հայաստանի հանրապետության
օ ր ե ն ք ը
Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 9-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ՎԱՐՉԱՊԵՏԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԻՎ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների (այսուհետ` պաշտոնատար անձ) կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում նրանց հուղարկավորության ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 2. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում`
ա) նրա ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն` զոհվածի պաշտոնային դրույքաչափի տասնհինգապատիկի չափով.
բ) նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամների համար «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների դրույթների համաձայն նշանակվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ` զոհվածի պաշտոնային դրույքաչափով:
Հոդված 3. Իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ աշխատունակությունը լրիվ կորցնելու և մշտական խնամքի կարիք ունենալու (1-ին խմբի հաշմանդամ ճանաչվելու) դեպքում պաշտոնատար անձին նշանակվում է կենսաթոշակ` նրա պաշտոնային դրույքաչափով:
Այս դեպքում պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում ապահովվում է անվճար որակյալ բժշկական սպասարկմամբ` համապատասխան մարմինների միջոցների հաշվին:
Բուժման ծախսերը հետագայում փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 4. Սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված պետական կենսաթոշակի իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ` ըստ նրա ընտրության:
Հոդված 5. Կենսաթոշակը նշանակում է զոհված կամ հաշմանդամ ճանաչված անձի հաշվառման բնակության վայրի կենսաթոշակ նշանակող և վճարող մարմինը:
Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը և միանվագ դրամական օգնությունը վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 6. Համապատասխան պաշտոնային դրույքաչափի փոփոխման դեպքում նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է:
Հոդված 7. Կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու և միանվագ դրամական օգնություն տալու կարգն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել 2000 թվականի մայիսի 3-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, գլխավոր դատախազի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ մահվան դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան 1 նոյեմբերի 2001 թ. ՀՕ-236 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.02.2014, ՀՕ-1-Ն | 01.07.2014, ՀՕ-236 | |
26.02.2013, ՀՕ-10-Ն | 28.03.2013, ՀՕ-236 | |
22.12.2010, ՀՕ-252-Ն | 09.01.2011, ՀՕ-236 | |
18.02.2004, ՀՕ-37-Ն | 03.04.2004, ՀՕ-236 | |
19.11.2002, ՀՕ-469-Ն | 01.01.2003, ՀՕ-236 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|