ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2020 թվականի N 479-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 167-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):
2. Հաստատել՝
1) խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մրցույթի և ռոտացիայի կազմակերպման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) խորհրդի աշխատակարգը` համաձայն N 3 հավելվածի։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 167-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 22 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2020 թ. ապրիլի 22-ի N 479-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ փոխվարչապետ (ռազմավարությունների ոլորտը համակարգող) (խորհրդի նախագահ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի երկու տեղակալ (էկոնոմիկայի, գյուղատնտեսության ոլորտների համար պատասխանատուներ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի երեք տեղակալ (էներգետիկայի, տրանսպորտի, տարածքային զարգացման ոլորտների համար պատասխանատուներ)
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
ՀՀ վարչապետի խորհրդական
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ միգրացիոն ծառայության պետ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի տեղակալ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող (համաձայնությամբ)
Աշխատանքի, զբաղվածության և աղքատության հաղթահարման ոլորտում գործող հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ)
Կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ)
Առողջապահության ոլորտում գործող հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ)
Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտում գործող հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ)
Արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ)
Արդյունաբերության, առևտրի և նորարարության ոլորտում գործող հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ)
Ենթակառուցվածքների (էներգետիկայի, ջրի, ճանապարհների, տրանսպորտի ուղղություններից որևէ մեկ կամ մի քանի) ոլորտում գործող հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2020 թ. ապրիլի 22-ի N 479-Ա որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհրդի կազմում (այսուհետ՝ խորհուրդ) հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի (այսուհետ՝ ներգրավում) հետ կապված հարաբերությունները: Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) և Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) կողմից համատեղ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2. Խորհրդի կազմում ներառվում են կայուն զարգացման նպատակների յոթ բնագավառում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ`
- աշխատանքի, զբաղվածության և աղքատության հաղթահարման ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
- կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
- առողջապահության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
- շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
- արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
- արդյունաբերության, առևտրի և նորարարության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
- ենթակառուցվածքների (էներգետիկայի, ճանապարհների, տրանսպորտի, ջրային ուղղություններից որևէ մեկի) ոլորտում գործող հասարակական կազմակերպություն:
3. Նախարարությունը և գրասենյակը խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման համար անցկացվող մրցույթն սկսելուց առնվազն 20 օր առաջ իրենց պաշտոնական կայքէջերում և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում են հայտարարություն:
4. Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են գրասենյակ՝ հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ 10 օրվա ընթացքում:
5. Հայտարարության մեջ ներառվում են հետևյալ տվյալները`
1) միջոցառման անվանումը, որի համար հայտարարվում է մրցույթ.
2) համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի ու կարգի մասին.
3) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և համակարգողի գրասենյակում հայտերն ընդունող պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
4) հայտերի՝ առձեռն հանձնելու դեպքում ընդունման օրերը և ժամերը.
5) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ սույն հավելվածի 9-րդ կետի համաձայն.
6) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:
III. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Խորհրդի կազմում ներգրավման գործընթացին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն հասարակական կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում սույն կարգի 2-րդ կետում նշված ոլորտներից որևէ մեկում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր: Ընդ որում, հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն դիմել մեկից ավելի ոլորտների համար, սակայն կարող են հաղթող ճանաչվել և անդամակցել միայն մեկ ոլորտում:
(6-րդ կետը լրաց. 05.08.20 N 894-Ա)
7. Խորհրդի կազմում ներգրավման գործընթացին մասնակցելու նպատակով ներկայացված հայտում պետք է ներառված լինեն հետևյալ տվյալները՝
1) կազմակերպության անվանումը.
2) կազմակերպության գտնվելու վայրը.
3) կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը).
4) կազմակերպության գործունեության բնույթը, նախանշված ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը:
8. Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են գրասենյակ՝ հայտարարության մեջ սահմանված ժամկետներում:
9. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.
2) տեղեկանք ոլորտում առկա փորձի, դրա տևողության, իրականացրած ծրագրերի և աշխատանքային գործունեության, ֆինանսավորման ծավալների, շահառուների քանակի և գործունեության աշխարհագրության, կատարած հետազոտությունների և պատրաստած զեկույցների վերաբերյալ:
10. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) գրասենյակ կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված:
11. Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հասարակական կազմակերպությունը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով:
12․ Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ուսումնասիրվում:
IV. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13․ Հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացն անցկացվում է երկու փուլով՝ փաստաթղթային և ընտրական:
14․ Փաստաթղթային փուլում գրասենյակն ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը սույն հավելվածի 3-րդ գլխին, ինչպես նաև դասակարգում է կազմակերպություններին՝ ըստ սույն հավելվածի 2-րդ գլխում թվարկված բնագավառների:
15. Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր՝ թերությունները շտկելու համար:
16. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հայտին ընթացք չի տրվում:
17. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են տվյալ ոլորտում գործող մեկից ավելի հասարակական կազմակերպություններ, ապա այդ կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվում է երկրորդ՝ ընտրական փուլը, որը կազմակերպում է նախարարությունը:
18. Ընտրական փուլերն անցկացվում են սույն հավելվածի 2-րդ գլխում թվարկված յուրաքանչյուր ոլորտով առանձին:
19. Սահմանված չափանիշներին համապատասխանող հասարակական կազմակերպությունները ընտրական փուլի հանդիպման օրվա, ժամի և տեղի մասին ծանուցվում են հեռախոսազանգի միջոցով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր՝ հանդիպումից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ, հանդիպումների ժամանակացույցը տեղադրվում է նաև նախարարության և գրասենյակի պաշտոնական կայքէջերում:
20. Ընտրական փուլի հանդիպումները կազմակերպվում են նախարարության շենքում՝ հրավիրելով յուրաքանչյուր ոլորտով փաստաթղթային փուլն անցած հասարակական կազմակերպություններին:
21. Ընտրական փուլն իրականացվում է նախարարությունում տեղի ունեցող հանդիպման ժամանակ, որտեղ հրավիրվում են տվյալ ոլորտի բոլոր մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր հաղթահարել են փաստաթղթային փուլը: Հանդիպմանը ներկա մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկումների ճանապարհով ընտրում են այն կազմակերպությունը, որը ներգրավվելու է խորհրդի աշխատանքներին որպես տվյալ ոլորտի խորհրդի կազմում ներառվող հասարակական կազմակերպություն: Որոշման կայացման եղանակը՝ կոնսենսուսային, թե մեծամասնական, ընտրում են ընտրական փուլի մասնակիցները հանդիպման սկզբում:
22. Քննարկումների ճանապարհով կազմակերպության չընտրվելու պարագայում հանդիպման վերջում անցկացվում է վիճակահանություն բոլոր մասնակիցների միաժամանակյա մասնակցությամբ՝ ընտրական փուլն ավարտելու և խորհրդի կազմում ներառվող հասարակական կազմակերպություն ընտրելու նպատակով: Վիճակահանության ժամանակ բոլոր մասնակիցների քանակով պետք է առկա լինեն վիճակահանության թերթիկներ, որոնցից միայն մեկում պետք է նշված լինի խորհրդի կազմում ներառվելու վերաբերյալ նշում: Մասնակիցներն այբբենական կարգով ընտրում են մեկ վիճակահանության թերթիկ, որի արդյունքները հայտարարվում են:
23. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում է տվյալ ոլորտում գործող միայն մեկ հասարակական կազմակերպություն, ապա այդ կազմակերպությունը փաստաթղթային փուլի արդյունքների հիման վրա ընդգրկվում է խորհրդի կազմում՝ առանց ընտրական փուլի: Եթե մեկից ավելի ոլորտներում դիմել է մեկ հասարակական կազմակերպություն և այդ ոլորտներում հաղթահարել է փաստաթղթային փուլը, ապա վերջինս ինքն է որոշում իր մասնակցության համար նախընտրելի ոլորտը՝ հիմք ընդունելով սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված պայմանը:
(23-րդ կետը լրաց. 05.08.20 N 894-Ա)
24․ Մրցույթի արդյունքների մասին տեղեկատվությունը նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է իր պաշտոնական կայքէջում:
25․ Նախարարությունը և գրասենյակը երկու տարին մեկ անգամ սույն կարգով սահմանված ընթացակարգով հրապարակում են խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մասին նոր հայտարարություն:
26. Մինչև ներգրավման նոր գործընթացի ավարտը խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունները շարունակում են պահպանել խորհրդում անդամությունը:
27. Խորհրդի կազմում նույն հասարակական կազմակերպությունը չի կարող երկու անգամ անընդմեջ ներգրավվել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա չէ տվյալ ոլորտի այլ կազմակերպության ներգրավման հնարավորություն (հայտի բացակայություն կամ ներկայացված հայտերի՝ չափանիշներին անհամապատասխանություն): Այս դեպքում խորհրդի գործող անդամ հասարակական կազմակերպությունների անդամակցությունը խորհրդի կազմում շարունակվում է ևս երկու տարի ժամկետով՝ մինչև հաջորդ մրցույթը:
28. Եթե Խորհրդի կազմում ներգրավված հասարակական կազմակերպությունը հրաժարվում է կամ որևէ այլ հիմքով (լուծարում, գործունեության դադարում և այլն) դադարում է իր գործունեությունը խորհրդի կազմում, ապա սույն կարգով սահմանված ընթացակարգով մեկամսյա ժամկետում կազմակերպվում է նոր մրցույթ:
(հավելվածը լրաց. 05.08.20 N 894-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Հավելված N 3 ՀՀ վարչապետի 2020 թ. ապրիլի 22-ի N 479-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ դրույթներ
1. Սույն աշխատակարգի նպատակը Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) գործունեության կանոնակարգումն է:
2. Խորհրդի խնդիրներն են՝ սահմանել Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակների (այսուհետ՝ ԿԶՆ) ազգայնացման առաջնահերթությունները և ուղղությունները, դրանք ամրագրել ազգային ռազմավարական ծրագրերում և մինչև 2030 թվականն ապահովել ԿԶՆ-ի համալիր իրականացման ընթացքի համակարգումը և մշտադիտարկումը:
II. Խորհրդի գործառույթները
3. Խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) Միավորված ազգերի կազմակերպության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի 70/1 «Փոխակերպելով աշխարհը. Կայուն զարգացման օրակարգ 2030» բանաձևից բխող ԿԶՆ փաստաթղթերի և ԿԶՆ-ի իրագործմանն ուղղված այլ գործընթացների կատարման ապահովումը և աշխատանքների համակարգումը.
2) ԿԶՆ-ի կատարման մասին պարբերական զեկույցների նախապատրաստման համակարգումը.
3) ԿԶՆ-ի կատարմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, անհրաժեշտության դեպքում, նաև այլ կառույցներին, որոնք իրագործելի կդարձնեն ինչպես ազգային, այնպես էլ տեղական մակարդակներում ԿԶՆ-ները՝ Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարությունում, հեռանկարային զարգացման ծրագրերում, քաղաքականության և ֆինանսական փաստաթղթերում.
4) ԿԶՆ շրջանակներում բարեփոխումների, նոր ծրագրերի, գործողությունների վերաբերյալ առաջարկությունների քննարկումը.
5) հեռանկարային ոլորտային քաղաքականությունների, ռազմավարությունների և ծրագրերի շրջանակներում ԿԶՆ թիրախների և ցուցանիշների իրականացման վերաբերյալ պարբերական մշտադիտարկումը.
6) անհրաժեշտության դեպքում, տարածաշրջանային և այլ գործընկեր երկրների, միջազգային ոլորտային կառույցների, մասնագիտական կազմակերպությունների և առանձին փորձագետների հետ համագործակցության ապահովումը:
4. Սույն աշխատակարգի 2-րդ կետով նախատեսված խնդիրների իրագործման նպատակով խորհուրդը կարող է իրականացնել այլ անհրաժեշտ գործառույթներ:
III. Խորհրդի նիստերը
5. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:
6. Անհրաժեշտության դեպքում, խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն կեսի նախաձեռնությամբ կարող է հրավիրվել արտահերթ նիստ:
7. Ելնելով նիստի օրակարգից և քննարկվող հարցերի շրջանակներից՝ խորհրդի նիստերին կարող են հրավիրվել պետական այլ մարմինների ներկայացուցիչներ, գործարար ասոցիացիաների ներկայացուցիչներ, գիտական, կրթական, ուսումնական հաստատությունների, արհմիությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք:
8. Խորհրդի նիստերի մասին խորհրդի անդամներին փոստով կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է խորհրդի քարտուղարությունը` նիստից առնվազն երեք օր առաջ, իսկ հրատապ լուծում պահանջող հարցեր քննարկելու դեպքերում` մեկ աշխատանքային օր առաջ:
9. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:
10. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամն ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
11. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի կողմից հաստատված օրակարգով: Խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը որոշում է խորհրդի նախագահը:
12. Խորհրդի նիստի օրակարգի նախագիծը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը խորհրդի անդամներին են փոխանցվում նիստի անցկացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:
13. Խորհրդի նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում կազմվում է նիստի արձանագրությունը, որին, անհրաժեշտության դեպքում, կցվում են այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
14. Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրվում է խորհրդի նախագահի կողմից` սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված ժամկետներում:
IV. Խորհրդի կազմը
15. Խորհրդի կազմը հաստատվում է սույն որոշմամբ: Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը:
16. Խորհրդի անդամները՝
1) իրավունք ունեն`
ա. ներկայացնելու առաջարկություններ խորհրդի աշխատակարգում և խորհրդի այլ հիմնարար փաստաթղթերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,
բ. ներկայացնելու խորհրդի կողմից քննարկման հարցեր, հայտնելու իրենց կարծիքը խորհրդում քննարկվող ցանկացած հարցի և խորհրդի գործունեության ընթացակարգի վերաբերյալ.
2) պարտավոր են՝
ա. մասնակցել խորհրդի նիստերին,
բ. պահպանել խորհրդի աշխատակարգի դրույթները,
գ. հնարավորինս աջակցել խորհրդի աշխատանքներին և նպաստել դրա որոշումների կատարմանը:
V. Խորհրդի նախագահը
17. Խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության փոխվարչապետն է:
18. Խորհրդի նախագահը՝
1) համակարգում է խորհրդի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
2) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.
3) ներկայացնում է խորհուրդն այլ մարմինների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և պատվիրակությունների հետ հարաբերություններում.
4) համակարգում է խորհրդի քարտուղարության աշխատանքները.
5) իրականացնում է սույն աշխատակարգով նախատեսված այլ գործառույթներ:
VI. Խորհրդի Քարտուղարությունը
19. Խորհրդի քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակը։
20․ Քարտուղարության հիմնական նպատակն է ապահովել խորհրդի բնականոն գործունեությունը: Քարտուղարությունն աջակցում է խորհրդի նիստերի կազմակերպմանը, խորհրդի անդամների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ կազմակերպությունների միջև կապի ապահովմանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.08.2020, N 894-Ա | 06.08.2020, N 479-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|