ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0287/04/15 2020 թ.
Սնանկության գործ
Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան
Դատավորներ՝ |
Մ. Հարթենյան |
Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող և զեկուցող |
Ռ. հակոբյան | |
|
|
Ս. Անտոնյան |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
|
Գ. հակոբյան |
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի ապրիլի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արաքսյա Բոժեվոլնովայի ներկայացուցիչ Կարապետ Բադալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ Արաքսյա Բոժեվոլնովայի դիմումի ընդդեմ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
18.09.2015 թվականին դիմելով դատարան՝ Արաքսյա Բոժեվոլնովան պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ. Պետրոսյան) 22.12.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ դատավոր՝ Գ. Կարախանյան, մասնակցությամբ դատավորներ՝ Ա. Խառատյան, Ս. Թորոսյան) 31.05.2016 թվականի որոշմամբ Ընկերության Հայաստանյան մասնաճյուղի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.12.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան ամբողջ ծավալով նոր քննության:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 17.04.2018 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.10.2018 թվականի որոշմամբ Ընկերության Հայաստանյան մասնաճյուղի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 17.04.2018 թվականի վճիռը բեկանվել է, և սնանկության գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արաքսյա Բոժեվոլնովայի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է , որ սնանկության գործերը քաղաքացիական գործեր են, և դրանց քննությունը պետք է իրականացվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը գործում է որպես հիմնական կարգավորող օրենք, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոնները` միայն այն դեպքում, երբ դրանով այլ կանոններ են սահմանված:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ սահմանում է, թե ով կարող է լինել սնանկության վարույթով պարտապան, և որոնք են բացառությունները, իսկ օտարերկրյա իրավաբանական անձինք բացառություն չեն կազմում, հետևաբար ընկնում են «ցանկացած իրավաբանական անձ կամ ֆիզիկական անձ հասկացության ներքո»:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 17.04.2018 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Դատարանի 17.04.2018 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հատոր 3-րդ, գ.թ. 156-161)․
2) Վերաքննիչ դատարանի 25.10.2018 թվականի որոշմամբ Ընկերության Հայաստանյան մասնաճյուղի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 17.04.2018 թվականի վճիռը բեկանվել է, և սնանկության գործի վարույթը կարճվել է (հատոր 4-րդ, գ.թ. 64-67)․
3) ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետի 05.11.2015 թվականի թիվ 3-2/2172-15 գրության համաձայն՝ ըստ պետական միասնական գրանցամատյանում 05.11.2005 թվականի դրությամբ առկա տեղեկությունների` Ընկերությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված չէ: Լրացուցիչ տեղեկացվել է, որ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է «ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» Հայաստանյան մասնաճյուղը, որի հիմնադիրն է հանդիսանում «ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» օտարերկրյա կազմակերպությունը (հատոր 1-ին, գ.թ. 85)․
4) Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման հիմնարկի հաշվառման թիվ 01Բ 001358 վկայականի համաձայն՝ «ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» Հայաստանի մասնաճյուղը հաշվառված է պետական ռեգիստրի Նորք-Մարաշ Տարածքային բաժնի կողմից (հաշվառման համարը՝ 273.060.03699), հիմնադիրն է «ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն (հատոր 1-ին, գ.թ. 52)․
5) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի արտոնագրված թարգմանիչ Գ․Սարյանի կողմից թարգմանված և ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ն․Սարգսյանի կողմից վավերացված (գրանցված է սեղանամատյանում 3254) թարգմանության պատճենի համաձայն՝ Ընկերությունը լուծարման ենթակա չէ, իսկ Դելավերի նահանգում գրանցված գրասենյակի հասցեն է՝ 2711, Սենթիրվիլ Ռոուդ, գրասենյակ 400, քաղաք Վիլմինգտոն, ԴԵ19808 (հատոր 1-ին, գ.թ. 59):․
6) Ընկերության Հայաստանյան մասնաճյուղի ներկայացրած վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է, ի թիվս այլնի, նաև այն հիմքով, որ սույն գործը ենթակա չէ դատարանում քննության և բողոքաբերը գտել է, որ սնանկության գործի վարույթը պետք է կարճել (հատոր 4-րդ, գ.թ. 9-34):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար: Բացի այդ, սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն ունեցող օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ սնանկության գործերը ենթակա են Հայաստանի Հանրապետության դատարանների քննությանը:
ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ներկայացուցչությունները և մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա: Ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա:
Վերլուծելով նշված հոդվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացուցչությունը չի հանդիսանում իրավաբանական անձ: Այն գործում է իրեն ստեղծող իրավաբանական անձի հաստատած կանոնադրության հիման վրա, իսկ նրա պարտավորություններով պատասխանատու է ստեղծող իրավաբանական անձը: Ներկայացուցչությունը, հանդիսանալով իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում, իրականացնում է վերջինիս գործառույթները (ֆունկցիաները), կամ դրանց մի մասը, այն վայրում, որտեղ տեղակայված է: Ներկայացուցչությունը հանդես է գալիս իրավաբանական անձի անունից և, ի թիվս այլ գործառույթների, պաշտպանում է նրա շահերը:
բ) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք)՝ ենթակայության և ընդդատության ինստիտուտներին վերաբերող իրավակարգավորումներին:
Այսպես. Նախկին օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Նախկին օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին:
Ելնելով վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ենթակայությունը և ընդդատությունը ուղղված են գործը քննելու և լուծելու հարցում դատարանի լիազորությունները պարզելուն: Ենթակայությունը և ընդդատությունը՝ թեև ունեն որոշակի նմանություններ, այնուամենայնիվ հանդիսանում են տարբեր ինստիտուտներ:
Մասնավորապես, անդրադառնալով ենթակայության ինստիտուտին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ արդար դատաքննության իրավունքի կարևորագույն տարրերից է դատարանի մատչելիության իրավունքը, որի վարույթային երաշխիքներից է ենթակայության ինստիտուտը: Ենթակայությունն իրավաբանական գործերի այնպիսի հատկանիշ է, որի միջոցով պարզվում է տվյալ գործը քննելու և լուծելու իրավասություն ունեցող կոնկրետ սուբյեկտը: Ըստ այդմ, այն գործերը, որոնց քննությունն ու լուծումն օրենքով հանձնված է դատարանի իրավասությանը, համարվում են դատական ենթակայության գործեր: Փաստորեն, անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ դատարանի առջև վերջինիս բարձրացրած հարցը (որպես կանոն՝ իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության և լուծման դատարանի կողմից (տե՛ս, Գեղանուշ Հարությունյանի ընդդեմ Մարտին Մկրտչյանի թիվ ԱՐԴ/4024/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ընդդատությունը՝ որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որոնք կարգավորում են դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
գ) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության գործերով դատավարական նորմերի կիրառմանը.
Օրենսդիրը սնանկության գործընթացը կարգավորող որոշակի դատավարական նորմեր, որոնք առնչվում են սնանկության գործով դատավարության բոլոր փուլերին՝ սկսած սնանկության դիմում ներկայացնելուց մինչև սնանկության գործն ավարտելու մասին վճիռ կայացնելը, ընդգրկել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքում։
Միևնույն ժամանակ, մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վերը նշված դրույթը, շեշտադրել է այն, որ մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով այլ կանոններ, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով են սահմանված, նախատեսված լինելու դեպքում կիրառվում են մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում զետեղված դատավարական նորմերը։ Օրենքի նման կարգավորումից հետևում է, որ այն դատավարական իրավահարաբերությունները, որոնք կարգավորված չեն մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով պետք է կարգավորվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններով։
դ) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղ ունեցող օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ սնանկության վեճերի քննման հնարավորությանը.
Մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` որպես պարտապան` օտարերկրյա կամ քաղաքացիություն չունեցող անձի մասնակցությամբ անվճարունակության (սնանկության) հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենքի դրույթները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն ամրագրել է Հայաստանի Հանրապետության դատարաններում օտարերկրյա անձանց մասնակցությամբ սնանկության վեճերի քննման հնարավորությունը, այսինքն՝ օտարերկրյա անձանց մասնակցությամբ սնանկության վեճերի ենթակայությունը:
Ավելին, մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ սնանկության վարույթի պարտապան կարող է լինել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, բացառությամբ`
ա) Հայաստանի Հանրապետության.
բ) համայնքի.
գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի.
դ) բանկի.
ե) վարկային կազմակերպության.
զ) ներդրումային ընկերության.
զ1.) ներդրումային ֆոնդի կառավարչի.
է) ապահովագրական ընկերության.
ը) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամի:
Փաստորեն, օտարերկրյա իրավաբանական անձը մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բացառություններում ընդգրկված չէ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով օտարերկրյա իրավաբանական անձանց սնանկության հետ կապված գործերով ընդդատության կանոններ սահմանված չեն, ուստի նշված հարցը պարզելու համար մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի ուժով պետք է անդրադառնալ քաղաքացիադատավարական նորմերին:
Այսպես, Նախկին օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններն օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործերը քննում են, եթե պատասխանողն ունի բնակության վայր կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններն իրավունք ունեն նաև քննել օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր, եթե օտարերկրյա անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Նախկին օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ Սնանկության դատարանը գործում է 2019 թվականի հունվարի 1-ից:
Նույն հոդվածի 21-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը՝ սնանկության գործերը շարունակում են վարել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում սնանկության մասնագիտացված դատավորները:
Վերլուծելով վերոգրյալ իրավադրույթները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ դատարանները կարող են քննել այն քաղաքացիական գործերը, որոնցով կողմ հանդիսացող օտարերկրյա իրավաբանական անձը ՀՀ տարածքում ունի մասնաճյուղ կամ ներկայացուցչություն:
Անդրադառնալով «քաղաքացիական գործեր» եզրույթին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը, սահմանելով մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում սնանկության գործերի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննելու կանոն, չի ամրագրել որևէ դրույթ այն մասին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավանորմերի՝ սնանկության գործերի նկատմամբ կիրառման դեպքում պետք է տարբերակել և մատնանշել տվյալ նորմի` սնանկության գործով կիրառման ենթակա լինելու հնարավորությունը: Այլ կերպ ասած, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ամրագրել է «քաղաքացիական» գործերի վարման կարգ, մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի ուժով դրա կանոններն ամբողջությամբ կիրառելի են սնանկության գործերի նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության դատարանները կարող են քննել օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ քաղաքացիական՝ այդ թվում սնանկության գործեր, եթե օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ունեցող օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ սնանկության գործերը՝ վերոնշյալ հոդվածների և «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի ուժով 01.01.2019 թվականից ընդդատյա են ՀՀ սնանկության դատարանին, իսկ մինչև 01.01.2019 թվականը՝ ընդդատյա են եղել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի վճիռը և կարճել է գործի վարույթը Հայաստանի Հանրապետության դատարաններին ենթակա չլինելու հիմքով՝ պատճառաբանելով, որ ՀՀ դատարանները կարող են քննել այն քաղաքացիական գործերը, որոնցով կողմ հանդիսացող օտարերկրյա իրավաբանական անձը ՀՀ տարածքում ունի մասնաճյուղ կամ ներկայացուցչություն: Ըստ Վերաքննիչ դատարանի որոշման՝ նշված կարգը սահմանված է միայն քաղաքացիական գործերի քննման համար, սակայն այն սնանկության գործերի քննման վերաբերյալ որևէ դրույթ չի պարունակում, ինչից ելնելով՝ եզրահանգել է, որ սնանկության գործերը ՀՀ դատարանների կողմից քննվել չեն կարող, անգամ այն պարագայում, երբ վերջիններս ՀՀ տարածքում ունեն ներկայացուցչություն կամ մասնաճյուղ:
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով պարտապան Ընկերությունը օտարերկրյա կազմակերպություն է, իսկ նրա մասնաճյուղը գրանցված է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Նորք-Մարաշ տարածքային բաժնի կողմից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով այլ կարգ սահմանված չլինելու պայմաններում, սույն գործի ենթակայության և ընդդատության հարցը պետք է պարզել՝ ղեկավարվելով քաղաքացիադատավարական նորմերով, տվյալ դեպքում՝ Նախկին օրենսգրքով:
Այսպես. ելնելով վերոգրյալ իրավական վերլուծություններից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օտարերկրյա իրավաբանական անձի, տվյալ դեպքում Ընկերության մասնակցությամբ սնանկության գործը Հայաստանի Հանրապետության դատարաններում քննելու համար առկա է անհրաժեշտ պայմանը, այն է` Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում ունի գրանցված մասնաճյուղ, ինչը նշանակում է, որ Ընկերության մասնակցությամբ սնանկության գործը ենթակա է Հայաստանի Հանրապետության դատարանների քննությանը:
Նկատի ունենալով, որ մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը օտարերկրյա անձանց մասնակցությամբ սնանկության գործերի ընդդատության կարգ չի սահմանել, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության նորմերն ամբողջությամբ կիրառելի են սնանկության գործերի նկատմամբ: Ուստի, հաշվի առնելով այն, որ Արաքսյա Բոժեվոլնովան Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմումը ներկայացրել է 18.09.2015 թվականին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն սնանկության գործն ընդդատյա է եղել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:
Այսպիսով, Արաքսյա Բոժեվոլնովայի վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը, գործը Հայաստանի Հանրապետության դատարաններին ենթակա չլինելու հիմքով բավարարելով Ընկերության Հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը, բեկանելով Դատարանի վճիռը և կարճելով սնանկության գործի վարույթը, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության ընթացքում Ընկերության Հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին ու հիմնավորումներին անդրադառնալու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ սույն որոշմամբ նշված ծավալով նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Ե. Խունդկարյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|