ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0273/02/18 2020 թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան |
Դատավորներ՝ |
Դ. Սերոբյան |
Լ. Գրիգորյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող |
Ռ. հակոբյան | |
|
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
|
Գ. հակոբյան |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի հունիսի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ) ընդդեմ Ռազմիկ Մեդոյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Բանկի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ռազմիկ Մեդոյանից հօգուտ իրեն բռնագանձել 1.058.921 ՀՀ դրամ` որպես վարկի ընդհանուր պարտքի և նախապես վճարված պետական տուրքի գումարներ, ինչպես նաև սկսած 01.02.2018 թվականից մինչև պարտավորության ամբողջական մարման օրը վարկի գումարի մնացորդի և կուտակված տոկոսագումարի հանրագումարի՝ 1.030.370 ՀՀ դրամ գումարի վրա հաշվարկել և բռնագանձել վարկային պայմանագրի 6.6. կետով նախատեսված օրական 0,4% տոկոսադրույքով հաշվարկված տուժանքի գումարը:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) 27.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է` Ռազմիկ Մեդոյանից հօգուտ Բանկի բռնագանձել 1.058.921 ՀՀ դրամ, որից 987.000 ՀՀ դրամ` որպես վարկի գումար, 43.371 ՀՀ դրամ` որպես կուտակված տոկոսագումար, 16.708 ՀՀ դրամ` որպես տուժանք, 11.842 ՀՀ դրամ` որպես սպասարկման վճար, ինչպես նաև 21.178 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից կատարված դատական ծախսի՝ նախապես վճարված պետական տուրքի գումար: Սկսած 01.02.2018 թվականից մինչև պարտավորության կատարման օրը ներառյալ վարկի գումարի մնացորդի և կուտակված տոկոսագումարի հանրագումարի՝ 1.030.371 ՀՀ դրամի չվճարված մասի նկատմամբ հաշվարկել տույժ՝ օրական 0,4%-ի չափով և այն նույնպես բռնագանձել Ռազմիկ Մեդոյանից հօգուտ Բանկի:
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է հարգելի համարել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը և վերականգնել այն՝ տրամադրելով կատարողական թերթ:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 04.10.2019 թվականի որոշմամբ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու, ինչպես նաև կատարողական թերթ տրամադրելու մասին Բանկի դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.11.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության առնչությամբ կայացված դատական ակտը բողոքարկելիս բողոք բերող անձը պարտավոր է վճարել պետական տուրք, չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ մասի կարգավորումներից և հետևանք է նշված իրավանորմերի սխալ մեկնաբանման։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված որոշ որոշումների բողոքարկման դեպքում, որոնցից է նաև կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելը մերժելու մասին դատարանի որոշումը, պետական տուրք վճարելու պարտականություն սահմանված չէ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 18.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու համար բողոք ներկայացնող անձը կրում է պետական տուրք վճարելու պարտականություն։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, … պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է`
ա) դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով,
բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով,
գ) հատուկ վարույթների գործերով` բազային տուրքի ութապատիկի չափով:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը: Մասնավորապես՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սպառիչ ամրագրվել են ինչպես դատարան դիմելու համար պետական տուրքի գանձման օբյեկտները, այնպես էլ՝ գանձվող պետական տուրքի դրույքաչափերը: Ընդ որում օրենսդիրը վերը նշվածը սահմանելիս որոշակի տարբերակված մոտեցում է ցուցաբերել դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են՝ ներկայացված հայցապահանջի տեսակը, քննվող գործով վարույթի տեսակը, բողոքարկման ենթակա ակտը և դրա բողոքարկման ծավալը: Այլ կերպ ասած` պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ վարույթի կարգով է քննվում տվյալ գործը` տարբերակվել են հայցային և հատուկ վարույթի կարգով քննվող գործերի համար սահմանված պետական տուրքի գանձման դրույքաչափերը: Տարբերակված մոտեցում է ցուցաբերվել նաև հայցային վարույթի կարգով քննվող գործերի դեպքում դրամական և ոչ դրամական պահանջների համար (տե՛ս, նաև Սևակ Արզարունին ընդդեմ Նարեգ և Սարո Հարթունյանների թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ իրավական գնահատական տալով պետական տուրքի գանձման օբյեկտներին, արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը պետական տուրքի գանձման օբյեկտ, այսինքն` պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողություն է դիտարկում, մասնավորապես, դատարան տրվող հայցադիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննությունը: Այդ իսկ նկատառումով ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պետական տուրքի հաշվարկման հիմքն այն գույքային կամ ոչ գույքային պահանջն է, որով անձը դիմել է դատարան` իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով` արդյունքում ակնկալելով ներկայացված պահանջի ըստ էության քննություն և լուծում: Այսինքն` պետական տուրքի գանձում իրականացվում է ոչ թե դատարանի ցանկացած գործողության, այլ այն գործողությունների համար, որոնց արդյունքում վերջնական դատական ակտի կայացմամբ քննարկվում և լուծվում է ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջը: Հետևաբար, այն դեպքում, երբ դատարան դիմած անձը հայցում է դատարանի որևէ գործողության իրականացում, որն անմիջականորեն պայմանավորված չէ ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ, այլ ուղղված է վարույթի կանոնավոր ընթացքն ապահովելուն, թեկուզև այդ գործողության հայցումն իրականացվում է բողոքարկման ընթացակարգի միջոցով, այնուամենայնիվ, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Անդրադառնալով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատարան ներկայացվող դիմումների և դրանց կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված բողոքների համար պետական տուրքի գանձման հարցին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործով դատարանը կայացնում է եզրափակիչ և միջանկյալ դատական ակտեր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտեր են՝ (…) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները (…)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքով կայացված որոշումը։
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները դիտարկել է որպես եզրափակիչ դատական ակտեր, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանել է նաև վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները: Ըստ այդմ էլ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածը, ի թիվս այլ պայմանների, սահմանել է նաև վերաքննիչ բողոքին պետական տուրքը վճարված լինելու մասին ապացույց կցելու բողոք բերող անձի պարտականությունը։ Այդուհանդերձ, նշված պարտականության կատարումն անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ բողոք բերող անձը կրում է պետական տուրք վճարելու պարտականություն։
Նշվածը հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու դիմում ներկայացնելու և հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը վերականգնելու օրենսդրական կառուցակարգի սահմանման նպատակը վերջնական դատական ակտի կատարման ապահովումն է, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կատարողական թերթը տրվում է՝ դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա:
Սույն գործով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու դիմումը ներկայացնելու՝ 07.08.2019 թվականի դրությամբ գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջատիրոջ կողմից կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տալու իրավասություն ունեցող դատարան` կցելով դիմումը պարտապանին ուղարկելու մասին ապացույց: Նույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում ներկայացված դիմումը չի քննարկվում, որի մասին դիմումը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում, իսկ 4-րդ մասի համաձայն՝ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ կատարողական թերթի տրամադրումը կոչված է կատարողական վարույթի միջոցով ապահովելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման գործընթացը, ինչն իր հերթին հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը: Մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արդար դատաքննության իրավունքը կդառնա վերացական, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ դատարանի՝ ի վնաս կողմերից մեկի կայացրած վերջնական, պարտադիր դատական ակտը մնա անկատար: Ավելին, եթե Կոնվենցիայի 6-րդ հոդվածն առանց պաշտպանության թողնի, դատական ակտերի ի կատար ածումը, ապա դա, հավանաբար, կհանգեցնի այնպիսի իրողության, որ անհամատեղելի կլինի իրավունքի գերակայության սկզբունքների հետ, որը պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել Կոնվենցիան վավերացնելիս (տե՛ս, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40):
Ըստ այդմ էլ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը սահմանել է հատուկ ընթացակարգ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատարան տրվող դիմումների համար: Մասնավորապես՝ պայմանավորված այդ դիմումների քննության առանձնահատկությամբ՝ տվյալ դիմումի քննության համար օրենսդիրը սահմանել է առավել սեղմ ժամկետ՝ 10 օր, դիմումը ստանալու օրվանից՝ միաժամանակ իրավունք վերապահելով գործին մասնակցող անձանց բողոքարկելու տվյալ գործերով կայացված դատական ակտը (տվյալ դեպքում՝ դատարանի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ վերը նշված վարույթն անմիջականորեն ուղղված չէ որևէ վեճի լուծմանը կամ գործի փաստական հանգամանքների պարզմանը: Տվյալ դեպքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով գործի քննությունն արդեն իսկ ավարտվել է և դատարանի միակ գործողությունը կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու հարցի պարզումն ու գնահատումն է: Այսինքն` վերը նշվածը վկայում է, որ տվյալ վարույթի ընթացքում դատարանի կողմից կատարվող դատավարական գործողությունները կրում են սահմանափակ բնույթ, բացակայում է պետական տուրքի գանձման օբյեկտը, ըստ այդմ՝ նաև պետական տուրք վճարելու պարտականությունը:
Վերը նշվածի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն հետևության, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումներով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով առկա չէ պետական տուրքի գանձման օբյեկտը, որպիսի պայմաններում դիմողների վրա չի կարող դրվել վերը նշված գործերով կայացված դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու համար պետական տուրքի վճարման պարտականություն (տե՛ս, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (իրավահաջորդ՝ «Վեոն Արմենիա» ՓԲԸ) դիմումը՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին թիվ ԱՎԴ2/1116/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.07.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի 27.06.2018 թվականի վճռով Բանկի հայցը բավարարվել է և վճիռն օրինական ուժի մեջ է մտել 28.07.2018 թվականին (գ.թ. 45-49)։
Բանկը փոստային ծառայության միջոցով 07.08.2019 թվականին դիմում է ներկայացրել Դատարան կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու, այն վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու մասին (գ.թ. 57-62)։
Դատարանի 04.10.2019 թվականի որոշմամբ մերժվել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Բանկի դիմումը։
Վերաքննիչ դատարանի 18.11.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է եզրափակիչ դատական ակտի դեմ, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ոչ դրամական պահանջի գործերով սահմանված է 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, մինչդեռ բողոք բերողը չի վճարել այդ գումարը և չի միջնորդել կիրառել պետական տուրքի վճարման գծով արտոնություններ:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն քաղաքացիական գործով Բանկը վերաքննության կարգով բողոքարկել է Դատարանի 04.10.2019 թվականի որոշումը, որը կայացվել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը վճարված չլինելը, ինչպես նաև պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության առկայությունը կամ բացակայությունը որևէ նշանակություն չունեն Բանկի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծման համար, քանի որ Բանկը վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում պետական տուրքի վճարման պարտականություն չունի՝ բողոքարկման ենթակա դատական ակտի տեսակով և հայցվող գործողությամբ պայմանավորված՝ պետական տուրքի վճարման օբյեկտի բացակայության հիմքով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով վերադարձրել է Բանկի վերաքննիչ բողոքը` վերջինիս զրկելով Դատարանի 04.10.2019 թվականի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը` արդյունքում թույլ տալով այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն վերադարձնելով Բանկի վերաքննիչ բողոքը՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Բանկի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 18.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող |
ռ. Հակոբյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Ե. Խունդկարյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Տ. Պետրոսյան | |