Գլխավոր տեղեկություն
Номер
N 1321-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2020-01.08.2023)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2018.12.05/90(1448) Հոդ.1227
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.11.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
29.11.2018
Дата вступления в силу
06.12.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2018 թվականի N 1321-Ն

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ՉԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարվում է վարձակալության մասին պայմանագրում նախատեսված չափով, սակայն ոչ ավելի, քան՝

1) Երևան քաղաքում՝ մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85000 դրամ.

2) այլ քաղաքներում՝ մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 50000 դրամ.

3) այլ բնակավայրերում՝ մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 25000 դրամ:

2.1. Պայմանագրային զինծառայողին փոխհատուցվում է նաև բնակելի տարածության վարձակալության պայմանագրի նոտարական հաստատման և (կամ) իրավունքի պետական գրանցման համար պայմանագրային զինծառայողի կողմից վճարված գումարը:

(2.1-ին կետը լրաց. 30.07.20 N 1254-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

   

2018 թ. նոյեմբերի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման


 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ՉԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) պահանջների համաձայն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող պայմանագրային զինծառայողների և օրենքով նրանց հավասարեցված անձանց կողմից վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում (այսուհետ՝ նաև համապատասխան մարմին) զինվորական (քրեակատարողական) ծառայության մեջ գտնվող անձանց վրա.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված կամ պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

(2-րդ կետը լրաց. 29.08.19 N 1114-Ն)

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց (այսուհետ՝ նաև շահառուի) ընտանիքի անդամ են համարվում՝

1) ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող՝ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող՝ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի՝ հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:

4. Սույն կարգի համաձայն վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն շահառուները, ովքեր ծառայության անցկացման վայրում չեն ապահովվել ծառայողական բնակելի տարածությամբ, և ծառայության անցկացման վայրի վարչատարածքային միավորի (համայնքի) ու շահառուի մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության գտնվելու վայրի վարչատարածքային միավորի (համայնքի) միջև հեռավորությունը կազմում է 30 և ավելի կիլոմետր: Շահառուի ծառայության անցկացման և մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության վայրը (վայրերը) բազմաբնակավայր համայնքում (համայնքներում) գտնվելու դեպքում՝ սույն կետում նշված հեռավորությունը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով շահառուի ծառայության անցկացման և մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության բնակավայրի միջև եղած հեռավորությունը: Սույն կետի կիրառման նպատակով հիմք է ընդունվում իրավասու պետական մարմնի կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների (համայնքների), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` բնակավայրերի միջև հեռավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

(4-րդ կետը խմբ. 14.05.20 N 755-Ն) 

5. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից չի օգտվում այն շահառուն՝

1) ով ծառայության անցկացման վայրի վարչատարածքային միավորից (համայնքից), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում՝ տվյալ բնակավայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ ունի մշտական բնակության հաշվառում կամ սեփականության իրավունքով բնակելի տարածություն.

2) ով սույն կետի 1-ին ենթակետի շրջանակներում ծառայության ընթացքում փոխել է մշտական բնակության հաշվառման վայրը կամ օտարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը.

3) ում ընտանիքի անդամը շահառուի ծառայության անցկացման վայրի վարչատարածքային միավորից (համայնքից), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում՝ տվյալ բնակավայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ միանձնյա սեփականության իրավունքով ունի բնակելի տարածություն.

4) ով բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագիրը կնքել է ամուսնու (կնոջ) կամ իր կամ ամուսնու (կնոջ) ծնողի, զավակի, քրոջ կամ եղբոր հետ:

6. Շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրվում է շահառուի ծառայության վայրի զորամասի հրամանատարի հրամանով՝ սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա: Շահառուի կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքի՝ սույն կարգի պահանջներին համապատասխանությունը ստուգելու և ներկայացված փաստաթղթերի հիման վրա վարձակալության գործ կազմելու համար զորամասի հրամանատարի կողմից նշանակվում է պատասխանատու պաշտոնատար անձ (անձինք): Սույն կետի և սույն կարգի կիրառման իմաստով որպես զորամասի հրամանատար հանդես են գալիս նաև Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ համապատասխանաբար Պաշտպանության նախարարությունում կամ գլխավոր շտաբում ծառայություն անցնող կամ Պաշտպանության նախարարության կամ գլխավոր շտաբի կադրային մարմնի տրամադրության տակ գտնվող շահառուների մասով: Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված մյուս պետական մարմիններում սույն կետի և սույն կարգի կիրառման իմաստով որպես զորամասի հրամանատար հանդես է գալիս համապատասխան մարմնի ղեկավարը կամ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը:

(6-րդ կետը խմբ. 14.05.20 N 755-Ն) 

7. (կետն ուժը կորցրել է 14.05.20 N 755-Ն) 

8. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման չափի որոշման հիմքում դրվում են հետևյալ սկզբունքները՝

1) այլ բնակավայրի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում, կամ այլ բնակավայրում բնակելի տարածություններ վարձակալելիս՝ վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրի (բացառությամբ Երևան քաղաքի) համար սահմանված չափով.

2) այլ քաղաքի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում, կամ այլ բնակավայրում բնակելի տարածություններ վարձակալելիս՝ սույն որոշմամբ այլ քաղաքների համար սահմանված փոխհատուցման չափով.

3) Երևան քաղաքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում, կամ այլ բնակավայրում բնակելի տարածություններ վարձակալելիս՝ վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրի համար սույն որոշմամբ սահմանված փոխհատուցման չափով:

(8-րդ կետը փոփ. 29.08.19 N 1114-Ն, 14.05.20 N 755-Ն)

9. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու նպատակով շահառուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում՝ հասցեագրված զորամասի հրամանատարին.

2) տվյալ զորամասում (ստորաբաժանումում) ծառայության նշանակվելու (կադրերի տրամադրության տակ թողնվելու) մասին հրամանի պատճենը.

3) շահառուի և վարձակալված բնակելի տարածությունում նրա հետ համատեղ բնակվող չափահաս անձանց անձնագրերի պատճենները՝ հաշվառման էջով, ամուսնության վկայականի և անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները, իսկ անձնագրի փոխարեն նույնականացման քարտ ներկայացվելու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից տրված տեղեկանք անձի հաշվառման մասին.

4) սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ համատեղ բնակվող անձանց առկայության դեպքում՝ անգործունակությունը կամ ուսումնառությունը կամ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

5) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում շահառուի և նրա հետ համատեղ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին.

6) նոտարական կարգով հաստատված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ նախատեսված օրինակելի ձևով կնքված բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագրի պատճենը, ինչպես նաև բնակելի տարածության վարձակալության պայմանագրի նոտարական հաստատման և (կամ) իրավունքի պետական գրանցման համար գումարի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը:

(9-րդ կետը խմբ. 14.05.20 N 755-Ն, լրաց. 30.07.20 N 1254-Ն)

10. Սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը հիմք է ընդունվում ոչ ավելի, քան երկու ամիս վաղեմության ժամկետ ունենալու դեպքում:

(10-րդ կետը փոփ. 14.05.20 N 755-Ն)

11. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու մասին դիմումը վերադարձվում է, եթե շահառուի բնակարանային պայմանները չեն բավարարում սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջները՝ շահառուին գրավոր տեղեկացնելով դիմումի վերադարձման պատճառները: Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում շահառուին գրավոր առաջարկվում է 15-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը վերադարձվում է: Սույն կետում նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն իրականացվում է սույն կարգի 6-րդ և 12-րդ կետերի համաձայն: Սույն կետում նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու հիման վրա դիմումը վերադարձվելուց հետո զինծառայողը կարող է սույն կարգի պահանջների համաձայն կրկին դիմել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու համար:

(11-րդ կետը փոփ. 14.05.20 N 755-Ն)

12. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է նոտարական կարգով հաստատված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ նախատեսված օրինակելի ձևով կնքված պայմանագրում նշված օրվանից, սակայն ոչ ավելի, քան սույն կարգով սահմանված պահանջները բավարարող շահառուի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը զորամասում մուտքագրվելու ամսվա 1-ից սկսած՝ շահառուի հաշվեհամարին յուրաքանչյուր ամսվա համար անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով: Սույն կետի համաձայն բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հրամանը զորամասի հրամանատարի կողմից տրվում է սույն կարգով սահմանված պահանջները բավարարող շահառուի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը զորամասում մուտքագրվելու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետի համաձայն կատարվող առաջին վճարման հետ միաժամանակ շահառուի հաշվեհամարին փոխանցվում է նաև բնակելի տարածության վարձակալության պայմանագրի նոտարական հաստատման և (կամ) իրավունքի պետական գրանցման համար շահառուի կողմից վճարված գումարը՝ վճարումը հաստատող փաստաթղթում նշված չափով:

(12-րդ կետը լրաց., փոփ. 14.05.20 N 755-Ն, լրաց. 30.07.20 N 1254-Ն)

13. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման չափը կարող է փոփոխվել՝ շահառուի դիմումի հիման վրա կամ զորամասի հրամանատարի նախաձեռնությամբ՝ շահառուի ընտանիքի անդամների թիվն ավելանալու կամ նվազելու դեպքում՝ հաշվի առնելով սույն կարգի 3-րդ կետի պահանջները: Սույն կետում նախատեսված դեպքում զորամասի հրամանատարի կողմից տրվում է նոր հրաման:

(13-րդ կետը փոփ. 14.05.20 N 755-Ն)

13.1. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու ընթացքում շահառուի կողմից մեկ այլ հասցեով բնակելի տարածություն վարձակալելու (հասցեափոխության) դեպքում՝ շահառուի դիմումի հիման վրա, իսկ նույն տեղեկատվությունը սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով ստացված լինելու դեպքում՝ զորամասի հրամանատարի նախաձեռնությամբ, փոխհատուցման վճարումը դադարեցվում է, և նոր հասցեով վարձակալված բնակելի տարածության դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացն իրականացվում է սույն կարգի պահանջների համաձայն:

(13.1-ին կետը լրաց. 14.05.20 N 755-Ն)

14. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացող և օրենքով սահմանված կարգով կադրերի տրամադրության տակ թողնված (կադրերի ռեզերվում գրանցված) շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը շարունակում է վճարվել կադրերի տրամադրության տակ թողնելու (կադրերի ռեզերվում գրանցելու)՝ օրենքով սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում՝ բացառությամբ սույն կարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված դեպքերի:

14.1. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացող շահառուին նույն վարչատարածքային միավորի (համայնքի) տարածքում տեղակայված մեկ զորամասից մեկ այլ զորամասում ծառայության նշանակվելու դեպքում, եթե շահառուի կողմից մեկ այլ հասցեով բնակելի տարածություն չի վարձակալվել, ապա շահառուի փոխհատուցում ստանալու իրավունքը չի դադարում, և շարունակվում է փոխհատուցման վճարումը նոր զորամասից՝ վերջինիս հրամանատարի հրամանով և շահառուին նախկին զորամասի անձնակազմի ցուցակներից հանելու օրվան հաջորդող օրվանից, որի նպատակով շահառուն նոր զորամասի հրամանատարին ներկայացնում է դիմում, ինչպես նաև շահառուի բնակարանային գործը նախկին զորամասից փոխանցվում է նոր զորամաս:

(14.1-ին կետը լրաց. 14.05.20 N 755-Ն)

15. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը շարունակելու համար շահառուն պետք է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը (իսկ 2020 թվականի համար՝ մինչև հունիսի 1-ը) իր ծառայության վայրի զորամաս (կադրային մարմին) ներկայացնի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք՝ շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու և բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադարած լինելու մասին: Սույն կետում նշված ժամկետում տեղեկանք չներկայացվելու կամ ներկայացված տեղեկանքի համաձայն սույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում սահմանված պայմանների առկայության (բացառությամբ վարձակալած բնակելի տարածությունում հաշվառված լինելու) կամ բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը դադարած լինելու դեպքերում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում սահմանված՝ մշտական բնակության հաշվառման (բացառությամբ վարձակալած բնակելի տարածությունում հաշվառված լինելու) կամ սեփականության իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը դադարելու օրվանից մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը (իսկ 2020 թվականի համար՝ մինչև հունիսի 1-ը) վճարված փոխհատուցման գումարները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Սույն կետի համաձայն դրամական փոխհատուցման վճարումը դադարեցնելու և վերադարձման ենթակա ընդհանուր գումարի չափի վերաբերյալ գրավոր ծանուցվում է զինծառայողին, ինչպես նաև առաջարկվում է մեկամսյա ժամկետում՝ միանվագ, կամ զինծառայողի ցանկությամբ՝ 12 ամիսը չգերազանցող ժամանակացույցով, մասերով վերադարձնել վճարված փոխհատուցման ընդհանուր գումարը, որից զինծառայողի կողմից հրաժարվելու դեպքում վճարված փոխհատուցման ընդհանուր գումարի վերադարձն իրականացվում է դատական կարգով:

(15-րդ կետը փոփ., խմբ. 29.08.19 N 1114-Ն, լրաց. 14.05.20 N 755-Ն)

16. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) շահառուի դիմումի համաձայն.

2) զորամասի հրամանատարի նախաձեռնությամբ՝

ա. սույն կարգի 5-րդ (բացառությամբ վարձակալած բնակելի տարածությունում հաշվառված լինելու) կամ 15-րդ կետերով սահմանված դեպքերում,

բ. օտարերկրյա պետություն ուսման կամ ծառայության գործուղվելու հիման վրա շահառուին՝ օրենքով սահմանված կարգով կադրերի տրամադրության տակ թողնելու դեպքում, եթե շահառուն չունի ընտանիք, կամ շահառուի հետ օտարերկրյա պետություն է մեկնում նաև նրա ընտանիքը,

գ. օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքով զինվորական պաշտոնից ազատվելու դեպքում, եթե շահառուն չունի ընտանիք,

դ. շահառուի՝ ծառայությունից արձակվելու դեպքում,

ե. եթե շահառուն բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով՝ մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն և այն հանձնել է վարձակալությամբ:

(16-րդ կետը լրաց. 29.08.19 N 1114-Ն, փոփ. 14.05.20 N 755-Ն)

17. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացած և համապատասխան ծառայությունից արձակվելու հետևանքով փոխհատուցումը դադարեցված, սակայն հետագայում համապատասխան ծառայությունից արձակվելու մասին հրամանը ոչ իրավաչափ ճանաչվելու հիմքով շահառուին ծառայությունում վերականգնելու դեպքում շահառուին վճարվում է նաև ծառայությունից արձակվելու օրվանից մինչև ծառայությունում վերականգնելու օրն ընկած ժամանակահատվածի համար բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման ամբողջ գումարը, եթե շահառուն համապատասխան ծառայությունից արձակվելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով չի լուծել բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագիրը: Սույն կետում նշված գումարը և ծառայությունում վերականգնելու օրվանից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարելու նպատակով շահառուն ներկայացնում է բնակելի տարածության վարձակալության մասին գործող պայմանագիրը, ինչպես նաև սույն կարգի 15-րդ կետում նախատեսված տեղեկանքը:

(17-րդ կետը փոփ. 29.08.19 N 1114-Ն)

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 29.08.19 N 1114-Ն, 14.05.20 N 755-Ն, լրաց. 30.07.20 N 1254-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան