Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.09.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
18.09.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
18.09.2019
Дата вступления в силу
18.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱԴԴ/0047/01/17

ԵԱԴԴ/0047/01/17

Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան

Դատավորներ՝

Ռ. Բարսեղյան

Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
  մասնակցությամբ դատախազ` Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

 

2019 թվականի սեպտեմբերի 18-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Գևորգ Գագիկի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի կայազորի զինվորական դատախազությունում 2017 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90201817 քրեական գործը։

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Գևորգ Գագիկի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով։

2017 թվականի հունիսի 14-ին Գ.Սարգսյանի վերաբերյալ թիվ 90201817 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որին շնորհվել է ԵԱԴԴ/0047/01/17 համարը։

2. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում 2017 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 92200317 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ Գ.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով։

2017 թվականի սեպտեմբերի 19-ին Գ.Սարգսյանի վերաբերյալ թիվ 92200317 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), որին շնորհվել է ԵԱԴԴ/0080/01/17 համարը։

3. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ Գ.Սարգսյանի վերաբերյալ թիվ ԵԱԴԴ/0047/01/17 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով, և թիվ ԵԱԴԴ/0080/01/17 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, միացվել են մեկ վարույթում՝ ԵԱԴԴ/0047/01/17 համարով։

Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճռով ամբաստանյալ Գ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով, և յուրաքանչյուր դրվագով դատապարտվել է ազատազրկման՝ 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանցանքների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունիսի 18-ի որոշմամբ պաշտպան Ա.Դավթյանի վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Գ.Սարգսյանին թիվ 90201817 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով, մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ «[Ն]ա, հանդիսանալով ՀՀ ՈԶ 1032 զորամասի հասարակական պահպանության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի, 2-րդ մարտական խմբի հրաձիգ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, 29.03.2017 թվականին՝ ժամը 10:00-ից, առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չի ներկայացել, իսկ 04.04.2017 թվականին՝ ժամը 17:50-ին, ինքնակամ ներկայացել է ծառայության վայր՝ ծառայությունից բացակայելով երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավել տևողությամբ։

Բացի այդ, Գևորգ Գագիկի Սարգսյանը 05.04.2017 թվականին՝ ժամը 10:00-ից, առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չի ներկայացել, 06.04.2017 թվականից մինչև 20.04.2017 թվականը գտնվել է հանգստի մեջ, իսկ 06.05.2017 թվականին՝ ժամը 14:00-ին, ինքնակամ ներկայացել է ծառայության վայր՝ ծառայությունից բացակայելով երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավել տևողությամբ»1:

Գ.Սարգսյանին թիվ 92200317 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «[Ն]ա, հանդիսանալով ՀՀ ՈԶ 1032 զորամասի հասարակական պահպանության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի 2-րդ մարտական խմբի հրաձիգ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, պարտավոր լինելով աշխատանքային օրերին ժամը 10:00-ին ներկայանալ ծառայության, 29.05.2017 թվականին՝ ժամը 10:00-ից մինչև 31.05.2017 թվականը ժամը 15:10-ը, 01.06.2017 թվականին՝ ժամը 10:00-ից մինչև 18:50-ը և 27.06.2017 թվականը ժամը 10:00-ից մինչև ժամը 18:50-ն ընկած ժամանակահատվածներում՝ երեք ամսվա ընթացքում երեք անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ առանց հարգելի պատճառների չի ներկայացել ծառայության»2։

7. Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճռով արձանագրել է. «(...) Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Գևորգ Սարգսյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտնեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Դատարանը համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-ին և 375.2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ (…)»3:

8. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունիսի 18-ի որոշմամբ փաստել է. «(...) Սույն քրեական գործի նյութերից երևում է, որ ամբաստանյալ Գ.Սարգսյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հունիսի 16-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և դատապարտվել է ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:

(…)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 30-ի սույն գործով դատավճիռ կայացնելիս պետք է հաշվի առներ այն փաստը, որ Գ.Սարգսյանի նկատմամբ գոյություն ունի Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2017 թվականի հունիսի 16-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, և ամբաստանյալի նկատմամբ վերջնական պատիժ պետք է նշանակեր ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 67-րդ հոդվածների կիրառմամբ:

Մինչդեռ, դատարանը, հաշվի չառնելով այդ դատավճռի առկայությունը, ամբաստանյալի նկատմամբ պատիժ է նշանակել միայն սույն գործով իրեն վերագրվող հանցանքների համակցությամբ, որով թույլ է տվել նյութական և դատավարական խախտումներ:

 (...)

Այս պայմաններում Վերաքննիչ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ ամբաստանյալ Գ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի պատճառաբանություններին, դրանք քննարկման առարկա կարող են դառնալ վերոնշյալ խախտումները վերացնելուց հետո: (…)»4:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, չպահպանելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, սեփական նախաձեռնությամբ դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից և բեկանել ստորադաս դատարանի դատական ակտն այն դեպքում, երբ գործի նյութերում չի եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:

Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել նյութական իրավունքի հիմնարար խախտում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 67-րդ հոդվածները, որի արդյունքում կայացվել է չհիմնավորված և անօրինական դատական ակտ:

10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունիսի 18-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճիռը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, պահպանե՞լ է արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված` դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու իրավական պահանջը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատական ակտը փոփոխելիս վերաքննիչ դատարանը կարող է անձին դատապարտել ավելի ծանր հանցագործության համար կամ ավելի խիստ պատժի, քան ստորադաս դատարանը, միայն այն դեպքում, երբ բողոքը բերել է դատախազը, տուժողը կամ նրա ներկայացուցիչը»:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու մասին օրենսդրական պահանջին` Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այն դատավարության մասնակցին տրված երաշխիք է առ այն, որ իր գործով դատական քննության ընթացքում վերաքննիչ դատարանը չի կատարի տվյալ անձի դատավարական հակառակորդի գործառույթ5:

Այլ կերպ` վերաքննիչ դատարանը գործը քննում է բացառապես վերաքննիչ բողոքի առկայության պարագայում և բացառապես դրա հիմքերի ու հիմնավորումների սահմաններում, բացառությամբ եթե թույլ է տրվել դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն անվերապահորեն պետք է հանգեցնի դատական ակտի բեկանման (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մաս) կամ առկա է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Հետևաբար, վերը նշված բացառիկ հիմքերի բացակայության պարագայում, վերաքննիչ դատարանը զրկվում է վերանայման սահմաններից դուրս գալու իրավական հնարավորությունից, քանի որ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռումը պահանջում է ոչ թե ցանկացած, այլ միայն բացառիկ դեպքերում բողոքի սահմաններից դուրս գալու հնարավորության ընձեռում6:

Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավական նորմին` Վճռաբեկ դատարանը Հասմիկ Սարգսյանի վերաբերյալ որոշման շրջանակներում փաստել է, որ այն ըստ էության բովանդակում է դեպի վատթարացում շրջադարձի անթույլատրելիության հայտնի կանոնը (ne reformatio in pejus կամ ne pejus), ինչն ամբաստանյալի բողոքարկման իրավունքի իրացման, վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության կարևորագույն երաշխիք է: Այլ կերպ` դեպի վատթարացում շրջադարձի արգելքն ապահովում է անձի պաշպանության և բողոքարկման ազատության իրավունքի անխոչընդոտ իրացումը, հնարավորություն ընձեռում ամբաստանյալին բողոք ներկայացնելու կայացված դատական ակտի դեմ` առանց իր վիճակի հետագա վատթարացման մտավախության: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը վերանայվում է պաշտպանության կողմի բողոքի հիման վրա, անձը չի կարող դատապարտվել ավելի ծանր հանցագործության համար կամ ավելի խիստ պատժի, քան դատապարտվել է ստորադաս դատարանի դատական ակտով7:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով Գ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով, և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հանցանքների համակցությամբ պատիժները մասնակի գումարելու միջոցով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով8:

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքով ամբաստանյալի պաշտպանը խնդրել է Գ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սակայն Վերաքննիչ դատարանն ըստ էության քննության առարկա չի դարձրել պաշտպանի բողոքը և մերժել է այն` գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը հնարավորություն չի տալիս ներկայացված բողոքի կապակցությամբ կայացնելու համապատասխան դատական ակտ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը սույն գործով 2017 թվականի հոկտեմբերի 30-ին դատավճիռ կայացնելիս պետք է հաշվի առներ այն, որ Գ.Սարգսյանի նկատմամբ 2017 թվականի հունիսի 16-ին կայացվել և օրինական ուժի մեջ է մտել դատավճիռ, հետևաբար ամբաստանյալի նկատմամբ վերջնական պատիժ պետք է նշանակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 67-րդ հոդվածների կանոններով: Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը, հաշվի չառնելով այդ դատավճռի առկայությունը, ամբաստանյալի նկատմամբ պատիժ է նշանակել միայն սույն գործով իրեն վերագրվող հանցանքների համակցությամբ, ուստի թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ9։

13. Սույն որոշման 12-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից: Այսպես` Գ.Սարգսյանի պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել` խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պայմանականորեն չկիրառել, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, առանց պաշտպանի` վերաքննիչ բողոքով բարձրացված փաստարկներին անդրադառնալու, սեփական նախաձեռնությամբ քննարկման առարկա է դարձրել Առաջին ատյանի դատարանի կողմից Գ.Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 67-րդ հոդվածներով սահմանված կանոնները չկիրառելու հարցը: Վերոնշյալի արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, այդ հիմքով բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թույլ տրված` պատիժ նշանակելու կանոնների ենթադրյալ խախտումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` դատական ակտի անվերապահ բեկանմանը հանգեցնող խախտում չէ, հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավասու չէր դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից:

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, պաշտպանության կողմի բողոքով բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և գործը նոր քննության ուղարկելով այն պատճառաբանությամբ, որ ստորադաս դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս հաշվի չի առել ամբաստանյալ Գ.Սարգսյանի վերաբերյալ այլ գործով դատավճռի առկայությունը, թույլ է տվել դեպի վատթարացում շրջադարձի անթույլատրելիության սկզբունքի խախտում: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պաշտպանության կողմի բողոքով ի վնաս անձի դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմանից, նոր քննության այնպիսի ծավալ է սահմանել, որի պարագայում, Առաջին ատյանի դատարանի կողմից հանցանքների կամ դատավճիռների համակցության կանոնների հնարավոր կիրառման դեպքում անխուսափելիորեն Գ.Սարգսյանի նկատմամբ կնշանակվեր ավելի խիստ պատիժ` խախտելով անձի պաշտպանության իրավունքը:

14. Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճիռը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված` դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու իրավական պահանջը:

15. Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը և քրեական գործի վարույթը բացառող հանգամանք և կրկնելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում10՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել ամբաստանյալ Գ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե

(…)

6) անցել են վաղեմության ժամկետները.

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ [կետում նշված հիմքով] (…) գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում11: Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է12:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Գ.Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ` երեք դրվագով, որը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին, հետևաբար վերջինս վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման, եթե իր կատարած հանցավոր արարքներն ավարտված համարելու օրվանից անցել է երկու տարի, և նրա նկատմամբ առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

Այսպես` ամբաստանյալ Գ.Սարգսյանն իրեն մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները` երեք դրվագ, կատարել է 2017 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 4-ը, ապրիլի 5-ից մինչև մայիսի 6-ը, մայիսի 29-ից մինչև հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում13:

Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2017 թվականի հոկտեմբերի 30-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2018 թվականի հունիսի 18-ին: Նշված որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վերոշարադրյալից բխում է, որ Գ.Սարգսյանին մեղսագրվող` երեք դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներն ավարտված համարելու օրվանից ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ մտած չի եղել14:

Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ Գ.Սարգսյանին մեղսագրվող` երեք դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ամբաստանյալ Գ.Սարգսյանն իր նկատմամբ կայացված դատավճիռը Վերաքննիչ դատարանում վիճարկել է միայն պատժի մասով, պնդելով, որ այն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով անհրաժեշտ էր պայմանականորեն չկիրառել: Այլ կերպ` պաշտպանական կողմը ամբաստանյալի մեղավորության հարցը չի վիճարկել, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է:

18. Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գ.Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 18-ի որոշումը պետք է բեկանել, Գ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, և քրեական գործի վարույթը կարճել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գևորգ Գագիկի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 18-ի որոշումը բեկանել, Գևորգ Գագիկի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և գործի վարույթը կարճել:

2. Ամբաստանյալ Գևորգ Գագիկի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_____________________________

1 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 72-73։

2 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 83-84։

3 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 79-87։

4 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 174-187։

5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Սաքունցի վերաբերյալ գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0001/11/10, Գեղամ Ղազարյանի վերաբերյալ գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշումները:

6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10, Արթուր Խուրշուդյանի վերաբերյալ գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԱՔԴ/0065/01/11 որոշումները:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հասմիկ Սարգսյանի վերաբերյալ գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ՍԴ/0080/01/17 որոշման 14-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը:

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը։

11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի վերաբերյալ գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի վերաբերյալ գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները։

12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով վերը հիշատակված որոշման 25-րդ կետը։

13 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

14 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2020 թվական: