ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2020 թվականի N 1038-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1038-Լ որոշման |
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
2. Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային և ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առևտրային կոոպերատիվների, կուսակցությունների) 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:
3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Աջակցությունը վճարվում է բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
4. Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝
1) ում 2020 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը.
2) ով 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա.
3) 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո), ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել.
4) ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 983-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու։
5. Սույն միջոցառման իմաստով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե մինչև 2020 թվականի հունիսի 8-ը ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |