Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.09.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 13.10.2020
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
11.09.2020
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
11.09.2020
Дата вступления в силу
11.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1255/02/19

2020 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1255/02/19

Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան

Դատավորներ՝

Մ. Հարթենյան

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2020 թվականի սեպտեմբերի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Էդգար Գաբրիելյանի ընդդեմ Գայանե Ղարայանի` ալիմենտային պարտքը վճարելուց ազատելու և ալիմենտի սահմանված չափը փոփոխելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Էդգար Գաբրիելյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Էդգար Գաբրիելյանը պահանջել է ազատել իրեն 20.06.2017 թվականից մինչ հայցադիմումը ներկայացնելու օրը կուտակված ալիմենտային պարտքը վճարելուց, ինչպես նաև նվազեցնել 20.12.2017 թվականի վճռով սահմանված ամսական 15.000 ՀՀ դրամի ալիմենտային վճարը` սահմանելով այն ամսական 10.000 ՀՀ դրամ:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Կուրեխյան) (այսուհետ` Դատարան) 10.10.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` վճռվել է փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՏԴ/0597/02/17 քաղաքացիական գործով 20.12.2017 թվականի վճռով նշանակված ալիմենտի չափը և Էդգար Գաբրիելյանից 14.07.2008 թվականին ծնված Գաբրիել Էդգարի Գաբրիելյանի համար Գայանե Ղարայանի օգտին բռնագանձել ալիմենտ` կայուն դրամական գումարով` ամսական 10.000 ՀՀ դրամի չափով, մինչև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի վրա հասնելը, իսկ ալիմենտի պարտքից ազատելու պահանջի մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.12.2019 թվականի որոշմամբ Էդգար Գաբրիելյանի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդգար Գաբրիելյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածը, 9-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1275 որոշմանը, որով Սահմանադրական դատարանը գտել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ դատական ակտը հրապարակելուց, այն հասցեատիրոջն ուղարկելուց մինչև հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալն օբյեկտիվորեն անցնում է որոշակի ժամանակահատված, որը կարող է ավելի երկարաձգվել` պայմանավորված նաև սուբյեկտիվ գործոններով: Նման պայմաններում անձն իր տնօրինության ներքո հաճախ չի ունենում բողոքարկվող դատական ակտը, հնարավորություն չի ունենում վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները կազմել օրենքով դրանց ներկայացվող պահանջներին համահունչ, ինչն իրավաչափորեն հիմք է հանդիսանում վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները համապատասխանաբար` առանց քննության թողնելու կամ վերադարձնելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 09.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առերևույթ խախտման հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, ինչը, սակայն սույն բողոքի քննության արդյունքում չհաստատվեց ստորև ներկայացվող հիմնավորումներով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Եվրոպական դատարանը նաև նշել է, որ հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով անձի բողոքարկման իրավունքին՝ արձանագրել է, որ այդ իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը և 179-րդ հոդվածը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով վերը նշված իրավանորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն՝ եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տես, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):

 Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես վերը նշված, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև վերաքննության կարգով բողոքարկման իրավակարգավորումների նկատմամբ:

Միաժամանակ հարկ է նշել, որ 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշման շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը, վկայակոչելով իր ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, եզրահանգել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: (...) վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում` ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի 10.10.2019 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 11.10.2019 թվականին (հիմք` «datalex.am» տեղեկատվական համակարգը):

Ըստ գործում առկա՝ Դատարանի թիվ ԴԴ 6395-6396/19 գրության՝ Դատարանի 10.10.2019 թվականի վճիռը Էդգար Գաբրիելյանին ուղարկելու համար ելքագրվել է 11.10.2019 թվականին (գ.թ. 88): Նշված վճիռը Էդգար Գաբրիելյանին ուղարկելու համար փոստային ծառայությանը հանձնվել է 11.10.2019 թվականին (գ.թ. 89):

Էդգար Գաբրիելյանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 14.11.2019 թվականին (գ.թ. 108):

Վերաքննիչ դատարանի 09.12.2019 թվականի որոշմամբ Էդգար Գաբրիելյանի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ «Դատարանի 10.10.2019 թվականի վճիռը փաստացի հրապարակվել է 11.10.2019 թվականին (հիմք` ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային՝ www.datalex.am կայք, դատական գործեր բաժին, տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ ենթաբաժին), որպիսի պայմաններում բողոք ներկայացրած անձի` բաց թողած ժամկետը հարգելի համարելու պատճառաբանությունները հիմք չեն վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու համար այն հիմնավորմամբ, որ վճիռը 11.10.2019 թվականին հրապարակվելու պարագայում անգամ դրա դեմ վերաքննիչ բողոքը կարող էր ներկայացվել մինչև 11.11.2019 թվականը ներառյալ, մինչդեռ վերաքննիչ բողոքը պարունակած փոստային ծրարի վրա առկա «Հայփոստ» ՓԲԸ-ի կնիքի համաձայն վերաքննիչ բողոքը փոստային կապի օպերատորին հանձնվել է 14.11.2019 թվականին, որպիսի պայմաններում վճռի բողոքարկման ժամկետը բաց է թողնված նաև 11.11.2019 թվականից մինչև 14.11.2019 թվականն ընկած ժամանակահատվածի մասով, իսկ այդ մասով առկա չեն ժամկետի բացթողման պատճառները հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու հիմքեր: Բողոք ներկայացրած անձը դատական ակտի հրապարակվելու օրվանից` 11.10.2019 թվականից ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու բողոքարկվող դատական ակտի հետ, որպիսի պահից սկսած օրենքով սահմանված ժամկետում պարտավոր էր իրացնել իր բողոք ներկայացնելու իրավունքը, ինչը, սակայն, չի արել, ինչպես նաև չի ներկայացրել որևէ հիմնավորում, որ դատական ակտի հրապարակման օրվանից որևէ կերպ զրկված է եղել դրան ծանոթանալու հնարավորությունից»:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Նախկինում կայացված իր որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և´ վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և´ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե´ վճռի հրապարակումը, թե´ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն: Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ երկու պարտականությունները, այն է՝

ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,

բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

 Սույն գործով Վճռաբեկ դատարանը նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ՝

1. Դատական ակտի հրապարակման հայտարարված օրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված լինելու և դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու Դատարանի պարտականության պատշաճ կատարմանը:

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ օրենսդիրը դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը, որոնց միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից՝ հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքի լիարժեք իրականացման համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով թեև Դատարանն իր 10.10.2019 թվականի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, հրապարակել է հաջորդ օրը` 11.10.2019 թվականին, այնուամենայնիվ գործում առկա փոստային անդորրագրի համաձայն` Դատարանն իր 10.10.2019 թվականի վճռի հրապարակման օրը՝ 11.10.2019 թվականին, փոստային ծառայությանը հանձնելու միջոցով ուղարկել է Էդգար Գաբրիելյանին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը պատշաճ կարգով իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր պարտականությունը, դրանով իսկ ապահովելով դատական ակտը կողմին հասու դարձնելու դատավարական ընթացակարգը:

 

2. Անդրադառնալով դատական ակտը գործին մասնակցող անձի կողմից ստացված լինելու օրվանից դատական ակտի բողոքարկման ժամկետը հաշվարկելու և ըստ այդմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդության հիմնավորվածությանը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը,

ՀՀ սահմանադրական դատարանն իր 16.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1052 որոշմամբ անդրադառնալով ստորադաս դատարանի դատական ակտը հրապարակվելու պահից որոշակի ժամկետում բողոքարկելու հարցին, նշել է, որ այդ հարցի վերաբերյալ դրույթներ սահմանելիս օրենսդիրը պարտավոր է` ելնելով անձի դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքներից, օրենսդրորեն անհրաժեշտ նախադրյալներ ամրագրել դրանց երաշխավորման ու ապահովման համար:

Միաժամանակ, վերը նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն անդրադառնալով նաև տվյալ հիմնախնդրի միջազգային իրավական պրակտիկայի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծությանը, նշել է, որ «բազմաթիվ երկրների իրավական պրակտիկան վկայում է, որ հավասարապես ընդունելի են թե՛ այն իրավադրույթները, համաձայն որոնց` դատարանի վճռի դեմ բողոք կարող է բերվել դատավճռի հրապարակման կամ դրա պատճենի առաքման պահից (Սլովակիա, Ռումինիա, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա և այլն) և թե՛ այն իրավակարգավորումը, երբ այդ ժամկետը սահմանվում է դատական ակտն ստանալու պահից (Լեհաստան, Մոնտենեգրո, Հունաստան, Իսպանիա, Գերմանիա, Խորվաթիա և այլն): Այստեղ էականն այն է, որ բոլոր այն երկրները, որտեղ բողոքարկման ժամկետի հաշվարկման համար հիմք է ընդունվում դատական ակտի հրապարակման պահը, ապա օրենսդրորեն սահմանվում են անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ, որ դատական ակտն ամբողջությամբ բողոք բերող կողմը կստանա ողջամիտ ժամկետում և ի վիճակի կլինի արդյունավետ իրացնել դատարանի մատչելիության և արդար դատաքննության իր իրավունքը:

Գործնականում նման դիրքորոշում է արտահայտել նաև Եվրոպական դատարանը: Մասնավորապես, (…) «Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 25083/05, 16 մարտի 2010թ.) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված տասնօրյա ժամկետի հաշվարկը վերաքննիչ դատարանի վճռի հրապարակման օրվանից հաշվարկելն ինքնին չի կարող դիտարկվել որպես կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում: Սակայն, միևնույն ժամանակ, հատուկ շեշտվում է. «…եթե այն ուղեկցվել է բավարար երաշխիքներով, որոնք իրավունք են տալիս բողոքարկող անձանց օգտվելու բողոքարկման ատյանի արդյունավետ մատչելիությունից, ներառյալ վերջիններիս կողմից հիմնավոր բողոքներ ներկայացնելու հնարավորության տրամադրումը»: Վերջին հանգամանքը պետք է առանցքային համարել այնպիսի իրավակարգավորումների պայմաններում, երբ բողոքարկման ժամկետը հաշվարկվում է ակտի հրապարակման պահից: Այսուհանդերձ, ՀՀ սահմանադրական դատարանը նախ` ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիշյալ վճռում (ինչը պաշտոնապես հայերենով հրապարակել է ՀՀ արդարադատության նախարարությունը) օգտագործվում է «հանձնվի» եզրույթը»:

Բացի այդ, վերը նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «ուղարկելը» և «հանձնելը» էապես տարբեր հասկացություններ են, և ուղարկելը ժամանակի առումով բոլորովին համարժեք չէ հանձնելուն, կամ հայտնի չէ, թե ուղարկելու ձևից կախված` այն երբ կհասնի տվյալ իրավահարաբերությունների սուբյեկտին: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ բոլոր նման դեպքերում կողմը պետք է ունենա ողջամիտ ժամկետ դատական ակտն ստանալուց կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ ունենալուց, նրան պաշտոնապես հասանելի լինելուց հետո հիմնավոր բողոք ներկայացնելու համար: Ընդ որում միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինի ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «…սույն գործով օրենսգրքի վիճարկվող դրույթով գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, եթե առկա են դատական ակտին ծանոթանալու և դրա բողոքարկման իրավունքն արդյունավետ իրականացնելու համար բավարար ժամանակ ապահովող երաշխիքներ (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 18.12.2012 թվականի թիվ ՍԴՈ-1062 որոշումը):

Սույն գործով Էդգար Գաբրիելյանը վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացրել է 14.11.2019 թվականին` միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետն այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվող վճիռը ստացել է 14.10.2019 թվականին: Ըստ գործում առկա ստացման/հանձնման ծանուցագրի՝ Էդգար Գաբրիելյանը Դատարանի 10.10.2019 թվականի վճիռը ստացել է 15.10.2019 թվականին (գ.թ. 91):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 03.10.2019 թվականին նշանակված դատական նիստին Դատարանը հայտարարել է գործի քննությունն ավարտված և վճռի հրապարակման օր է նշանակել 10.10.2019 թվականի ժամը 17:30-ը (գ.թ. 79), մինչդեռ դատական ակտը՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, հրապարակել է հաջորդ օրը` 11.10.2019 թվականին:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռը 11.10.2019 թվականին հրապարակված համարվելու պարագայում դրա դեմ վերաքննիչ բողոքը կարող էր ներկայացվել մինչև 12.11.2019 թվականը ներառյալ, մինչդեռ բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքը փոստային կապի օպերատորին հանձնվել է 14.11.2019 թվականին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էդգար Գաբրիելյանը դատական ակտը նույնիսկ 15.10.2019 թվականին (ըստ բողոքաբերի 14.10.2019 թվականին) ստանալուց հետո և դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ ունենալուց հետո, այն է՝ մինչև 12.11.2019 թվականն ուներ բավարար ողջամիտ ժամկետ բողոքարկվող դատական ակտի դեմ հիմնավոր բողոք ներկայացնելու համար: Այլ կերպ ասած, Էդգար Գաբրիելյանն ունեցել է բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու և իր սահմանադրորեն երաշխավորված բողոքարկման իրավունքն արդյունավետ իրականացնելու համար բավարար ժամանակ:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից իրավացիորեն չի կիրառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը և իրավաչափորեն մերժել է ինչպես վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Էդգար Գաբրիելյանի միջնորդությունը, այնպես էլ վերաքննիչ բողոքի ընդունումը:

 Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձի հիմնավորումներն ու փաստարկները բավարար չեն բողոքի հիմքը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման վերաբերյալ, հիմնավորված համարելու համար, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ նաև Վերաքննիչ դատարանի 09.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, կայացրել է իրավաչափ դատական ակտ:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայությունը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով նախատեսված Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան 

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան