Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 149-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.09.2020
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
11.09.2020
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
16.09.2020
Дата вступления в силу
03.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 սեպտեմբերի 2020 թվականի

թիվ 149-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Նպատակ ունենալով սահմանել ներդրումային ծառայություններ մատուցող անձի՝ որպես շուկա ստեղծողի, գործունեության նկատմամբ գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշներից և գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքներից բացառություններ,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 171-րդ հոդվածի 3-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 21-ի «Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները» Կանոնակարգ 4/17-ը հաստատելու մասին թիվ 288-Ն որոշմամբ հաստատված «Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները» Կանոնակարգ 4/17-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները․

1) Կանոնակարգի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-12-րդ ենթակետերով.

«7) շուկա ստեղծող՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձ, որը համաձայն կարգավորվող շուկայի օպերատորի կանոնների, կարգավորվող շուկայում շրջանառվող որևէ դասի արժեթղթի իրացվելիությունն ապահովելու նպատակով իրականացնում է շարունակական երկկողմանի գնանշումներ և իր անունից և իր հաշվին կնքում է տվյալ դասի արժեթղթերով գործարքներ,

8) թողարկող՝ այն թողարկողը, որի որևէ դասի արժեթղթի համար ներդրումային ծառայություններ մատուցող անձը շուկա ստեղծող է,

9) գնանշում՝ արժեթղթերով գործարքներ կնքելու նպատակով կարգավորվող շուկայի առևտրային համակարգում արժեթղթերի գնման կամ վաճառքի գնի հայտարարումը,

10) երկկողմանի գնանշում՝ արժեթղթերով գործարքներ կնքելու նպատակով կարգավորվող շուկայի առևտրային համակարգում արժեթղթերի առնվազն մեկ գնման և մեկ վաճառքի գնի միաժամանակյա հայտարարումը,

11) առևտրային նստաշրջան՝ օրվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարգավորվող շուկայի առևտրային համակարգում կարգավորվող շուկայի օպերատորի կանոններով սահմանված կարգով իրականացվում է արժեթղթերի առևտուրը,

12) սպրեդ՝ շուկա ստեղծողի կողմից առևտրային համակարգում ներկայացված գնման և վաճառքի հայտերում նշված գների կամ դրանց համարժեք եկամտաբերությունների տարբերությունը, որը հաշվարկվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից սահմանված կարգով։»,

2) Կանոնակարգի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) գործարքը կնքող անձը շուկա ստեղծող է, որը գործում է սույն կանոնակարգի Հավելված 4-ի պահանջներին և կարգավորվող շուկայի օպերատորի կողմից սահմանված շուկա ստեղծողի գործունեության վերաբերյալ կանոնին համապատասխան, որն առնվազն ներառում է․

ա. շուկա ստեղծողի կարգավիճակի շնորհման, կասեցման և դադարեցման հիմքերը և կարգը, ներառյալ՝ վաղաժամկետ դադարեցման դեպքում շուկայի օպերատորին տեղեկացման կարգը,

բ. շուկա ստեղծողի կողմից երկկողմանի գնանշման ապահովման կարգն ու պայմանները, շուկա ստեղծողի սպրեդի չափը և հաշվարկման կարգը,

գ. շուկա ստեղծողի գործունեությանը ներկայացվող պահանջները, սահմանափակումները և արտոնությունները,

դ. շուկա ստեղծողի և նրա գործունեության նկատմամբ սահմանված պահանջների և սահմանափակումների պահպանման և վերահսկման կարգը,

ե. շուկա ստեղծողի գործունեության պատասխանատվությունը՝ իր գործունեության նկատմամբ սահմանված պահանջների խախտման համար։»,

3) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 4-ով՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն որոշումն ուժի մտնելու պահից մեկամսյա ժամկետում կարգավորվող շուկայի օպերատորը պետք է իր կանոնները համապատասխանեցնի սույն որոշմամբ սահմանված պահանջներին։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2020 թ. սեպտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2020 թվականի սեպտեմբերի 11-ի

 թիվ 149-Ն որոշմամբ

 

«Հավելված 4

«Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, դրանց արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները»

սահմանող Կանոնակարգ 4/17-ի

 

ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Շուկա ստեղծողը պարտավոր է իր, որպես շուկա ստեղծողի, գործառույթների շրջանակներում՝

1) առևտրային նստաշրջանի ընթացքում ապահովել երկկողմանի գնանշման անընդհատությունը մրցակցային գներով,

2) երկկողմանի գնանշման հայտերը ներկայացնել մասնակի բավարարման պայմանով,

3) երկկողմանի գնանշման հայտերը ներկայացնել իր անունից և իր հաշվին,

4) իր և թողարկողի միջև առկա՝ շուկա ստեղծողի պարտավորությունների կատարման հետ կապված ցանկացած տեսակի համաձայնության կամ պայմանավորվածության մասին տեղեկատվությունը բացահայտել կարգավորվող շուկայի օպերատորին՝ բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքի։

2. Սույն Հավելվածի 1-ին կետի իմաստով երկկողմանի գնանշումը համարվում է՝

1) մրցակցային գներով, երբ առքի և վաճառքի գնանշումները կատարվել են կարգավորվող շուկայի օպերատորի կանոնով սահմանված սպրեդի սահմաններում,

2) անընդհատությունն ապահոված, երբ երկկողմանի գնանշումն առևտրային համակարգում առկա է եղել կարգավորվող շուկայի օպերատորի կանոնով սահմանված ժամանակահատվածում։

3. Շուկա ստեղծողը իր կարգավիճակի վաղաժամկետ դադարեցման դեպքում պարտավոր է դադարեցումից առնվազն 30 օր առաջ տեղեկացնել կարգավորվող շուկայի օպերատորին այդ մասին։

4. Շուկա ստեղծողն իրավունք ունի փոփոխել երկկողմանի գնանշումը կարգավորվող շուկայի օպերատորի կանոնով սահմանված սպրեդի սահմաններում։

5. Կարգավորվող շուկայի օպերատորն իր կանոններով կարող է սահմանել սույն Հավելվածի 1-ին կետով սահմանված պահանջներից բացառություններ, եթե շուկա ստեղծողի կողմից իր անունից և իր հաշվին կնքված գործարքների ընդհանուր ծավալը գերազանցում է կարգավորվող շուկայի օպերատորի կանոնով սահմանված չափը։

6. Կարգավորվող շուկայի օպերատորն իր կանոններով կարող է շուկա ստեղծողի համար սահմանել սույն Հավելվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունների կատարումից բացառություններ՝ Օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտակարգ դեպքերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտակարգ իրավիճակներում։

7. Յուրաքանչյուր դասի արժեթղթերի գծով շուկա ստեղծողի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի կարգավորվող շուկայի օպերատորի ինտերնետային կայքում, այդ թվում՝ սույն Հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը։»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան