Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.07.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 13.10.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.07.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
10.07.2020
Дата вступления в силу
10.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0057/04/17

Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0057/04/17

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Մխիթարյան  

Դատավորներ՝

Ն. Կարապետյան
 

Ն. Մարգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ռ. հակոբյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. հակոբյան

 

 

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Խաչիկ Կոսյանի ներկայացուցիչ Սուրեն Բաղրամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ ‹‹ԱՐԱՐԱՏԲԱՆԿ›› ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) դիմումի ընդդեմ Խաչիկ Կոսյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան`Բանկը պահանջել է Խաչիկ Կոսյանին ճանաչել սնանկ։

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) 18.07.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է։ Նույն դատարանի 21.07.2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վահագն Ավագյանը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) 05.09.2017 թվականի «Խաչիկ Հակոբի Կոսյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան, դատավորներ՝ Ա. Խառատյան, Կ. Հակոբյան) 02.11.2017 թվականի որոշմամբ պարտապանի վերաքննիչ բողոքը բավարարվել է: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2017 թվականի «Խաչիկ Հակոբի Կոսյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ բեկանված մասով նոր քննության:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Գ. Նարինյան) (այսուհետ՝ Դատարան) 21.05.2019 թվականի որոշմամբ հաստատվել է սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.08.2019 թվականի որոշմամբ պարտապանի վերաքննիչ բողոքը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել պարտապանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 350-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ, 403-րդ և 432-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ իրավահաջորդության հետևանքով պարտատիրոջ փոփոխությունից հետո անհնարին է եղել մարում կատարելը՝ նշված փոփոխության վերաբերյալ բողոքաբերի իրազեկվածության բացակայության պատճառով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.08.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` կայացնելով նոր դատական ակտ:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է և այն բեկանելու հիմքեր առկա չեն, քանի որ ինչպես պայմանագրով, այնպես էլ ՀՀ օրենսդրությամբ Բանկը որևէ պարտավորություն չի ունեցել պարտապանին տեղեկացնելու իր իրավահաջորդ հանդիսանալու հանգամանքի մասին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18072017 թվականի վճռի պատճենի համաձայն՝ Խաչիկ Կոսյանի և Բանկի իրավանախորդ ‹‹Զարգացման հայկական բանկ›› ԲԲԸ-ի միջև 28.06.2013 թվականին կնքվել է վարկային պայմանագիր, որով ‹‹Զարգացման հայկական բանկ›› ԲԲԸ-ն Խաչիկ Կոսյանին տրամադրել է 7.000.000 ՀՀ դրամի չափով վարկ, իսկ վարկի մարման ժամկետ է սահմանվել 28.06.2018 թվականը (գործի հավելված 1-ին, գ.թ. 6)

2) Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18072017 թվականի վճռի պատճենի համաձայն՝ ‹‹Զարգացման հայկական բանկ›› ԲԲԸ-ն 2016 թվականին վերակազմակերպվել է՝ ‹‹ԱՐԱՐԱՏԲԱՆԿ›› ԲԲԸ-ին միանալու եղանակով, և վերջինս շարունակել է իր գործունեությունը որպես իրավահաջորդ (գործի հավելված 1-ին, գ.թ. 6)

3) Իրավահաջորդության մասին պարտապանին տեղեկացնելու փաստը հաստատող որևէ ապացույց սույն գործում առկա չէ:

4) Բանկի կողմից ներկայացվել է դիմում՝ պահանջի գրանցման մասին, որով խնդրել է Խաչիկ Կոսյանի նկատմամբ իր՝ 4.285.629,92 ՀՀ դրամի չափով պահանջը հաստատել և գրանցել որպես ապահովված պահանջ (գործի հավելված 1-ին, գ.թ. 12-13)

5) Բանկի պահանջին կից ներկայացված թիվ 0127-է/2013է վարկային պայմանագրի գրաֆիկի համաձայն՝ վճարումներ են կատարվել 2013 թվականի հուլիսից մինչև 10.10.2016 թվականը, իսկ 18.07.2017 թվականի դրությամբ վարկի մնացորդը կազմել է 3.351.291,90 ՀՀ դրամ (գործի հավելված 1-ին, գ.թ. 14-15)

6) Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05092017 թվականի «Խաչիկ Հակոբի Կոսյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման պատճենի համաձայն՝ սնանկության գործով կառավարչի կողմից 30.08.2017 թվականին ներկայացվել է պարտատերերի պահանջների նախնական ցուցակը (գործի հավելված 1-ին, գ.թ. 29)

7) Խաչիկ Կոսյանի ներկայացուցչի կողմից 05.09.2017 թվականին ներկայացվել է առարկություն, որով հայտնվել է, որ Խաչիկ Կոսյանը զրկված է եղել ‹‹Զարգացման հայկական բանկ›› ԲԲԸ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները մարելու հնարավորությունից՝ իրավահաջորդության մասին ծանուցված չլինելու հետևանքով: Հաշվի առնելով, որ ‹‹Զարգացման հայկական բանկ›› ԲԲԸ-ի նկատմամբ 05.09.2016 թվականի դրությամբ ունեցել է 3.351.299,50 ՀՀ դրամի չափով չմարված պարտավորություն՝ ընդունել է Բանկի պահանջը միայն վարկի մայր գումարի մասով և խնդրել է Բանկի պահանջը գրանցել 3.351.299,50 ՀՀ դրամի չափով (գործի հավելված 1-ին, գ.թ. 40-42):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ իրավահաջորդության հետևանքով պահանջի զիջման մասին պարտապանին իրազեկելու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք իրավաբանական անձանց միացման հետևանքով պահանջի իրավունքը փոխանցվելու դեպքում նոր պարտատերը պարտավոր է այդ մասին իրազեկել պարտապանին՝ առաջացած կետանցի հետևանքով տոկոսներ հաշվեգրելու համար:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավաբանական անձի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձն այլ իրավաբանական անձի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված` միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձի` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` փոխանցման ակտին համապատասխան:

Վերլուծելով վերոգրյալ իրավադրույթները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է այն կառուցակարգերը, որոնք թույլ են տալիս իրավաբանական անձանց վերակազմակերպվել: Այդ կառուցակարգերի թվին է դասվում նաև իրավաբանական անձանց միացումը: Այս դեպքում՝ իրավաբանական անձինք համարվում են վերակազմակերպված՝ միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից: Միաժամանակ իրավաբանական անձի` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` փոխանցման ակտին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 399-րդ հոդվածի համաձայն՝ սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով վերոնշյալ իրավանորմերը, նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ պարտավորական հարաբերություններում պարտատիրոջ փոփոխվելու դեպքում զիջվող իրավունքները նոր պարտատիրոջն են անցնում (փոխանցվում) որոշակի՝ անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով (տե´ս, «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրազդանի ջերմատնային տնտեսություն» ՓԲԸ-ի թիվ ԿԴ/0197/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 402-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի հիման վրա և դրանում նշված հանգամանքների ի հայտ գալով, պարտատիրոջ իրավունքներն այլ անձի են անցնում`

1) պարտատիրոջ իրավունքների համընդհանուր իրավահաջորդության հետևանքով.

(

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 400-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանն իրավունք ունի չկատարել պարտավորությունը նոր պարտատիրոջ օգտին, մինչև պահանջն այդ անձին անցնելու վերաբերյալ նրան ապացույցներ ներկայացնելը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու համար պարտապանի համաձայնությունը չի պահանջվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե պարտապանը գրավոր չի տեղեկացվել պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու մասին, ապա նոր պարտատերը կրում է իր համար դրանից բխող անբարենպաստ հետևանքների ռիսկը: Այդ դեպքում պարտավորության կատարումն սկզբնական պարտատիրոջը համարվում է կատարված պատշաճ պարտատիրոջը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

Վկայակոչված հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտատերը կարող է իր պահանջի իրավունքը զիջել այլ անձի, և դրա համար պարտապանի համաձայնությունը չի պահանջվում: Իսկ ահա պարտքի փոխանցման դեպքում, օրենսդիրը սահմանել է պարտատիրոջ համաձայնության առկայության իմպերատիվ պահանջը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից սահմանված նման մոտեցումը ինքնանպատակ չէ: Տարբերակված մոտեցման էությունը կայանում է նրանում, որ պարտավորության մեջ պարտատիրոջ համար միշտ կարևոր է, թե ով է պարտապանը, քանի որ հաճախ պարտապանի անձից է կախված պարտավորության ժամանակին և պատշաճ կատարումը: Մինչդեռ պարտապանի համար, ըստ էության, կարևոր է ոչ թե պարտատիրոջ անձը, այլ իր պարտավորության պատշաճ կատարումը՝ հետագա անբարենպաստ հետևանքներից զերծ մնալու համար: Նշված հիմնավորմամբ է, որ պարտավորական իրավահարաբերության մեջ պարտատիրոջ փոխվելու համար օրենսդիրը չի սահմանել պարտապանի համաձայնությունը ստանալու պահանջ, բացառությամբ, երբ նման բան նախատեսված է օրենքով կամ պայմանագրով:

Անդրադառնալով պահանջի զիջման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը սկզբնական կամ նոր պարտատիրոջ համար չի սահմանել պարտապանի համաձայնության առկայության կամ վերջինիս ծանուցելու իմպերատիվ պահանջ: Այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե պարտապանը գրավոր չի տեղեկացվել պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու մասին (պահանջը զիջելու մասին), նոր պարտատերն է կրում դրա բացասական հետևանքը:

Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում քննարկման առարկա դարձնել երկու իրավիճակ: Առաջին դեպքում խոսքը գնում է պահանջի զիջման այն դեպքերի մասին, երբ սկզբնական պարտատերը, շարունակելով իր գործունեությունը, զիջում է իր պահանջի իրավունքը մեկ այլ անձի և պարտապանին չի տեղեկացնում պահանջի զիջման մասին: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ տվյալ դեպքում պարտապանի տեսանկյունից որևէ խնդիր չի առաջանում պարտավորության կատարման համար: Ավելին, տվյալ դեպքում պարտապանը կարող է պարտավորությունը կատարել սկզբնական պարտատիրոջ հանդեպ, որը գործող օրենսդրական կարգավորման համաձայն կհամարվի պարտավորության պատշաճ կատարում: Փաստորեն այս դեպքում ռիսկը կրում է նոր պարտատերը և նա պետք է շահագրգռված լինի պարտապանին տեղեկացնելու պահանջի զիջման մասին: Նշված հիմնավորմամբ է նաև, որ օրենսդիրը չի սահմանել պահանջի զիջման դեպքում պարտապանին տեղյակ պահելու պարտադիր պահանջ:

Երկրորդ դեպքում բոլորովին այլ է իրավիճակը, երբ պահանջի իրավունքը իրավահաջորդության (սկզբնական պարտատիրոջ այլ իրավաբանական անձի միանալու) հետևանքով սկզբնական պարտատիրոջից փոխանցվում է նոր պարտատիրոջը: Նման իրավիճակում սկզբնական պարտատերը, որպես այդպիսին, դադարում է գոյություն ունենալուց, իսկ նրա պահանջի իրավունքը անցնում է վերջինիս իրավահաջորդին: Այս պայմաններում, եթե ոչ սկզբնական պարտատերը, ոչ էլ նրա իրավահաջորդը, պարտապանին չեն տեղեկացնում իրավահաջորդության հիմքով պարտավորության պարտատիրոջ փոփոխության մասին, ապա պարտապանի համար ստեղծվում է անորոշ իրավիճակ: Մասնավորապես, պարտապանի համար անորոշ է դառնում, թե հօգուտ ում պետք է կատարի պարտավորությունը, քանի որ սկզբնական պարտատերն այլևս գոյություն չունի: Ավելին, պարտապանը ողջամտորեն կարող է կարծել, թե պարտատերը լուծարվել է, իսկ պարտավորությունը դադարել է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 435-րդ հոդվածի հիմքով:

Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե առաջին իրավիճակում պարտապանը, անտեղյակ լինելով պահանջի զիջման մասին, կարող էր պարտավորությունը կատարել սկզբնական պարտատիրոջ հանդեպ և դա կհամարվեր պարտավորության պատշաճ կատարում, ապա երկրորդ իրավիճակում պարտապանը զրկված է նման հնարավորությունից, քանի որ սկզբնական պարտատերն այլևս գոյություն չունի:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ իրավահաջորդությամբ (սկզբնական պարտատիրոջ այլ իրավաբանական անձի միանալու) պարտատիրոջ անձի փոփոխության դեպքում պարտավորությունը խախտելիս պարտապանի համար անբարենպաստ հետևանքները կարող են վրա հասնել այն դեպքում, երբ պարտապանն իրազեկված է եղել պարտատիրոջ փոփոխության մասին: Այլ կերպ ասած՝ տվյալ դեպքում նոր պարտատերը պարտապանից կարող է պահանջել պարտավորությունը խախտելու համար համապատասխան պայմանագրով նախատեսված տոկոսները և/կամ տույժերը կամ օրենքով սահմանված տոկոսները, եթե սկզբնական պարտատերը (կամ իրավահաջորդը) պարտապանին տեղեկացրել է իրավահաջորդության մասին:

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Խաչիկ Կոսյանի և Բանկի իրավանախորդ ‹‹Զարգացման հայկական բանկ›› ԲԲԸ-ի միջև 28.06.2013 թվականին կնքվել է վարկային պայմանագիր, որով ‹‹Զարգացման հայկական բանկ›› ԲԲԸ-ն Խաչիկ Կոսյանին տրամադրել է 7.000.000 ՀՀ դրամի չափով վարկ, իսկ վարկի մարման ժամկետ է սահմանվել 28.06.2018 թվականը: ‹‹Զարգացման հայկական բանկ›› ԲԲԸ-ն 2016 թվականին վերակազմակերպվել է միանալու եղանակով ‹‹ԱՐԱՐԱՏԲԱՆԿ›› ԲԲԸ-ին, և վերջինս շարունակել է իր գործունեությունը որպես իրավահաջորդ: Այնուհետև Բանկի դիմումի հիման վրա Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Խաչիկ Կոսյանը ճանաչվել է սնանկ: Բանկը՝ որպես պարտատեր, ներկայացված դիմումով խնդրել է Խաչիկ Կոսյանի նկատմամբ իր՝ 4.285.629,92 ՀՀ դրամի չափով պահանջը հաստատել և գրանցել որպես ապահովված պահանջ: Բանկի պահանջին կից ներկայացված թիվ 0127-է/2013է վարկային պայմանագրի գրաֆիկի համաձայն՝ վերջին վճարումը եղել է 10.10.2016 թվականին, իսկ 18.07.2017 թվականի դրությամբ վարկի մնացորդը կազմել է 3.351.291,90 ՀՀ դրամ: Այնուհետև սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացվել է պարտատերերի պահանջների նախնական ցուցակը, որի դեմ Խաչիկ Կոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված առարկության համաձայն՝ Խաչիկ Կոսյանը զրկված է եղել ‹‹Զարգացման հայկական բանկ›› ԲԲԸ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները մարելու հնարավորությունից՝ իրավահաջորդության մասին ծանուցված չլինելու հետևանքով: Հաշվի առնելով, որ ‹‹Զարգացման հայկական բանկ›› ԲԲԸ-ի նկատմամբ 05.09.2016 թվականի դրությամբ ունեցել է 3.351.299,50 ՀՀ դրամի չափով չմարված պարտավորություն՝ Խաչիկ Կոսյանն ընդունել է Բանկի պահանջը միայն վարկի մայր գումարի մասով և խնդրել է Բանկի պահանջը գրանցել 3.351.299,50 ՀՀ դրամի չափով:

Դատարանի որոշմամբ հաստատվել է սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը և Բանկի պահանջը 4.185.629,92 ՀՀ դրամի չափով գրանցվել է որպես ապահովված պահանջ: Նույն որոշմամբ Դատարանն արձանագրել է, որ վարկային պայմանագրում առկա չէ որևէ դրույթ, որով կհիմնավորվի ‹‹Զարգացման հայկական բանկ›› ԲԲԸ-ի վերակազմակերպվելու կամ այլ իրավաբանական անձի միանալու պարագայում վերջինիս՝ Խաչիկ Կոսյանին տեղեկացնելու պարտականությունը:

Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Դատարանի եզրահանգումն առ այն, որ Բանկը չի կրել իրավաբանական անձի վերակազմակերպման և այդ հիմքով պարտատիրոջ իրավունքներն իրեն անցնելու դեպքում պարտապանին ծանուցելու պարտականություն, վերաքննիչ բողոքը մերժել է:

Վերը շարադրված վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 2016 թվականից իրավահաջորդության հիմքով ‹‹Զարգացման հայկական բանկ›› ԲԲԸ-ն, որպես այդպիսին, դադարել է գոյություն ունենալուց. որպես իրավահաջորդ գործել է ‹‹ԱՐԱՐԱՏԲԱՆԿ›› ԲԲԸ-ն, ինչի մասին Խաչիկ Կոսյանը չի տեղեկացվել:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ տվյալ դեպքում պարտապան Խաչիկ Կոսյանի համար առաջացել է անորոշ իրավիճակ. գոյություն չի ունեցել ‹‹Զարգացման հայկական բանկ›› ԲԲԸ-ն, որի հանդեպ նա ունեցել է չկատարված պարտավորություն, հետևաբար՝ Խաչիկ Կոսյանը չի իմացել, թե հօգուտ ում պետք է կատարի պարտավորությունը, որպիսի պայմաններում Խաչիկ Կոսյանն իրենից անկախ պատճառներով, չի կատարել վարկի մարման վճարումները:

Ավելին, Բանկի պահանջին կից ներկայացված պայմանագրի գրաֆիկի համաձայն՝ վարկային պարտավորության վճարումները 2013 թվականի հուլիսից մինչև 10.10.2016 թվականը կատարվել են, այսինքն՝ մինչև իրավահաջորդությունը Խաչիկ Կոսյանը չի խուսափել պարտավորությունը կատարելուց, ինչից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 10.10.2016 թվականից հետո հերթական վճարումները չեն կատարվել իրավահաջորդության մասին ծանուցված չլինելու հետևանքով:

Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստեղծված իրավիճակում Բանկը՝ պարտավորության կետանցի հիմքով տոկոսներ պահանջելու համար, նախ և առաջ պարտավոր էր իրավահաջորդության մասին տեղեկացնել Խաչիկ Կոսյանին: Իրավահաջորդության մասին վերջինիս ծանուցելուց հետո թույլ տրված պարտավորության կետանցի առկայության դեպքում միայն Բանկը կարող էր պահանջել համապատասխան տոկոսները:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս դեպքում Խաչիկ Կոսյանը չպետք է կրի իրավահաջորդության մասին ‹‹Զարգացման հայկական բանկ›› ԲԲԸ-ի կամ Բանկի կողմից չծանուցվելու հետևանքով առաջացած անբարենպաստ հետևանքները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի իրականացվել լրիվ և բազմակողմանի քննություն, հետևաբար առկա է նոր քննության անհրաժեշտություն՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի հանգամանքները պարզելու համար:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը՝ ‹‹ԱՐԱՐԱՏԲԱՆԿ›› ԲԲԸ-ի կողմից ներկայացված պահանջի մասով, ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2019 թվականի որոշումը և գործը՝ ‹‹ԱՐԱՐԱՏԲԱՆԿ›› ԲԲԸ-ի պահանջի մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան 

 

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան
  Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2020 թվական: