Գլխավոր տեղեկություն
Номер
N 1001-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 20.06.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.06.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.06.2020
Дата вступления в силу
21.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2020 թվականի N 1001-Լ

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-605-07.05.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 19

Երևան

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-605-07.05.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով, ըստ էության, առաջարկվում է պարտադիր ժամկետային զինծառայողների պարտադիր զինվորական ծառայության ժամանակաշրջանը հաշվարկել հանրային ծառայության ստաժ` պետական ծառայության, քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար:

Նախագծերի հիմնավորման համաձայն՝ զինվորական ծառայողները, որոնք պայմանագրային հիմունքներով են ծառայում, համարվում են հանրային ծառայողներ, իսկ նրանց հավասար զինվորական պաշտոնում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները չեն համարվում հանրային ծառայողներ, չնայած իրականացնում են նույնաբովանդակ ծառայություն, լուծում են նույն աշխատանքային խնդիրները, դրսևորում են նույն մասնագիտական ունակությունները, ձեռք են բերում նույն մասնագիտական կոմպետենցիան։

Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է.

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայության ստաժը ներառում է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը։ Այսինքն՝ հանրային ծառայության ստաժ համարվելու հիմնական նախապայմանը հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելն է:

Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության պաշտոնն արժանիքահենք, կարիերային առաջընթացով բնութագրվող, քաղաքական չեզոքություն և մասնագիտական գործունեություն պահանջող հաստիքային միավոր է, որը նախատեսված է պետական ծառայության առանձին տեսակների պաշտոնների անվանացանկով կամ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով: Իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձևն է և պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը:

Այսինքն՝ հանրային ծառայության պաշտոնը պետք է նախատեսված լինի տվյալ ծառայության պաշտոնների անվանացանկով, հիմնված լինի արժանիքների վրա, բնութագրվի կարիերային առաջընթացով, քաղաքական չեզոքություն և մասնագիտական գործունեություն պահանջող հաստիքային միավոր լինի, մինչդեռ պարտադիր զինվորական ծառայությունը զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունն է, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց սահմանադրական պարտականությունն են կատարում և որին բնորոշ չեն վերը նշված հատկանիշները:

Ավելին՝ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։

Համաձայն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը:

Այսինքն՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով օրենսդիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը չի ընդգրկել պետական ծառայության տեսակների մեջ։ Օրենսդրի նման բացառության սահմանումն ունի իր օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորումը, հետապնդում է հանրային ծառայության սկզբունքներից, հանրային ծառայության անցնելու պահանջներից, հանրային ծառայության պաշտոնների դասակարգման չափորոշիչներից, հանրային ծառայողի հիմնական իրավունքներից և պարտականություններից բխող իրավաչափ նպատակ:

Այսպես՝ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, իսկ Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք:

Վերոգրյալ իրավական կարգավորումներից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու` զինված ուժերում ծառայելու սահմանադրական պարտականությունն է, իսկ հանրային ծառայության ընդունվելը քաղաքացու սահմանադրական իրավունքն է՝ իր ազատ կամահայտնությամբ: Այս համատեքստում անհրաժեշտ է դիտարկել «պարտականություն» և «իրավունք» եզրույթների սահմանազատումը: Այսպես՝ «պարտականություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է Սահմանադրությամբ և օրենքներով` քաղաքացու կամքից անկախ, վերջինիս համար սահմանված պարտադիր վարքագծի կանոն, իսկ «իրավունք» հասկացությունն իր հերթին ենթադրում է քաղաքացու ազատ կամահայտնությամբ և սեփական գործողությունների շնորհիվ ստանձնած համապատասխան վարքագիծ: Վերոգրյալի հաշվառմամբ պարզ է դառնում, որ հանրային ծառայության անցնելը չի կարող պարտադրվել անձին, այն անձի սահմանադրական իրավունքն է՝ հիմնված ազատ կամահայտնության սկզբունքի վրա, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով մասնակցելն անձի համար պարտադիր է, այն անձի սահմանադրական պարտականությունն է՝ իր կամքից անկախ, և հենց վերոգրյալով է պայմանավորված, որ օրենսդիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը չի ընդգրկել հանրային ծառայության՝ պետական ծառայության տեսակների մեջ։

Բացի այդ, հարկ է նշել նաև, որ օրենսդիրը հանրային ծառայության առանձին տեսակները կարգավորող մի շարք օրենքներում, տվյալ ծառայության անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնելու համար սահմանելով աշխատանքային ստաժի և փորձի չափանիշներ, նախատեսել է նաև ըստ պաշտոնների խմբերի կամ ենթախմբերի՝ հանրային ծառայության համապատասխան ստաժ ունենալու պահանջ։ Հանրային ծառայության պաշտոններն ըստ խմբերի և ենթախմբերի դասակարգումն իրականացվում է՝ հաշվի առնելով պաշտոնի գործառույթներից բխող աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծումների շրջանակը, մինչդեռ զորակոչի միջոցով իրականացվող պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար նման նախապայմաններ սահմանված չեն:

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծերի փաթեթով քննարկվող օրենքների գործող հոդվածները թողնել անփոփոխ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան