիչ դատարանի կողմից դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործով հայցվորի վերաքննիչ բողոքը բավարարելու, իսկ դրա հետևանքով` նաև հայցը բավարարելու արդյունքում դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերը բաշխելիս պատասխանողի վրա կարող է դրվել հայցվորի` ներկայացուցչի վճարը վճարելու տեսքով կրած դատական ծախսը հատուցելու պարտականություն:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում նույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են՝ դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ներկայացուցիչների ծախսերը վճարում է նրանց ներգրաված դատավարության մասնակիցը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (...)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցումը դրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ համայնքի վրա, եթե գործը լուծվել է ի վնաս իրենց (...)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորվում են յուրաքանչյուրի իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքները, որոնց բաղկացուցիչ տարրերից մեկն իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն է: Այդ իրավունքը երաշխիք է իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ իրացման համար:

ՀՀ սահմանադրական դատարանը 08.10.2008 թվականի թիվ ՍԴՈ-765 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ՝ որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ՝ պետության պարտավորությունը որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մարդու իրավունքների և ազատությունների ամենահուսալի և արդյունավետ պաշտպանության մեխանիզմը դատական պաշտպանությունն է: Պաշտպանության այս միջոցը պետք է արդյունավետ լինի գործնականում, այսինքն՝ այն պետք է կարողանա կանխել ենթադրյալ խախտումը շարունակելը և երաշխավորել, որ դատական պաշտպանության դիմելով՝ անձը չի հայտնվի առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր: Հետևաբար դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է անձին իրավաբանական օգնություն ցուցաբերող ներկայացուցչին վճարված գումարի՝ որպես դատական ծախսի համարժեք փոխհատուցման հնարավորություն: Պատշաճ փոխհատուցում տրամադրելը դատական պաշտպանության արդյունավետության անհրաժեշտ տարր է, որը լրացուցիչ երաշխիք է անձանց իրավունքների խախտումները վերացնելու, ընդհուպ մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելու համար:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անձի դատական պաշտպանությունը չի կարող արդյունավետ լինել, երբ վերջինս վերջնական բարենպաստ դատական ակտին հասնելու համար կրում է ավելի շատ ծախսեր, քան այն գույքի հնարավոր կորուստն էր, որի կանխման համար նա դիմել էր դատական պաշտպանության: Ուստի հատկապես վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դատական բողոքարկման հայցերով կայացված դատական ակտերով դատական ծախսերի բաշխումը պետք է կատարվի այն հաշվառմամբ, որ անձինք չզրկվեն որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու, մինչև խախտումը եղած իրադրությունը վերականգնելու իրական հնարավորությունից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված «դատարանի իրավունքը» բացարձակ չէ և իր բնույթով պահանջում է ներպետական կարգավորումների առկայություն, որոնք կարող են որոշակի սահմանափակումների ենթարկել այդ իրավունքը (տե՛ս, Z and Others v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 10.05.2001 թվականի վճիռը, 91-93-րդ կետեր): Այս առումով դատական ծախսերի վճարման պարտականությունն ինքնին չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ անհամատեղելի սահմանափակում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 60-րդ կետ): Եվրոպական դատարանի տեսանկյունից որոշ դեպքերում դատական ծախսերի բաշխման հետ կապված հարցերը կարող են նշանակություն ունենալ այն հանգամանքի գնահատման համար, թե դատավարությունն ընդհանուր առմամբ համապատասխանում է արդյոք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, թե՝ ոչ (տե՛ս, Stankiewicz v. Poland գործով Եվրոպական դատարանի 06.04.2006 թվականի վճիռը, 60-րդ կետ): Կոնվենցիան երաշխավորում է ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքներ (տե՛ս, Aït-Mouhoub v. France գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, 52-րդ կետ): Հետևաբար դատական այն ծախսերը, որոնց վճարման պարտականությունն անձը կրում է ոչ թե դատարան դիմելիս, այլ դատական քննության ավարտից հետո, գործնականում նույնպես կարող են դիտարկվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համատեքստում` որպես «դատարանի իրավունքի» սահմանափակում (տե՛ս, Stankov v. Bulgaria գործով Եվրոպական դատարանի 12.07.2007 թվականի վճիռը, 54-րդ կետ): Ընդ որում, «դատարանի իրավունքի» այդ սահմանափակման համապատասխանությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին ենթակա է գնահատման այն տեսանկյունից, թե արդյոք այն հետապնդում է իրավաչափ նպատակ, և առկա է արդյոք ողջամիտ հավասարակշռություն կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս, Apostol v. Georgia գործով Եվրոպական դատարանի 28.11.2006 թվականի վճիռը, 57-րդ կետ):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծությունից հետևում է նաև, որ դատական ծախսերի մաս են կազմում նաև դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները, որոնք ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով: Դատական ծախսերի, այդ թվում նաև՝ ներկայացուցիչներին վճարված գումարների հատուցման ընդհանուր կանոնն այն է, որ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Ընդ որում, պատասխանողի` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ պաշտոնատար անձ հանդիսանալու դեպքում դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, այսինքն` գործը լուծվել է ի վնաս իրենց։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում անդրադարձել է փաստաբանի խելամիտ վարձատրությանը` արձանագրելով, որ այն նախ և առաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և կողմերի միջև բաշխել օրենքով սահմանված կարգով: Որպես դատական ծախս, թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Թեև նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դիրքորոշումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ դատավարության մասնակցի ներկայացուցիչը փաստաբան չէ՝ հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված այն կարգավորումը, որի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսեր են նաև դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործով հայցվորի վերաքննիչ բողոքը բավարարելու, իսկ դրա հետևանքով` նաև հայցը բավարարելու պայմաններում ճանաչվում է պատասխանողի վարչական ակտի ոչ իրավաչափ լինելը, ուստի այդ դեպքում դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերը բաշխելիս վերաքննիչ դատարանը համապատասխան ապացույցի առկայության դեպքում կարող է պատասխանողի վրա դնել հայցվորի` ներկայացուցչի վճարը վճարելու տեսքով կրած դատական ծախսը հատուցելու պարտականություն։

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում առանձնացրել է այն չափորոշիչները, որոնք դատարանները պետք է հաշվի առնեն դատավարության մասնակցի ներկայացուցչի վճարի հատուցման հարցը լուծելիս։ Այդ չափորոշիչները հետևյալն են.

1) փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը),

2) գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը),

3) նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը,

4) ներկայացուցչին վճարված գումարի և վիճարկվող վարչական ակտով առաջադրված գումարի չափի հարաբերակցությունը,

5) անձի կողմից փաստացի կատարված ծախսերի այն ծավալը, որն անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար,

6) վեճն ըստ էության սպառվելու իրադրության առաջացման հարցում վարչական մարմնի գործողությունների ազդեցությունը (տե՛ս, օրինակ, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/6047/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակցի ներկայացուցչի վճարի հատուցման հարցը լուծելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերը նշված չափորոշիչները՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են կոնկրետ գործի նկատմամբ։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Ալեքսան Թումասյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է անվավեր ճանաչել Ծառայության 06.07.2018 թվականի թիվ 1808255343 որոշումը, ինչպես նաև Ծառայությունից բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար: Ալեքսան Թումասյանը նշված վարչական ակտը դատական կարգով վիճարկելու համար փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել փաստաբան Տիգրան Ղազարյանի հետ: Պայմանագրով մատուցվելիք ծառայությունների գինը կազմել է 10.000 ՀՀ դրամ: Նշված պայմանագիրը ներկայացվել է Դատարանին:

Դատարանի 23.10.2018 թվականի վճռով հայցը մերժվել է: Նույն վճռի եզրափակիչ մասում նշվել է, որ հատուցման ենթակա դատական ծախս առկա չէ։ Ալեքսան Թումասյանը նշված վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք` խնդրելով բեկանել նշված վճիռը և անվավեր ճանաչել Ծառայության 06.07.2018 թվականի թիվ 1808255343 որոշումը, ինչպես նաև Ծառայությունից բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար: Վերաքննիչ դատարանի 03.04.2019 թվականի որոշմամբ Ալեքսան Թումասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 23.10.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է` Ծառայության 06.07.2018 թվականի թիվ 1808255343 որոշումը ճանաչվել է անվավեր:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ և 146-րդ հոդվածները, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշմամբ արտահայտված իրավական հիմնավորումները, դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(…) վերաքննիչ բողոքը բավարարելու և դատական ակտը մասնակի բեկանելու պայմաններում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում գործի քննության հետ կապված կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի կողմից կատարված դատական ծախսերի բաշխման իրավաչափությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Վերաքննիչ դատարանն Ալեքսան Թումասյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել վերջինիս հայցը բավարարելու` Ծառայության որոշումն անվավեր ճանաչելու մասին, այսինքն՝ գործն ի վնաս Ծառայության լուծելու արդյունքում վերջինիս դեմ կայացրել է դատական ակտ: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի համաձայն, վերը նշված դիրքորոշումների համաձայն` պետք է քննարկեր հայցվորի ներկայացուցչի վճարը Հայաստանի Հանրապետության հաշվին հայցվորին հատուցելու հարցը, և վերը նշված ապացույցի առկայությունը բավարար էր, որպեսզի Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ անդրադառնար սույն գործով ներկայացուցչին վճարված գումարի՝ որպես դատական ծախսի հատուցման հարցին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հայցվորի ներկայացուցչի վճարի հատուցման հարցը լուծելու համար Վերաքննիչ դատարանը պետք է պատշաճ գնահատական տար հետևյալ հարցերին.

- վերջնական բարենպաստ դատական ակտին հասնելու համար անձի կատարած կամ կատարելիք ծախսերը չեն գերազանցում արդյո՞ք այն գումարների չափը, որոնց կորուստը կանխելու համար վերջինս դիմել է դատական պաշտպանության,

- արդյո՞ք անձի կողմից փաստացի կատարված կամ կատարվելիք ծախսն անհրաժեշտ է եղել իրավունքների պաշտպանության համար,

- արդյո՞ք անձի կողմից փաստացի կատարված կամ կատարվելիք ծախսի և դրա կատարման անհրաժեշտության միջև առկա է ողջամիտ հարաբերակցություն,

- ներկայացուցչի վճարի փոխհատուցման ի՞նչ չափը կարող է վերականգնել մինչև Ալեքսան Թումասյանի կողմից դատարան դիմելն առկա դրությունը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը թեև իր որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում ընդհանուր առմամբ անդրադարձել է կողմերի միջև դատական ծախսերը բաշխելու հարցին, սակայն պատշաճ գնահատական չտալով վերը նշված հարցերին, հաշվի չառնելով դատավարության մասնակցի ներկայացուցչի վճարի հատուցման հարցը լուծելիս կիրառման ենթակա՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նշված չափանիշները, լուծված է համարել նաև հայցվորի ներկայացուցչի վճարի հատուցման՝ որպես դատական ծախսի բաշխման հարցը` թույլ տալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ և 58-րդ հոդվածների խախտումներ:

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշման պատճառաբանական մասում որպես դատական ծախսերի բաշխման վերաբերյալ իր դատողությունների հիմնավորում վկայակոչել է նաև Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով 30.11.2018 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած հետևյալ դիրքորոշումը. վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից: Այդ դեպքում վերաքննիչ վարչական դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող վարչական մարմնի կողմից վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վարչական դատարանը վեճը լուծել է հօգուտ հայցվորի, իսկ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, բեկանելով և փոփոխելով ՀՀ վարչական դատարանի վճիռը, հայցը մերժել է՝ պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի հատուցման պարտականությունը դնելով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարումից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը քննարկվող գործով կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է ձևավորել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա կարող է դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն այն դեպքում, երբ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվել է ի վնաս հայցվորի:

Այսինքն՝ վերը նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշումները վերաբերում են պատասխանողի կողմից վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի հատուցման պարտականությունը հայցվորի վրա դնելու իրավական հնարավորությանն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվել է ի վնաս հայցվորի, իսկ վերջինս օրենքի ուժով ազատված է դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից։

Մինչդեռ տվյալ դեպքում Դատարանը գործը լուծել է ի վնաս հայցվորի, իսկ Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Դատարանի վճիռը, կայացրել է հայցը բավարարելու մասին որոշում, այսինքն՝ գործի ելքը փոխվել է հօգուտ հայցվորի։ Դրա արդյունքում սույն գործով լուծման է ենթակա նաև հայցվորի ներկայացուցչի վճարի հատուցման պարտականությունը պատասխանողի վրա դնելու հարցը։ Փաստորեն, սույն գործով առկա չեն թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով 30.11.2018 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշման կիրառման համար անհրաժեշտ հանգամանքները։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի և թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործի հանգամանքները նույնանման չեն, ուստի նաև հայցվորի ներկայացուցչի վճարի հատուցման հարցը լուծելու համար Վերաքննիչ դատարանի կողմից թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով 30.11.2018 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումը վկայակոչելը հիմնավոր չէ։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը՝ դատական ծախսերի բաշխման, մասնավորապես՝ ներկայացուցչի վճարի հատուցման մասով, նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Թեև նշված իրավական դիրքորոշումներն արտահայտվել են քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հավասարապես կիրառելի են նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով կայացված վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելիս անձը հայցում է այնպիսի դատավարական հետևանքների առաջացում, որոնք անմիջականորեն պայմանավորված չեն ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ և ուղղված են վարույթի կանոնավոր ընթացքի ապահովմանը: Այս պարագայում անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված է ոչ թե գործի ըստ էության լուծման իրավաչափության, այլ դրա արդյունքում դատական ծախսերի բաշխման իրավաչափության հարցի պարզմանը: Հետևաբար վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում, անկախ այն հանգամանքից, թե տվյալ դատական ակտը կայացվել է քաղաքացիական, թե վարչական գործի շրջանակներում, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/6047/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի 03.04.2019 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, իսկ Ալեքսան Թումասյանը ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ որոշման ուժով ազատված է այդ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունից:

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ Ալեքսան Թումասյանը տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.04.2019 թվականի որոշման` դատական ծախսերի` ներկայացուցչի վճարի փոխհատուցման մասը, և այդ մասով գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան
 

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան