Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-79
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.08.2000-01.01.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.08.01/17(115)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.07.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.07.2000
Дата вступления в силу
01.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 Ընդունված է 2000 թվականի հուլիսի 7-ին

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկի հաշվարկման վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների, ակցիզային հարկ վճարողների (այսուհետ` հարկ վճարողներ) շրջանակը, ակցիզային հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

 

Հոդված 2.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ

 

Ակցիզային հարկը սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:

 

Հոդված 3.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ և ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, գինենյութը, սպիրտը և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):

2. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են վերոհիշյալ ապրանքները ներմուծող կամ արտադրող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:

3. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում` շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները):

4. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում` շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են դրանք արտադրող (պատրաստող, շշալցնող) անձինք:

5. Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող:

 

Հոդված 4.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ և ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ

 

1. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է համարվում`

ա) «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրողների (ներառյալ` շշալցնողների կամ այլ կերպ տարայավորողների) կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (այդ թվում` անհատույց):

Սույն հոդվածի կիրառման առումով հարկվող օբյեկտ է համարվում նաև գույքի (ներառյալ` ապրանքների), ծառայությունների, աշխատանքների և գույքային իրավունքների դիմաց ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (փոխանակումը):

2. Սույն օրենքի իմաստով հարկման բազա է համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված սույն օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով, որի նկատմամբ օրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է ակցիզային հարկի գումարը:

 

Հոդված 5.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով`

 

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի Ապրանքախմբի անվանումը Հարկման բազայի միավորը Ակցիզային հարկի դրույքաչափը(դրամ)
2203 գարեջուր 1 լիտր

70

2204 խաղողի և այլ գինիներ, գինենյութ  

100

220410 այդ թվում` 1 լիտր  
  փրփրուն գինիներ,  

180

  շամպայն  

 300

2205 վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ 1 լիտր

500

2206 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) 1 լիտր

180

2207 էթիլային սպիրտ 1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

600

2208 սպիրտային խմիչքներ  

1,500

  այդ թվում`    
220820 խաղողի գինու կամ գինենյութի թորումից ստացվող սպիրտային թրմեր (կոնյակ, արմանյակ և այլն) 1 լիտր 1,200
220860, 220870 օղի, լիկյորներ և մրգօղիներ   300
2403 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կիլոգրամ 1,500
2709 հում նավթ և նավթամթերքներ 1 տոննա 27,000
2710 00 690 դիզելային վառելիք 1 տոննա 11,500
 2711 (բացառությամբ 2711 11 և 2711 21) նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) 1 տոննա 1,000

 

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան 2208 ծածկագրում ներառված` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության` 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով:

3. Ծխախոտի արտադրանքի և բենզինի ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվում են առանձին օրենքներով:

4. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ:

 

Հոդված 6.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ակցիզային հարկով չեն հարկվում`

ա) Հայաստանի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանումը, եթե առկա է սույն օրենքի 9 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված փաստաթուղթը.

բ) «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ռեժիմներով հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.

գ) օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, պետությանը հանձնված տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և օտարումը.

դ) մաքսային օրենսդրությամբ սահմանված` ապրանքների քանակը կամ մաքսային արժեքը չգերազանցող չափով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները:

2. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի այլ արտոնություններ:

 

Հոդված 7.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ:

2. Հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար, և չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին:

 

Հոդված 8.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ և ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն կետով նշված դեպքում վճարողներն ակցիզային հարկի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց համար ակցիզային հարկի գծով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` մինչև դրան հաջորդող ամսվա 15-ը, վճարում են ակցիզային հարկը և համապատասխան տարածքային հարկային տեսչություն են ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով:

4. Հարկ վճարողի կողմից ակցիզային հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման և սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, որոնց ներկայացման կարգը և ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

5. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը`

ա) այդ հումքից պատրաստված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում ենթակա է վերադարձման` սույն օրենքի 9 հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում.

բ) բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքի, պակասեցվում է դրանց համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա` հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն:

6. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի` այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարը գերազանցող մասը հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:

7. Հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, դրանց լրացման կարգը, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 9.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Պետական գրանցում ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման` այդ անձանց հարկային այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման` օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե նշված անձանց կողմից տարածքային հարկային մարմին են ներկայացվում`

ա) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողներից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների հաշվարկային և վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները.

բ) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված բեռնամաքսային հայտարարագրի պատճենը` «Բացթողումը թույլատրված է» նշումով:

2. Հարկի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվում է այլ հարկային պարտավորություններ չունենալու դեպքում, կամ հաշվանցվում է այլ հարկային պարտավորությունների հաշվին`

ա) ակցիզային հարկ վճարող անձանց համար` սույն օրենքով սահմանված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ակցիզային հարկի հաշվարկների հիման վրա` հարկ վճարողի դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` երեսուն օրվա ընթացքում.

բ) ակցիզային հարկ վճարող չհամարվող անձանց համար` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` երեսուն օրվա ընթացքում:

 

Հոդված 10.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար հարկ վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ակցիզային հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի չափով:

3. Սույն օրենքի 8 հոդվածի 4-րդ կետում նշված կարգով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` 200 հազար դրամի չափով:

 

Հոդված 11.

ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ-ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

Հոդված 12.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի հունիսի 24-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 հուլիսի 2000 թ.
ՀՕ-79