ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ5/0054/05/15 2020 թ.
Վարչական գործ
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան
Դատավորներ՝ |
Ք. Մկոյան |
Ա. Առաքելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող և զեկուցող |
Ռ. հակոբյան | |
|
|
Ս. Անտոնյան |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
|
Գ. հակոբյան |
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի հուլիսի 03-ին
դռնբաց դատական նիստում քննելով գործին մասնակից չդարձված անձ Վաչագան Կյուրեղյանի ներկայացուցիչ Նարինե Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.05.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռուզաննա Սարգսյանի ընդդեմ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնքի ղեկավար), երրորդ անձինք Արթուր Բաղդասարյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման` Համայնքի ղեկավարի որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ռուզաննա Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ղեկավարի 02.11.2012 թվականի թիվ 42-Ա որոշումը և որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Արթուր Բաղդասարյանի սեփականության իրավունքի գրանցման գրառումը Շիրակի մարզ, Մեծ Մանթաշ համայնքի 2-րդ խճուղի, թիվ 9 հասցեով տնատիրության` տան և հողամասի նկատմամբ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Էդ. Նահապետյան) (այսուհետ` Դատարան) 30.05.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.05.2017 թվականի որոշմամբ Արթուր Բաղդասարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 30.05.2016 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` մասնակի՝ ՀՀ Շիրակի մարզ, Մեծ Մանթաշ համայնքի 2-րդ խճուղի, թիվ 9 հասցեում գտնվող գույքային միավորների 1/2 մասով, անվավեր է ճանաչվել Համայնքի ղեկավարի 02.11.2012 թվականի թիվ 42-Ա որոշումը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Վաչագան Կյուրեղյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ, ‹‹Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին›› եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, 19-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ առկա է Դատարանի վճիռը բեկանելու հիմք, այն է՝ Վաչագան Կյուրեղյանը մասնակից չի դարձվել դատավարությանը, մինչդեռ պետք է մասնակից դարձվեր սույն գործին՝ որպես երրորդ անձ: Սույն գործում առկա է Արթուր Բաղդասարյանի կողմից ներկայացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16122014-08-0028 վկայականը, որով Դատարանին հայտնի է դարձել Շիրակի մարզի Մեծ Մանթաշ 2-րդ խճուղի, թիվ 9 հասցեում գտնվող գույքի նկատմամբ 11.12.2014 թվականին անշարժ գույքի վաճառքի պայմանագրի հիմքով 16.12.2014 թվականին Վաչագան Կյուրեղյանի սեփականության իրավունքի առկայության փաստը` 0,14հա հողամասի նկատմամբ, որից 0,00205հա ընդհանուր օգտագործման (ճանապարհ), իսկ շինության տակ գտնվող հողամասի 1/2 մակերեսով 0,00882հա այլ անձի գույքի հողամաս: Նշված հանգամանքի առկայության մասին փաստարկվել է նաև վերաքննիչ բողոքում՝ որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական նորմի խախտման հիմք, որը նույնպես անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Ստորադաս դատարանները, Վաչագան Կյուրեղյանին գործին մասնակից չդարձնելով և վերջնական դատական ակտեր կայացնելով, զրկել են վերջինիս իր խախտված իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.05.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Շիրակի մարզի Մեծ Մանթաշի համայնքի ղեկավարի 02.11.2012 թվականի թիվ 42-Ա որոշմամբ վերականգնվել է ՀՀ Շիրակի մարզի Մեծ Մանթաշի համայնքի 2 խճուղի թիվ 9 հասցեում գտնվող 08-079-21-84 կադաստրային ծածկագրով գույքային միավորների նկատմամբ Արթուր Բաղդասարյանի 0.14հա հողամասի (որից 0.01969հա հանդիսանում է ընդհանուր սեփականություն) նկատմամբ սեփականության իրավունքը և 08-079-21-84 կադաստրային ծածկագրով հողամասին ամրակայված շենք շինություններին տրամադրվել է 2-րդ խճուղի թիվ 9 հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 6).
2) 11.12.2014 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրով Արթուր Բաղդասարյանը վերոգրյալ հասցեի անշարժ գույքը վաճառել է Վաչագան Կյուրեղյանին (անշարժ գույքի վաճառքի պայմանագրի պատճենը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից).
3) անշարժ գույքի վաճառքի պայմանագրից ծագող` Վաչագան Կյուրեղյանի սեփականության իրավունքը 11.12.2014 թվականին ստացել է պետական գրանցում և տրվել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16122014-08-0028 վկայականը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16122014-08-0028 վկայականի պատճենը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից).
4) Ռուզաննա Սարգսյանի կողմից ընդդեմ Համայնքի ղեկավարի, երրորդ անձինք Արթուր Բաղդասարյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ներկայացրած հայցի հիման վրա հարուցված վարչական գործի քննության արդյունքում Դատարանի կայացրած վճռով անվավեր է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզի Մեծ Մանթաշի համայնքի ղեկավարի 02.11.2012 թվականի թիվ 42-Ա որոշումը, այսինքն՝ նշված վճիռը շոշափել է Վաչագան Կյուրեղյանի իրավունքներն ու պարտականությունները, սակայն վերջինս Դատարանի վճիռը վերաքննության կարգով չի բողոքարկել.
5) Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն գործով երրորդ անձ Արթուր Բաղդասարյանը՝ վերաքննիչ բողոքում նշելով, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16122014-08-0028 վկայականի համաձայն` Մեծ Մանթաշ, 2-րդ խճուղի թիվ 9 հասցեում գտնվող գույքի նկատմամբ 11.12.2014 թվականի անշարժ գույքի վաճառքի պայմանագրի հիմքով 16.12.2014 թվականին գրանցվել է Վաչագան Կյուրեղյանի սեփականության իրավունքը` 0,14հա հողամասի նկատմամբ, ուստի Դատարանի կայացրած վճռով կարող է շոշափվել Վաչագան Կյուրեղյանի իրավունքներն ու սույն գործով դատավարությանը մասնակից չդառնալով՝ վերջինս զրկվել է իր իրավունքները պաշտպանելու համար փաստեր, ապացույցներ և դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, ինչն իր հերթին կարող էր ազդեցություն ունենալ Դատարանի կողմից համապատասխան բովանդակությամբ դատական ակտ կայացնելու վրա (հատոր 2-րդ, գ.թ. 75-78).
6) երրորդ անձ Արթուր Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վաչագան Կյուրեղյանը վճռաբեկության կարգով բողոքարկել է որպես դատավարությանը մասնակից չդարձված անձ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` դատավարությանը մասնակից չդարձված անձի կողմից իր իրավունքներն ու պարտականությունները շոշափող դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրացման առանձնահատկությունների վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, ինչը, սակայն սույն բողոքի քննության արդյունքում չհաստատվեց ստորև ներկայացվող հիմնավորումներով:
Անդրադառնալով այն իրավական հարցին, թե ի՞նչ կարգով դատավարությանը մասնակից չդարձված անձը կարող է իրացնել իր իրավունքներն ու պարտականությունները շոշափող դատական ակտը բողոքարկելու իրավունքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վարչական դատավարության մասնակիցներն են՝ երրորդ անձինք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել է դատավարությանը մասնակից չդարձված անձանց ինստիտուտին՝ այն դարձնելով գնահատման առարկա: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, Լաուրա Մկրտչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ մի կողմից` օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում սահմանել է, որ վարչական դատարանը պարտավոր է սեփական նախաձեռնությամբ դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավել այն անձանց, որոնց իրավունքները շոշափվելու են գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, այսինքն` ընդունվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է այդ անձանց վրա: Մյուս կողմից` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածում նախատեսելով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը` օրենսդիրը որպես վարչական դատարանի վերոնշյալ դատավարական պարտականության կատարման նկատմամբ վերադաս դատական ատյանի կողմից իրականացվող հսկողության միջոց սահմանել է, որ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե այն շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները (տե՛ս, «Բուրգեր Քինգ Քորփորեյշն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0475/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը)։
Փաստորեն, օրենսդիրը, սահմանելով, որ վարչական դատարանը պարտավոր է դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավել այն անձանց կամ մարմիններին, որոնց վրա անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է գործի քննության արդյունքում կայացված դատական ակտը, միևնույն ժամանակ սահմանել է այդ կանոնը խախտելու իրավական հետևանքը, որը դատական ակտի անվերապահ բեկանումն է:
Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները: Ըստ այդմ, դատավարությանը մասնակից չդարձված անձի դատական պաշտպանության իրավունքն իրացնելու նպատակով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրվել է դատական ակտի բողոքարկման հնարավորությունը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`
1) դատավարության մասնակիցները.
2) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են երրորդ անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։
Նույնաբովանդակ կարգավորում է նախատեսվել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որի համաձայն` վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք վճռաբեկ դատարանում օգտվում են երրորդ անձի իրավունքներից և կրում նրանց համար սահմանված պարտականությունները։
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն եզրահանգում է, որ դատավարությանը մասնակից չդարձված անձի կողմից բողոքարկման իր իրավունքն իրացնելու յուրաքանչյուր դեպքում որոշիչ է այն հարցի պարզումը, թե որ դատարանի՝ առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտով է շոշափվում տվյալ անձի իրավունքները և պարտականությունները։
Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի հետևյալ իրավակարգավորումները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը չի կարող բողոքարկվել վճռաբեկ դատարան, եթե այն նույն հիմքերով չի բողոքարկվել վերաքննիչ դատարանում, բացառությամբ սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու` սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին։
Այսինքն, օրենքով սահմանված իրավակարգավորման համաձայն՝ այն դեպքում, երբ դատավարությանը մասնակից չդարձված անձի իրավունքներն ու պարտականությունները շոշափվում են առաջին ատյանի դատարանի դատական ակտով, ապա տվյալ անձը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հիմքով կարող է իրացնել առաջին ատյանի դատական ակտը բողոքարկելու իր իրավունքը, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից նշված հիմքով իրականացված բողոքի քննության արդյունքով կայացված դատական ակտն ընդհանուր կարգով բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարան։ Այլ կերպ ասած, եթե անձի իրավունքներն ու պարտականությունները շոշափող դատական ակտը կայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից, ապա վերջինս, որպես դատավարության մասնակից չդարձված անձ, տվյալ դատարանի դատական ակտը պետք է բողոքարկի վերաքննության կարգով, քանի որ վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու պարագայում, անձն այլևս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հիմքով չի կարող բողոքարկել վերաքննիչ դատարանի դատական ակտը։ Միևնույն ժամանակ, եթե անձի իրավունքներն ու պարտականությունները շոշափող դատական ակտը կայացվել է վերաքննիչ դատարանի կողմից, ապա վերջինս, որպես դատավարության մասնակից չդարձված անձ, տվյալ դատական ակտը կարող է բողոքարկել վճռաբեկության կարգով։
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերլուծության ենթարկել հետևյալ հնարավոր իրավիճակները.
1) առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավարությանը մասնակից չդարձված անձի իրավունքներն ու պարտականությունները շոշափող դատական ակտ, որը մեկ այլ անձի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում թողնվել է անփոփոխ։ Քանի որ այդ դեպքում անձի իրավունքներն ու պարտականությունները շոշափող դատական ակտը կայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից (վերաքննիչ դատարանն ընդամենն այն անփոփոխ է թողել), անձն իրավունք ունի առաջին ատյանի դատարանի դատական ակտը բողոքարկել վերաքննության կարգով։ Իսկ այդ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան։ Քննարկվող իրավիճակում առանց առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու՝ անձը չի կարող վճռաբեկության կարգով բողոքարկել վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը.
2) առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավարությանը մասնակից չդարձված անձի իրավունքներն ու պարտականությունները չշոշափող դատական ակտ, որը մեկ այլ անձի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ամբողջությամբ բեկանվել և փոփոխվել է, և վերաքննիչ դատարանը կայացրել է դատավարությանը մասնակից չդարձված անձի իրավունքներն ու պարտականությունները շոշափող դատական ակտ։ Այդ դեպքում առաջին ատյանի դատարանի ամբողջությամբ բեկանված դատական ակտն այլևս գոյություն չունի, ուստի քննարկվող իրավիճակում անձի իրավունքներն ու պարտականությունները շոշափող դատական ակտը կայացվել է ոչ թե առաջին ատյանի դատարանի, այլ՝ վերաքննիչ դատարանի կողմից։ Նման պայմաններում դատավարությանը մասնակից չդարձված անձի կողմից կարող է բողոքարկվել ոչ թե առաջին ատյանի դատարանի, այլ՝ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը.
3) առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավարությանը մասնակից չդարձված անձի իրավունքներն ու պարտականությունները շոշափող դատական ակտ, որը մեկ այլ անձի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում մասնակիորեն է բեկանվել և փոփոխվել։ Այդ դեպքում դատավարությանը մասնակից չդարձված անձն իրավունք ունի վճռաբեկության կարգով բողոքարկել վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու մասով։ Նկարագրված դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ենթակա է գնահատման այն հարցը, թե վերաքննիչ բողոքի քննության արդյունքում մասնակիորեն բեկանված և փոփոխված դատական ակտն ինչ ծավալով է միջամտում գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին ու պարտականություններին։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարությանը մասնակից չդարձված անձի կողմից բողոքարկման իրավունքն իրացնելու յուրաքանչյուր դեպքում պետք է որոշակի լինի, թե որ ատյանի դատարանի կայացրած դատական ակտով են շոշափվում տվյալ անձի իրավունքներն ու պարտականությունները, քանի որ եթե անձի իրավունքներն ու պարտականությունները շոշափվող դատական ակտը կայացրել է առաջին ատյանի դատարանը, ապա վերջինս, որպես դատավարության մասնակից չդարձված անձ, տվյալ դատարանի դատական ակտը կարող է բողոքարկել միայն վերաքննության կարգով, իսկ եթե անձի իրավունքներն ու պարտականությունները շոշափող դատական ակտը կայացրել է վերաքննիչ դատարանը, ապա՝ վերջինս, որպես դատավարության մասնակից չդարձված անձ, տվյալ դատական ակտը կարող է բողոքարկել վճռաբեկության կարգով։
Ըստ այդմ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը կարող է կիրառելի լինել, և այդ հիմքով դատական ակտը ենթակա կլինի անվերապահ բեկանման միայն այն պարագայում, եթե դատավարությանը մասնակից չդարձված անձի կողմից բողոքարկման իրավունքն իրացվել է վերը նշված իրավական դիրքորոշումներին համապատասխան։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ռուզաննա Սարգսյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ղեկավարի 02.11.2012 թվականի թիվ 42-Ա որոշումը և որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Արթուր Բաղդասարյանի սեփականության իրավունքի գրանցման գրառումը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ Համայնքի 2-րդ խճուղի թիվ 9 հասցեով տնատիրության` տան և հողամասի նկատմամբ:
Դատարանը, հաստատելով, որ վիճարկվող որոշման ընդունմամբ թույլ է տրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի խախտում, հայցվորը վարչական վարույթին մասնակից չի դարձվել, դրանով իսկ խախտվել է նույն օրենքի 4-րդ և 5-րդ գլուխներով նախատեսված հայցվորի բոլոր իրավունքները, նույն օրենքի 37-րդ հոդվածի համաձայն չի ապահովվել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, ինչի արդյունքում 02.11.2012 թվականի որոշումն ընդունելիս Համայնքի ղեկավարն ըստ էության վարչական վարույթ չի իրականացրել` քննարկում չի կատարել և հայցվորին զրկել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականատիրոջ իր իրավունքներից, բավարարել է Ռուզաննա Սարգսյանի հայցը` անվավեր ճանաչելով Համայնքի ղեկավարի 02.11.2012 թվականի թիվ 42-Ա որոշումը:
Վերաքննիչ դատարանը, մասնակի վերահաստատելով Դատարանի իրավական դիրքորոշումը, փաստել է, որ Դատարանը վիճարկվող որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելիս խախտել է նաև Արթուր Բաղդասարյանի սեփականության իրավունքը, քանի որ Մեծ Մանթաշ համայնքի վիճարկվող տնամերձ հողամասն ունի երկու սեփականատեր և այդ հողամասն իր հերթին բաժանվել է 2 առանձին միավորների: Այսինքն՝ հայցվորը հանդիսանում է Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի թիվ 2 խճուղի թիվ 9 հասցեի 0,07հա մակերեսով տնամերձ հողամասի սեփականատեր, իսկ մյուս մասի սեփականատերն է Արթուր Բաղդասարյանը։ Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ Դատարանի 30.05.2016 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է` Ռուզաննա Սարգսյանի հայցը բավարարել է մասնակի. Համայնքի ղեկավարի 02.11.2012 թվականի թիվ 42-Ա որոշումն անվավեր է ճանաչվել Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի 2-րդ խճուղի թիվ 9 հասցեում գտնվող գույքային միավորների 1/2 մասով։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում, որպես դատավարությանը մասնակից չդարձված անձ, վճռաբեկության կարգով բողոքարկելով Վերաքննիչ դատարանի դատական ակտը, Վաչագան Կյուրեղյանը, որպես մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկա լինելու փաստարկ, պնդել է, որ Վաչագան Կյուրեղյանը մասնակից չի դարձվել դատավարությանը, ուստի Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման։
Դատավարությանը մասնակից չդարձված անձանց կողմից դատական ակտի բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վաչագան Կյուրեղյանի բողոքի հիմքին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Նախ՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Վաչագան Կյուրեղյանը, որպես դատավարությանը մասնակից չդարձված անձ, իրավունք ունի բողոքարկելու այն դատական ակտը, որով շոշափվում են նրա իրավունքներն ու պարտականությունները։ Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանի որոշումը, որպես դատավարությանը մասնակից չդարձված անձ, վճռաբեկության կարգով բողոքարկելու համար Վաչագան Կյուրեղյանը նախևառաջ պետք է հիմնավորի, որ իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտը կայացրել է հենց Վերաքննիչ դատարանը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև տվյալ դեպքում բողոքաբերը վճռաբեկ բողոքով պնդել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտմամբ, քանի որ Վաչագան Կյուրեղյանը մասնակից չի դարձվել դատավարությանը, այդուհանդերձ բողոքի քննության արդյունքում նշված հիմքի առկայությունը չհաստատվեց։ Մասնավորապես, սույն գործի փաստերի համաձայն՝ Համայնքի ղեկավարի 02.11.2012 թվականի թիվ 42-Ա որոշումն ամբողջությամբ անվավեր է ճանաչվել, այսինքն՝ Վաչագան Կյուրեղյանի իրավունքներն ու պարտականությունները շոշափվել են Դատարանի վճռով։ Վերաքննիչ դատարանը գործով երրորդ անձ Արթուր Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի՝ Դատարանի 30.05.2016 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է` Ռուզաննա Սարգսյանի հայցը բավարարել է մասնակի. Համայնքի ղեկավարի 02.11.2012 թվականի թիվ 42-Ա որոշումն անվավեր է ճանաչվել Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի 2-րդ խճուղի թիվ 9 հասցեում գտնվող գույքային միավորների՝ Ռուզաննա Սարգսյանին պատկանող 1/2 մասով միայն։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բողոքի քննությամբ չի հաստատվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայության, այն է` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկա լինելու հանգամանքը, ուստի բողոքը ենթակա է մերժման։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վաչագան Կյուրեղյանի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.05.2017 թվականի որոշումը թողնել անփոփոխ:
2. Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Ե. Խունդկարյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|