Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.11.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.11.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
07.11.2019
Дата вступления в силу
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0160/01/14

Գործ թիվ ԵԿԴ/0160/01/14

Նախագահող դատավոր՝  Մ. Արղամանյան

Դատավորներ՝

Կ. Մարդանյան

Ա. Մնացականյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ պաշտպան`

Թ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի որոշման դեմ ամբաստանյալ Կարեն Աշոտի Հարությունյանի պաշտպան Թ.Բաղդասարյանի  վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2018 թվականի մարտի 22-ի դատավճռով` Կարեն Աշոտի Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ 9 դրվագով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված դատավճռով Կ.Հարությունյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով 9 դրվագներից յուրաքանչյուրով, պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 333-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Կ.Հարությունյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2013 թվականի սեպտեմբերի 21-ից: Ամբաստանյալ Կ.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նշված դատավճռով դատապարտվել են նաև Անահիտ Մկրտչյանը, Արմինե Ավագյանը և Նաիրա Կիրակոսյանը:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ ամբաստանյալ Կ.Հարությունյանի պաշտպան Թ.Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 22-ի դատավճիռը՝ նրա մասով թողնվել է անփոփոխ:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Կ.Հարությունյանի պաշտպան Թ.Բաղդասարյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

4. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 22-ի դատավճռով հաստատված է համարվել, որ Կ.Հարությունյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2013 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ մեկ դեպքով ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վարդան Մաթևոսյանի, մեկ դեպքով՝ վերջինիս և Անահիտ Մկրտչյանի, իսկ ութ դեպքերով՝ նույն հիմնարկի՝ գործով դեռևս չպարզված կալանավորի հետ նախնական համաձայնությամբ, խաբեությամբ՝ իրական տվյալները թաքցնելով, Մխիթար Արսենյանին, «ԱՐՏ ԴԻՄԵԴ», «ԷՅՐՖԵԼ ԹՐԵՅԴ», «ԲԻԶՈԼԱՐՄ», «ԿՈՒՊՐՍԻՆԹԵԶ», «ԴԵՆ ՕՅԼ», «ՇԱՌՈՅԱՆ ՍԱՐՅԱՆ», «ՋՏ-ԱՐ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, անհատ ձեռնարկատերեր Լևոն Հակոբյանին և Յուրա Աբրահամյանին ներկայացել է որպես «ԱՐՄԻՆ ԴԵԿՈՐ» կամ «ԴԻԼՋՐՊԵՏՇԻՆ» ՍՊ ընկերության աշխատակից՝ «Արսեն Տիգրանյան», «Արամ Միքայելյան» կամ «Արտյոմ» մտացածին անուններով և, չունենալով վերջին ընկերությունների անունից գործարքներ կնքելու իրավասություն, պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր ապրանքների գնման վերաբերյալ՝ գումարը մեկ-երկու օրից փոխանցելու կեղծ խոստումով: Ապա՝ օգտագործելով իր տիրապետման տակ եղած՝ նշված երկու ընկերությունների կնիքն ու վկայականը, կնիքել ու ստորագրել է ապրանքների գնման վերաբերյալ հաշվապահական փաստաթղթեր և, չարաշահելով դրանց սեփականատերերի վստահությունը՝ ապրանքները ստանալուց հետո կատարել է ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություններ և առանձնապես խոշոր չափերի հափշտակության փորձ:

Արդյունքում Կ.Հարությունյանը՝ խմբի կազմում, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է.

- Մխիթար Արսենյանից` խոշոր չափերի` 1.218.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 300 կգ մեղր,

- «Արտ Դիմեդ» ՍՊ ընկերությունից` խոշոր չափերի` 1.325.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 106 խ/մ փրփրապլաստ,

- «ԷՅՐՖԵԼ ԹՐԵՅԴ» ՍՊ ընկերությունից` խոշոր չափերի` 704.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 1.100 հատ կտրող սկավառակներ,

- «ԲԻԶՈԼԱՐՄ» ՍՊ ընկերությունից` խոշոր չափերի` 930.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 400 լիտր ավտոյուղեր,

- «ԿՈՒՊՐՍԻՆԹԵԶ» ՍՊ ընկերությունից` խոշոր չափերի` 1.288.905 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 624 լիտր ավտոյուղեր և 89.5 լիտր քսուկներ,

- «ԴԵՆ ՕՅԼ» ՍՊ ընկերությունից` խոշոր չափերի` 604.032 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 416 լիտր ավտոյուղեր,

- «ՇԱՌՈՅԱՆ ՍԱՐՅԱՆ» ՍՊ ընկերությունից` խոշոր չափերի` 1.390.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 600 լիտր ավտոյուղեր,

- «ՋՏ-ԱՐ ԳՐՈՒՊ» ՓԲ ընկերությունից` խոշոր չափերի` 1.533.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 800 լիտր ավտոյուղեր,

- Լևոն Հակոբյանից` խոշոր չափերի` 1.648.320 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տնտեսական ապրանքներ,

- իսկ անհատ ձեռնարկատեր Յուրա Աբրահամյանից փորձել է հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 3.416.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ կաթնամթերք:

Բացի այդ, Կ.Հարությունյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է՝ կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի նախկին ավագ քննիչ Արթուր Ադամյանին հանիրավի մեղադրելով քրեական գործով ապացույցներ կեղծելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ: Այսպես.

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իր և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործով 2017 թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում՝ ամբաստանյալ Կարեն Հարությունյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, հաղորդում է ներկայացրել այն մասին, թե, իբր, Վայք քաղաքի բնակիչ Մխիթար Արսենյանից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով մեղր հափշտակելու դեպքի մասին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի նախկին ավագ քննիչ Արթուր Ադամյանին որևէ հանգամանք չի հայտնել, իր ցուցմունքները գրվել են վերջինիս կողմից, որոնց ուշադրություն չի դարձրել, միայն ստորագրել է, որ շուտ ավարտվի, իսկ նշված դեպքի կապակցությամբ ցուցմունքներն իր ձեռքով չեն արձանագրված՝ այդ կերպ ավագ քննիչ Արթուր Ադամյանին հանիրավի մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ1:

5. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «Կարեն Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նախատեսված հանցագործության 10 դրվագները կատարել է 2013թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում (վաղեմության ժամկետը կարող էր անցնել 2018թ. սեպտեմբերի 18-ին), 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքը՝ 2013թ. սեպտեմբերի 19-20-ին (վաղեմության ժամկետը կարող է անցնել 2023թ. սեպտեմբերի 20-ին), իսկ 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը՝ 2017 թվականի նոյեմբերի 01-ին (վաղեմության ժամկետը կարող է անցնել 2019թ. նոյեմբերի 01-ին):

Համաձայն գործի փաստական տվյալների՝ ներկայումս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է թիվ ԵԴ-0584/01/18 (14141316) քրեական գործն ըստ մեղադրանքի Կարեն Աշոտի Հարությունյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և Արսեն Նորիկի Թորոսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով Կարեն Հարությունյանը մեղադրվում է սույն քրեական գործով կալանքի տակ գտնվելու ընթացքում՝ 2016թ. հունիս-օգոստոս ամիսներին, խարդախությամբ խմբի կազմում, ինչպես նաև խոշոր չափի հափշտակություն կատարելու մեջ:

Վերոգրյալի հիման վրա վերաքննիչ դատարանը փաստում է, որ Կարեն Հարությունյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նախատեսված հանցագործության 10 դրվագներով վաղեմության ժամկետի ընթացքը ընդհատվել է նոր հանցանքի կատարմամբ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ վաղեմության ժամկետը չի անցել, որի պայմաններում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպան Թամարա Բաղդասարյանի միջնորդությունը ենթակա է մերժման»2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, չի բխում քրեական գործի նյութերից, այն կայացվել է ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև նյութական և դատավարական իրավունքների խախտմամբ: Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա` ամբաստանյալ Կ.Հարությունյանին մեղսագրված հանցանքները քննությամբ չեն հաստատվել և գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված դատարանի հետևությունները չեն համապատասխանում հետազոտված ապացույցներին: Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ մի շարք որոշումներով հայտնած դիրքորոշումներին:

7. Բողոքաբերի համոզմամբ, Վերաքննիչ դատարանի այն պնդումը, որ Առաջին ատյանի դատարանի վարույթում Կ.Հարությունյանի վերաբերյալ քննվում է մեկ այլ քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ուստի սույն գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նախատեսված հանցագործության բոլոր դրվագներով վաղեմության ժամկետի ընթացքը ընդհատվել է նոր հանցանքի կատարմամբ, խախտում է անմեղության կանխավարկածը, քանի որ Կ.Հարությունյանի նկատմամբ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, հետևաբար վերջինս չի կարող համարվել նոր հանցանք կատարած անձ:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 12-ի որոշումը` ճանաչել և հռչակել Կ.Հարությունյանի անմեղությունը՝ նրան մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բոլոր դրվագներով հանցանքների կատարման մեջ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով վերջինիս նկատմամբ սահմանել համաչափ պատիժ:

Որպես այլընտրանք, բողոքաբերը խնդրել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նախատեսված հանցագործության բոլոր դրվագներով Կ.Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք հիմնավորված են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքները կատարելու մեջ ամբաստանյալ Կ.Հարությունյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 

10. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Կ.Հարությունյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Հարությունյանի մեղքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքներում հաստատված է, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքվում են սույն գործով մյուս ամբաստանյալներ՝ Նաիրա Կիրակոսյանի, Արմինե Ավագյանի, տուժողներ՝ Լևոն Հակոբյանի, Մխիթար Արսենյանի, Յուրա Աբրահամյանի, Մարտին Սարգսյանի, վկաներ՝ Նելլի Ասատրյանի, Միքայել Գրիգորյանի, Արմեն Խաչատրյանի, Գրիշա Կոստանյանի, Օվսաննա Ղազարյանի, Արա Նազարեթյանի, Մաքսիմ Ալեքսանյանի, Արմեն Դադամյանի, Նորայր Սարգսյանի, Ռաֆիկ Միրզոյանի, Հովակիմ Սաղաթելյանի, Սասուն Մարտիրոսյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Աթաբեկյանի, Կարապետ Սարգսյանի և բազմաթիվ այլ անձանց ցուցմունքներով, անձնական խուզարկության, անձին ճանաչման ներկայացնելու, առգրավման, դեպքի վայրի, հեռախոսազանգերի վերծանումների, փաստաթղթերի զննության արձանագրություններով, ինչպես նաև ստորադաս դատարանների դատական ակտերում շարադրված այլ ապացույցներով3։

11. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքները կատարելու մեջ ամբաստանյալ Կ.Հարությունյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են։

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Կ.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության բոլոր դրվագներով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)

6) անցել են վաղեմության ժամկետները, (…)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.

4) տասնհինգ տարի՝ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից:

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...):

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` «(...) 2. Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...):

3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը (...):

4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը»:

14. Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից երևում է, որ դրանցում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը։ Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման։

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշմամբ, արձանագրելով՝ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում։ Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»4։

16. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները։

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը։ Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում5։

17. Վերոգրյալի հիման վրա, անդրադառնալով վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ամբաստանյալ Կ.Հարությունյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «2. Խարդախությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

(...)

2) խոշոր չափերով,

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:

 ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված արարքը միջին ծանրության դիտավորյալ հանցագործություն է։ Հետևաբար այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի։

ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը ոչ մեծ ծանրության հանցագործություն է, և այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

18. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Կ.Հարությունյանը`

- ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նախատեսված հանցագործության 9 դրվագները կատարել է 2013 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը 2018 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել։ Հետևաբար Կ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետն անցել է,

- ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը կատարել է 2017 թվականի նոյեմբերի 1-ին, և 2019 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել, ուստի այդ հոդվածով նախատեսված հանցագործության վաղեմության ժամկետը ևս անցել է:

19. Միևնույն ժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված են վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման դեպքերը: Վճռաբեկ դատարանը, իր նախադեպային իրավունքում անդրադառնալով վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատմանը, դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) [Ա]նձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք։ Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից (ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Այսպես` նոր կատարված հանցագործությունն ընդհատում է նախկին հանցագործության վաղեմության ժամկետի ընթացքը հետևյալ պայմանների առկայության դեպքում`

1. նախկին հանցագործությունն ավարտվել է և օրենքով դրա համար սահմանված վաղեմության ժամկետը դեռևս չի անցել,

2. նոր կատարվածը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն է»6։

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը չի ընդհատել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նախատեսված արարքների համար սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը` նկատի ունենալով, որ այն ոչ մեծ ծանրության հանցագործություն է։

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանի այն փաստարկը, համաձայն որի տվյալ պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում քննվում է Կ.Հարությունյանի վերաբերյալ քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, որպիսի պայմաններում սույն քրեական գործով վաղեմության ժամկետի ընթացքը ընդհատվել է նոր հանցանքի կատարմամբ, ընդունելի չէ Վճռաբեկ դատարանի համար` հաշվի առնելով, որ նշված գործը դեռևս գտնվում է քննության ընթացքում և ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով դեռևս չի հաստատվել Կ.Հարությունյանի կողմից այդ գործով նրան մեղսագրվող արարքների կատարման փաստը։ Հետևաբար, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով Կ.Հարությունյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործի քննության փաստը դեռևս չի կարող վկայել սույն քրեական գործով հաշվարկվող վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման մասին։

20. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կ.Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով՝ 9 (ինը) դրվագով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 22-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի որոշումը մասնակիորեն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով՝ 9 (ինը) դրվագով և ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով պետք է բեկանել և փոփոխել, և նշված հոդվածներով Կ.Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։ Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի կրման սկիզբը պետք է հաշվել 2013 թվականի սեպտեմբերի 21-ից և ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվակցելով նշանակված պատժին` Կ.Հարությունյանին պետք է անհապաղ ազատ արձակել՝ սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Կարեն Աշոտի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով՝ 9 (ինը) դրվագով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 22-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի որոշումը մասնակիորեն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով՝ 9 (ինը) դրվագով և ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել և փոփոխել, նշված հոդվածներով Կարեն Աշոտի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։

2. Կարեն Աշոտի Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել 2013 թվականի սեպտեմբերի 21-ից և ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվակցելով նշանակված պատժին` նրան անհապաղ ազատ արձակել՝ սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ։

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 47, էջեր 1-278։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 52, էջեր 1-109։

3 Տե՛ս Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերը։

4 Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը։

5 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումներում։

6 Տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 21-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան