Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-121
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.01.2001-01.01.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.12.30/33(131)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.12.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.12.2000
Дата вступления в силу
09.01.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն օրենքի նպատակն է սահմանել փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների չափորոշիչները, պետական աջակցության հիմնական ուղղությունները և այդ ոլորտում պետական քաղաքականության իրականացման սկզբունքները:

Փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) ոլորտում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Սույն օրենքը չի տարածվում վարկային, ապահովագրական և ներդրումային կազմակերպությունների, գրավատների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև դուստր և կախյալ տնտեսական ընկերությունների վրա:

 

Հոդված 2. ՓՄՁ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սուբյեկտները դասակարգվում են`

ա) գերփոքր` առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը չի գերազանցում հինգ մարդը.

բ) փոքր` առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը չի գերազանցում`

- արդյունաբերության և նյութական արտադրության այլ ճյուղերում - 50,

- շինարարության և էներգետիկայի բնագավառում - 25,

- գիտության և կրթության բնագավառում - 25,

- տրանսպորտի, առևտրի և ծառայությունների բնագավառում - 15 մարդը.

գ) միջին` առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը չի գերազանցում`

- արդյունաբերության և նյութական արտադրության այլ ճյուղերում - 100,

- շինարարության և էներգետիկայի բնագավառում - 50,

- գիտության և կրթության բնագավառում - 50,

- տրանսպորտի, առևտրի և ծառայությունների բնագավառում - 30 մարդը:

2. Միաժամանակ մի քանի ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատկանելությունը ՓՄՁ սուբյեկտներին որոշվում է դրանց կողմից իրականացվող գործունեության գերակշիռ ոլորտի չափորոշիչներով:

3. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 3. ՓՄՁ-ի ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղություններն են`

- իրավական բարենպաստ դաշտի ձևավորումը,

- ֆինանսական և ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը,

- աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանը ու զարգացմանը նպաստելը,

- տեղեկատվական և խորհրդատվական օգնությունը,

- արտաքին տնտեսական գործունեության խթանումը,

- նորարարական գործունեության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը,

- բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը,

- կադրերի պատրաստումը և վերապատրաստումը,

- վիճակագրական հաշվետվությունների և հաշվապահական հաշվառման պարզեցված համակարգերի ստեղծումը,

- պետական գնումների իրականացման գործընթացում աջակցությունը:

 

Հոդված 4. ՓՄՁ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

ՓՄՁ-ի պետական աջակցությունը իրականացվում է տարեկան ծրագրով (այսուհետ` Ծրագիր): Ծրագիրը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ծրագրի իրականացման ֆինանսավորումը նշվում է պետական բյուջեում առանձին տողով:

Ծրագիրը մշակվում է սույն օրենքով սահմանված հիմնական ուղղություններին համապատասխան` ելնելով տվյալ ժամանակահատվածում զարգացման գերակայություններից, ներառյալ` ՓՄՁ ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացվում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
28 դեկտեմբերի 2000 թ.
ՀՕ-121