11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2020 թվականի N 1517-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ` ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերի մասնակցության դեպքերը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերի մասնակցության կարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
4. Սույն որոշումը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի նկատմամբ, ինչպես նաև 2020 թվականի ապրիլի 15-ից հետո հարուցված այն սնանկության գործերի նկատմամբ, որոնցով ներկայացվել է ֆինանսական առողջացման ծրագիր, և պարտատերերի առաջին ժողովը տեղի չի ունեցել:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1517-Ն որոշման |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ
1. Սույն հավելվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով սնանկության գործով պարտատիրոջ (այսուհետ` պարտատեր)` ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցության դեպքերը:
2. Պարտատերը ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը իր մասնակցության իրավունքը հաստատում է սույն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով:
3. Պարտատերն իրավունք ունի մասնակցելու ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը սնանկության այն վարույթում, որով`
1) ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող այլ պարտատեր առկա չէ կամ
2) ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող բոլոր պարտատերերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերեր են:
4. Պարտատերն իրավունք ունի մասնակցելու նաև ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը սնանկության այն վարույթում, որով`
1) պարտապանը համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևէ մեկին՝
ա. հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձ է,
բ. որպես ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր հանդես է եկել Հայաստանի Հանրապետությունը` անկախ կազմակերպության կազմակերպաիրավական ձևից,
գ. 10 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ առևտրային կազմակերպություն է.
2) պարտապանը սնանկ ճանաչվելուն նախորդող երեք օրացուցային տարիներից որևէ հաշվետու տարվա վերջի դրությամբ ցուցաբերել է հետևյալ ցուցանիշներից մեկը՝
ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը գերազանցել է 10 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը,
բ. գործունեությունից հասույթը գերազանցել է 20 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը,
գ. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը գերազանցել է 250-ը:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1517-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Սույն հավելվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով որպես պարտատեր հանդես եկող մարմնի (այսուհետ` պարտատեր)` ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցության կարգը:
2. Պարտատերը, տեղեկանալով դատարանում ֆինանսական առողջացման ծրագրի առկայության մասին, միջոցներ է ձեռնարկում նախքան սնանկության գործով կառավարչի կողմից պարտատերերի ժողովի հրավիրումը սնանկության գործով ֆինանսական առողջացման ծրագրին ծանոթանալու համար:
3. Պարտատիրոջ կողմից ֆինանսական առողջացման ծրագիրը անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություններին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին (եթե որպես պարտատեր այլ մարմին է հանդես գալիս) և այլ մարմինների` յուրաքանչյուրի իրավասությանը վերաբերող հարցերի շրջանակում առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու հարցի առնչությամբ կարծիք ստանալու համար: Համապատասխան մարմինները ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ կարծիքը տրամադրում են այն ստանալուց հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
4. Պարտատերը ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու կամ չմասնակցելու, իսկ մասնակցելու դեպքում` նաև ֆինանսական առողջացման ծրագրին կողմ կամ դեմ քվեարկելու մասին կայացնում է որոշում: Ֆինանսական առողջացման ծրագրին մասնակցելու կամ չմասնակցելու մասին պարտատերը տեղեկացնում է նաև սնանկության գործով կառավարչին: Սույն կետով նախատեսված որոշումը կայացվում է որպես պարտատեր հանդես եկող մարմնի ղեկավարի կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից:
5. Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու մասին որոշում կայացնելիս, ի թիվս այլնի, հաշվի են առնվում՝
1) ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման կամ չհաստատման դեպքերում պարտատիրոջ և պարտապանի շահերի ողջամիտ հարաբերակցությունը.
2) պարտապանի լուծարման նպատակահարմարությունը ֆինանսական առողջացման ծրագրի չհաստատման դեպքում.
3) պարտատիրոջ (պարտատերերի) պահանջների բավարարման չափը և աստիճանը` ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված միջոցառումների և ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի հաշվառմամբ.
4) մինչև անվճարունակության հատկանիշների ի հայտ գալը պարտապանի գործունեության արդյունավետությունը, շուկայում տվյալ անձի հետագա գործունեության անհրաժեշտությունը:
6. Պարտատերը կարող է հաշվի առնել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք տվյալ գործի առանձնահատկությունների հաշվառմամբ անհրաժեշտ են և էական ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկության մասնակցության, ֆինանսական առողջացման ծրագրին կողմ կամ դեմ քվեարկելու հարցերը որոշելիս:
7. Սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված հանգամանքներից յուրաքանչյուրի մասին, որոնք հիմք են ընդունվել պարտատիրոջ կողմից՝ ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու և ֆինանսական առողջացման ծրագրին կողմ կամ դեմ քվեարկելու հարցերը որոշելիս, պարտատերն անդրադառնում է իր որոշմամբ: Որոշման մեջ նշում է կատարվում նաև այն անձի մասին (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, զբաղեցրած պաշտոն), ով լիազորված է մասնակցել ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|