Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.09.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
18.09.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
18.09.2019
Дата вступления в силу
18.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՎԴ4/0028/01/16

ԱՎԴ4/0028/01/16

Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան

Դատավորներ՝

Տ. Սահակյան

Ռ. Բարսեղյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
մասնակցությամբ պաշտպան` Վ. ԶՈՒՌՆԱՉՅԱՆԻ

 

2019 թվականի սեպտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Նարեկ Մայիսի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 28-ի որոշման դեմ պաշտպան Վ.Զուռնաչյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 2015 թվականի հոկտեմբերի 22-ին հարուցվել է թիվ 37105115 քրեական գործը, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 25-ին` թիվ 37105215 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

2015 թվականի հոկտեմբերի 30-ին Նարեկ Մայիսի Խաչատրյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ անչափահաս Ն.Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ է ներգրավվել վերջինիս մայրը՝ Մանե Խաչատրյանը։

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ թիվ 37105215 քրեական գործը միացվել է 37105115 քրեական գործին:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ Ն.Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ մեղադրյալ Ն.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով, որը հետագայում երկարացվել է:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի սեպտեմբերի 21-ի որոշմամբ մեղադրյալ Ն.Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով ու 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2016 թվականի հոկտեմբերի 12-ին Ն.Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռով Ն.Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով, 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կիրառմամբ՝ դատապարտվել ազատազրկման` 10 (տասը) տարի ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով, և ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 90-րդ հոդվածների կիրառմամբ՝ Ն.Խաչատրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2015 թվականի հոկտեմբերի 30-ից:

3. Ամբաստանյալ Ն.Խաչատրյանի պաշտպան Վ.Զուռնաչյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունիսի 28-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռը` թողել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ն.Խաչատրյանի պաշտպան Վ.Զուռնաչյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռով Ն.Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` այն բանի համար, որ նա. «(...) 2015 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 10:30-ից 13:00-ի սահմաններում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակով, սակայն ուրիշի գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ գնացել է Եղեգնաձոր քաղաքի Իսակովի 25 հասցեում միայնակ բնակվող, 91-ամյա Վարդուշ Սիմոնյանի տուն և նրանից որոշակի վճարի դիմաց խնդրել է կատարել այգեգործական աշխատանք: Վարդուշ Սիմոնյանի առաջարկով մտել է առանձնատան խոհանոց, որտեղ նրա կրած ոսկյա ականջօղերը վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հափշտակելու նպատակով, բռնել է ուսի հատվածից, ուժգնությամբ քաշել, գցել է գետնին, գլուխը հարվածել բետոնյա հատակին, ինչի հետևանքով Վարդուշ Սիմոնյանը կենսական կարևոր նշանակության օրգան համարվող գլխի երեք տարբեր շրջաններին ներդրված առանձին բութ, կոշտ ներգործության արդյունքում ստանալով կյանքի համար վտանգավոր առողջության ծանր վնաս` բաց բութ գանգուղեղային վնասվածք, մահացել է: Այնուհետև, Նարեկ Խաչատրյանը Վարդուշ Սիմոնյանի ականջներից հանելով` հափշտակել է վերը նշված` բաց կարմրավուն գույնի քարերով ոսկյա ականջօղերը և հեռացել` հետագայում դրանք 32.000 ՀՀ դրամով վաճառելով ոսկյա իրերի առուվաճառքով զբաղվող Հրահատ Սիմոնյանին: Բացի այդ, Նարեկ Խաչատրյանը 2015թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ից 18:30-ի սահմաններում, դարձյալ այգեգործական աշխատանքներ կատարելու պատրվակով, սակայն իրականում ուրիշի գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ, գնացել է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի 6-րդ փողոցի 6-րդ տան հարևանությամբ գտնվող, 76-ամյա Գոհար Բարսեղյանին պատկանող հողամաս և նրանից որոշակի վճարի դիմաց խնդրել է կատարել այգեգործական աշխատանք, ինչին վերջինս համաձայնել է: Նրա առաջարկով բարձրացել է ծառը` խնձոր քաղելու, և վերևից նկատելով Գոհար Բարսեղյանի ականջներին կարմրավուն գույնի քարերով ոսկյա ականջօղեր` դրանք վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հափշտակելու նպատակով, իջել է ծառից, վերցրել խնձորենուն հենած բահը և որպես զենք օգտագործվող այդ առարկայի մետաղյա հատվածով թիկունքից ուժգին հարվածել է Գոհար Բարսեղյանի գլխի աջ գագաթ-քունքածոծրակային շրջանին, պատճառել կյանքի համար վտանգավոր առողջության ծանր վնաս` բաց բութ գանգուղեղային վնասվածք, որը բերելով գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման` հանգեցրել է Գոհար Բարսեղյանի մահվանը: Այնուհետև, Նարեկ Խաչատրյանը բերանքսիվայր ընկած Գոհար Բարսեղյանի ականջներից հանելով` հափշտակել է վերը նշված ոսկյա ականջօղերը և հեռացել, որոնք հետագայում 28.000 ՀՀ դրամով վաճառել է ոսկյա իրերի առուվաճառքով զբաղվող Սպարտակ Վարդանյանին: Բացի այդ, Նարեկ Խաչատրյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, ավազակային հարձակմամբ զուգորդված Վարդուշ Սիմոնյանի և Գոհար Բարսեղյանի սպանության դեպքերի հետ առնչություն չունեցող Սմբատ Զաքարյանին անհիմն մեղադրել է այդ` առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ՝ դրանց վերաբերյալ բազմիցս գրավոր հաղորդելով իր կողմից տրված ցուցմունքների արձանագրություններում»1:

6. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի մարտի 11-ի որոշման համաձայն«(…) 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին է ներկայացվել Մանե Աղվանի Խաչատրյանի, Նորիկ Մայիսի Խաչատրյանի և Նարեկ Մայիսի Խաչատրյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու (…) միջնորդություն հարուցելու մասին գաղտնագրված որոշումը, որը դատարանի` գաղտնագրված որոշմամբ բավարարվել է (…)»2

7. 2015 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում Մանե, Նորիկ և Նարեկ Խաչատրյանների նկատմամբ իրականացվել է «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում3

8. Առաջին ատյանի դատարանը, Ն.Խաչատրյանին մեղավոր ճանաչելով նրան մեղսագրված արարքների կատարման մեջ, իր հետևությունները, ի թիվս այլնի, հիմնավորել է. ««Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման տեսաձայնագրությունը զննելու մասին կազմված արձանագրությամբ, համաձայն որի՝ սենյակում իրար դեմ դիմաց նստած են եղել Նարեկ Խաչատրյանը, նրա մայր Մանե Խաչատրյանը, իսկ եղբայր Նորիկ Խաչատրյանը՝ բազմոցին: Նարեկ Խաչատրյանը պատասխանել է մոր հարցերին (…)»4

8.1 Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում փաստել է. «(...) [Առաջին ատյանի դատարանը], անդրադառնալով ամբաստանյալի պաշտպանի այն պնդմանը, որ ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ կատարված տեսաձայնագրությունը և դրա վերաբերյալ կազմված զննության արձանագրությունը հանդիսանում են անթույլատրելի ապացույցներ, քանի որ ձեռք են բերվել օրենքի կոպիտ խախտմամբ, այն է՝ ամբաստանյալ Ն.Խաչատրյանի և նրա օրինական ներկայացուցչի առանձին և կոնֆիդենցիալ տեսակցելու իրավունքի խախտմամբ, գտնում է, որ չեն խախտվել ամբաստանյալի և նրա օրինական ներկայացուցչի իրավունքները՝ հաշվի առնելով նաև ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառման բնույթը, որը նախատեսված է օրենքով, հետևաբար նշված ապացույցը թույլատրելի է (...)»5

9. Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ կատարված տեսաձայնագրությունը և դրա վերաբերյալ կազմված զննության արձանագրությունն անթույլատրելի ապացույցներ ճանաչելու մասին պաշտպանի պնդմանը, փաստել է. «(…) Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով (...) «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման բնույթը, որը նախատեսված է օրենքով, գտնում է, որ նախաքննության մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով Մանե Աղվանի Խաչատրյանի, Նորիկ Մայիսի Խաչատրյանի և Նարեկ Մայիսի Խաչատրյանի նկատմամբ իրականացված «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ կատարված տեսաձայնագրությունը և դրա վերաբերյալ կազմված զննության արձանագրությունը չի կարող համարվել քննչական գործողության կատարման կարգի կոպիտ խախտմամբ ձեռք բերված, քանի որ տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում ստացված տվյալները չեն հանդիսացել փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որը կարող էր համարվել որպես ապացույց չթույլատրվող նյութ, հետևաբար ամբաստանյալի և նրա օրինական ներկայացուցչի իրավունքները չեն խախտվել և տվյալ ապացույցն առաջին ատյանի դատարանի կողմից նույնպես հիմնավորված կերպով ճանաչվել է թույլատրելի: (...)»6

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակի կարծիքով, «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու ընթացքում խախտվել է Ն.Խաչատրյանի իրավունքը` առանձին, կոնֆիդենցիալ և անարգել տեսակցելու օրինական ներկայացուցչի՝ Մ.Խաչատրյանի հետ: Հետևապես, «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ կատարված  տեսաձայնագրությունը և դրա վերաբերյալ կազմված զննության արձանագրությունն անթույլատրելի ապացույցներ են, չէին կարող օգտագործվել և դրվել Ն.Խաչատրյանի մեղադրանքի հիմքում, քանի որ ձեռք են բերվել օրենքի կոպիտ խախտմամբ, ինչը սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

10.1 Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէր հաստատված համարելու Ն.Խաչատրյանի կողմից իրեն մեղսագրված հանցագործությունների կատարումը։

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, ճանաչել ու հռչակել Ն.Խաչատրյանի անմեղությունը` հանցակազմի բացակայության հիմքով, և կայացնել արդարացման դատավճիռ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կասկածյալի (մեղադրյալի) և օրինական ներկայացուցչի տեսակցության ժամանակ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու իրավաչափության և դրա արդյունքում ստացված փաստական տվյալների՝ որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

I. «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը՝ որպես միջամտություն մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. կասկածյալ Նարեկ Խաչատրյանի և նրա օրինական ներկայացուցիչ Մ.Խաչատրյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելիս արդյո՞ք տեղի ունեցել է միջամտություն մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ։

14. ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:

2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»:

14.1 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

14.2 Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշակի նախադեպային դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ խոսակցությունների կամ պատկերների տեսաձայնային ամրագրման սարքերի միջոցով գաղտնալսումն ընկնում է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի գործողության ներքո նաև այն դեպքում, երբ անձին գաղտնի վերահսկել են ազատությունից զրկելու վայրերում: Այսպես, օրինակ, այս մոտեցումը կիրառվել է այն դեպքերում, երբ ձայնագրող սարքերն օգտագործվել են ոստիկանության բաժանմունքի խցում7, տեսանկարահանումն իրականացվել է ոստիկանական բաժանմունքում8, տեսաձայնային հսկողության միջոցները տեղադրվել են անձի խցում և այցելությունների համար նախատեսված տարածքում9:

Այցելությունների համար նախատեսված սենյակում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից խոսակցությունների գաղտնալսման առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ անվտանգության ապահովման նկատառումներով դա միանգամայն իրավաչափ է, սակայն այլ նպատակով խոսակցությունների պարբերաբար ձայնագրումը հակասում է այցելության համար նախատեսված սենյակների հիմնական նշանակությանը, այն է՝ ապահովել կալանավորված անձի և ազգականի մասնավոր կյանքը, որը ներառում է մերձավորի հետ հարաբերություններում արված հայտարարությունների գաղտնիությունը: Ուստի, քրեակատարողական հիմնարկի՝ այցելությունների համար նախատեսված սենյակում տեղի ունեցած խոսակցությունները կարող են ներառվել «մասնավոր կյանք» և «նամակագրություն» հասկացությունների մեջ10:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գնահատմամբ, մինչդատական կալանքի տակ գտնվող անձինք, ովքեր առաջին տեսակցության հնարավորություն են ստանում իրենց մերձավորների հետ, կարող են ակնկալել որոշակի գաղտնիություն, որը ներառում է հաղորդակցության ազատության որոշակի աստիճան, և չեն կարող ենթադրել, որ իրենց խոսակցությունները այցելության համար նախատեսված սենյակում կարող են ձայնագրվել՝ ապացույցներ հավաքելու նպատակով: Նշված հանգամանքներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, այցելությունների համար նախատեսված սենյակում խոսակցությունների ձայնագրումը և դրանց հետագա օգտագործումը դիտարկելով որպես անձնական կյանքին միջամտություն, գտել է, որ այս դեպքում պետք է գնահատել, թե արդյոք միջամտությունն արդարացված է եղել Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի լույսի ներքո, այն է՝ արդյոք միջամտությունը նախատեսված է եղել օրենքով, հետապնդել է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում` այդ նպատակին հասնելու համար11: Ընդ որում, անդրադառնալով օրենքով նախատեսված լինելու պահանջին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով, օրենքով նախատեսված լինելու պահանջի որակական պայմանները ներառում են օրենքի կանխատեսելիությունը, այսինքն՝ անձը պետք է հնարավորություն ունենա կանխատեսելու իր վարքագծի հնարավոր հետևանքները, ինչպես նաև օրենքի համապատասխանությունը իրավունքի գերակայությանը12: Ինչ վերաբերում է ժողովրդավարական հասարակության մեջ անհրաժեշտ լինելու պահանջին, ապա դա ենթադրում է, որ միջամտությունը պետք է համապատասխանի գերակա սոցիալական անհրաժեշտությանը և համաչափ լինի հետապնդվող իրավաչափ նպատակին13։

15. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` «1. Ներքին դիտումը բնակարանում հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին (անձանց) հետևելն ու առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց։

2. Սույն օրենքում բնակարան հասկացությունը օգտագործվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իմաստով»:

15.1 Վերոնշյալ նորմի մեկնաբանմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գոռ Սարգսյանի վերաբերյալ որոշմամբ և նշել, որ «(…) [Օ]պերատիվ-հետախուզական գործունեությունն իրավապահ մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող պետական գործունեության ինքնուրույն տեսակ է, որը նպատակ է հետապնդում բացահայտել, կանխել և խափանել հանցագործությունները, ինչպես նաև հայտնաբերել հանցագործությունը նախապատրաստող, կատարող և կատարած անձանց։

(…) [Ո]րոշ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքում միջամտություն է տեղի ունենում մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին։ Այդ պարագայում, իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում հարկավոր է հաշվի առնել նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ պետության կողմից ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով (…) ստանձնած պոզիտիվ և նեգատիվ պարտավորությունները` մշտապես պահպանելով հանրային շահի և անհատի շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը»14։

15.2 Միևնույն ժամանակ, նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը, Գոռ Սարգսյանի գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ արձանագրել է, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի աշխատասենյակում, որպիսի պայմաններում Գ.Սարգսյանի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ միջամտություն տեղի չի ունեցել, ինչը բնորոշ է «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմանը։ Այսպես, Գ.Սարգսյանը գտնվելով ոստիկանության պաշտոնատար անձի աշխատասենյակում` չի ունեցել և չէր էլ կարող ունենալ ողջամիտ ակնկալիք՝ իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտել է, որ նրա նկատմամբ չէր կարող իրականացվել մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը սահմանափակող «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը15։

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- 2015 թվականի հոկտեմբերի 30-ին Նարեկ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նույն օրն անչափահաս կասկածյալ ՆԽաչատրյանի օրինական ներկայացուցիչ է ներգրավվել վերջինիս մայրը՝ Մանե Խաչատրյանը16,

- 2015 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում անչափահաս Ն.Խաչատրյանի և նրա օրինական ներկայացուցիչ Մ.Խաչատրյանի տեսակցության ժամանակ նրանց նկատմամբ իրականացվել է «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը17։

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15.2-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի փաստական հանգամանքները տարբերվում են Գոռ Սարգսյանի գործի փաստական հանգամանքներից։ Այսպես, ի տարբերություն Գոռ Սարգսյանի գործի, որտեղ մեղադրյալի և հանրային իշխանություն կրող ոստիկանության պաշտոնատար անձի միջև տեղի ունեցած շփումները հանրային իրավահարաբերությունների տիրույթում էին, ուստի և մասնավոր կյանքի գաղտնիության երաշխիքով պաշտպանված լինել չէին կարող` հաշվի առնելով, որ Գոռ Սարգսյանը չէր կարող ունենալ ողջամիտ ակնկալիք իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ, սույն գործով «ներքին դիտում»  օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման պայմանները և իրավիճակն այլ է։ Այսպես, Նարեկ Խաչատրյանը, «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման ժամանակ, տեսակցություն է ունեցել իր մոր` օրինական ներկայացուցիչ Մ.Խաչատրյանի հետ։ Այսինքն` թեև սույն գործով ևս «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացվել է ոստիկանության բաժնում, սակայն դրա ընթացքում մեղադրյալն իր մոր հետ շփվելիս կարող էր ունենալ ողջամիտ ակնկալիք՝ մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ։ Այլ կերպ, նշված գործերով հաղորդակցության ազատության աստիճանն էականորեն տարբեր է և, ի տարբերություն իր պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանության աշխատակցի հետ Գոռ Սարգսյանի ունեցած շփման, Նարեկ Խաչատրյանը մոր հետ ունեցած տեսակցության ժամանակ կարող էր ենթադրել, որ իրենց զրույցն ունի մասնավոր բնույթ, ուստի և ենթակա է պաշտպանության՝ մասնավոր կյանքի գաղտնիության երաշխիքով։ Նշված մոտեցումը համապատասխանում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` սույն որոշման 14.2-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումներին՝ այն առումով, որ մերձավորների հետ տեսակցությունների ժամանակ անձինք կարող են ակնկալել որոշակի գաղտնիություն, որի սահմանափակման իրավաչափության հարցը ենթակա է գնահատման՝ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով պետության ստանձնած նեգատիվ և պոզիտիվ պարտավորությունների համատեքստում։ Այսինքն` մեղադրյալ Ն.Խաչատրյանի և նրա օրինական ներկայացուցիչ Մ.Խաչատրյանի նկատմամբ իրականացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրավաչափությունը ևս ենթակա է գնահատման՝ Եվրոպական կոնվենցիայի այդ հոդվածի շրջանակներում։

17.1 Միևնույն ժամանակ, վերոգրյալի հիման վրա, հաշվի առնելով, որ կասկածյալ Ն.Խաչատրյանն իր մոր հետ տեսակցության ընթացքում կարող էր ունենալ ողջամիտ ակնկալիք՝ իր մասնավոր կյանքի գաղտնիության երաշխիքի վերաբերյալ, մինչդեռ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացմամբ քրեական հետապնդման մարմնի կողմից վերահսկվել է դրա ընթացքում մեղադրյալի և իր մոր միջև տեղի ունեցած զրույցը, ապա Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի պաշտպանության առարկան կազմող` մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքն առերևույթ միջամտության է ենթարկվել իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացմամբ։ Այսինքն` իրականացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմամբ շոշափվել են մասնավոր կյանքի գաղտնիությամբ պաշտպանվող` մեղադրյալի իրավունքներն ու օրինական շահերը։

18. Նման պայմաններում, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ կասկածյալ Նարեկ Խաչատրյանի և նրա օրինական ներկայացուցիչ Մ.Խաչատրյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելիս տեղի ունեցել է միջամտություն մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ։

 

II. Անչափահաս կասկածյալի (մեղադրյալի) և նրա ներկայացուցչի տեսակցության նկատմամբ իրականացվող «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրավաչափությունը.

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ կասկածյալ Նարեկ Խաչատրյանի և նրա օրինական ներկայացուցիչ Մ.Խաչատրյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել և դրա արդյունքները որպես ապացույց օգտագործվել են օրենսդրության պահանջներին համապատասխան:

20. Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների (Պեկինյան կանոններ) համաձայն`  «15.1 Դատաքննության ամբողջ ընթացքում անչափահասն իրավունք ունի ներկայացվելու իր դատապաշտպանի կողմից կամ դիմելու իրավական անվճար օգնության, եթե այդպիսի օգնության տրամադրումը նախատեսված է տվյալ երկրի օրենսդրությամբ:

15.2 Ծնողները կամ խնամակալը իրավունք ունեն մասնակցելու դատաքննությանը, և անչափահասների շահերից ելնելով իշխանության իրավասու մարմինը կարող է պահանջել նրանց մասնակցությունը: Սակայն իշխանության իրավասու մարմինը կարող է մերժել նրանց մասնակցությունը, եթե կան հիմքեր ենթադրելու, որ դա անհրաժեշտ է անչափահասի շահերի համար»18:

Վերոնշյալ կանոնների մեկնաբանության համաձայն` «Եթե դատապաշտպանի մասին դրույթը և անվճար իրավական օգնությունն անհրաժեշտ է անչափահասին իրավական օգնությամբ ապահովելու համար, ուրեմն ծնողների կամ խնամակալի մասնակցությունը, ինչպես նշված է 15.2 կանոնում, պետք է դիտել որպես ընդհանուր հոգեբանական, զգացմունքային աջակցություն անչափահասին, ինչպես ֆունկցիա, որը պետք է կատարվի քննության ամբողջ ընթացքում»19:

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Կասկածյալը և մեղադրյալն իրավունք ունեն մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի և օրինական ներկայացուցչի միջոցով։ (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն՝ «1.Պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, կասկածյալի կամ մեղադրյալի պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, նրա օրինական շահերը պաշտպանելու, կասկածյալին և մեղադրյալին իրավաբանական օգնություն ցույց տալու համար, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`

(…)

2) առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցել իր պաշտպանյալի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման. (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «(…) [Կ]ասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչը, սույն օրենսգրքով, սահմանված կարգով, իրավունք ունի`

(…)

3) առանձին, կոնֆիդենցիալ, անարգել տեսակցել դատավարության ներկայացվող մասնակցի հետ` քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն՝ «Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է՝

(…)

5) պաշտպանին և օրինական ներկայացուցչին անարգել թույլատրել ներկայանալ կալանավորված անձին, ապահովել նրանց առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) տեսակցելու հնարավորությունը` առանց դրանց թվի և տևողության սահմանափակման. (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 441-րդ հոդվածի համաձայն՝ «Անչափահասների հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությանը մասնակցում է անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցիչը»:

22. Անչափահասների նկատմամբ արդարադատությունը պարտավորեցնում է տարբերակված մոտեցում դրսևորել անչափահաս կասկածյալների (մեղադրյալների) նկատմամբ՝ հաշվի առնելով նրանց կողմից իրենց իրավունքներն ինքնուրույն պաշտպանելու դժվարությունները: Մասնավորապես, չափահասների համեմատ անչափահասներն ավելի խոցելի են։ Հետևապես, քրեական դատավարությունում առանձնակի զգոնություն է պահանջվում՝ նրանց ֆիզիկական և հոգեկան բարօրությանը համարժեք պաշտպանություն ապահովելու համար։ Այդ պատճառով, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն անչափահասների գործերով սահմանում է լրացուցիչ երաշխիքներ` ուղղված նրանց իրավունքների և իրավաչափ շահերի արդյունավետ պաշտպանության ապահովմանը։ Այսպես, անչափահասների հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությանն օրինական ներկայացուցչի մասնակցությունը նրանց տարիքային, սոցիալ-հոգեբանական և այլ առանձնահատկություններով պայմանավորված՝ իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիք է։ Ավելին, հաշվի առնելով երեխայի առանձնահատուկ խոցելիությունը, նրա հասունության աստիճանը և մտավոր ու հուզական կարողությունները՝ անչափահասների գործերով վարույթին պարտադիր է նաև պաշտպանի մասնակցությունը, ինչը չի բացառում օրինական ներկայացուցչի մասնակցության լրացուցիչ երաշխիքը: Նրանք իրենց մասնակցությամբ փոխլրացնում են միմյանց` ապահովելով խոցելի խմբերի շարքին դասվող` անչափահասի իրավական պաշտպանությունն ու հոգեբանական աջակցությունը։ Միևնույն ժամանակ, նրանց պարտադիր մասնակցության միջոցով նաև ապահովվում է միջազգային իրավական փաստաթղթերով նախատեսված` երեխայի լավագույն շահերի առաջնային պաշտպանությունը20։

22.1 Վերոգրյալի հետ մեկտեղ, քրեադատավարական օրենքը կարևորելով պաշտպանի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցության իրավունքը, այն դիտարկելով անձի արդար դատաքննության և վերջինիս բաղկացուցիչ մասը կազմող` պաշտպանության իրավունքի համատեքստում, որոշակի պահանջներ է ներկայացնում այդ տեսակցությանը` երաշխավորելով դրա պատշաճ կազմակերպումը։ Այդ նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է պաշտպանի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցությանը ներկայացվող առանձին նույնական կարգավորումներ։ Այսպես, օրենսդիրը նախատեսում է նման տեսակցությունների համար նույնաբնույթ այնպիսի պահանջներ, ինչպիսիք են՝

- առանձին, այսինքն` մեկուսացված, առանց որևէ այլ անձի ներկայության։ Նշված չափանիշի կարևորությունն արտահայտվում է նրանում, որ կասկածյալին (մեղադրյալին) առանց որևէ անձի ներկայության իր պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի հետ ազատ հաղորդակցվելու, այդ թվում` իր պաշտպանության իրականացման հետ կապված առանձին հարցեր քննարկելու իրավունք է վերապահվում,

- կոնֆիդենցիալ, այսինքն` խորհրդապահական, գաղտնիության պայմաններում իրականացվող տեսակցություն։ Այս պահանջն անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման հիմնարար երաշխիքներից է. բոլոր այն դեպքերում, երբ ապահովված չէ կոնֆիդենցիալ հանդիպման հնարավորությունը, ողջամտորեն վտանգի տակ է դրվում արդար դատաքննության տարրերից` անձի պաշտպանության իրավունքը21,

- անարգել, այսինքն` անխոչընդոտ, անխափան, առանց այդ իրավունքի իրացման անհարկի սահմանափակման։

Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կասկածյալի (մեղադրյալի) հետ պաշտպանի և օրինական ներկայացուցչի տեսակցությանը ներկայացվող վերոնշյալ պահանջներից յուրաքանչյուրն ունի առանցքային նշանակություն և միտված է կասկածյալի (մեղադրյալի) իրավունքների լիարժեք պաշտպանությանը։ Այդ պայմաններում, նկատի ունենալով նաև ինչպես պաշտպանի, այնպես էլ օրինական ներկայացուցչի հետ կասկածյալի (մեղադրյալի) տեսակցությանը ներկայացվող պահանջների նույնականությունը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդ տեսակցության նկատմամբ միջամտության իրավաչափությունը պետք է որոշվի Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատեքստում` գնահատելով միջամտության համապատասխանությունն օրենքին, միջամտությամբ հետապնդվող նպատակի իրավաչափությունը և դրա անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում:

23. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «[Ներքին դիտում] (...) օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է»:

23.1 Վերոնշյալ իրավադրույթի համատեքստում Վճռաբեկ դատարանը Գոռ Սարգսյանի վերաբերյալ որոշմամբ նշել է. «(…) [O]պերատիվ-հետախուզական գործունեության բնույթից ելնելով` իրավասու մարմիններն առաջադրված խնդիրները լուծելու նպատակով, համապատասխան միջոցառման տեսակն ընտրելիս և այն իրականացնելիս, անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության դեպքում` համաչափության սկզբունքին համահունչ պետք է ապահովեն նաև արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների համարժեք պաշտպանությունը։

Այդ համատեքստում, հարկ է վկայակոչել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դիրքորոշումներն այն մասին, որ «երբ (…) հավասարակշռության էր բերվում մի կողմից` գաղտնի հսկողության միջոցների օգնությամբ անվտանգությունը պաշտպանելու՝ պատասխանող պետության շահը, իսկ մյուս կողմից` դիմումատուի անձնական կյանքը հարգելու իրավունքի իրացման նկատմամբ միջամտության լրջությունը, իրավասու ազգային մարմիններն ունեն սեփական հայեցողության որոշակի լուսանցք՝ պատշաճ այն միջոցների ընտրության հարցում, որոնք կօգտագործվեն ազգային անվտանգության պաշտպանության օրինական նպատակին հասնելու համար»։

(…) Օպերատիվ-հետախուզական միջոցառումների կոնկրետ տեսակն ընտրելիս, ելնելով անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության բնույթից, պետությանը վերապահված սեփական հայեցողության լուսանցքի տիրույթի տարբերակման գաղափարն արտացոլված է նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում։ Մասնավորապես, օրենսդիրը որոշ խումբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար նախատեսելով լրացուցիչ չափանիշներ` սահմանափակել է դրանք ընտրելու իրավակիրառողի հայեցողության լուսանցքը։ Այդպիսի միջոցառումների շարքին է դասվում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի նպատակն անձին (անձանց) բնակարանում հետևելն ու առանձին դեպքերի և իրադարձությունների օբյեկտիվ ընթացքը վերահսկելն է, դրա արդյունքներն ամրագրելը՝ առանց այդ դեպքերի և իրադարձությունների ընթացքն ուղղորդելու կամ դրանք նախապես ծրագրելու։

(…) [Ն]շված միջոցառումը ոչ միայն պետք է իրականացվի դրա բնույթին և նպատակային նշանակությանը համապատասխան, այլ նաև այն դեպքում, երբ բացակայում են անձի իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակով նույն տեղեկությունների ձեռքբերման այլ միջոցներ, այդ թվում` քրեական գործով վարույթի շրջանակում քրեական դատավարության օրենսգրքով կոնկրետ տեղեկությունների ձեռքբերման համար նախատեսված միջոցները»22:

24. Սույն որոշման 20-23.1-ին կետերում ներկայացված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարությունում որոշ մասնակիցների (կասկածյալ/մեղադրյալ և պաշտպան/օրինական ներկայացուցիչ) տեսակցության համար արդար դատաքննության իրավունքի ապահովման նպատակով երաշխավորված պաշտպանության ուժեղացված ռեժիմը, Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատեքստում, կարող է հաղթահարվել այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալների առկայության դեպքում, որոնք մի կողմից բացառելով այդ շփումների նկատմամբ անհարկի միջամտությունը, մյուս կողմից պաշտպանելով դրանց հիմնական բովանդակությունը, կհիմնավորեն այդ շփումների նկատմամբ իրականացվող միջամտության իրավաչափությունը։ Մասնավորապես, քրեադատավարական միջոցների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների կիրառմամբ ուժեղացված պաշտպանության ներքո գտնվող այդ շփումների նկատմամբ իրականացվող միջամտությունը կարող է արդարացվել ինչպես օրենսդրությամբ նախատեսված հիմքերի, այնպես էլ ծանրակշիռ փաստական տվյալների առկայության դեպքում, որոնք առերևույթ կհիմնավորեն և օբյեկտիվ դիտորդի համար համոզիչ կերպով կփաստարկեն այդ շփումների ընթացքում քրեական օրենքով արգելված արարքի կատարման հատկանիշների ենթադրյալ առկայությունը։ Հակառակ մոտեցման պարագայում, եթե ուժեղացված պաշտպանության ներքո գտնվող շփումները ենթարկվեն անհարկի միջամտության, դրանց պաշտպանությանն ուղղված քրեադատավարական երաշխիքները կկորցնեն իրենց իմաստը և կդառնան առարկայազուրկ։

Նշված մոտեցումն ընկած է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հիմքում։ Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գնահատմամբ, փաստաբանները չեն կարող իրենց առջև դրված կարևոր խնդիրը լուծել, եթե չերաշխավորվի վստահորդների հետ նրանց շփումների գաղտնիությունը։ Դա հիմնված է իրենց միջև առկա վստահության հարաբերությունների վրա, ինչից անուղղակիորեն կախված է նաև արդար դատաքննության իրավունքը23։ Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Միացյալ Թագավորության դեմ գործերից մեկով, գնահատելով կալանավորված անձի՝ իր փաստաբանին ուղարկված կամ վերջինիցս ստացված նամակները քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից բացելու իրավաչությունը՝ ժողովրդավարական հասարակության մեջ նման միջամտության անհրաժեշտ լինելու տեսանկյունից, փաստել է, որ դա թույլատրելի է միայն այն բացառիկ դեպքերում, երբ իշխանությունները ողջամիտ հիմքեր ունեն ենթադրելու, որ քննարկվող արտոնությունը չարաշահվել է, քանի որ նամակի բովանդակությունը վտանգում է կալանավորվածներին պահելու վայրի կամ այլ անձանց անվտանգությունը, կամ հանցագործության տարրեր է պարունակում։ Իսկ ողջամիտ կասկածը կարող է կախված լինել գործի հանգամանքներից և ենթադրում է այնպիսի փաստերի կամ տեղեկությունների առկայություն, որոնք օբյեկտիվ դիտորդին կհամոզեն, որ հաղորդակցման արտոնյալ ուղին չարաշահվել է24։

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո պաշտպանության ենթակա կասկածյալ/մեղադրյալ և պաշտպան/օրինական ներկայացուցիչ շփումների կապակցությամբ պետությունը` ի դեմս քրեական հետապնդման մարմինների, պետք է մի կողմից իր ունեցած նեգատիվ պարտավորության շրջանակներում ձեռնպահ մնա այդ շփումներին անհարկի միջամտելուց, մյուս կողմից` իր պոզիտիվ պարտավորության շրջանակներում երաշխավորի այդ շփումների պատշաճ կազմակերպումը` ապահովելով անձի հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանությունը։ Ինչ վերաբերում է հնարավոր հանցավոր գործողություններին հակազդելու քրեադատավարական գործառույթին, ապա այդ դեպքում` ա) կասկածյալ/մեղադրյալ և պաշտպան/օրինական ներկայացուցիչ շփումների նկատմամբ իրականացվող միջամտության հիմնավորվածության կշիռը պետք է համարժեք լինի այդ շփումների համար օրենսդրությամբ սահմանված ուժեղացված պաշտպանության կշռին, բ) միջամտության ծավալը պետք է լինի նվազագույն, սահմանափակված լինի հնարավոր հանցավոր գործողությունների կատարման շրջանակով` ձեռնպահ մնալով դրանից դուրս` կասկածյալի/մեղադրյալի և պաշտպանի/օրինական ներկայացուցչի զրույցը վերահսկելուց և նրանց շփումների հիմնական բովանդակությունը գաղտնազերծելուց։

25. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում անչափահաս Ն.Խաչատրյանի և վերջինիս մոր՝ օրինական ներկայացուցիչ Մ.Խաչատրյանի տեսակցության ժամանակ նրանց նկատմամբ իրականացվել է «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի տեսաձայնագրությունը զննելու մասին արձանագրությունը դրվել է Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճռի հիմքում՝ այն հիմնավորմամբ, որ նշված միջոցառումն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան և չի հանգեցրել անչափահաս Ն.Խաչատրյանի և նրա օրինական ներկայացուցչի իրավունքների խախտման25,

- Վերաքննիչ դատարանը, 2018 թվականի հունիսի 28-ի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, փաստել է, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ կատարված տեսաձայնագրությունը և դրա վերաբերյալ կազմված զննության արձանագրությունը չեն կարող համարվել քննչական գործողության կատարման կարգի կոպիտ խախտմամբ ձեռք բերված, քանի որ տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման ընթացքում ստացված տվյալները չեն հանդիսացել փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք կարող էին համարվել որպես ապացույց չթույլատրվող նյութ26։

26. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 20-24-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ կատարված տեսաձայնագրությունը և դրա վերաբերյալ կազմված զննության արձանագրությունը թույլատրելի ապացույց համարելով՝ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ անչափահաս Ն.Խաչատրյանի և նրա օրինական ներկայացուցիչ Մ.Խաչատրյանի տեսակցության ժամանակ նրանց նկատմամբ իրականացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով չի համապատասխանել օրենքով սահմանված պահանջներին։ Մասնավորապես, նշված օպերատիվ-հետախուզական միջոցառմամբ իրականացված միջամտությունը`

- խախտել է նշված անձանց միջև տեսակցության կոնֆիդենցիալության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված կարևոր երաշխիքը։ Այսինքն` ոչ իրավաչափ միջամտություն է տեղի ունեցել կասկածյալի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին, քանի որ վերահսկվել է գաղտնիության պայմաններում իր օրինական ներկայացուցչի հետ ունեցած տեսակցությունը, որի ընթացքում կասկածյալն ունեցել է ողջամիտ ակնկալիք, որ այն իրականացվում է խորհրդապահական կարգով,

- եղել է ոչ իրավաչափ` հաշվի առնելով, որ բացակայել են կասկածյալի և օրինական ներկայացուցչի կողմից իրենց շփման ընթացքում քրեական օրենքով արգելված արարքի կատարման մասին վկայող փաստական տվյալներ։ Այդ համատեքստում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով իրականացված «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումը չի իրականացվել իր բնույթին և նպատակային նշանակությանը համապատասխան։ Մասնավորապես, տվյալ պարագայում գործով չեն ներկայացվել փաստարկված տվյալներ այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ, արդեն իսկ սկսված նախաքննության պայմաններում, երբ կասկածյալը ձերբակալվածի կարգավիճակում գտնվել է ոստիկանության բաժնում, առկա է եղել հետախուզական-որոնողական բնույթի տվյալ միջոցառման իրականացման անհրաժեշտություն։ Ավելին, չի հիմնավորվել, որ «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացմամբ առկա է եղել քննիչի դատավարական գործունեությանն աջակցելու անհրաժեշտություն, որ քրեադատավարական գործիքակազմը բավարար չի եղել քրեական հետապնդման խնդիրների արդյունավետ իրացման համար27։

Արդյունքում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անչափահաս Ն.Խաչատրյանի և վերջինիս մոր՝ օրինական ներկայացուցիչ Մ.Խաչատրյանի տեսակցության ժամանակ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմամբ իրականացված ոչ իրավաչափ միջամտությունն անհարկի սահմանափակել է կասկածյալի հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքը։

27. Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման ընթացքում ստացված տվյալները չեն կազմել փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեև ստացված տեղեկությունները չեն կազմել փաստաբանական գաղտնիք, սակայն պաշտպանված են եղել պաշտպանի հետ մեղադրյալի տեսակցությանը ներկայացվող` սույն որոշման 22.1-րդ կետում վկայակոչված նույնական պահանջներով։ Հետևաբար, օրինական ներկայացուցչի հետ տեսակցության նկատմամբ mutatis mutandis կիրառելով պաշտպանի հետ տեսակցությանը ներկայացվող պահանջները, որպես անչափահաս կասկածյալի (մեղադրյալի) պաշտպանության իրավունքի իրացման երաշխիք, կասկածյալ Ն.Խաչատրյանի և վերջինիս մոր՝ օրինական ներկայացուցիչ Մ.Խաչատրյանի տեսակցության ժամանակ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռքբերված տվյալները որպես ապացույց օգտագործվել չէին կարող։

28. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ հանգամանքները պատշաճ ուշադրության չարժանացնելը, և իրականացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները Ն.Խաչատրյանի նկատմամբ կայացված մեղադրական դատական ակտի հիմքում դնելը, հանգեցրել են վարույթի արդարացիության և ըստ այդմ` Ն.Խաչատրյանի արդար դատաքննության իրավունքի, ինչպես նաև հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի խախտման։ Այլ կերպ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Խաչատրյանի և Մ.Խաչատրյանի տեսակցության ընթացքում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ կատարված տեսաձայնագրությունը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով անթույլատրելի է և չէր կարող դրվել մեղսագրվող արարքում Ն.Խաչատրյանի մեղավորությունը հիմնավորող ապացույցների զանգվածում։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «թունավոր ծառի պտուղների» սկզբունքի կիրառմամբ, որպես ածանցյալ ապացույց անթույլատրելի է նաև «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման տեսաձայնագրության զննության արձանագրությունը28:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ մեղադրյալ Ն.Խաչատրյանի և նրա օրինական ներկայացուցիչ Մ.Խաչատրյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է և դրա արդյունքները որպես ապացույց օգտագործվել են օրենսդրության պահանջներին համապատասխան, հիմնավոր չէ։

29. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ, 17-րդ, 77-րդ, 105-րդ և 106-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է դատական ակտը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում, Վերաքննիչ դատարանը պետք է սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատի քրեական գործում առկա այլ ապացույցները և հանգի համապատասխան հետևության` անդրադառնալով նաև բողոքաբերի կողմից սույն որոշման 10.1-րդ կետում բարձրացված՝ մեղադրանքի հիմքում դրված ապացույցների բավարարության հարցին։

30. Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ չեն վերացել Նարեկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է թողնել անփոփոխ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Նարեկ Մայիսի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Ամբաստանյալ Նարեկ Մայիսի Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 76-101:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 54:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 53:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 17-րդ, թերթեր 87-129:

5 Տե՛ս նույն տեղում:

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 18-րդ, թերթեր 103-153:

7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ P.G. and J.H v. The United Kingdom գործով 2001 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 44787/98։

8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Perry v. The United Kingdom գործով 2003 թվականի հուլիսի 17-ի վճիռը, գանգատ թիվ 63737/00:

9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Allan v. The United Kingdom գործով 2002 թվականի նոյեմբերի 5-ի վճիռը, գանգատ թիվ 48539/99:

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Wisse c. France գործով 2005 թվականի դեկտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 71611/01, 29-րդ կետը։

11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Wisse c. France վճիռը, 30-31-րդ կետերը։

12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Matheron v. France գործով 2005 թվականի մարտի 29-ի վճիռը, գանգատ թիվ, 29-րդ կետը։

13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Campbell v. The United Kingdom գործով 1992 թվականի մարտի 25-ի վճիռը, գանգատ թիվ 13590/88, 44-րդ կետը։

14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի վերաբերյալ 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԿԴ/0229/01/16 որոշման 17-17.2-րդ կետերը:

15 Տե՛ս նույն որոշման 19-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

17 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

18 Տե՛ս Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնները (Պեկինյան կանոններ)` հաստատված ՄԱԿ-ի 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/33 բանաձևով։

18 Տե՛ս Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների (Պեկինյան կանոններ) մեկնաբանություն, www.arlis.am Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում։

20 Տե՛ս «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` «Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին»։

21 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` S. v. Switzerland գործով 1991 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը, գանգատներ թիվ 12629/87, 13965/88, 48-րդ կետը։

22 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի վերաբերյալ 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԿԴ/0229/01/16 որոշման 17-17.2-րդ կետերը:

23 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Michaud v. France գործով 2012 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 12323/11, 118-րդ և 119-րդ կետեր։

24 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Campbell v. The United Kingdom գործով վճռի 48-րդ կետը։

25 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

26 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

27 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի վերաբերյալ 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԿԴ/0229/01/16 որոշման 17.1-րդ կետը:

28 Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Սարգսյանի վերաբերյալ 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵՔՐԴ/0295/01/08 որոշումը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան