ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԱՎԴ1/0013/01/18 | ||||||
Գործ թիվ ԱՎԴ1/0013/01/18 |
|||||||
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ` |
Մ. Մնացականյանի | |
մասնակցությամբ դատախազ` |
Դ. Մելքոնյանի | |
ամբաստանյալ` |
Է. Գրիգորյանի | |
տուժողի իրավահաջորդ` |
Ս. Հովնիկյանի |
2019 թվականի սեպտեմբերի 18-ին |
ք.Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Էլեն Աշոտի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում 2017 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 26103517 քրեական գործը:
2017 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ Էլեն Աշոտի Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Է.Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
2018 թվականի մարտի 29-ին Է.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրվել:
2018 թվականի ապրիլի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 20-ի դատավճռով Է.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկումով՝ 3 (երեք) տարի ժամկետով: Ամբաստանյալ Է.Գրիգորյանի նկատմամբ նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 4 (չորս) տարի ժամկետով:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Է.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2017թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Վեդի-Երևան ավտոճանապարհով իր վարած «Օպել-Զաֆիրա» մակնիշի 34 SC 386 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, Վանաշեն գյուղի ճանապարհահատվածում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջները, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ:
Այսպես.
2017թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Էլեն Գրիգորյանն իր վարած «Օպել-Զաֆիրա» մակնիշի 34 SC 386 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով մոր ընկերուհու` Զենֆերա Ռոբերտի Սարգսյանի հետ Արարատի մարզի Դաշտաքար գյուղից ուղևորվել են դեպի Երևան քաղաք: Վեդի-Երևան ավտոճանապարհի՝ Վանաշեն գյուղի հատվածում Էլեն Գրիգորյանը, թույլ տալով ճանապարհային երթևեկության կանոնների 2-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն է` շուրջ 60 կմ/ժամ արագությամբ ընթանալիս կարծելով, որ շփոթել է ճանապարհը, վերցրել է բջջային հեռախոսը և շուրջ 10 վայրկյան շեղելով ուշադրությունը երթևեկությունից, ցանկացել է միացնել հեռախոսում ներբեռնված նավիգացիոն համակարգը, չկարողանալով իրականացնել ավտոմեքենայի պատշաճ և անվտանգ կառավարում այն հաշվով, որ ավտոմեքենան վարեր իր ընթացքի ուղղության երթևեկելի մասով` ձեռնպահ մնալով ավտոմեքենան հանդիպակաց երթևեկելի ուղեմաս դուրս բերելուց, որի արդյունքում մուտք է գործել հանդիպակաց ուղեմաս և ավտոմեքենայի առջևի մասով 1620 անկյան տակ բախվել է այդ ուղեմասով հանդիպակաց ընթացող Վահան Հայրապետի Շահինյանի վարած «Վազ 2106» մակնիշի 65 US 384 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի մասին, որն անզգուշությամբ առաջացրել է Վահան Շահինյանի և Զենֆերա Սարգսյանի մահը»1:
6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը, որպես ամբաստանյալ Էլեն Գրիգորյանի անձը բնութագրող հանգամանքներ դիտում է այն, որ վերջինս երիտասարդ աղջիկ է՝ ծնված 13.11.1995թ. (գ.թ. 36), նախկինում դատված չէ (գ.թ. 159), «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության «Արտաշիսյան» պոլիկլինիկայի տնօրենի կողմից 15.09.2017 թվականին տրված բնութագրի համաձայն բնութագրվում է դրական, որում մասնավորապես նշված է, որ Էլեն Գրիգորյանը 17.09.2014թ-ից առ այսօր աշխատում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության «Արտաշիսյան» պոլիկլինիկայում` որպես համակարգչային օպերատոր: Նա պարտաճանաչ աշխատող է, պատասխանատու անձնավորություն, վայելում է կոլեկտիվի սերն ու հարգանքը (գ.թ. 50), դրական հատկանիշներով է բնութագրվել նաև թիվ 15 տեղամասի լիազորի կողմից (գ.թ. 49):
Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ամբաստանյալ Էլեն Գրիգորյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում մեղքը ընդունելը և կատարվածի համար անկեղծորեն զղջալը, նկատի ունենալով, որ նշված հանգամանքը էականորեն նվազեցնում է ինչպես ամբաստանյալ Էլեն Գրիգորյանի, այնպես էլ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը:
Միևնույն ժամանակ, Դատարանն ապացուցված է համարում, որ բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները: Դատարանը արձանագրում է, որ դատական նիստի ժամանակ տուժողների իրավահաջորդներ Գագիկ Հակոբյանը և Սարգիս Հովնիկյանը հայտնել են, որ ամբաստանյալի դեմ բողոք և պահանջ չունեն, խնդրել են հնարավորինս մեղմ վերաբերվել, ամբաստանյալ Է.Գրիգորյանին ազատությունից չզրկել՝ մասնավորապես նշելով, որ գիտակցում են, որ կատարվածը դիտավորյալ հանցագործություն չէ, այլ անզգույշ հանցանք, երիտասարդ աղջիկ է և դեռ պետք է ընտանիք կազմի, իսկ նրանցից Գագիկ Հակոբյանը նշեց նաև, որ ամբաստանյալի եղբորից վերցրել է 1.000.000 ՀՀ դրամ` որպես հուղարկավորության ծախս:
(...)
Հաշվի առնելով ամբաստանյալ Էլեն Գրիգորյանի կողմից կատարած հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերը նշված հանգամանքների առկայությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նրա անձը բնութագրող դրական տվյալները, Էլեն Գրիգորյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ նրա դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, ելնելով պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Էլեն Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վերը նշված արարքը կատարելու համար որպես պատիժ պետք է նշանակել ազատազրկում 4 (չորս) տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 3 (երեք) տարի ժամկետով:
(...)
(...) Դատարանը հանգում է այն համոզվածության, որ սոցիալական արդարության վերականգնումը, Էլեն Գրիգորյանի ուղղվելը և նոր հանցագործությունները կանխելը հնարավոր է նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու և միաժամանակ ողջամիտ, տվյալ դեպքում՝ 4 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու պայմաններում, ինչի արդյունքում հնարավոր է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակների իրականացումը՝ վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները (...)»2։
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Դ]ատարանը, պահպանելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջները, Էլեն Գրիգորյանի նկատմամբ նշանակել է պատիժ, որը համապատասխանում է կատարված հանցանքի բնույթին ու ամբաստանյալի անձնավորությանը, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է նրան ուղղելու ու նոր հանցագործությունները կանխելու համար (...):
(...) Վերաքննիչ դատարանը նույնպես գալիս է այն համոզման, որ Էլեն Գրիգորյանի ուղղվելը հնարավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` առանց նշանակված պատիժը կրելու, և գտնում, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հունիսի 20-ի դատավճիռը բեկանելու և փոփոխելու հիմքեր չկան, հետևաբար, վիճարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ, իսկ դատախազի վերաքննիչ բողոքը` մերժել (...)»3։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել են արդարադատության բուն էությունը:
Բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, ամբաստանյալ Է.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, պատշաճ գնահատականի չեն արժանացրել կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը:
Մասնավորապես, ստորադաս դատարանները որպես Է.Գրիգորյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող, նրա անձը դրական բնութագրող հանգամանքներ են հաշվի առել այնպիսիք, որոնք կա՛մ չունեն այդպիսի նշանակություն, կա՛մ արդեն իսկ հաշվի առնված հանգամանքի վերաձևակերպված դրսևորում են: Այսպես` ստորադաս դատարանները որևէ կերպ չեն պատճառաբանել, թե ամբաստանյալի երիտասարդ լինելը, նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը կամ տուժողների իրավահաջորդների կողմից բողոք չներկայացնելն ինչպես են ազդել նրա արարքի և անձի հանրային վտանգավորության աստիճանի վրա:
Բողոքի հեղինակի կարծիքով ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջները, չեն հետևել Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին և արդյունքում կայացրել են ապօրինի և չհիմնավորված դատական ակտեր։
9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 20-ի դատավճիռն անփոփոխ թողելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Է.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:
Վերոնշյալ իրավադրույթը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև, պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված, ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա4` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն5:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը սահմանում է. «1. Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս (…):
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ (…):
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: (…)»:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով իր նախադեպային իրավունքում ձևավորած իրավական դիրքորոշումները ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցանքը կատարած անձանց նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս, ինչպես նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս հաշվի առնվող հանգամանքների վերաբերյալ, Գագիկ Ղուկասյանի վերաբերյալ որոշման շրջանակներում փաստել է, որ վերոնշյալ հանցագործությունների վերաբերյալ գործերով «դատարանները, ի թիվս այլոց, պետք է հատկապես հաշվի առնեն`
ա. հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները,
բ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը բացահայտելու համար դատարանները, յուրաքանչյուր դեպքում ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներից, պետք է գնահատման ենթարկեն, թե ճանապարհային երթևեկության կանոնների տվյալ խախտումը ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ իրադրությունում որքանով էր հավանական դարձնում ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը: (…),
գ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում փաստել է, որ դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արդյոք գիտակցաբար է թույլ տվել:
Զարգացնելով սույն իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կարևոր նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե ճանապարհային երթևեկության կանոնները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-11-րդ հոդվածների իմաստով դիտավորությամբ, թե անզգուշությամբ են խախտվել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնները դիտավորությամբ խախտելը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին,
դ. հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: (...),
ե. հանցագործությամբ պատճառված վնասը,
զ. հանցանքի կատարումից անմիջապես հետո, ինչպես նաև հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում հանցավորի դրսևորած վարքագիծը: (…):
(…) Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարած անձանց նկատմամբ պատժի տեսակի ու չափի, ինչպես նաև նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները սույն որոշման նախորդ կետում նշված հանգամանքների` իրենց ամբողջության մեջ վերլուծության հիման վրա կառուցելն ունի առանձնապես կարևոր նշանակություն: Ուստի, այդ հանգամանքները հաշվի չառնելը, դրանք անտեսելը կարող է հանգեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը»6:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Է.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Վեդի-Երևան ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս Վանաշեն գյուղի ճանապարհահատվածում թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների 2-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն է` շուրջ 60 կմ/ժամ արագությամբ ընթանալիս վերցրել է բջջային հեռախոսը և շուրջ 10 վայրկյան շեղելով ուշադրությունը երթևեկությունից` ցանկացել է միացնել հեռախոսում ներբեռնված նավիգացիոն համակարգը, արդյունքում չի կարողացել իրականացնել ավտոմեքենայի պատշաճ և անվտանգ կառավարում, մուտք է գործել հանդիպակաց ուղեմաս և բախվել է հանդիպակաց ընթացող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին` անզգուշությամբ պատճառելով Վ.Շահինյանի և Զ.Սարգսյանի մահը7:
Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշել է, որ հաշվի է առնում Է.Գրիգորյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ նրա դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը` արդյունքում եզրահանգելով, որ ամբաստանյալ Է.Գրիգորյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան սահմանելով, հնարավոր է հասնել պատժի նպատակներին8:
Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ ամբաստանյալ Է.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման9:
14. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Է.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ:
Մասնավորապես, ստորադաս դատարանները՝
ա) պատշաճ գնահատման չեն ենթարկել ամբաստանյալի կողմից թույլ տված երթևեկության կանոնների խախտման բնույթը: Այսպես` շուրջ 60 կմ/ժամ արագությամբ ընթանալու պարագայում ամբաստանյալը վերցրել է բջջային հեռախոսը, շեղել է ուշադրությունը երթևեկությունից, արդյունքում մուտք է գործել հանդիպակաց ուղեմաս, որպիսի խախտումը կոնկրետ իրադրությունում ավելի հավանական է դարձրել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը,
բ) բավարար ուշադրության չեն արժանացրել նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում պատճառված վնասի բնույթը: Մասնավորապես, խախտման արդյունքում կյանքից զրկվել է երկու անձ, որպիսի հանգամանքը էականորեն բարձրացնում է կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում նշել է, որ որքան ծանր է վրա հասած հետևանքը, մեծ` վնասի չափը, այնքան բարձր է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, որպիսի հանգամանքը հակադարձ համեմատական է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության հնարավորությանը: Այլ խոսքով` որքան բարձր է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, այնքան ցածր է դրա համար նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հավանականությունը10:
15. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Է.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ գնահատման չեն ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են վերջինիս կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնի խախտման բնույթը և դրա արդյունքում վրա հասած հանրային վտանգավոր հետևանքները, այն է` պատճառված վնասի չափն ու բնույթը:
Մինչդեռ, ամբաստանյալ Է.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատժի տեսակի ու չափի, ինչպես նաև պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցվեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:
16. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Է.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի խախտում, կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտեր: Այսինքն, թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը պատժի մասով բեկանելու և փոփոխելու, այն է՝ ամբաստանյալ Է.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելը վերացնելու համար:
17. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը նախատեսում է պատժից ազատել անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց:
Է.Գրիգորյանը մեղադրվում է անզգուշությամբ կատարված հանցանքի համար, որը տեղի է ունեցել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը, և որի համար նա դատապարտվել է չորս տարի ժամկետով ազատազրկման։ Նման պարագայում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա են ամբաստանյալ Է.Գրիգորյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման անհրաժեշտ վավերապայմանները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Է.Գրիգորյանի նկատմամբ կիրառելուն խոչընդոտող որևէ հանգամանք։
Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել՝
(...)
3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (...)»:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի հիման վրա ամբաստանյալ Է.Գրիգորյանը ենթակա է պատժից ազատման:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Է.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը ենթակա է վերացման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Էլեն Աշոտի Գրիգորյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հունիսի 20-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 1-ի որոշումը պատժի մասով բեկանել ու փոփոխել՝ ամբաստանյալ Էլեն Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելը վերացնել:
2. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ Էլեն Աշոտի Գրիգորյանին ազատել պատժից:
3. Էլեն Աշոտի Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 154-155:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 62-72:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 132-142:
4 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննեսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները։
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Ղուկասյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0075/01/16 որոշման 13-14-րդ կետերը, ինչպես նաև, mutatis mutandis, տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արամ Սահակյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10, Էդմոն Ասատրյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11, Արամայիս Հովհաննեսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշումները:
7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
10 Տե՛ս Արամայիս Հովհաննեսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշման 15-րդ կետը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|