Գլխավոր տեղեկություն
Номер
N 1112-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.07.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.07.2020
Дата вступления в силу
07.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2020 թվականի N 1112-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 174-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին, 8.2-րդ և 8.3-րդ կետերով.

«8.1. Պարտադիր վերապատրաստման են ենթակա ոստիկանության այն ծառայողները, ովքեր փոխադրման կարգով կնշանակվեն ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում։ Պարտադիր վերապատրաստում պետք է անցնեն նաև ոստիկանության այն ծառայողները, ովքեր զեկուցագիր կներկայացնեն ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու համար։ Զեկուցագիր ներկայացրած ոստիկանության ծառայողների վերապատրաստման հիմք է հանդիսանում ոստիկանության ուսումնական հաստատությունում անցկացվող մրցույթը, որի կարգը սահմանվում է ոստիկանության պետի՝ ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության կարգը սահմանող հրամանով։

8.2. Զեկուցագրին կից պարեկային ծառայության անցնելու համար ոստիկանության ծառայողները պետք է ներկայացնեն նաև B կարգի վարորդական վկայականը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ պարտավորագիր՝ վերապատրաստման դասընթացն սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում համապատասխան կարգի վարորդական վկայական ձեռք բերելու վերաբերյալ։

8.3. Ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով դադարեցվում է պարեկային ծառայության պաշտոնի նշանակման համար անցկացվող դասընթացին ոստիկանության այն ծառայողի վերապատրաստումը, որը դասընթացն սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարին ուղղված զեկուցագրով չի հավաստել սույն կարգի 8.2-րդ կետում նշված վարորդական վկայականը ձեռք բերելու փաստը՝ դրան կցելով վկայականի պատճենը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.

«9.1. Օրենքի 14-րդ հոդվածի 6.1.-րդ հոդվածով նախատեսված դեպքում ոստիկանության ծառայողներն անցնում են վերապատրաստում՝ «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության ժամկետով՝ բացառությամբ պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում գլխավոր խմբի պաշտոններում նշանակվող ծառայողների, ավագ խմբի պաշտոններից բաժնի պետի տեղակալի պաշտոնին նշանակվող ծառայողների, ենթակա ստորաբաժանում հանդիսացող Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալների, ինչպես նաև պարեկային ծառայության կադրային ապարատի ծառայողների, վարչական գործունեության բաժանմունքի, հետախուզական հատուկ խմբի, հերթապահ ծառայության, ովքեր անցնում են պարտադիր վերապատրաստում՝ 2 ամիս ժամկետով։»

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին և 12.2-րդ կետերով.

«12.1. Սույն կարգի 12-րդ կետի «գ» ենթակետով սահմանված դրույթը չի տարածվում օրենքի 14-րդ հոդվածի 6.1-րդ մասով սահմանված վերապատրաստում անցնելու պարտականություն ունեցող ոստիկանության ծառայողների, ինչպես նաև փոխադրման կարգով ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում նշանակվող ոստիկանության ծառայողների նկատմամբ։

12.2. Վերապատրաստման մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ոստիկանության ծառայողները, բացառությամբ՝

1) հեռակա ուսուցման ձևով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորողների.

2) 40 տարեկանը լրացած իգական և 45 տարեկանը լրացած արական սեռի ծառայողների.

3) զբաղեցրած պաշտոնում մեկ տարվանից պակաս ծառայության ստաժ ունեցող ծառայողների, բացառությամբ Պարեկային ծառայության ձևավորմամբ պայմանավորված լուծարվող ստորաբաժանումների («Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն, ինչպես նաև ոստիկանության համակարգում պարեկապահակակետային ծառայություն իրականացնողներ) ծառայողների։».

4) 13-րդ կետը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Օրենքի 14-րդ հոդվածի 6.1-րդ մասով նախատեսված վերապատրաստումը հաջողությամբ չավարտած ոստիկանության ծառայողները պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում պաշտոնի չեն նշանակվում և շարունակում են մնալ իրենց զբաղեցրած պաշտոնում։ Փոխադրման կարգով ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու համար վերապատրաստումը հաջողությամբ չավարտած ծառայողներն օպերատիվ կառավարման կենտրոնում պաշտոնի չեն նշանակվում և շարունակում են մնալ իրենց զբաղեցրած պաշտոնում։».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով.

«13.1. Սույն կարգի 8.2-րդ կետով սահմանված պահանջը չկատարելու դեպքում ոստիկանության ծառայողը համարվում է վերապատրաստումը հաջողությամբ չավարտած։».

6) 14-րդ կետը «ստաժավորման ձևով» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման և օպերատիվ կառավարման կենտրոնի կազմում նշանակված ոստիկանության ծառայողների» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի և մարզային ստորաբաժանումների պարեկապահակետային շարային ստորաբաժանումների, ինչպես նաև «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից վերապատրաստումը հաջող չավարտելու դեպքում այդ ստորաբաժանումների լուծարումից հետո վերջիններս գրանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 3

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2020 թվական: