ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի մայիսի 30-ին
ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքով կարգավորվում է պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակելի տարածությունների (այսուհետ` բնակարաններ) անհատույց մասնավորեցման հետ կապված իրավահարաբերությունները:
Հոդված 2. Սույն օրենքի համաձայն անհատույց մասնավորեցման են ենթակա 1999 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատկացված (վարձակալության տրված) պետական սեփականություն համարվող բնակարանները:
Մասնավորեցման ենթակա չեն պետական սեփականություն համարվող և 1999 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիներին պաշտոնեական (ծառայողական) օգտագործման համար հատկացված բնակարանները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձնացված այլ բնակարաններ:
Պետական սեփականություն համարվող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 3. Բնակարանային ֆոնդի մասնավորեցումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով, մարզերում` մարզպետների, Երևան քաղաքում` քաղաքապետի կողմից:
Հոդված 4. Պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակարանների մասնավորեցումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից համապատասխան մարզպետին (Երևան քաղաքում` քաղաքապետին) ուղղված դիմումի հիման վրա` այդ բնակարանում բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում:
Մասնավորեցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Մասնավորեցման մասին դիմումը կարող է տրվել տվյալ բնակարանի վարձակալի հետ վարձակալության պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում: Սույն ժամկետի խախտմամբ տրված դիմումները չեն քննարկվում:
Հոդված 5. Պետական բնակարանային ֆոնդի բնակարանները մասնավորեցվում են տվյալ բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձանց անունով` որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:
Հոդված 6. 1999 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակարանների վարձակալության պայմանագիր կնքած անձինք այդ բնակարանների մասնավորեցման համար կարող են դիմել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` մեկ տարվա ընթացքում:
Հոդված 7. Պետական բնակարանային ֆոնդի մասնավորեցման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով:
Հոդված 8. Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների մասնավորեցման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության | Ռ. Քոչարյան |
|