Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1554
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2020
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
27.10.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
27.10.2020
Дата вступления в силу
27.10.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

27 հnկտեմբերի 2020 թ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի (զեկուցող), Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ` էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Սիմոնյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Կառավարությունն իր` 2020 թվականի մայիսի 7-ի N 706-Ա որոշմամբ 2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի մայիսի 22-ին:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2020 թվականի մայիսի 22-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա եզրակացությունները և մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում` Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ կամ Միություն) շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազատ շրջանառության ապահովման գործառնությունների իրականացման ոլորտներում արդյունավետ միջոցառումների մշակման, ինչպես նաև անդամ պետությունների մրցակցային առավելությունների և դրանց փոխգործակցությանն ուղղված փոխշահավետ առևտրատնտեսական կառուցակարգերի ձևավորման համար պայմանների ստեղծման նպատակով:

2. Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմիններն են` Էկոնոմիկայի նախարարությունը, Արտաքին գործերի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

3. Համաձայնագիրը ԵԱՏՄ շրջանակներում սահմանում է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի գործառնությունների առանձնահատկությունները և տարածվում է իրավաբանական և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր)՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի գործառնություններ (սահմանված են 2-րդ հոդվածի 2-րդ կետում) իրականացնելու նպատակով գործունեության հետ կապված իրավահարաբերությունների վրա (հոդված 2, կետ 1):

 Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվում են այն գործառնությունները, որոնց նկատմամբ Համաձայնագիրը չի կիրառվում:

 4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

4.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանել խտրական նորմեր և այնպիսի նորմեր, որոնք կսահմանափակեն վերամշակված կամ զտարկված թանկարժեք մետաղների վերադարձը մյուս անդամ պետության տարածք` Հայաստանի Հանրապետության այն կազմակերպություններում, որոնցում իրականացվել են մյուս անդամ պետության տարածքում արդյունահանված հանքային հումքի վերամշակումը կամ զտարկումը (հոդված 4, կետ 4),

4.2. ապահովել, որ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն իրականացնեն թանկարժեք մետաղների պարտադիր հաշվառում՝ ըստ թանկարժեք մետաղի անվան, զանգվածի և պարունակության (հարգի), ինչպես նաև թանկարժեք քարերի դասակարգման և արժեքային նկարագրերը սահմանելու նպատակով իրականացնեն թանկարժեք քարերի պարտադիր հաշվառում՝ ըստ անվան, զանգվածի, դասակարգման նկարագրերի՝ համաձայն Միության շրջանակներում կիրառվող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի (հոդված 5, կետ 1),

4.3. ապահովել, որ չմշակված բնական ադամանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունից մյուս անդամ պետության տարածք իրականացվի չմշակված բնական ադամանդների սերտիֆիկացման1 միջազգային սխեմայի պահանջներին համապատասխան (հոդված 7),

4.4. արգելել Միության շրջանակներում գործարքների իրականացնումը այն թանկարժեք քարերի հետ, որոնց դասակարգման նկարագրերը սահմանված չեն (հոդված 8, կետ 1),

4.5. ապահովել, որ թանկարժեք քարերի դասակարգման և արժեքային նկարագրերի սահմանումն իրականացվի թանկարժեք քարերի սորտավորման, նախնական դասակարգման և նախնական գնահատման (անդամ պետության տարածքում արդյունահանելու դեպքում), նույնականացման (Միության անդամ պետություն չհանդիսացող պետությունների տարածքներից Միության մաքսային տարածք ներմուծելու դեպքում) գործընթացում, ինչպես նաև դրանց մշակումն ավարտելու ժամանակ՝ Միության շրջանակներում կիրառվող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հիման վրա (հոդված 8, կետ 2),

4.6. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում արդյունահանված՝ չմշակված թանկարժեք քարերի սորտավորումը, նախնական դասակարգումը և նախնական գնահատումն իրականացվի դրանք արդյունահանող սուբյեկտների կամ մարմինների (կազմակերպությունների) կողմից, որոնք լիազորված են իրականացնելու այդպիսի գործառնություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում արդյունահանվել են չմշակված թանկարժեք քարերը (հոդված 8, կետ 3),

4.7. ապահովել, որ երեսակված թանկարժեք քարերի վաճառքը (իրացումը) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ֆիզիկական անձանց իրականացվի համաձայն մանրածախ առուվաճառքի պայմանագրի՝ յուրաքանչյուր քարի կամ միասնական փաթեթում ներառված 2 և ավելի երեսակված թանկարժեք քարերի խմբաքանակի սերտիֆիկատի (վկայականի) առկայության դեպքում, որը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված մարմնի (կազմակերպության) կողմից (հոդված 9, կետեր 1 և 2),

4.8. արգելել հումքի (բնական) տեսքով չմշակված թանկարժեք քարերի, ինչպես նաև այն բնակտորների, որոնք ենթակա չեն զտարկման, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ֆիզիկական անձանց վաճառքը (իրացումը) (հոդված 9, կետ 4),

4.9. ապահովել, որ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի սեփական արտադրությունում հավաքված թանկարժեք մետաղների ջարդոնը և թափոնները, թանկարժեք քարերի թափոնները Միության մաքսային տարածքից արտահանվեն Միության իրավասության ներքո գտնվող ակտերով սահմանված կարգով (հոդված 10, կետ 2, ենթակետ «դ»),

4.10. երաշխավորել թանկարժեք մետաղների ջարդոն և թափոններ ձեռք բերող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից Համաձայնագրի 10-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված գործողություններից մեկի իրականացնումը (հոդված 10, կետ 5),

4.11. ապահովել ջարդոնից և թափոններից ստացված թանկարժեք մետաղների, ինչպես նաև, իրենց տեսակից և վիճակից կախված, վերաօգտագործված թանկարժեք քարերի օգտագործումն ու շրջանառության իրականացումը` Համաձայնագրին համապատասխան (հոդված 10, կետ 6),

4.12. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանել նորմեր, որոնք կսահմանափակեն մյուս անդամ պետության տարածքից տեղափոխված ջարդոնից և թափոններից Հայաստանի Հանրապետության կազմակերպություններում արդյունահանված թանկարժեք մետաղների վերադարձը այն անդամ պետություն, որի տարածքից տեղափոխվել են այդ ջարդոնն ու թափոնները (հոդված 10, կետ 7),

4.13. ապահովել, որ Միության մաքսային տարածք ներմուծված և «բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողած ոսկերչական և այլ իրերը, որոնք ենթակա են դրոշմավորման այն անդամ պետության հարգադրոշմով, որի տարածք դրանք ներմուծվել են, նշված պահանջներին համապատասխան, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են Համաձայնագրի 11-րդ հոդվածի 4-րդ կետով, համապատասխանեն այն հարգերին, որոնք սահմանված են ոսկերչական և այլ իրերի նմուշահանման, հետազոտման և դրոշմման պահանջներով, որոնք հաստատվում են Հանձնաժողովի Խորհրդի կողմից (հոդված 11, կետ 1),

4.14. ապահովել, որ ոսկերչական և այլ իրերը, որոնց նկատմամբ գործում են միջազգային պայմանագրեր, որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության և Միության անդամ չհանդիսացող պետության հարգադրոշմի փոխադարձ ճանաչում, որոնք ներմուծվել են Միության մաքսային տարածք և բաց թողնվել Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին սպառման համար բացթողման մաքսային ընթացակարգի համաձայն, վաճառքի (իրացման) նպատակով մյուս անդամ պետության տարածք տեղափոխելիս ենթարկվեն դրոշմավորման Հայաստանի Հանրապետության հարգադրոշմով (հոդված 11, կետ 2),

4.15. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պատրաստված ոսկերչական ու այլ իրերը համապատասխանեն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված պահանջներով սահմանված դրոշմներին, ունենան Հայաստանի Հանրապետության անվանական դրոշմի դրոշմվածք և հարգորոշիչ դրոշմ, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են Համաձայնագրի 11-րդ հոդվածի 4-րդ կետով (հոդված 11, կետ 3),

4.16. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են ոսկերչական և այլ իրերի պատրաստման (արտադրության) գործունեություն, ունենան անվանական դրոշմ, որի դրոշմվածքը դրվում է իրենց պատրաստած բոլոր ոսկերչական և այլ իրերի վրա (հոդված 11, կետ 7),

4.17. արգելել ոսկերչական և այլ իրերի, որոնց հարգադրոշմը ցածր է համապատասխան թանկարժեք մետաղի համար սահմանված նվազագույն հարգադրոշմից, ինչպես նաև այն իրերի, որոնք պատրաստված են ոչ թանկարժեք մետաղների կիրառմամբ, դրոշմավորումը և իրացումը որպես ոսկերչական և այլ իրեր, ինչպես նաև ապահովել, որ այդպիսի իրերը չունենան դրոշմների դրոշմվածք, որոնք իրենց տեսքով հիշեցնում են հարգորոշիչ դրոշմի կամ թանկարժեք մետաղների հարգադրոշմների նշաններ, որոնք չեն համապատասխանում թանկարժեք մետաղների ձուլվածքին, որոնցից պատրաստվել են այդպիսի արտադրանքները (հոդված 11, կետ 8).

4.18. ապահովել, որ անվանանիշների ծածկագրերը յուրաքանչյուր տարի սահմանվեն Հայաստանի Հանրապետության այն մարմնի (կազմակերպության) կողմից, որը լիազորված է նմուշառման, հետազոտման ու դրոշմման համար, կամ նորմատիվ իրավական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից, և ապահովել, որ դրանց մասին տեղեկությունը փոխանցվի Հայաստանի Հանրապետության ոսկերչական և այլ տեսակի իրեր արտադրողներին, ինչպես նաև՝ եռամսյակը մեկ՝ մյուս անդամ պետությունների նորմատիվ իրավական կարգավորման համար լիազոր մարմիններին, և այն մարմիններին (կազմակերպություններին), որոնք լիազորված են նմուշառման, հետազոտման ու դրոշմման համար (հոդված 11, կետ 10, պարբերություն 2),

4.19. արգելել առանց այնպիսի դրոշմների դրոշմվածքի ոսկերչական և այլ իրերի վաճառքը (իրացումը), որոնք, Համաձայնագրին համապատասխան, ենթակա են հարգադրոշմով դրոշմավորման (հոդված 11, կետ 11),

4.20. ոսկերչական և այլ արծաթյա իրերը, որոնք պատրաստվել են Հայաստանի Հանրապետության տարածքում, և որոնց նկատմամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, դրոշմավորումն իրականացվում է կամավոր հիմունքներով, Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրել վաճառել (իրացնել) այդպիսի իրերի վրա անվանական դրոշմվածքի առկայության դեպքում, իսկ վաճառքի (իրացման) նպատակով մյուս անդամ պետության տարածք այդպիսի իրերի տեղափոխման ժամանակ ապահովել, որ դրանք ենթարկվեն դրոշմավորման Հայաստանի Հանրապետության հարգադրոշմով (հոդված 11, կետ 12),

4.21. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, Հայաստանի Հանրապետության տարածք մեկ այլ անդամ պետության տարածքից ոսկերչական և այլ իրեր տեղափոխման դեպքում նորմատիվ իրավական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին ներկայացնեն տեղեկություն այդպիսի իրերի տեղափոխման մասին (հոդված 11, կետ 13),

4.22. ապահովել, որ նորմատիվ իրավական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը ոսկերչական և այլ իրերի մուտքի մասին իրազեկի այն անդամ պետության նորմատիվ իրավական կարգավորման համար լիազոր մարմնին, որի տարածքից տեղափոխվել են այդ իրերը (հոդված 11, կետ 14),

4.23. ապահովել, որ նորմատիվ իրավական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը մյուս կողմերի լիազոր մարմինների հետ ապահովի տեղեկատվության փոխանակում օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի մասին, որոնք սահմանում են թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի հետ գործունեության իրականացման կարգը, այդ թվում` թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտադրության, օգտագործման ու շրջանառության ոլորտում, և հարգադրոշմների նշանները, ինչպես նաև ապահովի հարգադրոշմների դրոշմվածքի նմուշների, դրանց նկարագրությունների, անվանանիշների ռեեստրների և այլ տեղեկությունների փոխանակումը Համաձայնագրի իրականացման շրջանակում (հոդված 12, կետեր 1 և 2),

4.24. ապահովել, որ նորմատիվ իրավական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխված ոսկերչական և այլ իրերի վերաբերյալ արտադրական պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում ապահովի անդամ պետության նորմատիվ իրավական կարգավորման համար լիազոր մարմնին, որի տարածքից տեղափոխվել էին այդ ոսկերչական և այլ իրերը, բացահայտված խախտումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը (հոդված 12, կետ 3, պարբերություն 1),

4.25. ապահովել, որ նորմատիվ իրավական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքից ոսկերչական և այլ իրերի տեղափոխման դեպքում ապահովի վերահսկողական միջոցառումների իրականացում այն անձանց նկատմամբ, որոնք նշված են բացահայտված խախտումների վերաբերյալ ներկայացված տեղեկատվության մեջ, և միջոցներ ձեռնարկի այդ խախտումների վերացման ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (հոդված 12, կետ 3, պարբերություն 2),

4.26. ապահովել, որ նորմատիվ իրավական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքում խախտումներ հայտնաբերվելու դեպքում վերահսկողական միջոցառումների շրջանակում ապահովի ոսկերչական իրերի նմուշառման և հետազոտման իրականացում՝ այն արտադրողների և (կամ) մատակարարների հետ, որոնց կողմից 1 տարվա ընթացքում գրանցվել են խախտումներ (հոդված 12, կետ 3, պարբերություն 3),

4.27. ապահովել, որ նորմատիվ իրավական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքից ոսկերչական և այլ իրերի տեղափոխման դեպքում ապահովի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկության փոխանցումը այն անդամ պետության նորմատիվ իրավական կարգավորման համար լիազոր մարմնին, որի տարածքում հայտնաբերվել են խախտումները (հոդված 12, կետ 3, պարբերություն 4),

4.28. ապահովել, որ նորմատիվ իրավական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք քարերի տեղափոխման և (կամ) իրացման ժամանակ խախտումների հայտնաբերման դեպքում իրականացնի միջոցառումներ այդ խախտումների վերացման ուղղությամբ և հայտնաբերված խախտումների և իրականացված միջոցառումների մասին տեղեկացնի այն անդամ պետության նորմատիվ իրավական կարգավորման համար լիազոր մարմնին, որի տարածքից փոխադրվել են թանկարժեք քարերը, որպեսզի բացահայտված խախտումների կանխարգելման համար միջոցներ ձեռնարկվեն այն անդամ պետության օրենսդրության համաձայն, որի տարածքից տեղափոխվել են թանկարժեք քարերը (հոդված 12, կետ 3, պարբերություն 5),

4.29. ապահովել, որ նորմատիվ իրավական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը ապահովի միջոցների իրականացում, որպեսզի պարզի ու վերացնի խախտումների պատճառներն ու դրանց նպաստող պայմանները (հոդված 12, կետ 3, պարբերություն 6),

4.30. ապահովել, որ նորմատիվ իրավական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը, առաջնորդվելով միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ձգտի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման անդամ պետությունների նորմատիվ իրավական կարգավորման համար լիազոր մարմինների հետ՝ հաշվի առնելով փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների մշակման խմբի հանձնարարականները (հոդված 12, կետ 3, պարբերություն 7),

4.31. Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկությունն օգտագործել բացառապես Համաձայնագրի իրականացման նպատակներով (հոդված 12, կետ 3, պարբերություն 8),

4.32. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-3-րդ, 6-9-րդ, 11-րդ, 13-րդ և 14-րդ կետերը կիրառել Հանձնաժողովի Խորհրդի որոշման ուժի մեջ մտնելու օրվանից, որը կիրառվում է բոլոր անդամ պետությունների նկատմամբ Համաձայնագրի 13-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված սկզբնական տեսչական այցելությունների արդյունքով ստացված դրական եզրակացությունների հիման վրա (հոդված 14),

4.33. ապահովել, որ Համաձայնագրի 1-ին Հավելվածի Կարգով սահմանված չափանիշներին թանկարժեք քարերի թափոնների հատկանիշների համապատասխանեցման դասակարգումն իրականացվի այնպիսի չափման միջոցների և սարքավորումների կիրառմամբ, որոնք անցել են ստուգում և կալիբրացիա` Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ չափման միասնականության ապահովման մասին օրենսդրության պահանջներին համապատասխան (Հավելված 1, կետ 6, պարբերություն 2),

4.34. Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակներով ապահովել ոսկերչական և այլ իրերի արտադրության և շրջանառության ոլորտում հիմնական օրենքի առկայությունը, այլ նորմատիվ իրավական ակտերի առկայությունը ոսկերչական և այլ իրերի արտադրության, շրջանառության և օգտագործման ոլորտում, որոնք կարգավորում են նմուշառման, հետազոտման ու դրոշմման, ինչպես նաև ստուգումներ անցկացնելու հարցերը, ապահովել նորմատիվ իրավական ակտերի առկայությունը, որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության տարածք փոխադրված ոսկերչական և այլ իրերի նկատմամբ պարտադիր պահանջների խախտման համար վարչական և (կամ) այլ պատասխանատվության միջոցներ և ապահովել լիազոր մարմնի առկայությունը, որը պատասխանատու է ոսկերչական և այլ իրերի արտադրության, օգտագործման և շրջանառության պետական քաղաքականության իրականացման համար, և (կամ) այլ մարմինների (կազմակերպությունների) առկայությունը, որոնք լիազորված են դրա իրականացման համար՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան (այսուհետ՝ լիազոր մարմին (կազմակերպություն) (Հավելված 3, կետ 1),

4.35. արգելել Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի (կազմակերպության) և դրա աշխատողների կողմից ոսկերչական և այլ իրերի պատրաստման և (կամ) վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, ինչպես նաև նրանց կողմից ոսկերչական և այլ իրերի պատրաստման և (կամ) վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ ստեղծելը կամ այդպիսի կազմակերպությունների մասնակիցներ դառնալը (Հավելված 3, կետ 2),

4.36. թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության և շրջանառության ոլորտում պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ստուգումներ կազմակերպելու և անցկացնելու, խախտումների կանխարգելիչ միջոցառումներ և (կամ) վերացման մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ ձեռնարկելու, արտադրության ոլորտում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրենց գործունեության իրականացման ընթացքում պարտադիր պահանջների կատարման վերլուծության եղանակով (Հավելված 3, կետ 3),

4.37. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի (կազմակերպության) կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, իրականացվեն Համաձայնագրի 3-րդ Հավելվածի 4-րդ կետով սահմանված գործառնությունները (Հավելված 3, կետ 4),

4.38. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը (կազմակերպությունը) իրականացնի ոսկերչական և այլ իրերի նմուշառում, հետազոտում և դրոշմում՝ Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված՝ ոսկերչական և այլ իրերի նմուշառման, հետազոտման և դրոշմման պահանջներին համապատասխան, ինչպես նաև իրականացնի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ հարգորոշիչ դրոշմների և անվանումների դրոշմվածքի փորձաքննություն, ոսկերչական և այլ իրերի փորձաքննություն, ոսկերչական և այլ իրերի ստուգիչ հետազոտում և փորձաքննություն արբիտրաժային գործերի մասով և այլ միջոցառումներ (Հավելված 3, կետ 5),

4.39. ապահովել, որ բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգում իրականացնելու համար նախատեսված հիմքերից, Համաձայնագրի 12-րդ հոդվածի համաձայն՝ ստուգումներ իրականացվեն այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը (կազմակերպությունը) դիմում է ստանում մյուս անդամ պետության լիազոր մարմնից (կազմակերպությունից) մյուս անդամ պետության տարածք փոխադրված ոսկերչական և այլ իրերի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումների փաստերի վերաբերյալ (Հավելված 3, կետ 6) :

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

______________________

1 Չմշակված բնական ադամանդների սերտիֆիկացման միջազգային սխեմայի սերտիֆիկատների ձևակերպման և տրման կարգը (Քիմբերլիի գործընթացի սերտիֆիկատ), ինչպես նաև չմշակված բնական ադամանդների սերտիֆիկացման միջազգային սխեմայի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ: 

 

Նախագահող

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

27 հոկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1554

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2020 թվական: