Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-154
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (11.04.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.04.11/11(143) Հոդ.241
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
13.03.2001
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.03.2001
Дата вступления в силу
11.04.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի մարտի 13-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2001-2003 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (կցվում է):

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

Երևան
29 մարտի 2001 թ.
ՀՕ-154

 

 

1. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ (ԵՌԱՄՅԱ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ) ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ` ՀԱՄԱՁԱՅՆ «ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (այսուհետ` ՀՀ ԱՎԾ), համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրության կազմակերպման կարգը և կարգավորում է հանրապետության սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության և նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, կուտակման, ամփոփման, պահպանման, ինչպես նաև վերլուծության, փոխանակման և վիճակագրական տեղեկատվության տրամադրման (հրապարակման) հետ կապված հարաբերությունները:

Պետական վիճակագրությունը պետական վիճակագրություն իրականացնող մարմնի և դրա ստորաբաժանումների կողմից վարվող գործունեությունն է` պետական վիճակագրական աշխատանքների եռամյա և տարեկան ծրագրերին համապատասխան:

ՀՀ ԱՎԾ-ն իրականացնում է ՀՀ տարածքում պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված վիճակագրական աշխատանքները:

ՀՀ ԱՎԾ-ի նախագահը կազմակերպում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարումը:

Պետական վիճակագրության բնագավառում քաղաքականության մշակումը, երկարաժամկետ միջոցառումների նախագծումը, կարգավորումը, կազմակերպումը, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի իրագործման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված վարչական վիճակագրության համակարգումն իրականացնում է ՀՀ ԱՎԾ-ի և դրա ստորաբաժանումների կառավարման բարձրագույն մարմինը` Վիճակագրության պետական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ): Խորհուրդը`

ա) հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի նախագիծը.

բ) հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրը ՀՀ պետական բյուջեի հաստատումից հետո` մեկամսյա ժամկետում.

գ) վերահսկում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարումը և հաստատում տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը:

 

1.1. Պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը

 

ՀՀ տարածքում պետական վիճակագրության իրագործման հիմքը պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրն է (այսուհետ` Ծրագիր):

Ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:

Ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Ծրագիրը մշակվում է վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:

Պետական վիճակագրական գործունեության ուղղությունները սահմանելու համար մշակվում է եռամյա Ծրագիր, իսկ այդ ուղղությունների իրագործումն ապահովող միջոցառումների որոշման համար` տարեկան Ծրագիր:

 

1.1.1. Եռամյա Ծրագիրը

 

Եռամյա Ծրագիրը հաստատվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից` ՀՀ կառավարության ներկայացմամբ:

Եռամյա Ծրագիրը ներառում է պետական վիճակագրական գործունեության հիմնական ուղղությունները` ըստ երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների: Եռամյա Ծրագրի կատարման հաշվետվությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացվում Խորհրդի կողմից` մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:

Եռամյա Ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված է և բխում է յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեից:

 

1.1.2. Եռամյա Ծրագրի հաստատումից հետո տարեկան Ծրագիր կազմելու սկզբունքները

 

Տարեկան Ծրագիրը հաստատվում է Խորհրդի կողմից ՀՀ ԱՎԾ-ի նախագահի ներկայացմամբ և հրապարակվում է:

Տարեկան Ծրագիրը ներառում է`

- վիճակագրական աշխատանքների ցանկը, դրանց կատարման ժամկետները, ընդգրկման դաշտը, ինչպես նաև դիտարկումների ձևերը,

- վիճակագրական ցուցանիշների տրամադրման պարբերականությունը,

- ՀՀ ԱՎԾ-ի կողմից իրականացման ենթակա հետազոտությունների, հրատարակվելիք վիճակագրական ժողովածուների, տեղեկագրերի և այլ հրապարակումների ցանկը և պարբերականությունը,

- կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ վարչական ռեգիստրների և դրանց կողմից ներկայացվող ամփոփ վիճակագրական տեղեկությունների (տվյալների) ցանկը,

- վիճակագրական տեղեկատվության սպառողների ցանկը, անվճար տրամադրվող տեղեկատվության կազմը և տրամադրման կարգը:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Արդի փուլում պետական վիճակագրության ոլորտում որդեգրված ռազմավարությունը խարսխված է ազատական տնտեսակարգի կառուցման, քաղաքացիական հասարակարգի ձևավորման և ժողովրդավարության սկզբունքների ծավալման քաղաքականության իրագործման հիմունքներին: Այդ առումով շարունակվում է վիճակագրության վերափոխումը` հետամուտ լինելով վիճակագրական հարաբերությունների կարգավորման նպատակով ձեռնարկված օրենսդրական բարեփոխումների կիրարկմանը, ինչը հնարավորություն կտա հիմնականում ապահովել վիճակագրության` ըստ միջազգայնորեն ընդունված սկզբունքների իրագործմանը: Վիճակագրությունը պետք է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հասարակության, բիզնեսի պահանջմունքների բավարարման համար ծրագրային աշխատանքի ընթացքում ապահովի անկողմնակալություն (անկախություն), հրատապություն, արդյունավետ աշխատանք, սկզբնական (անվանական) տվյալների գաղտնիության ապահովում, տեղեկատվության սպառողների մարկեթինգ և այլն:

Մասնավորապես նախատեսվում է`

ա) տնտեսական և այլ բնույթի գործունեությունների տեսակների ու դրանք իրականացնող սուբյեկտների քանակի աճով պայմանավորված ընդլայնել և բազմազանել վիճակագրական տեղեկությունների հավաքագրման գործիքները (ներառյալ` նաև մասնագիտացված, ճյուղային, ոլորտային և տարածքային ռեգիստրները, բիզնես-ռեգիստրը) և մեթոդները, ինչպես նաև ընտրանքային հետազոտությունները` ժամանակակից վիճակագրական մեթոդների ներդրման միջոցով.

բ) ապահովել, համաշխարհային տնտեսությանն ինտեգրացվելու խնդիրների ենթատեքստով, ինչպես հաշվապահական, հաշվետվական և վերլուծական միջազգային, այնպես էլ միջգերատեսչական չափանիշներին սկզբնական վիճակագրական տեղեկությունների և ամփոփ վիճակագրության համադրելիությունը` ի հաշիվ վիճակագրության մեթոդաբանության, կիրառվող տեխնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների մշտական արդիականացման, միասնականացված դասակարգիչների կիրառման, ինչպես նաև կադրերի վերապատրաստման համակարգի ներդրման.

գ) ցուցանիշների համակարգը պետք է ընդգրկի ազատական տնտեսակարգին անցման պայմաններում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի և միտումների ձևավորման բոլոր հիմնական գործընթացները.

դ) անցում կատարել վիճակագրության միջազգայնորեն ընդունված չափանիշներին, մասնավորապես վիճակագրական «արտադրանքի» սպառողների (օգտագործողների) պահանջմունքների առավել ամբողջական և օպերատիվ բավարարման նպատակով վերակառուցել արդյունքային նյութերի (տեղեկագրեր, զեկուցագրեր, ժողովածուներ) կառուցվածքն ու կազմը, անցում կատարել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների կիրառմանը (մասնավորապես անդամակցել ԱՄՀ-ի կողմից մշակված «Տվյալների տարածման ընդհանուր համակարգին»): Այդպիսի անցումը կապահովի վիճակագրական հրապարակումների բարձր որակ և միջազգային նորմերի պահպանում, բարերար ազդեցություն կունենա վիճակագրական տվյալների տարածման համար տեխնիկական կրիչների օգտագործման վրա, հնարավորություն կստեղծվի ներթափանցելու էլեկտրոնային արտադրանքի տեսքով ձևավորված (պնակիտների վրա) վիճակագրական տեղեկատվության ֆոնդ, ինչպես նաև տեղեկատվական ցանց, այդ թվում` ինտերնետ համակարգ.

ե) վիճակագրության օգտավետության, արդյունավետության բարձրացման նկատառումով ձեռնամուխ լինել պետական պատվերից զատ վճարովի վիճակագրական բնույթի ծառայությունների մատուցման համակարգի ներդրման աշխատանքներին.

զ) վիճակագրական տվյալների բանկերի կարգավորում, մասնավորապես` ճյուղային և տարածքային ռեգիստրների ամրապնդում, դրանց գործունեության կոորդինացում.

է) համապետական և վարչատարածքային բաժանման կտրվածքներով, հնարավորին ընդգրկուն պետական վիճակագրական համակարգի կայացման տեսանկյունով, ըստ սուբորդինացիայի եռաստիճան վիճակագրական համակարգի (հանրապետական, մարզային և համայնքային), և ըստ կոորդինացիայի (նախարարությունների, գերատեսչությունների և ՀՀ կենտրոնական բանկի) ճյուղային ու բնագավառային վիճակագրական ռեգիստրների ստեղծման ու գործունեության կոորդինացման գործուն համակարգի կայացմանը նպաստող կառուցվածքային փոփոխությունների ապահովում.

ը) վիճակագրական տեղեկատվության հրապարակայնության, դրա սպառողների դաշտի` վերջիններիս դասակարգման (պետական մարմիններ, գիտակրթական համակարգ, բիզնես, լայն հասարակայնություն, միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա պետություններ և այլ սուբյեկտներ) հստակեցման հիման վրա, կոմունիկացիոն ունակությունների համահարթեցման նկատառումներով, դրանց հետ աշխատանքների հնարավորինս կանոնակարգված խորացում և ծավալում.

թ) արդիականացնել և հստակեցնել տարեկան Ծրագրում ընդգրկված վիճակագրական աշխատանքների ցանկը, դրանց տրամադրման պարբերականությունը և կատարման ժամկետները, ընդգրկման դաշտը, ՀՀ ԱՎԾ-ի կողմից իրականացման ենթակա հետազոտությունների, հրատարակվելիք վիճակագրական ժողովածուների, տեղեկագրերի և այլ հրապարակումների ցանկը և պարբերականությունը, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ վարչական ռեգիստրների ու դրանց կողմից ներկայացվող ամփոփ վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը, վիճակագրական տեղեկատվության սպառողների ցանկը, անվճար տրամադրվող տեղեկատվության կազմը և տրամադրման կարգը:

 

3. ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրության առջև ծառացած խնդիրներն են`

ա) միջազգային, ֆինանսական, տնտեսական, հասարակական և այլ կազմակերպությունների կողմից ընդունված, ինչպես նաև ազգային չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը.

բ) տնտեսական ու հասարակական գործընթացների և դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպումը և համակարգումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին (այդ թվում` միջազգային), գիտակրթական հաստատություններին, լրատվամիջոցներին, ինչպես նաև հանրությանը տեղեկատվությամբ ապահովումը.

գ) սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական գործընթացների վերլուծության հիման վրա համապատասխան եզրակացությունների և առաջարկությունների պատրաստումն ու ներկայացումը.

դ) վիճակագրական տեղեկատվական աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձևերի մշակման համակարգումը.

ե) վիճակագրական տեղեկատվության արժանահավատության, ամբողջականության ապահովումը, ներառյալ` այդ նպատակով վիճակագրական սկզբնական տվյալների հավաստիության, ճշտության նկատմամբ վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը.

զ) վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) - ռեգիստրի ստեղծումը և վարումը, վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչների մշակումը: Ընդ որում, վերջին տարիներին կատարվել է միջազգային վիճակագրական դասակարգումների հիմնարար վերանայում, որի արդյունքում ստեղծվել է դասակարգումների միասնական ամբողջացված համակարգ, որտեղ տնտեսական գործունեության դասակարգումները (ISIC, NACE) ներդաշնակեցված են արտադրանքի տարբեր դասակարգումների (CPC/CPA, HS/CN, PRՕDCՕM, SITC) հետ:

Կարևորվում է ՀՀ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստեղծումը` ներդաշնակեցված միջազգային դասակարգումների հետ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է կատարել հետևյալ աշխատանքները.

- տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգման (NACE հիմքի վրա) պետական գրանցումը և ներդրումը,

- ըստ գործունեության տեսակների ապրանքների և ծառայությունների դասակարգման մշակումը Եվրոպական CPA դասակարգման հիման վրա,

- HS/CN միջազգային դասակարգիչների հիման վրա ապրանքների դասակարգչի մշակման նախապատրաստական աշխատանքներ,

- ISCO-COM միջազգային դասակարգչի հիման վրա մասնագիտությունների ազգային դասակարգչի մշակման նախապատրաստական աշխատանքներ:

 

4. ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Վիճակագրության ոլորտը բնութագրվում է մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտությամբ, ինչը պայմանավորված է մի կողմից վիճակագրական տեղեկատվության նկատմամբ մշտապես աճող պահանջներով` տվյալների արժանահավատության, օպերատիվության բնագավառում, ինչպես նաև վիճակագրական տեղեկատվության ստացման գիտական հիմնավորվածության և միջազգային չափանիշներին համապատասխանության առումով, իսկ մյուս կողմից վիճակագրական գաղտնիքների պահպանման` սկզբնական բոլոր տիպի տվյալների չտարածման առումով` սահմանափակ ռեսուրսների պայմաններում:

Վիճակագրության հետագա զարգացումը (և' լայնությամբ, և' խորությամբ) նախատեսում է 2001-2003 թթ. իրականացնել հետևյալ միջոցառումների ծրագրերի շրջանակում.

ա) հաշվի առնելով վիճակագրության վերաբերյալ նոր օրենսդրության պահանջները` նորմատիվային դաշտի կարգավորում և կատարելագործում.

բ) ճյուղային վիճակագրության հաշվառման կատարելագործում, վիճակագրական տեղեկությունների հավաքագրման մեխանիզմների կատարելագործում, ինչպես նաև այդ տվյալների ներկայացման հոսքերի կարգավորում.

գ) 2001 թվականի մարդահամարի նախապատրաստում և անցկացում.

դ) վիճակագրական դիտարկման համար ընտրանքի դաշտի նախապատրաստում, ինչպես նաև ընտրանքի մեթոդաբանության ունիվերսալ համակարգի մշակում և ներդրում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես- ռեգիստրների հիման վրա.

ե) միջազգային մեթոդաբանության համաձայն վիճակագրական դիտարկումների, ընտրանքային հետազոտությունների համար վիճակագրական միավորի սահմանում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները.

զ) վիճակագրական տեղեկությունների համատարած հավաքագրման և ընտրանքային գործիքների ընդլայնում և բազմազանում.

է) վիճակագրական դիտարկումների համար վիճակագրական տեղեկություններ ներկայացնողների ցանկի պարբերական արդիականացում.

ը) ընտրանքային հետազոտությունների հետագա զարգացում (տնային տնտեսություններ, գյուղացիական տնտեսություններ, աշխատուժ, միգրացիա, ոչ ֆորմալ հատված և այլն).

թ) տեղեկատվական համակարգերի զարգացում և ռեսուրսների կառավարման բարելավում (դասակարգիչների մշակում և ներդրում, տվյալների բանկ, կապի համակարգեր, համակարգչային հանդերձավորում և լոկալ ցանցերի ու կոմունիկացված սերվերի տեղադրում և այլն).

ժ) տեղեկատվության և տեխնոլոգիաների սրընթաց և որակական զարգացման, տեղեկատվության արժեքի մշտական աճի, վիճակագրական մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտություն և սահմանափակ ռեսուրսների պայմաններում (տվյալների արժանահավատություն, օպերատիվություն, գիտական հիմնավորվածություն և միջազգային չափանիշներին համապատասխանություն, առևտրային և այլ գաղտնիքների պահպանում, սկզբնական բոլոր տիպի տվյալների չտարածում, ցանցային և ծրագրային այլ տեխնոլոգիաներին տվյալների բազաների համադրելիություն), ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության կատարելագործում (ազգային հաշիվների համակարգ (սեզոնային ճշգրտումներ, եռամսյակային հաշվարկներ), վճարային հաշվեկշիռ և միջազգային ներդրումային դիրք, «ֆինանսական հաշվի» մշակում և ներդրում, գնողունակության միջազգային համադրումների համակարգ, կապիտալ շինարարության և արտաքին առևտրի գների ինդեքսներ).

ժա) «Վիճակագրական տեղեկատվության տարածման ԱՄՀ-ի ընդհանուր համակարգի» կիրառում և տվյալների տարածման հատուկ ստանդարտին անցնելու ուղղությամբ համապատասխան աշխատանք այլ շահագրգիռ մարմինների հետ, վիճակագրական տեղեկատվության սպառողներին ծառայությունների մատուցման բարելավում.

ժբ) տեղեկատվության փաստացի հավաքագրման և հրապարակման ժամանակի շարունակական կրճատում:

 

4.1. Տնտեսական վիճակագրություն

 

4.1.1. Իրական հատված

 

Հայաստանի Ազգային հաշիվների համակարգ

 

Ազատական տնտեսակարգի անցման պայմաններում անհրաժեշտություն է դարձել ՀՀ տնտեսության չափորոշիչների ներդաշնակեցումը համաշխարհային շուկայի չափորոշիչներին` հիմնվելով Ազգային հաշիվների համակարգի (այսուհետ` ԱՀՀ) սկզբունքների վրա, ինչը կնպաստի ողջ աշխարհի հետ միասնական վիճակագրական լեզվով երկխոսության խորացմանը` ընդհուպ մակրոմակարդակի աստիճանի:

ԱՀՀ-ի հիմնական տնտեսական ցուցանիշի` ՀՆԱ-ի փորձնական հաշվարկները հանրապետությունում առաջին անգամ կատարվել են 1987-88 թթ. (ողջ տնտեսության մակարդակով)` «անցման բանալիների» միջոցով:

1990 թ. արդյունքների հաշվարկներից սկսած` հանրապետությունում տարվեց նյութական արդյունքի համակարգի հաշվառումից ազգային հաշիվների համակարգին վերջնական անցման գործընթացը:

Հայաստանում ազգային հաշիվների հաշվարկի մեթոդաբանությունը հիմնված է ՄԱԿ-ի ազգային հաշիվների համակարգի սկզբունքների և մեթոդաբանության հիմքերի վրա` ԱՀՀ-93 վերանայված տարբերակով: Ըստ շուկայական կառուցվածքների զարգացման, այդ մեթոդաբանությունն անընդհատ վերանայվում է, ավելացվում են անցումային ժամանակաշրջանին բնորոշ նոր ցուցանիշներ:

Ներկայումս ՀՀ ԱՎԾ-ում մշակված են ազգային հաշիվները 1990-98 թթ. համար (հաշվետու` փաստացի տվյալներով), ըստ տնտեսության ճյուղերի և հատվածների:

 

2001-2003 թթ. առաջնահերթ է հետևյալ միջոցառումների իրականացումը.

 

- ԱՀՀ տեղեկատվական բազայի շարունակական ընդլայնումը.

- ազգային վիճակագրության զարգացման, ինչպես նաև ազգային հաշիվների տվյալների միջազգային բազայի կատարելագործման համար ազգային հաշիվների մշակումն ըստ ինստիտուցիոնալ միավորների (հատվածների և ենթահատվածների), այսինքն` ԱՀՀ-93 ներդրման վեց հիմնական էտապներից` ներդրման երրորդ էտապը (ԱՀՀ-ի հաշվարկը ենթահատվածների կտրվածքով).

- չդիտարկվող (ստվերային, ոչ ֆորմալ, հակաօրինական` անլեգալ) տնտեսության գնահատման մեթոդաբանության, հանրապետության պայմաններին ներդաշնակ մշակումը և կատարելագործումը (համաձայն ՀՆԱ-93 համակարգի).

- Ազգային հաշիվների մշակումն ավելի կատարելագործելու և իրացնելու նպատակով սատելիտային հաշիվների մշակումը` մասնավորապես «բնապահպանատնտեսական օժանդակ հաշիվներ»:

 

Արտադրություն (ծառայություններ)

 

Արդյունաբերություն

 

 - անցում արտադրատեսակների նախկին ԽՍՀՄ միութենական դասակարգումից (OKP) Եվրամիության երկրներում կիրառվող, ըստ գործունեության տեսակների, արտադրանքի վիճակագրական դասակարգմանը (CPA), որը համադրելի է NACE դասակարգման հետ.

- տեղեկատվության հավաքագրման, մշակման և ներկայացման մեթոդների ու ձևերի կատարելագործում` ցուցանիշների հաշվարկման համար հաշվողական տեխնիկայի, տեղեկատվական ցանցերի և հատուկ ծրագրերի լայն օգտագործում.

- ընտրանքային դիտարկման մեխանիզմների կիրառմանը զուգահեռ չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման մեթոդաբանության մշակում և կատարելագործում` օգտագործելով ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ ճյուղային բաժինների կողմից անցկացվող ընտրանքային հետազոտությունների արդյունքները.

- վիճակագրական դիտարկման ֆունկցիոնալ (ճյուղային) սկզբունքին զուգահեռ, միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող ինստիտուցիոնալ (կառուցվածքային) սկզբունքի ներդրում, որի դեպքում ուսումնասիրության օբյեկտ է դառնում ինստիտուցիոնալ միավորը` կազմակերպությունը: Նշված սկզբունքի կիրառումը անհրաժեշտություն է առաջացնում էականորեն վերանայել ներկայումս օգտագործվող հաշվետվական ձևերը և դրանցում ընդգրկված ցուցանիշները, և դրանց հիման վրա մշակել և ներդնել միասնական (ունիֆիկացված) հաշվետվական նոր ձևեր: Վերջինիս կիրառումը թույլ կտա համընդհանուր դիտարկման միջոցով համակողմանի ուսումնասիրել կազմակերպությունների արտադրության և արտադրանքի վաճառքի գործընթացները, ֆինանսագույքային վիճակը, ապրանքների և ծառայությունների արտադրության և իրացման վրա կատարված ծախսերը, ներդրումները, աշխատողների թվաքանակը ու նրանց բաշխվածությունն ըստ գործունեության տեսակների և այլն: Կազմակերպությունների ինստիտուցիոնալ հետազոտությունները պետք է անցկացվեն ցենզային սկզբունքով, որը ենթադրում է, որ խոշոր և միջին կազմակերպությունները պետք է ընդգրկվեն համատարած վիճակագրական դիտարկմամբ, ավելի մեծ տեղեկատվության ծավալով և պարբերականությամբ, իսկ փոքր կազմակերպությունները` ընտրանքային հարցմամբ

 - «Էներգառեսուրսների օգտագործումն արդյունաբերության մեջ» ընտրանքային հետազոտության անցկացում:

 

Գյուղատնտեսություն

 

- գյուղացիական տնտեսությունների ընտրանքային դիտարկման հետազոտության դաշտի պարբերաբար ընդլայնում և արդիականացում, ինչը կհանգեցնի գյուղատնտեսության վիճակագրական ընտրանքային դիտարկման ցանցի ներկայացուցչականության բարձրացմանը, որն իր հերթին կնպաստի գյուղատնտեսության բնագավառի վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության բարձրացմանն ու համադրելիությանը.

- գյուղատնտեսության վիճակագրական տվյալների ստացման, մշակման ամբողջական և համալիր ծրագրերի ստեղծում.

- բուսաբուծության և անասնապահության ոլորտում իրականացվող ընդհանուր հաշվառման հետ մեկտեղ շահագրգիռ կազմակերպությունների և գերատեսչությունների հետ տոհմային անասունների գլխաքանակի (միանվագ), ոռոգվող հողատարածությունների վրա կատարված ցանքերի և դրանցից ստացված համախառն բերքի համատարած հաշվառում:

 

Շինարարություն

 

- իրականացվող շինարարական աշխատանքների համընդգրկունակության ապահովման նպատակով վիճակագրական հաշվառման ցանցի արդիականացում.

- անհատական բնակարանային շինությունների, ամառանոցների, ավտոտնակների և այլնի չհաշվառված առավելագույն հնարավոր սահմանները որոշելու նպատակով հետազոտությունների պարբերաբար անցկացում:

 

Տրանսպորտ և կապ

 

- ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հետազոտություններ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի հիմնական ցուցանիշների (ուղևորափոխադրումներ, ուղևորաշրջանառություն և մեքենաների կատարած վազք) ճշգրտման նպատակով:

 

Առևտուր և այլ ծառայություններ

 

- վիճակագրական դիտարկման համար վիճակագրական տեղեկություններ ներկայացնողների ցանկի պարբերաբար (ամենամյա) արդիականացում.

- մանրածախ ապրանքաշրջանառության իրական ծավալների ամբողջականությունը ապահովելու, դրանց արժանահավատությունը բարձրացնելու, չհաշվառված դաշտի գնահատման մեթոդաբանության կատարելագործման նպատակով հետազոտությունների պարբերաբար անցկացում:

 

Գներ և սակագներ

 

- գյուղատնտեսական արտադրանքի գների ու ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության բարելավում և գյուղատնտեսական մթերքների իրացման ու արտադրության միջոցների գնման գների, ծավալների մասին գյուղացիական տնտեսությունների ընտրանքային հետազոտման միջոցով հավաքվող տեղեկատվության արժանահավատությունն ու ներկայացուցչականությունն ապահովելու նպատակով գյուղատնտեսության ոլորտում գների դիտարկման դաշտի ընդլայնում` հետազոտվող գյուղերի քանակը 170-ից (3400 գյուղացիական տնտեսություն) հասցնելով 250-ի (7500 գյուղացիական տնտեսություն).

- սպառողական գների, արդյունաբերական գների (արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի իրացման գների հետազոտության կազմակերպում և իրացման գների ինդեքսների հաշվարկ) ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության բարելավում.

- արտաքին առևտրի, շինարարության գների ինդեքսների մեթոդաբանության մշակում և ներդրում.

- ՀՀ տարածաշրջաններից և մարզերից գնային տեղեկատվության հավաքագրման ավտոմատացված համակարգչային ցանցի ստեղծում.

- ՀՆԱ-ի և ազգային արժույթի գնողունակության համարժեքության հաշվարկման միջազգային համադրումների Եվրոպական ծրագրով նոր փուլի աշխատանքների կազմակերպում և վարում.

- ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների գների ինդեքսների հիման վրա հանրապետության համար ամփոփ միասնական (ճյուղային ինդեքսների հանրագումար) գների ինդեքսի հաշվարկման մեթոդաբանության մշակում և ներդրում:

 

Զբաղվածություն և աշխատանքի վարձատրություն

 

- զբաղվածությանը վերաբերող վիճակագրական տվյալների հաշվառման, հավաքագրման, մշակման և ներկայացման մեթոդաբանությունում միջազգային չափանիշների ներդրում, վիճակագրական դիտարկման ձևերի և ցուցանիշների վերանայում և նորացում.

- տնտեսական գործունեության դասակարգիչների կապակցում զբաղվածության բնագավառում կիրառվող այլ դասակարգիչների հետ.

- հետազոտությունների անցկացման ժամանակ մանրամասն և փոխկապակցված տեղեկատվության ստացում` բնակչության, նրա տնտեսապես ակտիվ մասի, սեռատարիքային կազմի, կրթական մակարդակի, մասնագիտական կազմի վերաբերյալ` կիրառելով միջազգային չափանիշները.

- գենդերային վիճակագրության մեթոդաբանության և ցուցանիշների համակարգի ներդրում` հաշվի առնելով միջազգային պրակտիկայում կուտակված փորձը.

- գործող վիճակագրական հաշվետվությունների և դրանցում ընդգրկված ցուցանիշների վերանայում և կատարելագործում.

- արտագնա աշխատանքի մեկնողների հաշվառումը ՀՀ սոցիալական ապահովության նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության հետ համատեղ.

- աշխատանքի շուկայի բազմակողմանի ուսումնասիրություն ընտրանքային հետազոտությունների միջոցով.

- ըստ աշխատուժի առաջարկի և պահանջարկի,

- ըստ զբաղվածությունից ստացվող եկամուտների,

- ըստ աշխատուժի միգրացիայի և մանկական զբաղվածության:

 

4.1.2. Հարկաբյուջետային և ֆինանսական հատվածներ

 

Ազգային հաշիվների համակարգի ամբողջացման առումով նախատեսվում է ներդնել «Ֆինանսական հաշիվների» հաշվարկները` 1993 թ. ԱՀՀ ստանդարտներին համապատասխան:

ՀՀ պետական, համայնքների և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեների կատարողականների ամփոփման աշխատանքները հարկ է համապատասխանեցնել միջազգային չափանիշներին (մասնավորապես ԱՄՀ-ի կողմից մշակված «Կառավարության ֆինանսների վիճակագրության (GFS) ուղեցույցի» պահանջներին), ինչպես տվյալների որակական, այնպես էլ կառուցվածքի (դասակարգման) առումով: Վերոհիշյալ պահանջներին պետք է համապատասխանեն ինչպես առանձին բյուջեների, այնպես էլ համախմբված բյուջեի ցուցանիշները:

Նախատեսվում է ընդլայնել պետական պարտքի վերաբերյալ ներկայացվող ցուցանիշների կազմն ու կառուցվածքը: Մասնավորապես, միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու նկատառումով հարկ կլինի պետական պարտքը ներկայացնել ոչ միայն ընդհանուր տվյալներով, այլ նաև դասակարգել ըստ վարկատուների (երկկողմանի, բազմակողմանի), վարկային ծրագրերի, վարկերի ժամկետայնության, դրանց արտոնյալության և այլ գործոնների:

Դրամավարկային և բանկային համակարգը բնութագրող վիճակագրական ցուցանիշների առումով կարևորվում է ՀՀ ԱՎԾ և ՀՀ կենտրոնական բանկի միջև փոխհարաբերությունների հստակեցումը և դրանց համապատասխանեցումն արդի պահանջներին: Այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվել են որոշակի աշխատանքներ, և նախատեսվում է կնքել համաձայնագիր` տվյալների փոխադարձ տրամադրման վերաբերյալ:

Ֆինանսական ոչ բանկային հատվածի վերաբերյալ առկա վիճակագրական տեղեկությունները թերևս հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ ներկայացնել իրական պատկերը: Դա հիմնականում բացատրվում է կապիտալի և ապահովագրական շուկաների թերզարգացածությամբ, ինչպես նաև առկա նորմատիվային դաշտի անկատարությամբ: Սակայն միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած ճգնաժամերի հետևանքով կարևորվում է նշված հատվածի վերահսկելիության և կառավարելիության մեծացման խնդիրը (անկախ շուկայի զարգացածության աստիճանից), ինչին մեծապես պետք է նպաստի ժամանակին և արժանահավատ հրապարակվող վիճակագրական տեղեկատվությունը (հնարավորինս մանրամասնեցված): Այդ առումով կձեռնարկվեն միջոցառումներ վիճակագրական հաշվետվությունների և դրանց լրացման մեթոդաբանության բարելավման ուղղությամբ` համաձայնեցնելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի հետ: Կապիտալի շուկան բնութագրող վիճակագրական ցուցանիշների առումով կարևորվում է ՀՀ ԱՎԾ-ի և ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի միջև փոխհարաբերությունների ձևավորումը և կանոնակարգումն արդի պահանջներին համապատասխան:

Կազմակերպությունների ֆինանսական ցուցանիշների վիճակագրության բնագավառում միջոցառումներ կիրականացվեն դրանք ՀՀ հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների արդյունքին համապատասխանեցնելու համար:

 

4.1.3. Արտաքին հատված

 

- օտարերկրյա ներդրումների գնահատման ցուցանիշների բարելավում.

- ծառայությունների գծով արտաքին առևտրի ցուցանիշների ընդգրկում` վճարային հաշվեկշռի ԱՄՀ-ի 5-րդ հրատարակության ձեռնարկին համապատասխան.

- դեսպանատներում տեղացի աշխատողների աշխատավարձի, այլ ծախսերի, հատուկ ֆինանսավորման և տեխնիկական օգնության մասին տվյալների հավաքման կազմակերպումը` վճարային հաշվեկշռի ԱՄՀ-ի 5-րդ հրատարակության ձեռնարկին համապատասխան.

- միջազգային ներդրումային դիրքի (ՄՆԴ) կազմում` վճարային հաշվեկշռի ԱՄՀ-ի 5-րդ հրատարակության ձեռնարկին համապատասխան.

- արտաքին առևտրի վիճակագրության մեջ ապրանքների դասակարգման միջազգային ստանդարտների ներդրում և դասակարգիչների միջև անցման (բանալիների) ապահովում:

 

4.2. Սոցիալական վիճակագրություն

 

4.2.1. Սոցիալական ոլորտ

 

Սոցիալական ոլորտի վիճակագրության բնագավառում անհրաժեշտ է վիճակագրական տեղեկությունների հավաքագրման և տեղեկատվության տրամադրման պետական և միջազգային չափանիշների ամբողջական ներդրում (վիճակագրական դիտարկումներ, միանվագ հարցումներ): Ընդ որում, դրանք կարող են ունենալ տարածքային մասշտաբներ (երբեմն խիստ արտահայտված)` կախված հետաքրքրության շրջանակներից և նպատակներից: Այն պահանջում է տարածքային ապակենտրոն վիճակագրության ստեղծում և վարում, վիճակագրական աշխատանքների, ամփոփումների և վերլուծությունների մեթոդաբանությունների կատարելագործում, վիճակագրական հրապարակումների ծավալների ընդլայնում:

 

2001-2003 թթ. առաջնահերթ է հետևյալ միջոցառումների իրականացումը.

 

- սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումների իրական պատկերը բնութագրող վիճակագրական բազայի կատարելագործում և վարում.

- Հայաստանի Հանրապետության տարածաշրջանների զարգացման և կենսագործունեության առանձնահատկություններից ելնելով` մարզային տեղեկատվական բազայի ստեղծում, վարում.

- սոցիալական ոլորտի վերաբերյալ վիճակագրության գործող չափանիշներին համապատասխան ժամանակացուցային (պարբերականության) և մշակման պահանջվող մակարդակներով տրամադրման ապահովում.

- սոցիալապես խոցելի խավերի (հաշմանդամների, անապաստան ծերերի և երեխաների, լքված երեխաների) թվաքանակի և կենսապայմանների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում և վարում.

- բնակարանային և բնակության պայմանների բարելավման նպատակով իրականացվող միջոցառումները բնութագրող վիճակագրական բազայի ընդլայնում և վարում:

 

4.2.2. Տնային տնտեսությունների հետազոտություն

 

- միջազգային պահանջներին համապատասխան մեթոդաբանության ստեղծում և ներդրում տնային տնտեսությունների ամենամյա հետազոտությունում (ընտրանքի չափը` 4128 տնային տնտեսություն).

- տնային տնտեսությունների հետազոտության վերամշակած ցուցանիշների (Լորենցի կոր, Ջինիի գործակից, աղքատության ցուցանիշներ, դեցիլային խմբերի, կվինտիլների և կվարտիլների սպառման կառուցվածք (զամբյուղները), եկամուտների կառուցվածք, խնայողությունների կառուցվածք) վարում.

- երիտասարդ ընտանիքների կենսապայմանների ձևավորման մոնիթորինգ.

- տնային տնտեսությունների հետազոտության միջոցով հաշմանդամների վիճակի ուսումնասիրություն.

- բնակչության կենսամակարդակը բնորոշող ցուցանիշների լրակազմի ձևավորում (համակարգի ստեղծում).

- ՀՀ կառավարության կողմից նվազագույն սպառողական զամբյուղի և աղքատության գծի սահմանման համար վիճակագրական հաշվարկների իրականացում:

 

4.2.3. Արտակարգ իրավիճակներ

 

- տեղի ունեցած տարերային աղետների և տեխնոլոգիական վթարների (ըստ մասշտաբների և վտանգավորության աստիճանի) տեղեկատվական բազայի ստեղծում և վարում.

- պատճառված վնասի հաշվարկում.

- կատարված վերականգնողական աշխատանքների (այդ թվում` վնասի հատուցում) արտացոլում.

- կանխարգելիչ աշխատանքների արտացոլում:

 

4.3. Ժողովրդագրական վիճակագրություն

 

4.3.1. Մարդահամար

 

«Մարդահամարի մասին» ՀՀ օրենքից բխող ՀՀ կառավարության 19.02.2000 թ. թիվ 78 որոշման համաձայն` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը 2001 թ. կիրականացնի մարդահամարի նախապատրաստումն ու անցկացումը, 2002 թ-ին` մարդահամարի նյութերի մեքենայական մշակման նախապատրաստումը և մեքենայական մշակումը, մինչև 2003 թ.` ամփոփ նյութերի արդյունքների հրապարակումը, իսկ 2003-2004 թթ.` մարդահամարի արդյունքների վերլուծությունը:

 

2001-2003 թթ. առաջնահերթ է հետևյալ միջոցառումների իրականացումը.

 

- քաղաքներում և խոշոր գյուղերում (5000 և ավելի բնակչություն ունեցող) տների (շինությունների) ցուցակների, գյուղական վայրերում` գյուղական բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակների կազմում.

- մարդահամարի կազմակերպման պլանները կազմելու հրահանգների և ձևերի հաստատում և այդ աշխատանքների իրականացման համար ՀՀ ԱՎԾ-ի մարզային (տարածքային) ստորաբաժանումների մասնագետների հրահանգավորում.

- հաշվարարի, հրահանգիչ-հսկիչի և մարդահամարային տեղամասի վարիչի հուշատետրերի մշակում և հաստատում.

- մեքենայական մշակման ծրագրային փաթեթների մշակում և փորձարկում.

- մարդահամարի հարցաթերթերի հարցերի կոդավորման համար ձեռնարկների (ազգությունների, լեզուների, երկրների, տնտեսական գործունեության տեսակների, զբաղմունքների, բնակավայրերի) պատրաստում.

- մարդահամարի հարցաթերթի ստուգման և կոդավորման հրահանգի վերամշակում և հաստատում.

- մարդահամարի նախապատրաստման և անցկացման տարածքային և մարզային կազմակերպման պլանների կազմում, դրանց հաստատում և ամփոփ կազմպլանի կազմում.

- քաղաքների և խոշոր գյուղերի սահմանների ճշտում, փողոցների անվանացույցների, թաղամասերի, շենքերի և բնակարանների համարանիշների կարգավորում.

- տների (շենքերի) նախնական շրջագայություն.

- մարդահամարի տվյալների հավաքագրում (անցկացում).

- հետմարդահամարային վերահսկիչ շրջագայություն.

- մարդահամարի նախնական արդյունքների հաշվարկում.

- 1959, 1970, 1979 և 1989 թթ. մարդահամարների հիմնական ցուցանիշների վերահաշվարկ` ըստ 2001 թ. վարչատարածքային սահմանների.

- մարդահամարի հարցաթերթերը ստուգող-կոդավորողների հրահանգավորում, մարդահամարի հարցաթերթերի ստուգում և համապատասխան հարցերի կոդավորում.

- մարդահամարի հարցաթերթերի տվյալները համակարգիչներ մուտքագրող օպերատորների հրահանգավորում, հարցաթերթի տվյալների մուտքագրում.

- մարդահամարի նյութերի մեքենայական մշակում.

- ելքային աղյուսակների ստացում տարբեր կտրվածքներով (համայնք, մարզ, հանրապետություն).

- մարդահամարի արդյունքների վերլուծություն, նյութերի հրատարակում:

 

4.3.2. Ժողովրդագրություն

 

Շվեդիայի Վիճակագրական կենտրոնական բյուրոյի կողմից շվեդական միջազգային համագործակցության Զարգացման գործակալության (SIDA) ֆինանսական միջոցների հաշվին նախատեսվում է հրապարակել «Ժողովրդագրական ժողովածու»` 1940-2000 թթ. կտրվածքով:

Մահվան պատճառների գործող ծածկագրումը կատարվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երաշխավորված «Հիվանդությունների համաշխարհային դասակարգչի» 9-րդ (վերանայման) դասակարգչով: Տվյալների որակի էական բարձրացումը և ազգային վիճակագրական տվյալների համադրելիությունը միջազգայինին ապահովելու նպատակով նախատեսվում է անցնել վերոնշյալ դասակարգիչների 10-րդ վերանայմանը` ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ:

2001 թ. անցկացվող մարդահամարի արդյունքների հիման վրա ՀՀ մարզերում նախատեսվում է ստեղծել ժողովրդագրական ցուցանիշների տեղեկատվական համակարգ, որը բազա կհանդիսանա մարզի բնակչության սեռատարիքային կազմի և այլ անհրաժեշտ ցուցանիշների հաշվարկման համար:

ՀՀ ԱՎԾ-ի և Եվրամիության վիճակագրական ծառայության կողմից «Տասիս» ծրագրով համատեղ իրականացվող «Միգրացիայի հետազոտություն» նախագծի շրջանակում նախատեսվում է հետազոտության անցկացում սահմանային հատման կետերում:

Նախատեսվում է ՀՀ արդարադատության և ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության հետ համատեղ աշխատանքներ տանել բնակչության բնական և մեխանիկական շարժի վերաբերյալ սկզբնական փաստաթղթերի լրացումը մեքենայացնելու և տեղեկատվության տրամադրումը համակարգչային ցանցի միջոցով կատարելու ուղղությամբ:

 

4.4. Բնապահպանական վիճակագրություն

 

Բնապահպանության վիճակագրության բնագավառում անհրաժեշտ է վիճակագրական տեղեկությունների հավաքագրման և տեղեկատվության տրամադրման պետական և միջազգային չափանիշների ամբողջական ներդրում (վիճակագրական դիտարկումներ, հետազոտություններ): Նկատի ունենալով, որ դրանք ունեն խիստ արտահայտված տարածքային բնույթ և հաճախ պահանջվում են առանձնահատուկ բնապահպանական միջոցառումներ և մոնիթորինգ, անհրաժեշտություն է զգացվում բնապահպանական վիճակագրության մարզային (տարածքային) տեղեկատվական բազայի ստեղծում և վարում: Այն պահանջում է տարածքային վիճակագրության ստեղծում և վարում, վիճակագրական աշխատանքների, ամփոփումների և վերլուծությունների մեթոդաբանությունների կատարելագործում, վիճակագրական հրապարակումների ծավալների ընդլայնում:

Անհրաժեշտ են նաև ԱՀՀ-ում բնապահպանական հաշիվների ներդրումը և զարգացումը:

Նախատեսվող աշխատանքների թվին են դասվում`

- հողային ռեսուրսների վիճակագրական տվյալների բազայի ստեղծումն ու վարումը.

- բնապահպանական հաշիվների տարրերի սահմանումն ու ներդրումն ԱՀՀ-ում.

- արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային արտանետումների հաշվառման և հաշվարկման գործընթացի իրականացումը.

- բնապահպանական վիճակագրության մարզային տեղեկատվական բազայի ստեղծումը, վարումը և կատարելագործումը.

- բնապահպան և բնօգտագործման մոնիթորինգի տեղեկատվական բազաների կանոնակարգումը և վարումը:

 

4.5. Ռեգիոնալ վիճակագրություն

 

- ռեգիոնալ վիճակագրության վարում և հեռանկարային զարգացում.

- մարզային տեղեկատվական բազայի ստեղծում, ընդլայնում և կատարելագործում.

- մարզային կտրվածքով հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների մշակում.

- համայնքների անձնագրերի վարման գործընթացի փորձաքննություն, մշակում, ներդրում ու շարունակական և հետագա համագործակցված աշխատանք` ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության հետ:

 

5. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

 

Շարունակվելու է վիճակագրության տարածքային ստորաբաժանումների 1998 թ. նոյեմբերից սկիզբ առած համակարգչային տեխնիկայով և մոդեմային կապի տեխնոլոգիայով հանդերձավորելու գործընթացը, որի օգնությամբ հնարավոր կլինի ոչ թղթային (ոչ փոստային) եղանակով տեղեկատվության փոխանակումը կիրառելի դարձնել պետական վիճակագրության համակարգի սկզբնական աստիճանում ևս:

ՀՀ ԱՎԾ-ն նախատեսում է 2001-2003 թթ. մշակել ու իրականացնել ինտեգրացված վիճակագրական միջավայրի հայեցակարգը:

Կշարունակվեն կենտրոնական գրասենյակի լոկալ ցանցի նորացման, ցանցային ռեսուրսների միասնականացման (կորպորացման) և գլոբալ ցանցի կառուցման աշխատանքները, որը կկապի ոչ միայն մարզային և կենտրոնական գրասենյակները, այլ նաև տարածքային ստորաբաժանումները, կառավարման մարմինները և այլ կազմակերպությունները:

 

ՀՀ ԱՎԾ-ի համակարգում առկա համակարգիչները և տվյալների բազաները (հատ)

 

 

Կենտրոնական ապարատ

Մարզեր

Տարածքներ

 

1998

1999

2000

1998

1999

2000

1998

1999

2000

Համակարգիչները

93

117

141

23

34

34

0

0

41

Տվյալների բազաները

25

34

40

1

4

5

0

0

2

  

Կշարունակվեն WWW.armstat.am Web-site արդիականացման աշխատանքները, ներքին ցանցում կստեղծվի ծառայողական Web-սերվերը, ինտերնետի միջոցով` տեղեկատվության ստացման և տարածման ուղղության զարգացումը: Այդ կապակցությամբ առաջնահերթ խնդիր է վիճակագրական տվյալների ինտեգրացված պահեստի ստեղծումը, ինչպես նաև մեթատվյալների բանկերի և էլեկտրոնային գրադարանների ստեղծումը: Զուգահեռաբար պետք է լուծվի տվյալների պաշտպանման հարցը, որն իր մեջ ներառում է տվյալների հասանելիությունը, ամբողջականությունը և գաղտնիությունը:

Մեծ ուշադրություն կհատկացվի ՀՀ ԱՎԾ աշխատակիցների տվյալների բանկերի և ցանցերի հետ աշխատանքի հետագա ուսուցմանը:

Կշարունակվեն դասակարգիչների ստեղծման աշխատանքները ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ համատեղ:

 

6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Վիճակագրության բնագավառում համագործակցությունը ներառում է տեղեկատվության և փորձի փոխանակումը, ինչպես նաև ներուժ ստեղծելու նպատակով` դրանց տարածումը վիճակագրական տվյալների հետագա օգտագործման համար: Վիճակագրական համագործակցության իրականացման ոլորտը բավականին ընդարձակ է` սկսած միջազգային աշխատանքային խմբերի և խորհրդակցությունների շրջանակում ոչ պաշտոնական շփումներից մինչև վիճակագրության կատարելագործմանն ուղղված համապարփակ ծրագրերը: Համագործակցության հիմնական նպատակներն են`

- առանցքային ոլորտներում կատարելագործված վիճակագրական տվյալների առավել լայն և արդյունավետ օգտագործում ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական և բնապահպանական զարգացման բնագավառներում, ինչպես նաև ներդրումների ոլորտում քաղաքականության մշակման, պլանավորման, որոշումների ընդունման և վերահսկման համար հիմք ստեղծելու նպատակով.

- նախապատվային բնագավառներում վիճակագրական ներուժի և կարողությունների ամրապնդումը վիճակագրական տվյալներ կազմելու, ինչպես նաև դրանք հրապարակելու համար.

- համակարգերի և ներուժային հնարավորությունների աջակցմանն ու ընդլայնմանն ուղղված կարողության երկարաժամկետ ծրագրերի ապահովումը:

Միջազգային համագործակցության շրջանակում ՀՀ ԱՎԾ-ի հիմնական խնդիրն է`

- էապես բարձրացնել վիճակագրական տեղեկատվության որակը` միջոցառումներ ձեռնարկելով հետևյալ ուղղություններով.

ա) բարեփոխել կառավարման համակարգը` լուծարելով հին (նախարարական) համակարգի կառույցները,

բ) բարձրացնել տվյալների արդիականությունը` ապահովելով սպառողների կարիքների հաշվառումը և բավարարումը,

գ) բարձրացնել տվյալների արժանահավատությունը` ուսումնասիրելով միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությունը,

դ) ապահովել վիճակագրական չափանիշների և կանոնների համաձայնեցումը միջազգային չափանիշներին և կանոններին,

ե) ընդլայնել տվյալների ընդգրկման դաշտը` կատարելագործելով տվյալների հավաքագրման հիմնական ենթակառուցվածքը և ավելացնելով համապատասխան հետազոտությունների հաճախականությունն ու քանակը,

զ) բարձրացնել տվյալների նախապատրաստման օպերատիվությունը` օգտագործելով տվյալների հավաքագրման ժամանակակից միջոցները և մեթոդները,

է) բարձրացնել վստահությունը վիճակագրական տեղեկատվության նկատմամբ` հիմնելով վիճակագրության համապատասխան իրավական դաշտ, կատարելագործելով տվյալների տարածումը, առավել խորը ուսումնասիրելով սպառողների պահանջները և կարիքները, ծանոթացնելով սպառողներին վիճակագրության դերին ազատական տնտեսակարգում և նպաստել վիճակագրական տեղեկատվության լայնորեն օգտագործմանը` ցանկացած բնագավառում որոշումներ ընդունելիս,

ը) որոշել վիճակագրական գործունեության ֆինանսավորման նոր ուղիները` արտաքին օգնությունից կախվածության նվազեցման և երկրում ֆինանսավորման կայուն համակարգ ստեղծելու նպատակով. ապահովել ՀՀ ԱՎԾ-ի կողմից արտադրված արտադրանքի և ծառայությունների վաճառքից ստացված եկամուտների օգտագործումը վիճակագրական կարիքները հոգալու համար:

ՀՀ ԱՎԾ-ն նախատեսում է շարունակել ակտիվ մասնակցությունը միջազգային համագործակցության շրջանակում համաշխարհային մասշտաբով վիճակագրական մեթոդաբանության և պրակտիկայի կատարելագործման, միասնականացման և հարմոնիզացման, ազգային վիճակագրական ծառայությունների կողմից պաշտոնապես հրապարակվող իրենց երկրների սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության կենսամակարդակի վերաբերյալ ցուցանիշների համադրելիության ապահովման ուղղությամբ: Իր բովանդակությամբ և ձևերով այդ կարևորագույն և բազմակողմանի գործունեությունը կիրականացվի հետևյալ հիմնական ուղղություններով.

Ա. Մասնակցություն միջազգային կազմակերպությունների գործունեությանը` ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողով, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանս, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (UNDP), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ (UNFPA), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (UNICEF), ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն (UNESCO), ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար սոցիալ-տնտեսական հանձնաժողով (ESCAP), ՄԱԿ-ի գյուղատնտեսության և պարենի կազմակերպություն (FAO), ՄԱԿ-ի համակարգի այլ մասնագիտացված մարմիններ, Արժույթի միջազգային հիմնադրամ (IMF), Համաշխարհային բանկ, Եվրամիության վիճակագրական ծառայություն (EUROSTAT), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD) և այլն:

Բ. Պետական վիճակագրության համակարգի բարեփոխումների ուղղությամբ կարևորագույն հիմնախնդիրների լուծման նպատակով արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ համագործակցության նախագծերի մշակում և իրականացում միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցության ազգային և տարածաշրջանային ծրագրերի ֆինանսական միջոցների հաշվին:

Գ. Համագործակցություն արտասահմանյան երկրների ազգային վիճակագրական ծառայությունների հետ վիճակագրական գործունեության արդիական հիմնահարցերի ուղղությամբ` երկկողմանի հիմունքներով:

Դ. ԱՊՀ երկրների վիճակագրական ծառայությունների հետ ավանդական կապերի և համագործակցության զարգացում երկկողմանի հիմունքներով` մասնակցելով ԱՊՀ երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի գործունեությանը:

ՀՀ ԱՎԾ համագործակցության գերակայությունների շարքին են դասվում վիճակագրության հետևյալ բնագավառները.

- տնտեսական վիճակագրություն,

- առևտրային (կոմերցիոն) վիճակագրություն,

- սոցիալական և ժողովրդագրական վիճակագրություն,

- շրջակա միջավայրի վիճակագրություն,

- տարածաշրջանային վիճակագրություն,

- տվյալների տարածում,

- տեղեկատվական տեխնոլոգիաներ:

 

7. ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Անձնակազմի ուսուցումը, որպես միջազգային համագործակցության էական բաղադրիչներից մեկը, հանդիսանում է հիմնական գործիքը ողջ համագործակցության համար: ՀՀ ԱՎԾ ուսուցման քաղաքականությունը, հիմնվելով ուսուցման ծրագրի վրա և լինելով կողմնորոշված անձնակազմի կարիքներին և պահանջներին, նպատակաուղղված է գիտելիքների, հմտությունների, փորձի և տեղեկատվության փոխանակմանը:

ՀՀ ԱՎԾ-ն կշարունակի կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացը` ընդգրկելով ինչպես կենտրոնական ապարատի, այնպես էլ մարզային ստորաբաժանումների աշխատակիցներին: Կշարունակի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների, ազգային վիճակագրական ծառայությունների կողմից կազմակերպվող դասընթացներին, սեմինարներին և աշխատանքային հանդիպումներին:

Կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու և խնդիրները կանոնակարգելու նպատակով ՀՀ ԱՎԾ-ում կշարունակվի պարբերաբար սեմինար-խորհրդակցությունների և դասընթացների կազմակերպումը, ինչպես օտարերկրյա փորձագետների, այնպես էլ ծառայության աշխատակիցների դասավանդմամբ և մասնակցությամբ:

Ծրագրվում է նաև շարունակել ՀՀ ԱՎԾ համակարգի աշխատակիցների համակարգչային տեխնիկային տիրապետելու գծով վերապատրաստումը:

Ներդրումները պետք է հիմնականում ուղղվեն կադրերի վերապատրաստմանը և մեթոդաբանության զարգացմանը (հատկապես հիմնվելով բիզնես-ռեգիստրի վրա տեղեկատվական համակարգերի կայացմանը):

Այդ առումով նպատակահարմար է ստեղծել ուսումնական կենտրոն, ինչը կարող է ծառայել ոչ միայն համակարգի կատարողականության բարձրացման խնդրին, այլ նաև հանդիսանալ հենակետ տարածաշրջանային միջազգային համաժողովների իրականացման համար և միաժամանակ ծառայել որպես հասարակական գրադարան:

 

8. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

 

Հաշվի առնելով տնտեսության բազմազանությունը վիճակագրական արժանահավատ տեղեկատվության, դրա ծավալի նկատմամբ պահանջարկի օրավուր աճը, դրա կազմի և կառուցվածքի դինամիկ փոփոխությունների անհրաժեշտությունը` կպահանջվի մոտավորապես 2-3 տարի վիճակագրական տեղեկատվության պահանջարկի ձևավորման, գնագոյացման համակարգի կայացման, ծառայությունների մատուցման ժամանակակից մակարդակ ապահովող մեխանիզմների ներդրման համար:

Երկրի ազատական տնտեսակարգին անցման պայմաններում տեղի ունեցող սոցիալ- տնտեսական վերափոխումները, տնտեսությունում տեղի ունեցող արագ տեղաշարժերը սկզբունքային անհրաժեշտություն են առաջացնում վիճակագրական տեղեկատվության սպառողներին (օգտագործողներին) ապահովելու առավել ճշգրիտ, արժանահավատ և ժամանակի չափանիշներին համապատասխանող վիճակագրական հրապարակումներով:

Վիճակագրության կարևորագույն նպատակներից է սպառողներին (օգտագործողներին) շուկայի պահանջարկին համապատասխանող վիճակագրական արտադրանք տրամադրելը: Վիճակագրության վերակառուցման առաջնահերթ ուղղություններից են վիճակագրական տեղեկատվության տարածման փորձի և դրա վարման քաղաքականության նորացումն ու նոր մոտեցումները: Վիճակագրական տվյալների տարածումն անհրաժեշտ է կառավարության, գործարար շրջանակների, քաղաքական և այլ հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և հասարակության լայն շրջանների, ինչպես նաև միջազգային հանրության համար: Մարկեթինգային գործունեության մեջ անհրաժեշտ է վիճակագրական հրապարակումների օգտագործման ակտիվացման և ընդլայնման մղումը:

Անհրաժեշտ է ստեղծել «պատվերի փաթեթ», որպեսզի ժամանակի կարճ հատվածում հնարավոր լինի լիովին բավարարել տեղեկատվության ընթացիկ պահանջարկը, բայց և միաժամանակ հաշվի առնել այն հանգամանքը, որ տեղեկատվությունը, ինչպես ցանկացած ապրանք, պետք է համապատասխանի քանակական և որակական չափանիշների ամբողջական շարքի պահանջներին (բովանդակությունից մինչև փաթեթավորումը): Տեղեկատվության ավելի արագ տարածումը կարող է հասանելի լինի միայն ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ:

Պաշտոնական հրապարակումների բովանդակության կատարելագործման նպատակով մշակվելու է սպառողների հետ հետադարձ կապի համակարգ, որի շնորհիվ հետագայում կբավարարվի սպառողական պահանջարկը, ինչպես նաև կկատարելագործվի վճարովի ծառայությունների մատուցումը:

2000 թվականին ՀՀ ԱՎԾ համակարգի ֆինանսավորումը պետական բյուջեից կազմել է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, ինչը ձեռք է բերվել վերջին երեք տարիներում իրականացված աշխատանքի կազմակերպման և ծախսերի ռացիոնալացման շնորհիվ (համակարգի հաստիքները կրճատվել են մոտ 40%-ով, կենտրոնական ապարատում համակարգիչների քանակը կրկնապատկվել է, տեղեկատվական բազաների քանակը և կարողությունները կրկնապատկվել են, կենտրոնական ապարատում մոնտաժվել է ներքին համակարգչային ցանցը, կենտրոնական ապարատի և մարզային ստորաբաժանումների միջև մոնտաժվել է մոդեմային կապի համակարգ, հրապարակումների ծավալը եռապատկվել է, 1999 թ. ապրիլից ինտերնետում բացվել է Հայաստանի վիճակագրության էջը):

 

 

Հաստիքների քանակը

Համակարգիչների քանակը

Կենտրոնական ապարատ

155

141

Մարդահամարի վարչություն

69

12

Տարածքային
ստորաբաժանումներ
1

195

75

Ընդամենը

419

228

  

1 2000 թ. ֆինանսական տարում տեղեկատվության հավաքագրման նպատակով վարձվել են 424 հաշվարարներ:

 

2001 թ. նախատեսված մարդահամարի նախապատրաստման և անցկացման ֆինանսավորումը (2001 թ. մինչև 2003 թ.) պետք է լինի առանձին նախահաշվի հիման վրա:

Հաշվի առնելով ինտերնետի աճող հնարավորությունները և մատչելիությունը` անհրաժեշտ կլինի մոտակա տարիներին, վիճակագրական աշխատանքների առանձնահատկությունների հաշվառմամբ, նախատեսել առանձին ֆինանսավորում` ինտերնետով տվյալների տարածումն ապահովելու համար:

Պետական վիճակագրության ոլորտում իրականացվող վերը նշված և այլ միջոցառումները նախատեսվում է ֆինանսավորել հետևյալ հիմնական աղբյուրներից.

ա) ՀՀ պետական բյուջե (տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման համար),

բ) դրամաշնորհներ (տարեկան ծրագրերից դուրս նախատեսված աշխատանքների իրականացման համար),

գ) հեռանկարում նաև` վճարովի ծառայությունների մուտքերի ապահովում, այդ թվում` վճարահաշվարկային արդի տեխնոլոգիաների կիրառում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան