ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի մայիսի 2-ին
ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված հարաբերությունները:
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
գեոդեզիա` երկրագնդի ձևի, չափերի, ծանրաչափական դաշտի, Երկրի մակերևույթի կետերի կոորդինատների որոշման հետ կապված գիտական, տեխնիկական և արտադրական գործունեության ոլորտ.
քարտեզագրություն` քարտեզների ուսումնասիրման, ստեղծման և օգտագործման հետ կապված գիտական, տեխնիկական և արտադրական գործունեության ոլորտ.
գեոդեզիական և քարտեզագրական գործունեություն` գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գիտական, տեխնիկական և արտադրական գործունեություն.
գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ` գեոդեզիական և քարտեզագրական նյութերի ու տվյալների ստեղծման գործընթաց.
քարտեզագրագեոդեզիական ֆոնդ` գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստեղծված և հետագա օգտագործման նպատակներով երկարատև պահպանման ենթակա նյութերի ու տվյալների հավաքածու:
Հոդված 2. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ |
1. Գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներն ըստ իրենց նշանակության դասակարգվում են`
ա) պետական նշանակության աշխատանքների.
բ) տեղական նշանակության աշխատանքների:
2. Պետական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են`
ա) երկրագնդի ձևի և արտաքին ծանրաչափական դաշտի պարամետրերի որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքի համար պետական (ազգային) և միջազգային պլանային ու բարձունքային համակարգերի սահմանումը.
գ) պետական գեոդեզիական (պլանային և բարձունքային) ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը.
դ) պետական ծանրաչափական ցանցի ստեղծումը և զարգացումը.
ե) պետական գեոդինամիկական ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը.
զ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման հետ կապված գեոդեզիական աշխատանքների կատարումը.
է) գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովումը, գեոդեզիական գործիքների և սարքավորումների հաշվառումը, գրանցումը, սերտիֆիկացումը, տեխնիկական նորմերի և ստանդարտների սահմանումը.
ը) գեոդեզիական և ծանրաչափական ցանցերի կետերի քարտադարանների (կատալոգների) ստեղծումը և վարումը.
թ) գեոդեզիական և ծանրաչափական չափումների արդյունքում ստացված նյութերի ու տվյալների ֆոնդերի (տեղեկատվական բանկի) ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը.
ժ) գեոդեզիայի ոլորտին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը.
ժա) գեոդեզիական աշխատանքների լիցենզավորումը.
ժբ) գեոդեզիական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.
ժգ) պետական գեոդեզիական ցանցի կետերի պահպանությունը:
3. Տեղական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են`
ա) ճյուղային, տարածքային և տեղական ծրագրերի (գեոդինամիկա, քաղաքաշինություն, բնության պահպանություն, հանքավայրերի շահագործում, կադաստրի, հողերի ծրաչափություն և հողաշինարարական այլ աշխատանքներ) իրականացման հետ կապված խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի ստեղծումը` կոորդինատային տարբեր (տեղական և պայմանական) համակարգերում.
բ) խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի քարտադարանների ստեղծումն ու վարումը:
4. Պետական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են`
ա) տեղագրական քարտեզների և հատակագծերի պետական մասշտաբային շարքի սահմանումը.
բ) հանութային աշխատանքների իրականացումը, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ստեղծումը գրաֆիկ, թվային (էլեկտրոնային) և այլ ձևերով, դրանց թարմացումը, հրատարակումը և բազմացումը.
գ) երկրագնդի հեռահար զոնդավորումը, օդահանութային (աերոհանութային) աշխատանքների կատարումը, ստացված նյութերի ֆոտոգրամետրիկ մշակումը` քարտեզների ստացման նպատակով.
դ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման հետ կապված քարտեզագրական աշխատանքների կատարումը.
ե) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող այլ տարածքների քարտեզագրումը.
զ) աշխարհագրական անվանումների պետական գրանցման իրականացումը և աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծումն ու վարումը.
է) հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի) ստեղծումը և հրատարակումը.
ը) քարտեզագրական աշխատանքների իրականացման համար կիրառվող սարքավորումների հաշվառումը, գրանցումը, չափաբանական ապահովումը, սերտիֆիկացումը, նորմերի և ստանդարտների սահմանումը.
թ) պետական երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը և վարումը.
ժ) պետական մասշտաբային շարքի քարտեզների ու հատակագծերի և հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների ֆոնդի (տեղեկատվական բանկի) ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը.
ժա) քարտեզագրության ոլորտին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը.
ժբ) քարտեզագրական աշխատանքների լիցենզավորումը.
ժգ) քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը:
5. Տեղական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են`
ա) ճյուղային, տարածքային և տեղական ծրագրերի իրականացման նպատակով տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների (կադաստրային, գյուղատնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական, ոռոգելի հողերի, երկրաբանական, տնտեսական, կլիմայական, պատմական, տուրիստական, հողերի ծրաչափության, հողաշինարարական, գեոդինամիկայի և այլն) ստեղծումն ու հրատարակումը.
բ) գերատեսչական և տեղական (համայնքային) երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը և վարումը.
գ) անշարժ գույքի միավորի սահմաններում կադաստրային քարտեզագրական աշխատանքների իրականացումը:
Հոդված 3. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ և ՕԲՅԵԿՏՆԵՐԸ |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, միջազգային կազմակերպությունները:
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները կարող են հանդես գալ որպես գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատուներ, գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստեղծված նյութերի և տվյալների օգտագործողներ:
2. Գեոդեզիայի և քարտեզագրության օբյեկտներ են Հայաստանի Հանրապետության տարածքը և նրա առանձին մասերը, երկրագնդի մնացած տարածքները և տիեզերքի բնական երկնային մարմինները:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 4. | ԳԵՈԴԵԶԻԱՅԻ և ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) իրականացնում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.
բ) հաստատում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայեցակարգերը և ծրագրերը.
գ) սահմանում է կոորդինատային, բարձունքային, ծանրաչափական չափումների միասնական պետական համակարգերը, պետական տեղագրական քարտեզների և հատակագծերի մասշտաբային շարքերը.
դ) սահմանում է պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը.
ե) սահմանում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների վերահսկողության կարգը.
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 5. | ԳԵՈԴԵԶԻԱՅԻ և ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)`
ա) ապահովում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական կառավարման իրականացումը.
բ) իրականացնում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքները.
գ) իրականացնում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայեցակարգերի և ծրագրերի մշակումը, վերահսկում է դրանց իրականացումը.
դ) սահմանված կարգով իրականացնում է գեոդեզիական և քարտեզագրական գործունեության վերահսկողություն.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության և երկրագնդի մնացած տարածքների գեոդեզիական, տեղագրական և քարտեզագրական տվյալների բանկի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության հերթապահ տեղեկատու քարտեզի) կառավարումը.
զ) սահմանված կարգով գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներին ամբողջական տեղեկություններ է տրամադրում իրենց առնչվող տարածքների գեոդեզիական և քարտեզագրական ուսումնասիրվածության մասին.
է) հանդես է գալիս որպես պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու.
ը) հաստատում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների նախագծային փաստաթղթերը.
թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման աշխատանքները և դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը.
ժ) իրականացնում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները:
Հոդված 6. | ԳԵՈԴԵԶԻԱՅԻ և ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
Պետական կառավարման մարմինը`
ա) իրականացնում է ճյուղային և տարածքային ծրագրերի իրագործման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները.
բ) իրականացնում է ճյուղային և տարածքային ծրագրերի իրագործումից ստեղծված խտացման և հատուկ ցանցերի կետերի քարտադարանների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.
գ) իրականացնում է ճյուղային և տարածքային ծրագրերի իրագործումից ստեղծված տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.
դ) իրականացնում է տվյալ պետական կառավարման մարմնի տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղադրված գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի պահպանումը.
ե) վարում է այդ բնագավառին առնչվող տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական տվյալների բանկը.
զ) լիազորված մարմնին սահմանված կարգով տրամադրում է գեոդեզիական և քարտեզագրական բնույթի նյութեր.
է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 7. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառում համայնքի ղեկավարը`
ա) իրականացնում է տեղական ծրագրերի իրագործման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները.
բ) իրականացնում է տեղական ծրագրերի իրագործումից ստեղծված խտացման և հատուկ ցանցերի կետերի քարտադարանների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.
գ) իրականացնում է տեղական ծրագրերի իրագործումից ստեղծված տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.
դ) ապահովում է համայնքի տարածքում պետական գեոդեզիական ցանցի կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի պահպանության աշխատանքները.
ե) լիազորված մարմնին տրամադրում է տեղագրական և քարտեզագրական բնույթի նյութեր ու տվյալներ:
Գ Լ ՈՒ Խ 3.
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 8. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՆՈՐՄԱՏԻՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի համակարգը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և նորմատիվ իրավական այլ ակտերից:
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի համակարգը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է այդ աշխատանքների նկատմամբ ներկայացվող տեխնիկական պահանջները, նորմերը և ստանդարտները:
Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը հաստատում է լիազորված մարմինը: Այդ փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ իրականացնող բոլոր սուբյեկտների համար:
3. Գեոդեզիական և քարտեզագրական ծրագրային փաստաթղթերը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական կարգավորման միջոց են:
Գեոդեզիական և քարտեզագրական ծրագրային փաստաթղթեր են`
ա) պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայեցակարգերը և ծրագրերը.
բ) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների տեխնիկական նախագծերը և տեխնիկական հաշվետվությունները:
Հոդված 9. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՉԱՓԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
1. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գեոդեզիական չափումների, քարտեզագրական ստանդարտների միասնականության ապահովումը, գեոդեզիական և քարտեզագրական սարքերի և գործիքների փորձարկումների իրականացումը, այդ գործիքների ու սարքերի սերտիֆիկացումը, չափաբանական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը: Չափաբանական նորմատիվների և ստանդարտների սահմանումն իրականացնում է լիազորված մարմինը` համաձայնեցնելով սերտիֆիկացման և ստանդարտացման պետական լիազորված մարմնի հետ:
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման, գրանցման և սերտիֆիկացման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
Հոդված 10. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ |
1. Պետական կարիքների համար իրականացվող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հաստատված ծրագրերի հիման վրա:
Այլ նպատակների համար իրագործվող գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը ֆինանսավորվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին:
Համայնքային ծրագրերի իրականացման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
2. Պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու և (կամ) կատարող հանդիսացող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները պարտադիր կարգով պետք է օգտագործեն նախկինում ստեղծված գեոդեզիական և քարտեզագրական նյութերն ու տվյալները, եթե դրանք բավարարում են տվյալ աշխատանքների համար սահմանված նորմատիվ պահանջները:
Պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նյութերի առկայության, տարածքների ուսումնասիրվածության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է լիազորված մարմինը:
Հոդված 11. | Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԸ |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստացված պետական գեոդեզիական պլանային և բարձունքային, պետական ծանրաչափական, գեոդինամիկական ցանցերի կետերի քարտադարանները, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզները և հատակագծերը (գրաֆիկ, թվային և այլ ձևերով), հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունները, օդահանութային և տիեզերահանութային նյութերն ու տվյալները, պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստացված գեոդեզիական և քարտեզագրական այլ նյութերն ու տվյալները ձևավորում է Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդը` տեղեկատվական բանկը:
2. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ընդգրկում է պետական նշանակություն ունեցող աշխատանքների իրականացումից ստացված նյութերն ու տվյալները և գտնվում է լիազորված մարմնի տնօրինության տակ:
Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման, տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերից և տվյալներից օգտվելու համար սահմանված կարգով գանձվում է վճար:
4. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերն ու տվյալները պետական սեփականություն են:
5. Տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստեղծված գերատեսչական ֆոնդերն ստեղծում է պետական կառավարման տվյալ մարմինը, որի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է համապատասխան մարմինը` համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:
Հոդված 12. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը ենթակա է լիցենզավորման:
2. Լիցենզավորումն իրականացնում է լիազորված մարմինը:
3. Լիցենզավորման ենթակա գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ցանկը և լիցենզավորման կարգը սահմանվում է լիցենզավորման մասին օրենքով:
Հոդված 13. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը` գեոդեզիական պետական տեսչության միջոցով:
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական խնդիրներն են`
ա) գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բոլոր սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների պահպանման վերահսկողությունը.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման և դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը.
գ) գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
դ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.
ե) քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումների ճիշտ արտահայտման նկատմամբ վերահսկողությունը.
զ) պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը.
է) պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը, բացառությամբ անշարժ գույքի միավորի սահմաններում կադաստրային քարտեզագրական աշխատանքների:
3. Գեոդեզիական պետական տեսչությունն իրավունք ունի`
ա) գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներից տեղեկատվություն ստանալ սույն օրենքով նախատեսված գործառույթների իրագործման համար, ինչպես նաև ծանոթանալ գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառին վերաբերող անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ.
բ) պահանջել գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կազմակերպման ու կատարման, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքով ստացված գեոդեզիական և քարտեզագրական նյութերի ու տվյալների կուտակման, հաշվառման, պահպանման, օգտագործման և իրացման կարգի հայտնաբերված խախտումների վերացման նպատակով տալ պարտադիր կատարման ցուցումներ, ենթարկել վարչական տույժերի, իրավասու պետական մարմիններին տրամադրել համապատասխան տեղեկատվություն:
4. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության վերահսկողության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 14. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
1. Պետական գեոդեզիական ցանցի կետերից, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներից ու հատակագծերից և պետական ու ծառայողական գաղտնիք բովանդակող այլ նյութերից ու տվյալներից օգտվելու համար լիազորված մարմինը տալիս է թույլտվություն:
2. Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 15. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ Հայաստանի Հանրապետության ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակներով իրագործում են պաշտպանության և գեոդեզիայի ու քարտեզագրության պետական կառավարման լիազորված մարմինները: Այդ մարմինների իրավասությունը վերոնշյալ բնագավառում որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 16. | ՊԵՏԱԿԱՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Պետական գեոդեզիական (պլանային և բարձունքային) ցանցերի և ծանրաչափական ցանցերի կետերը, այդ կետերի վերգետնյա նշանները և կենտրոնները (այսուհետ` գեոդեզիական կետեր) համարվում են պետական սեփականություն:
2. Գեոդեզիական կետերի արտաքին նշանների քանդումը կամ կենտրոնների վերահիմնումը կատարվում է միայն լիազորված մարմնի թույլտվությամբ:
3. Գեոդեզիական կետերի ստեղծման, պահպանման և սպասարկման խնդիրները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով:
4. Գեոդեզիական կետերի պահպանությունը համայնքի վարչական սահմաններում իրականացնում է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետը: Մարզպետները և համայնքների ղեկավարները պարտավոր են լիազորված մարմնին տեղյակ պահել գեոդեզիական կետերի ոչնչացման կամ վնասման բոլոր դեպքերի մասին:
5. Գեոդեզիական կետերի պահպանության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 4.
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 17. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
Հոդված 18. | ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
Սույն օրենքը խախտելու համար գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 19. | ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ |
1. Սույն օրենքի խախտման հետևանքով վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառած վնասը հատուցում է վնասը հասցրած անձը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 20. | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ և ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ |
Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորվում է սույն օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 6.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 21. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|