ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1539/02/13 Դատավորներ՝ Ն. Մարգարյան Ա. Պետրոսյան
Քաղաքացիական գործ
2020 թ.
Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. հակոբյան | |
զեկուցող |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
|
|
Ե. Խունդկարյան |
|
|
Գ. հակոբյան |
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2020 թվականի ապրիլի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ասյա Պողոսյանի ներկայացուցիչ Սուրեն Բաղրամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ասյա Պողոսյանի ընդդեմ Գայանե Գալստյանի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի (իրավահաջորդ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) (այսուհետ՝ Ընկերություն), երրորդ անձինք Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` սեփականատիրոջ իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ասյա Պողոսյանը ներկայացրել է հետևյալ հայցապահանջները՝
1) պարտավորեցնել Գայանե Գալստյանին՝
- Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի բնակելի տան և բաց պատշգամբի տանիքի դիրքը փոխել այնպես, որպեսզի բացառվի անձրևաջրերի և ձյան հալոցքի հոսքը դեպի Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողատարածք, այսինքն՝ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի անշարժ գույքի ջրահեռացումը կազմակերպել և իրագործել բացառապես Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի հողամասի սահմաններում,
- ապամոնտաժել Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի սահմանով անցնող՝ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի տանիքի ջրահեռացման, խմելու ջրի խողովակներն ու էլեկտրաէներգիայի մալուխները,
- Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի անշարժ գույքի կողային պատի բոլոր պատուհանները և բաց պատշգամբը, որոնք նայում են Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամաս, լցաշարել,
- վերացնել Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 2-3 սահմանագծում առկա խոչընդոտները՝ ազատել Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 2-3 սահմանագծի հատվածում կառուցված արգելակները և քանդել Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 1-2 սահմանագծում առկա ճանապարհի վրա ինքնակամ կառուցված պարիսպը,
2) պարտավորեցնել Ընկերությանը՝
- ապամոնտաժել Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի սահմանով անցնող Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազամատակարարման խողովակները,
- տեղափոխել Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազի երկու հաշվիչները,
3) որպես խախտված սեփականության իրավունքի վերականգնում՝ անվավեր ճանաչել 22.05.2002 թվականի Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-18 մատյան 242 համարի տակ իրականացված պետական գրանցմամբ կիսանկուղում առկա երկու պատուհանների պետական գրանցումը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 22.09.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Գայանե Գալստյանը պարտավորեցվել է Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի անշարժ գույքի՝ բնակելի տան և բաց պատշգամբի տանիքի դիրքը փոխել այնպես, որպեսզի բացառվի անձրևաջրերի և ձյան հալոցքի հոսքը դեպի Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողատարածք, այն է՝ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի անշարժ գույքի ջրահեռացումը կազմակերպել և իրագործել բացառապես Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի հողամասի սահմաններում, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի սահմանով անցնող՝ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի տանիքի ջրահեռացման, խմելու ջրի խողովակներն ու էլեկտրաէներգիայի մալուխներն ապամոնտաժել, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի անշարժ գույքի կողային պատի բոլոր պատուհանները և բաց պատշգամբը, որոնք նայում են Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամաս, լցաշարել: Հայցը` Ընկերությանը Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի սահմանով անցնող Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազամատակարարման խողովակներն ապամոնտաժելուն, իսկ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազի երկու հաշվիչները տեղափոխելուն պարտավորեցնելու, Գայանե Գալստյանին Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 2-3 սահմանագծում առկա խոչընդոտները վերացնելուն, այն է` Լեռ Կամսար փողոցի Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 2-3 սահմանագծի հատվածում կառուցված արգելակներն ազատելուն և Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 1-2 սահմանագծում առկա ճանապարհի վրա ինքնակամ կառուցված պարիսպը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասով, մերժվել է: Քաղաքացիական գործի վարույթը՝ 22.05.2002 թվականին Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-18 մատյան 242 համարի տակ կիսանկուղում առկա երկու պատուհանների պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասով, կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ Դատարան) 28.06.2018 թվականի որոշմամբ Ասյա Պողոսյանի ու Գայանե Գալստյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 22.09.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ասյա Պողոսյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ և 212-րդ հոդվածները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005 թվականի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 95-Ն որոշման 2.1.-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ, 9-րդ, 57-րդ և 66-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազամատակարարման խողովակները Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի սահմանով և շինության տանիքի վրայով անց է կացրել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, քանի որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի սեփականատեր Ասյա Պողոսյանն իր համաձայնությունը չի տվել:
Դատարանը Ընկերության վրա է դրել այն փաստի ապացուցման բեռը, որ գազաֆիկացման աշխատանքները կատարվել են մատակարարի և բաժանորդի միջև կնքված պայմանագրի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 08.07.2005 թվականի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 95-Ն որոշմամբ հաստատված կանոններով և ՀՀ քաղաքաշինության նախարարի 26.03.2004 թվականի «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» թիվ 29-Ն հրամանով:
Մինչդեռ սույն գործով Ընկերությունը որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց այդ հանգամանքները հիմնավորելու մասով չի ներկայացրել, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 25.07.2011 թվականին հայցվորը թիվ 38/1 հասցեի հողամասի 2-3 գծային հատվածում դեպի Լեռ Կամսար փողոց դուռ բացելու թիվ 16 շինարարության թույլտվություն է ստացել և կատարել է բոլոր անհրաժեշտ վճարումները: Սակայն պատասխանողի անօրինական և ինքնակամ գործողությունների արդյունքում, քանի դեռ պատասխանողի կողմից չեն ապամոնտաժվել թիվ 38/1 հասցեի հողամասի 2-3 հատվածի սահմանակցությամբ առկա Լեռ Կամսար փողոցի նշված հատվածում ինքնակամ տեղադրված արգելակները, հայցվորը զրկված է իր կառուցապատման իրավունքի իրականացման հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանը, կարճելով կիսանկուղում առկա երկու պատուհանների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջը, սխալ եզրահանգման է եկել, քանի որ նշված պահանջը ենթակա է ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի 28.06.2018 թվականի որոշումը և փոփոխել՝ կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 26.10.2004 թվականի թիվ 1650932 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 բնակելի տան սեփականատեր է հանդիսանում Ասյա Պողոսյանը (հատոր 1-ին, գ.թ. 15-16):
2) 24.11.2014 թվականի արտագնա դատական նիստի մասին արձանագրության համաձայն՝ (…) Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի և թիվ 40 հասցեի բաժանարար գծի վրայով անցնում են գազատար խողովակները, ինչպես նաև հաշվիչները (…) (հատոր 2-րդ, գ.թ. 54.1):
3) 17.08.2015 թվականի դատական նիստի համառոտագրության և թվային ստորագրության համաձայն՝ Դատարանը սահմանել է ապացուցման փաստերի շրջանակը և բաշխել ապացուցման բեռը: Դատարանը որոշել է ապացուցման պարտականությունը բաշխել հետևյալ կերպ. հայցվորը պետք է ապացուցեր, որ կառույցը պատասխանողի կողմից իրականացվել է շինարարական նորմերի խախտմամբ, որի հետևանքով տեղումների արդյունքում ջրհալքները լցվում են հայցվոր կողմի բակը, հայցվորի սեփական տարածքով են անցնում պատասխանողի խմելու ջրի, ջրահեռացման խողովակները և մալուխները, իսկ Ընկերությունը պետք է ապացուցեր, որ գազաֆիկացման աշխատանքները կատարվել են մատակարարի և բաժանորդի միջև կնքված պայմանագրի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005 թվականի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 95-Ն որոշմամբ հաստատված կանոններով և ՀՀ քաղաքաշինության նախարարի 26.03.2004 թվականի «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» թիվ 29-Ն հրամանով (հատոր 2-րդ, գ.թ. 68-70):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք նախնական դատական նիստում ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելիս համապատասխան փաստի ապացուցման պարտականությունը հայցվորի վրա չդնելու պայմաններում հայցը կարող է մերժվել այդ փաստի վերաբերյալ ապացույց ներկայացված չլինելու պատճառաբանությամբ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք։
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1495-րդ հոդվածի համաձայն` (...) գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը (...) դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես՝ կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներում անդրադառնալով քննարկվող հարցին, գտել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականությունը գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցման ուղղությամբ որոշակի դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունն է, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված): Ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և, ի վերջո, գործի ճիշտ լուծման համար չափազանց կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Հետևաբար օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, որը տեղի է ունենում գործը դատաքննության նախապատրաստելու փուլի շրջանակներում հրավիրված նախնական դատական նիստում, դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է (տե՛ս «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը դատաքննության նախապատրաստելը՝ որպես քաղաքացիական դատավարության ինքնուրույն և պարտադիր փուլ, արդարադատության արդյունավետության, անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների լիարժեք իրացման համար պայմաններ ապահովող դատավարական գործողությունների և դրանց հիման վրա առաջացող իրավահարաբերությունների ամբողջություն (համակարգ) է:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանձնահատկություններին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: Այսինքն՝ դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար, և գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողությունները պետք է ուղղված լինեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 1498-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները (տե´ս Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերոնշյալ դիրքորոշումները, արձանագրում է, որ ապացուցման առարկան որոշելիս դատարանն ուրվագծում է այն փաստական հանգամանքների շրջանակը, որոնք գործն ըստ էության լուծելու համար ունեն էական նշանակություն, ինչպես նաև թույլատրելիության և վերաբերելիության կանոններից ելնելով կանխորոշում է դատաքննության սահմանները՝ բացառելով գործի քննության ընթացքում ավելորդ հանգամանքներ և ապացույցներ հետազոտելու անհրաժեշտությունը: Այսինքն՝ գործը դատաքննության նախապատրաստելիս օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, միևնույն ժամանակ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման համաձայն գործն ըստ էության լուծելը պետք է դիտարկել դատարանի կարևորագույն խնդիրներից մեկը: Հետևաբար դատարանը, նախնական դատական նիստում ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելիս և ապացուցման բեռը բաշխելիս, պարտավոր է քննության ենթակա վեճի լուծումը պայմանավորել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի համար էական նշանակություն ունեցող փաստի ապացուցման պարտականությունը կողմի վրա դրված չլինելու պայմաններում, դատարանը չի կարող նշված փաստը չապացուցելու բացասական հետևանքները դնել այդ կողմի վրա: Այլ կերպ ասած՝ անբարենպաստ հետևանքներ կողմի համար կարող են ի հայտ գալ միայն որոշակի փաստի ապացուցման բեռը կրելու և վերջինիս վերաբերյալ ապացույցներ չներկայացնելու պայմաններում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 բնակելի տան սեփականատեր է հանդիսանում Ասյա Պողոսյանը: 24.11.2014 թվականի արտագնա դատական նիստի մասին արձանագրության համաձայն՝ (…) Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի և թիվ 40 հասցեի բաժանարար գծի վրայով անցնում են գազատար խողովակները, ինչպես նաև հաշվիչները (…): Գործի քննությունն իրականացվել է դատաքննության նախապատրաստական փուլով, և 17.08.2015 թվականին նշանակված նախնական դատական նիստում Դատարանը որոշել է սույն գործով ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և բաշխել է ապացուցման բեռը: Դատարանը որոշել է ապացուցման պարտականությունը բաշխել հետևյալ կերպ. հայցվորը պետք է ապացուցի, որ պատասխանողի կողմից կառույցն իրականացվել է շինարարական նորմերի խախտմամբ, որի հետևանքով տեղումների արդյունքում ջրհալքները լցվել են հայցվոր կողմի բակը, հայցվորի սեփական տարածքով են անցնում պատասխանող կողմի խմելու ջրի, ջրահեռացման խողովակները և մալուխները, իսկ Ընկերությունը պետք է ապացուցի, որ գազաֆիկացման աշխատանքները կատարվել են մատակարարի և բաժանորդի միջև կնքված պայմանագրի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005 թվականի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 95-Ն որոշմամբ հաստատված կանոններով և ՀՀ քաղաքաշինության նախարարի 26.03.2004 թվականի «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» թիվ 29-Ն հրամանով:
Սույն գործով Դատարանը, մասնակիորեն բավարարելով հայցը, նշել է, որ փորձաքննության եզրակացությունից և անցկացված տեղատեսությունից երևում է, որ պատասխանող Գայանե Գալստյանի կողմից խախտվել է Ասյա Պողոսյանի` որպես սեփականատիրոջ իրավունքները, այն է` վերջինս չի կարողանում անարգել օգտվել իր սեփական հողամասից, ինչպես նաև կատարել կառուցում կամ վերակառուցում:
Միևնույն ժամանակ Դատարանը, անդրադառնալով Ընկերությանն ուղղված պահանջին, ինչպես նաև Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38 հասցեի հողամասի 2-3 սահմանագծի հատվածում կառուցված արգելանքներն ազատելու և նույն հողամասի 1-2 սահմանագծում առկա ճանապարհի վրա ինքնակամ կառուցված պարիսպը քանդելու պահանջներին, գտել է, որ դրանք ենթակա են մերժման, քանի որ հայցվորի կողմից չի ներկայացվել և դատաքննությամբ ձեռք չի բերվել որևէ պատշաճ և վերաբերելի ապացույց առ այն, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի սահմանով անցնող Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազամատակարարման խողովակներով, գազի երկու հաշվիչներով, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 2-3 սահմանագծի հատվածում կառուցված արգելակներով և Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 1-2 սահմանագծում առկա ճանապարհի վրա ինքնակամ կառուցված պարիսպով խախտվում է հայցվորի որևէ իրավունք:
Դատարանը սույն գործի վարույթը՝ 22.05.2002 թվականին Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-18 մատյան 242 համարի տակ կիսանկուղում առկա երկու պատուհանների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճել է՝ պատճառաբանելով, որ հայցվորի կողմից ներկայացված պահանջը ծագել է հանրային իրավահարաբերություններից, որպիսի պահանջի դատական կարգով քննությունը վերապահված չէ ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:
Վերաքննիչ դատարանը մերժել է Ասյա Պողոսյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ հայցվորի կողմից չի հիմնավորվել այն հանգամանքը, թե թիվ 38/1 հասցեի հողամասի սահմանով անցնող թիվ 40 հասցեի գազամատակարարման խողովակների և թիվ 38/1 հասցեի սահմանում տեղադրված թիվ 40 հասցեի գազի երկու հաշվիչների առկայությունն արդյոք խախտում է հայցվորի սեփականության իրավունքը, և ինչպես է այդ խախտումը դրսևորվում: Փոխարենը ներկայացվել են ապացույցներ, որոնցով հիմնավորվել է, որ գազատար խողովակներն անցկացվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Անդրադառնալով Լեռ Կամսար փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 2-3 սահմանագծի հատվածում կառուցված արգելակներն ազատելու հայցվորի պահանջի մերժմանը՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ այդ մասով Դատարանի կողմից կատարվել են իրավաչափ եզրահանգումներ: Մասնավորապես՝ հայցվորի կողմից չի ներկայացվել և դատաքննությամբ ձեռք չի բերվել որևէ պատշաճ և վերաբերելի ապացույց առ այն, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 2-3 սահմանագծի հատվածում կառուցված արգելակներով և Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 1-2 սահմանագծում առկա ճանապարհի վրա ինքնակամ կառուցված պարսպով խախտվում է հայցվորի որևէ իրավունք: Բացի այդ, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 2-3 սահմանագծի հատվածում կառուցված արգելակները և Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 1-2 սահմանագծում առկա ճանապարհի վրա ինքնակամ կառուցված պարիսպը վերաբերում է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասին, որի նկատմամբ հայցվորը որևէ օրինական իրավունք չունի, հետևաբար նաև չի կարող ներկայացնել դրա նկատմամբ որևէ գործողություն կատարելու պահանջ:
Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ Դատարանի կողմից իրավաչափ է եղել նաև 22.05.2002 թվականին Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-18 մատյան 242 համարի տակ կիսանկուղում առկա երկու պատուհանների պետական գրանցումն անվավեր ճանաչելու հայցապահանջի մասով քաղաքացիական գործի վարույթի կարճումը:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը գործը դատաքննության նախապատրաստելու փուլում հրավիրված՝ 17.08.2015 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Ընկերության վրա պարտականություն է դրել ապացուցելու, որ գազաֆիկացման աշխատանքները կատարվել են մատակարարի և բաժանորդի միջև կնքված պայմանագրի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005 թվականի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 95-Ն որոշմամբ հաստատված կանոններով և ՀՀ քաղաքաշինության նախարարի 26.03.2004 թվականի «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» թիվ 29-Ն հրամանով: Այսինքն՝ վերը նշված փաստը Դատարանը ներառել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակում (ապացուցման առարկայի մեջ), և այն ապացուցելու պարտականությունը դրել է ոչ թե հայցվոր Ասյա Պողոսյանի, այլ պատասխանող Ընկերության վրա:
Փաստորեն, սույն գործով ներկայացված՝ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի սահմանով անցնող Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազամատակարարման խողովակներն ապամոնտաժելուն և Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազի երկու հաշվիչները տեղափոխելուն Ընկերությանը պարտավորեցնելու պահանջների մասով ապացուցման բեռը դրանց հիմքում դրված և դրանց լուծման համար նշանակություն ունեցող փաստերն ապացուցելու պարտականությունը, ըստ Դատարանի կողմից կատարված բաշխման, կրել է ոչ թե հայցվոր Ասյա Պողոսյանը, այլ պատասխանող Ընկերությունը: Ասվածն էլ իր հերթին նշանակում է, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի սահմանով անցնող Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազամատակարարման խողովակներն ապամոնտաժելուն և Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազի երկու հաշվիչները տեղափոխելուն Ընկերությանը պարտավորեցնելու պահանջների հիմքում դրված և դրանց լուծման համար նշանակություն ունեցող վերոգրյալ փաստերի չապացուցվելու բացասական հետևանքները պետք է կրի ոչ թե հայցվոր Ասյա Պողոսյանը, այլ պատասխանող Ընկերությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցում պահանջող փաստերի շրջանակը Դատարանի կողմից քննարկելու և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան դատավարության կողմերի միջև ապացուցման պարտականությունը բաշխելու դատավարական գործողությունները կատարելու պայմաններում, Վերաքննիչ դատարանը չէր կարող քննության ենթակա վեճի լուծումը պայմանավորել Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի սահմանով անցնող Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազամատակարարման խողովակներն ապամոնտաժելուն և Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազի երկու հաշվիչները տեղափոխելուն Ընկերությանը պարտավորեցնելու պահանջների հիմքում ընկած փաստական հանգամանքների չապացուցմամբ՝ այն պայմաններում, երբ հայցվորի վրա այդ հանգամանքներն ապացուցելու պարտականություն չի դրվել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը չէր կարող Ասյա Պողոսյանի վրա թողնել գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստը չապացուցելու բացասական հետևանքները, որը ներառված չի եղել Ասյա Պողոսյանի կողմից ապացուցում պահանջող փաստերի շրջանակում: Այսինքն՝ Դատարանը չէր կարող հայցվորի կողմից որոշակի փաստերի ապացուցված չլինելու հիմքով մասնակիորեն՝ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի սահմանով անցնող Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազամատակարարման խողովակներն ապամոնտաժելուն և Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազի երկու հաշվիչները տեղափոխելուն Ընկերությանը պարտավորեցնելու պահանջների մասով, մերժել հայցը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Անդրադառնալով Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 2-3 սահմանագծում առկա խոչընդոտները վերացնելուն պարտավորեցնելու, այն է` Լեռ Կամսար փողոցի և Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 2-3 սահմանագծի հատվածում կառուցված արգելակներն ազատելու և Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 1-2 սահմանագծում առկա ճանապարհի վրա ինքնակամ կառուցված պարիսպը քանդելու պահանջների մասով հայցը մերժելու իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով ստորադաս դատարանների եզրահանգումները հիմնավոր են: Նշված եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն, որ սույն գործում առկա չէ ապացույց այն մասին, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 2-3 սահմանագծի հատվածում կառուցված արգելակներով և Երևանի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի 1-2 սահմանագծում առկա ճանապարհի վրա ինքնակամ կառուցված պարսպով խախտվում է Ասյա Պողոսյանի որևէ իրավունք:
Ինչ վերաբերում է 22.05.2002 թվականին Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-18 մատյան 242 համարի տակ կիսանկուղում առկա երկու պատուհանների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:
Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...):
Նախկինում կայացված որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշումներ գործերի առարկայական ընդդատության որոշման և վարչական դատարանին ընդդատյա հայցապահանջներն ընդհանուր իրավասության դատարանին ներկայացնելու իրավական հետևանքների մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ դատական գործերի տարանջատումը քաղաքացիականի և վարչականի պայմանավորված է այդ գործերով վիճելի իրավահարաբերության բնույթով. կոնկրետ գործի՝ առարկայական ընդդատության հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել այդ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այսինքն՝ այն հարցը, թե արդյոք տվյալ գործը ծագում է հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից: Այսպիսով, իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը (տե´ս Լուսինե Հովսեփյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության թիվ ԵԿԴ/0441/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշման՝ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.
1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,
2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,
3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը (տե՛ս «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14, թիվ ՎԴ/0830/05/14 և թիվ ՎԴ/1621/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումները):
Գործի՝ առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում ընդհանուր իրավասության դատարանը, ի տարբերություն վարչական դատարանի, իրավասու չէ այն հանձնել այլ դատարանի քննությանը: Տվյալ պարագայում ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթը՝ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: Այսինքն՝ այն դեպքում, երբ որևէ գործի քննության ընթացքում պարզվում է, որ այն վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության (տե՛ս Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Հաշվի առնելով վերը նշված իրավական դիրքորոշումները և սույն գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ասյա Պողոսյանը ներկայացրել է վարչական մարմնի կողմից կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վարչական ակտը, անվավեր ճանաչելու պահանջ: Ինչպես իրավացիորեն արձանագրել է Վերաքննիչ դատարանը, այդ պահանջը հիմնական է, քանի որ դրա մերժման կամ բավարարման ելքը կանխորոշված չէ սույն գործի շրջանակում ներկայացված որևէ այլ պահանջի լուծման ելքով:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ասյա Պողոսյանի կողմից ներկայացված՝ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջը բխում է հանրային իրավահարաբերություններից և ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանի քննությանը: Տվյալ հիմնական պահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, դրա բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը և այն ուղղված է հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, 22.05.2002 թվականին Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-18 մատյան 242 համարի տակ կիսանկուղում առկա երկու պատուհանների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով կարճելով սույն գործի վարույթը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճռի այդ մասը, այդ պահանջի մասով կայացրել են իրավաչափ դատական ակտեր:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի սահմանով անցնող Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազամատակարարման խողովակներն ապամոնտաժելու, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազի երկու հաշվիչները տեղափոխելու պահանջների մասով՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո այդ պահանջների մերժման կամ բավարարման հարցը լուծելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Տվյալ դեպքում սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, ինչի արդյունքում գործն ուղարկվում է նոր քննության երկու ոչ դրամական պահանջների մասով, իսկ մյուս երկու ոչ դրամական պահանջների մասով Վերաքննիչ դատարանի դատական ակտը թողնվում է օրինական ուժի մեջ:
Այդ պարագայում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ուղարկվող երկու ոչ դրամական պահանջների մասով դատական ծախսերի, այդ թվում նաև՝ վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում: Իսկ ինչ վերաբերում է մյուս ոչ դրամական պահանջներին, ապա նկատի ունենալով, որ այդ պահանջների մասով վճռաբեկ բողոքը մերժվում է և ստորադաս դատարանների դատական ակտերը թողնվում են օրինական ուժի մեջ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցն այդ պահանջների մասով պետք է համարել լուծված՝ հաշվի առնելով, որ Ասյա Պողոսյանը վճարել է վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2018 թվականի որոշման՝ Ասյա Պողոսյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2017 թվականի վճիռը՝ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեի հողամասի սահմանով անցնող Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազամատակարարման խողովակներն ապամոնտաժելու և Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի գազի երկու հաշվիչները տեղափոխելու պահանջների մասով անփոփոխ թողնելու մասը և այդ մասով գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Մնացած մասով որոշումը թողնել անփոփոխ:
2. Բեկանված մասով դատական ծախսերի, այդ թվում՝ վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում: Մնացած մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Ե. Խունդկարյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան