Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.09.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
18.09.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
18.09.2019
Дата вступления в силу
18.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՏԴ/0017/01/17

ՏԴ/0017/01/17

Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան

Դատավորներ՝

Տ. Սահակյան

Ռ. Մխիթարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
մասնակցությամբ դատախազ` Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
ամբաստանյալ` Ս. ԱՇՐԱՖՅԱՆԻ

 

2019 թվականի սեպտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Սասուն Դավթի Աշրաֆյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հուլիսի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի պաշտոնակատար Տ.Ամբարյանի վճռաբեկ բողոքը,

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հունվարի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 90750116 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

 Նախաքննության մարմնի` 2016 թվականի մարտի 24-ի որոշմամբ Սասուն Դավթի Աշրաֆյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը որոշում է կայացվել մեղադրյալ Ս.Աշրաֆյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

 Նախաքննության մարմնի` 2016 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ թիվ 90750116 քրեական գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալ Ս.Աշրաֆյանի` քննությունից թաքնվելու հիմքով:

2017 թվականի հոկտեմբերի 1-ին Ս.Աշրաֆյանը Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը և նախաքննության մարմնի` նույն օրվա որոշմամբ կասեցված գործի վարույթը վերսկսվել է:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ Ս.Աշրաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` 2 (երկու) ամիս ժամկետով կալանավորումը վերահաստատվել է:

2017 թվականի նոյեմբերի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի դատավճռով Ս.Աշրաֆյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2017 թվականի հունիսի 25-ից: Վճռվել է նաև ամբաստանյալ Ս.Աշրաֆյանից՝ որպես դատական ծախս բռնագանձել 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումար:

3. Ամբաստանյալ Ս.Աշրաֆյանի պաշտպան Ա.Ադամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է, Ս.Աշրաֆյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 5-րդ մասով և դատապարտել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Ս.Աշրաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նա ազատ է արձակվել: Որոշվել է նաև Ս.Աշրաֆյանին ազատել Առաջին ատյանի դատարանի դատավճռով վերջինիս վրա դրված 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով դատական ծախսից:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի պաշտոնակատար Տ.Ամբարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

4.1. 2019 թվականի հունիսի 6-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է ամբաստանյալ Ս.Աշրաֆյանի դիմումը, որով հայտնել է իր համաձայնությունը` «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) կիրառելու համար:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ս.Աշրաֆյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ. «(…) [Ն]ա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ 81151 զորամասի 1-ին Դ-20 հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հրամանատար, կոչումով կապիտան, զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով 28.12.2015թ.-ին, ժամը 09:00-ից [այլևս] չի ներկայացել ծառայության»1:

6. Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ս.Աշրաֆյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ զորամասի հրամանատարությանը տեղյակ չի պահել, ոչ ոքի ոչինչ չի հայտնել2:

6.1 Վկա Արմեն Արամայիսի Զուլալյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ս.Աշրաֆյանն ընդհանուր խոսակցությունների ժամանակ ասել է, որ ցանկանում է այլ աշխատանքի անցնել, քանի որ աշխատավարձը չի բավարարում3:

6.2 Վկա Պետրոս Արամայիսի Տիտոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ չի կարող ասել, թե կոնկրետ ում է պարտք եղել Ս.Աշրաֆյանը, տեղյակ է միայն, որ վարկերից մեկով երաշխավոր է եղել համածառայող սպաներից Վլադիկ Համբարձումյանը, ով էլ անձամբ յուրաքանչյուր ամիս վճարում է վարկի գումարը4:

6.3 Վկա Վլադիկ Վաչագանի Համբարձումյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ս.Աշրաֆյանի խնդրանքով բանկում հանդես է եկել որպես երաշխավոր, որ վերջինիս վարկ տրամադրեն: Քանի դեռ Ս.Աշրաֆյանը ծառայության մեջ է եղել, վարկի գումարի և տոկոսների մարումը կատարվել է նրա աշխատավարձից, սակայն 2015 թվականի դեկտեմբերին Ս.Աշրաֆյանը գնացել է արձակուրդ և այլևս չի ներկայացել ծառայության: Դրանից հետո նրա վարկի գումարի մարման պարտականությունը մնացել է իր վրա: Վկայի ցուցմունքների համաձայն՝ մինչև Ս.Աշրաֆյանին հայտնաբերելը, նրանից որևէ լուր չի ունեցել, նա երբևէ չի զանգահարել և վարկը մարելու համար գումար չի ուղարկել5:

6.4 Վկա Ռազմիկ Սամվելի Սարոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ս.Աշրաֆյանի խնդրանքով բանկից իր անունով վարկ է վերցրել և փոխանցել վերջինիս, սակայն այն մարել է անձամբ6:

6.5 2017 թվականի նոյեմբերի 6-ին որպես այլ փաստաթուղթ ապացույց է ճանաչվել Սասուն Դավթի Աշրաֆյանի զեկուցագիրը՝ իրեն զինված ուժերից զորացրելու վերաբերյալ7:

6.6 ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 81151 զորամասի 1-ին Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատար Պ.Տիտոյանի կողմից Սասուն Դավթի Աշրաֆյանին տրված ծառայողական բնութագրի համաձայն՝ կապիտան Աշրաֆյանը ՀՀ զինված ուժերի թիվ 81151 զորամասում ծառայել է 2014 թվականի մայիս ամսից որպես 1-ին Դ-20 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի հրամանատար: Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես բացասական սպա, մասնագիտորեն պատրաստված է թույլ, հաճախակի թերացել է իր պարտականություններում: Կոլեկտիվի կողմից վստահություն չի վայելել: Ֆիզիկապես առողջ է, շարային առումով՝ ձգված: Կարողանում է պահպանել պետական և ռազմական գաղտնիքները8:

6.7 Սասուն Դավթի Աշրաֆյանի ծառայողական քարտի քաղվածքի համաձայն՝ նա ծառայության ընթացքում չորս անգամ արժանացել է խրախուսանքի՝ ծառայության մեջ բարձր ցուցանիշներ ցուցաբերելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու և զինվորական կարգապահության համար, և երեք անգամ ենթարկվել է տույժի՝ նկատողությունների և խիստ նկատողության՝ ծառայողական պարտականություններում թերանալու համար9:

7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(…) Դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված համարեց, որ ՀՀ ՊՆ թիվ 81151 զորամասի 1-ին Դ-20 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Սասուն Դավթի Աշրաֆյանը, 2010 թվականին ավարտելով «Վազգեն Սարգսյանի» անվան ռազմական ինստիտուտը և ստանալով առաջին զինվորական կոչումը, ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում: Վերջինս հետագա զինվորական ծառայությունը շարունակելու նպատակով 2014 թվականի մայիս ամսին տեղափոխվել և ծառայության է նշանակվել ՀՀ ՊՆ թիվ 81151 զորամասում` վերը նշված պաշտոնում: Տվյալ զորամասում ծառայելու ընթացքում Սասուն Աշրաֆյանը ծառայության հետ կապված խնդիրներ չի ունեցել զորամասի վերադաս հրամանատարության և համածառայողների հետ գտնվել է նորմալ ծառայողական փոխհարաբերությունների մեջ, նրա նկատմամբ երբևէ բռնություն չի գործադրվել և պատիվն ու արժանապատվությունը չի ստորացվել: Սակայն վերջինս անձնական շահերը վեր դասելով ծառայության շահերից, զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով` պարտավոր լինելով 28.12.2015թ.-ին ներկայանալ ծառայության վայր, դեռ արձակուրդի մեջ գտնվելու ընթացքում՝ 25.12.2015թ.` ժամը 13:49-ին, Գյումրիի օդանավակայանից մեկնել է Հայաստանի Հանրապետությունից: 24.03.2016թ.-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում որոշում է կայացվել կապիտան Սասուն Դավթի Աշրաֆյանին ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այնուհետև, 25.06.2017թ. Սասուն Դավթի Աշրաֆյանը Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և վերցվել է արգելանքի, որից հետո 01.10.2017թ.-ին էքստրադիցիայի ենթարկվելով՝ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: (...) Ապացուցված է Սասուն Դավթի Աշրաֆյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ և նա ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածի սանկցիայով:

Դատարանը նման հետևության է հանգել` գործով հավաքված ապացույցները բազմակողմանի վերլուծության ենթարկելով, յուրաքանչյուր ապացույց այլ ապացույցների հետ համադրելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով, դրանք հետազոտելով և գնահատելով` դրանց վերաբերելիության և թույլատրելիության, ինչպես նաև ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

 ()

Անդրադառնալով սույն քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա ներկայացված 2.996.829 (երկու միլիոն ինը հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր քսանինը) ՀՀ դրամի չափով դատական ծախսերին, որն իրենից ներկայացնում է հետախուզման մեջ գտնվող ամբաստանյալին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների միջոցով Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու հետ կապված ծախսերը, և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի դրույթներով` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սասուն Դավթի Աշրաֆյանին պետք է մասնակի ազատել սույն քրեական գործով ներկայացված դատական ծախսերը վճարելուց` նկատի ունենալով, որ գումարի գանձումը կարող է էապես ազդել նրա խնամքի տակ գտնվող անձանց նյութական վիճակի վրա, ուստի որպես դատական ծախս` Սասուն Դավթի Աշրաֆյանից պետք է բռնագանձել 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումար: (...)»10:

8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «() ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է սահմանվում դասալքության՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալու համար:

()

Նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 5-րդ մասով քրեական պատասխանատվություն է սահմանվում զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու համար, եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով:

()

Ս.Աշրաֆյանը 25.12.2015թ. ՀՀ-ից հեռացել է և 28.12.2015թ. ծառայության վայր չի ներկայացել ոչ թե զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով, այլ պարտքեր, ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով մեկնել է ՌԴ՝ գումար աշխատելու և պարտքերը փակելու համար: Այսինքն, առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չի ներկայացել, որը տևել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով:

Այսինքն, Ս.Աշրաֆյանի արարքը համապատասխանում է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի, այլ նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներին:

 ()

Վերաքննիչ դատարանը վերոշարադրյալ քրեաիրավական նորմերի լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները, հաշվի առնելով ամբաստանյալ Ս.Աշրաֆյանի անվճարունակ լինելը, ինչի պատճառով ժամանակավորապես խուսափել է զինվորական ծառայությունից, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված այն հանգամանքը, որ գումարի գանձումը կարող է էապես ազդել նրա խնամքի տակ գտնվող անձանց՝ կնոջ և երկու երեխաների նյութական վիճակի վրա, գտնում է, որ վերջինիս ընդհանրապես պետք է ազատել հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից ծախսված գումարները որպես դատական ծախս վճարելուց: (…)»11:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է չհիմնավորված և անօրինական դատական ակտ՝ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ, 124-րդ և 127-րդ հոդվածների պահանջները:

10. Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածը և նույն հոդվածով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշների մեկնաբանման կապակցությամբ Արթուր Մելքոնյանի և Վարդան Վարդանյանի վերաբերյալ թիվ ԱՎԴ1/0018/01/15 գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ փաստել է, որ ամբաստանյալ Ս.Աշրաֆյանի արարքում քննարկվող հանցակազմի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել սույն գործում առկա ապացույցների լրիվ ու բազմակողմանի քննություն և այդ ապացույցներն իրենց համակցության մեջ չի գնահատել: Ըստ բողոքի հեղինակի՝ ստորադաս դատարանը քննության առարկա չի դարձրել և որևէ գնահատականի չի արժանացրել գործի նյութերում առկա այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք վկայում են ամբաստանյալ Ս.Աշրաֆյանի արարքը նրա կողմից ուղղակի դիտավորությամբ և զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով կատարելու մասին:

11. Վերոշարադրյալի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի պաշտոնակատար Տ.Ամբարյանը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 2-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Ս.Աշրաֆյանին մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասից ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 5-րդ մասով վերաորակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի համաձայն` «1. Երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը`

պատժվում է (…):

2. Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից`

պատժվում են (…):

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատիժը կարգապահական գումարտակում կրող զինծառայողի կողմից՝

պատժվում է (…):

4. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են սպայի կամ ենթասպայի կողմից՝

պատժվում են (…):

5. Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով`

պատժվում են (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դասալքությունը` զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը`

 պատժվում է (…)»:

 14. ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) [Դ]ասալքության հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող` զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակը` հանցավորի` օրենքով նախատեսված ամբողջ ժամանակահատվածի ընթացքում զինվորական պարտականությունները կատարելուց վերջնականապես խուսափելու մտադրությունն է (ընդ որում, այդպիսի մտադրությունը զինծառայողի մոտ կարող է առաջանալ ոչ միայն զորամասը կամ ծառայության վայրը թողնելուց առաջ, այլև զորամասն ինքնակամ լքելուց հետո):

(...) [Ե]նթադրյալ հանցանք կատարած անձի դիտավորության ուղղվածության, վերջինիս` զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակի մասին կարող են վկայել որոշ հանգամանքներ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի.

ա) զինվորական ծառայության պարտականությունների կատարման նկատմամբ հանցավորի վերաբերմունքը բնորոշող տվյալներ, այսինքն` հանգամանքներ, որոնք բնութագրում են վերջինիս անձն ու նրա վարքագիծը զինվորական ծառայությունից խուսափելուց առաջ (օրինակ` համածառայակիցներին` զինվորական ծառայության դժվարությունների և դրանից վերջնականապես խուսափելու մտադրության մասին հայտնելը, զինվորական ծառայության հետ կապված պարտականությունների ոչ բարեխիղճ կատարումը, զինվորական ծառայության նկատմամբ հանցավորի բացասական վերաբերմունքի մասին վկայող այլ հանգամանքներ),

բ) զորամասը կամ ծառայության վայրը թողնելուց հետո հանցավորի վարքագիծը բնութագրող հանգամանքներ, այլ կերպ` անձի հետհանցավոր վարքագիծը (օրինակ` զինվորական ծառայության վայրից երկարաժամկետ բացակայությունը, անձը հաստատող փաստաթղթերը ոչնչացնելը կամ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելը, զորամասը կամ ծառայության վայրը լքելուց կամ ծառայության չներկայանալուց հետո աշխատանքի անցնելը, դասալքության և զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքն այլ անձանցից թաքցնելը, բնակության հիմնական վայրը փոխելը և այլն):

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ թվարկված հանգամանքները սպառիչ չեն, և այլ տվյալներ ևս օբյեկտիվորեն կարող են վկայել անձի մոտ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու մտադրության առկայության մասին:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ի տարբերություն հետապնդվող նպատակի` դասալքության կատարման շարժառիթները արարքի որակման համար որևէ նշանակություն չունեն, սակայն այդպիսիք կարող են էական նշանակություն ունենալ, օրինակ, արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու հանցավորի անձը գնահատման ենթարկելիս: Ընդ որում, դասալքության կատարման շարժառիթները կարող են տարբեր լինել` զինվորական ծառայության հետ կապված սահմանափակումները (մասնավորապես` զինվորական խիստ կարգապահությունը, զինծառայողների միջև կանոնադրային փոխհարաբերությունների առկայությունը և այլն) հաղթահարելու ցանկության բացակայություն, հանցանք կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու վախ, ընտանեկան ու կենցաղային բնույթի տարբեր դրդապատճառներ և այլն»12:

 15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի կողմից Ս.Աշրաֆյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ վերջինս, լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 81151 զորամասի 1-ին Դ-20 հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հրամանատար, կոչումով կապիտան, զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 9-ից այլևս չի ներկայացել ծառայության13:

Նախաքննական մարմնի` 2016 թվականի մարտի 24-ի որոշմամբ Ս.Աշրաֆյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2017 թվականի հունիսի 25-ին Ս.Աշրաֆյանը Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և վերցվել է արգելանքի, իսկ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին` հանձնվել Հայաստանի Հանրապետությանը14:

Առաջին ատյանի դատարանը, դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքում, Ս.Աշրաֆյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում15:

Վերաքննիչ դատարանն իր հերթին եկել է այն եզրահանգման, որ Ս.Աշրաֆյանի արարքը համապատասխանում է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի, այլ նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներին: Որպես հիմնավորում Վերաքննիչ դատարանը նշել է, որ Ս.Աշրաֆյանը 2015 թվականի դեկտեմբերի 25-ից հեռացել է Հայաստանի Հանրապետությունից և 2015 թվականի դեկտեմբերի 28-ից ծառայության վայր չի ներկայացել մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես, այլ ոչ թե վերջնականապես խուսափելու նպատակով, քանի որ պարտքեր, ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով է մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ գումար աշխատելու և պարտքերը փակելու համար16:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները դիտարկելով սույն որոշման 13-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ս.Աշրաֆյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

16.1 Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա փաստական տվյալների համակցությունը, արդյունքում սխալ եզրահանգման է եկել ամբաստանյալի դիտավորության ուղղվածության, հետևաբար նաև` արարքի քրեաիրավական որակման հարցում: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ամբաստանյալ Ս.Աշրաֆյանի դիտավորության ուղղվածությունը և բովանդակությունը բացահայտելիս Վերաքննիչ դատարանը մանրամասն վերլուծության չի ենթարկել գործի այն հանգամանքները, որոնք վկայում են ծառայության վայրն ինքնակամ լքելուց առաջ զինվորական ծառայության պարտականությունների կատարման նկատմամբ ամբաստանյալի բացասական վերաբերմունքի մասին, ինչպես նաև բնութագրում են ծառայության վայրն ինքնակամ լքելուց հետո վերջինիս վարքագիծը (ամբաստանյալի հետհանցավոր վարքագիծը):

16.2 Այսպես` Վերաքննիչ դատարանի կողմից որևէ գնահատման չեն ենթարկվել`

- այլ աշխատանքի անցնելու նպատակը և այդ մասին ընդհանուր խոսակցություններում հայտարարելը17,

- Ս.Աշրաֆյանի ծառայողական բնութագիրը` տրված ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 81151 զորամասի 1-ին Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատար Պ.Տիտոյանի կողմից, համաձայն որի` կապիտան Ս.Աշրաֆյանը ծառայության ընթացքում որպես սպա իրեն դրսևորել է բացասական, մասնագիտորեն պատրաստված է թույլ, հաճախակի թերացել է իր պարտականություններում18,

- Ս.Աշրաֆյանի ծառայողական քարտի քաղվածքը, համաձայն որի` նա ծառայության ընթացքում երեք անգամ ենթարկվել է տույժի, որոնցից երկուսը` նկատողության, իսկ երրորդը` խիստ նկատողության` ծառայողական պարտականություններում թերանալու համար19,

 - բնակության վայրը փոխելու մասին զորամասի հրամանատարությանը չհայտնելու հանգամանքը20,

- Ս.Աշրաֆյանի կողմից իրեն զորացրելու վերաբերյալ զեկուցագիրը ներկայացնելու հանգամանքը, ինչը վկայում է այն մասին, որ ամբաստանյալն այլևս մտադրություն չի ունեցել վերադառնալու ծառայության21,

- զինվորական ծառայության վայրից երկարաժամկետ բացակայությունը, մասնավորապես՝ Ս.Աշրաֆյանը 2015 թվականի դեկտեմբերի 28-ից չի ներկայացել ծառայության, իսկ 2016 թվականի մարտի 24-ից գտնվել է հետախուզման մեջ և հայտնաբերվել է գրեթե մեկ տարի երեք ամիս անց` 2017 թվականի հունիսի 25-ին` Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից22,

- Ս.Աշրաֆյանի կողմից ՀՀ սահմանը լքելուց հետո համածառայակիցների հետ կապ չհաստատելու և վերջիններիս երաշխավորությամբ վերցված վարկերը չմարելու հանգամանքը23:

17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ հանգամանքները բավարար են փաստելու, որ ամբաստանյալ Ս.Աշրաֆյանն իրեն մեղսագրված արարքը կատարել է ուղղակի դիտավորությամբ և զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Հետևաբար, հիմնավոր չի կարող համարվել Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Ս.Աշրաֆյանն առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չի ներկայացել, որը տևել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով:

17.1 Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ Ս.Աշրաֆյանը ծառայության վայր չի ներկայացել ոչ թե զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով, այլ պարտքեր, ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով մեկնել է ՌԴ՝ գումար աշխատելու և պարտքերը փակելու համար, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դա վկայում է ոչ թե ամբաստանյալի արարքում դասալքության հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարրի բացակայության, այլ դասալքության կատարման շարժառիթի մասին, ինչը, կոնկրետ դեպքում, արարքը՝ որպես դասալքություն որակելու տեսանկյունից իրավական որևէ նշանակություն չունի:

18. Հետևաբար, հիմնավոր չեն ամբաստանյալ Ս.Աշրաֆյանին մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասից ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 5-րդ մասով վերաորակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

19. Այսպիսով, վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով որոշում կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, մասնավորապես` սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածը, ինչպես նաև խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջները, որոնք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածների համաձայն, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։

20. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելով և գնահատելով գործում առկա ապացույցները, եկել է հիմնավոր եզրահանգման` ամբաստանյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայության հարցում, ինչպես նաև, պահպանելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները` ամբաստանյալի նկատմամբ նշանակել է համաչափ պատիժ:

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ամբաստանյալ Ս.Աշրաֆյանից դատական ծախս գանձելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը։

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ «Դատական ծախսերը բաղկացած են՝ հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից ծախսված գումարներից»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասի 1-6-րդ կետերում թվարկված դատական ծախսերը կարող են դատարանի կողմից դրվել դատապարտյալի վրա:

2. Դատարանն իրավունք ունի դատապարտյալին լրիվ կամ մասնակի ազատել որպես պետության եկամուտ գանձվելիք դատական ծախսերը վճարելուց, եթե դատապարտյալն անվճարունակ է, կամ գումարի գանձումը կարող է էապես ազդել դատապարտյալի խնամքի տակ գտնվող անձանց նյութական վիճակի վրա:

 (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(...) Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը`

(...)

14) ում վրա և ինչ չափով պետք է դրվեն դատական ծախսերը.

(...)»:

23. Դատական ծախսերն այն նյութական ռեսուրսներն են, որոնք օգտագործվում են գործի պատշաճ քննությունն ապահովելու համար: Մասնավորապես, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու անհրաժեշտությամբ գործին ներգրավված մասնագետի, թարգմանչի, փորձագետի մատուցած ծառայությունների և այլ միջոցառումների իրականացման համար ծախսված գումարները քրեական դատավարությունում ներառված են դատական ծախսերի մեջ: Միևնույն ժամանակ, օրենսդիրը դատական ծախսերի շարքին է դասել նաև հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից ծախսված գումարները24։ Վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ելնելով մարդասիրության սկզբունքից՝ դատարանին օրենքով իրավունք է վերապահված ամբաստանյալին ազատել որոշակի դատական ծախսերից, այդ թվում՝ նաև հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից ծախսված գումարներից, եթե դատապարտյալն անվճարունակ է, կամ գումարի գանձումը կարող է էապես ազդել դատապարտյալի խնամքի տակ գտնվող անձանց նյութական վիճակի վրա:

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով գործով ներկայացված` 2.996.829 (երկու միլիոն ինը հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր քսանինը) ՀՀ դրամի չափով դատական ծախսին, գտել է, որ ամբաստանյալ Ս.Աշրաֆյանին պետք է մասնակի ազատել ներկայացված դատական ծախսը վճարելուց` նկատի ունենալով, որ գումարի գանձումը կարող է էապես ազդել նրա խնամքի տակ գտնվող անձանց նյութական վիճակի վրա25:

Իր հերթին Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Ս.Աշրաֆյանի անվճարունակ լինելը, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված այն հանգամանքը, որ գումարի գանձումը կարող է էապես ազդել նրա խնամքի տակ գտնվող անձանց՝ կնոջ և երկու երեխաների նյութական վիճակի վրա, գտել է, որ Ս.Աշրաֆյանին ընդհանրապես պետք է ազատել հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից ծախսված գումարները որպես դատական ծախս վճարելուց26:

Ստորադաս դատարանները, վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, հաստատված են համարել, որ ամբաստանյալ Ս.Աշրաֆյանի խնամքին են գտնվում մինչև 14 տարեկան երկու երեխաներն ու կինը, բացի այդ ամբաստանյալն ունեցել է պարտքեր, ֆինանսական և անձնական խնդիրներ, որոնց պատճառով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն27:

25. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 22-23-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և վերլուծության լույսի ներքո, հաշվի առնելով, որ հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից ծախսված գումարի բռնագանձումն էապես ազդելու է ամբաստանյալ Ս.Աշրաֆյանի խնամքի տակ գտնվող անձանց նյութական վիճակի վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալից դատական ծախս գանձելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

26. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ, 169-րդ հոդվածների խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մասնակիորեն՝ դատական ծախսի մասով բեկանելու ու փոփոխելու հիմք է:

27. Հիմք ընդունելով սույն որոշման 19-20-րդ և 26-րդ կետերում արված եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 2-ի որոշումը՝ Ս.Աշրաֆյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 5-րդ մասով պետք է բեկանել, իսկ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի դատավճիռը մասնակիորեն՝ դատական ծախսի մասով՝ բեկանել ու փոփոխել՝ Ս.Աշրաֆյանին ազատելով դատական ծախսից:

28. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) կիրառելի է Ս.Աշրաֆյանի նկատմամբ: Մասնավորապես, Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել` առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց (…)»։

Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել (...) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (...)»։

29. Վերոնշյալ իրավադրույթների հաշվառմամբ և նկատի ունենալով, որ ամբաստանյալ Ս.Աշրաֆյանի նկատմամբ նշանակված պատիժը չի գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը, ամբաստանյալն իր համաձայնությունն է հայտնել իր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառմանը28, ինչպես նաև քրեական գործի նյութերում բացակայում է դրա կիրառմանը խոչընդոտող որևէ հանգամանք՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ ամբաստանյալ Ս.Աշրաֆյանին պետք է ազատել նշանակված պատժի կրումից:

 30. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Ս.Աշրաֆյանի նկատմամբ ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը պետք է վերացնել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Սասուն Դավթի Աշրաֆյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 5-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 2-ի որոշումը բեկանել:

 2. Սասուն Դավթի Աշրաֆյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի դատավճիռը մասնակիորեն՝ դատական ծախսի մասով, բեկանել ու փոփոխել. ամբաստանյալ Սասուն Աշրաֆյանին ազատել դատական ծախսից: Դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:

3. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ Սասուն Աշրաֆյանին ազատել նշանակված պատժից:

4. Սասուն Դավթի Աշրաֆյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 59:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրություն:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրություն:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրություն:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրություն:

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 215-218:

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 198:

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 5:

9 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 7-8:

10 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 116-119:

11 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 67-82:

12 Տե՛ս Արթուր Մելքոնյանի և Վարդան Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԱՎԴ1/0018/01/15 որոշման 19.1-19.2-րդ կետերը:

13 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

15 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

18 Տե՛ս սույն որոշման 6.6-րդ կետը:

19 Տե՛ս սույն որոշման 6.7-րդ կետը:

20 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

21 Տե՛ս սույն որոշման 6.5-րդ կետը:

22 Տե՛ս սույն որոշման 1-ին և 7-րդ կետերը:

23 Տե՛ս սույն որոշման 6.2-6.4-րդ կետերը:

24 Տե՛ս, mutatis mutandis, Գոռ Ծատուրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ՏԴ2/0083/01/17 որոշումը:

25 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

26 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

27 Տե՛ս սույն որոշման 7- 8-րդ կետերը:

28 Տե՛ս սույն որոշման 4.1-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2020 թվական: