Գլխավոր տեղեկություն
Номер
N 1026-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.06.2020-17.06.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.08.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.08.2019
Дата вступления в силу
02.08.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 1026-Ա

 

Թվայնացման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը ԵՎ աշխատակարգը հաստատելու մասին

(վերնագիրը խմբ. 15.10.19 n 1472-Ա)

 

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացումն ու թվային հմտությունների զարգացումը խթանելու նպատակով ստեղծել Թվայնացման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 15.10.19 n 1472-Ա)

2. Հաստատել Թվայնացման խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը լրաց. 15.10.19 n 1472-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. օգոստոսի 1

Երևան

 

  

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

օգոստոսի 1-ի N 1026-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Տ. Ավինյան

- ՀՀ փոխվարչապետ (նախագահ)

Է. Աղաջանյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Հ. Արշակյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Տ. Խաչատրյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

Ծ. Սողոմոնյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ս. Քրմոյան

- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական

Ա. Աբրոյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Ա. Անափիոսյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Մ. Փաշայան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Վ. Աբրահամյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Լ. Ավետիսյան

- «Էկենգ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Տ. Ճորոխյան

- ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի հանրային քաղաքականության նորարարության թիմի ղեկավար համաձայնությամբ)

(հավելվածը փոփ., լրաց. 15.10.19 n 1472-Ա, լրաց. 11.06.20 n 684-Ա)
 

  

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

օգոստոսի 1-ի N 1026-Ա

որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

   

ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

  

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

1. Սույն աշխատակարգը կարգավորում է Թվայնացման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) և աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Գործունեության ընթացքում խորհուրդը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

3. Խորհրդի գործառույթները սահմանվում են սույն աշխատակարգով:

4. Խորհրդի կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, իսկ աշխատանքային խմբի անհատական կազմը՝ փոխվարչապետի որոշմամբ:

  

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

   

5. Խորհրդի գործունեության նպատակներն են՝

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի և տնտեսության թվայնացման ապահովումը, թվային հմտությունների զարգացման խթանումը, ինչպես նաև թվայնացման ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների ներդաշնակեցումը.

2) միջազգային և միջպետական երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շրջանակում (այդ թվում՝ դոնորների կողմից ֆինանսավորվող) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացմանը վերաբերող ծրագրերի և նախագծերի իրականացման համակարգումը:

(5-րդ կետը խմբ. 11.06.20 n 684-Ա)

6. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելուց առաջ՝ թվայնացմանը վերաբերող բոլոր ռազմավարական և ծրագրային փաստաթղթերը ներկայացվում են խորհրդի կարծիքին։

7. Խորհրդի խնդիրներն են՝

1) թվայնացման ոլորտի բարեփոխումներին վերաբերող ռազմավարական գերակայությունների և ուղղությունների, ծրագրի նախագծերի, փաստաթղթերի նախագծերի քննարկումը, ներդաշնակեցումը և կարծիքի ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետին.

2) թվայնացման ոլորտին վերաբերող քաղաքականությունների ներդաշնակեցումը.

3) թվայնացման ոլորտում ներգրավված միջազգային երկկողմ և բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցության ներդաշնակեցումը։

  

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

     

8. Խորհրդի գործառույթներն են՝

1) խորհրդի գործունեության հետ կապված առանձին հարցերի քննարկումը և որոշումների ընդունումը.

2) խորհրդի քննարկմանը ներկայացված հարցերի վերաբերյալ տեղեկանքների ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետին.

3) աշխատանքային խմբի գործունեության համակարգումը.

4) աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների քննարկումը և հաստատումը.

5) Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության շրջանակում թվային գործընթացների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

6) համաշխարհային թվային գործընթացում Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովմանն ուղղված թիրախների նախանշման և միջոցառումների մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:

(8-րդ կետը լրաց. 11.06.20 n 684-Ա)

 

IV. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

   

9. Խորհրդի քարտուղարության գործառույթը վերապահվում է փոխվարչապետի գրասենյակին՝ որպես գլխավոր տեղեկատվական համակարգողի գրասենյակի։

10. Քարտուղարության գործառույթներն են՝

1) գլխավոր տեղեկատվական համակարգողի համակարգման և ներդաշնակեցման գործառույթների իրականացմանն աջակցությունը.

2) խորհրդի աշխատանքների կազմակերպումը և սպասարկումը.

3) զարգացման գործընկերների հետ համագործակցության կազմակերպումը.

4) աշխատանքային խմբի աշխատանքների վերաբերյալ խորհրդին պարբերական հաշվետվողականության ապահովումը.

5) խորհրդի որոշումների կատարման ընթացքի մշտադիտարկումը:

  

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

  

11. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի և շրջաբերական գրությունների միջոցով: Խորհրդի հերթական նիստերը գումարվում են տարին առնվազն երկու անգամ:

12. Խորհրդի տարեկան նիստերից մեկը նվիրված է լինում միջազգային երկկողմ և բազմակողմ կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերի քննարկմանը։

13. Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ կարող են գումարվել արտահերթ նիստեր:

14. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ խորհրդի անդամներից որևէ մեկը` խորհրդի նախագահի ցուցումով:

15. Խորհրդի նախագահի կամ քարտուղարության կողմից աշխատանքային գործընթացը խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հաղորդակցության միջոցով:

16. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է։

17. Խորհրդի աշխատանքներին մասնակցելու նպատակով խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության կառավարության՝ խորհրդի կազմում չընդգրկված անդամները։

18. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մասով պետական մարմինների համապատասխան ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ, պետական գերատեսչությունների, միջազգային ֆինանսական կառույցների և զարգացման գործընկերների ներկայացուցիչներ:

19. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբերին մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով կարող են ներգրավվել փորձագետներ:

20. Խորհրդի նիստի օրակարգում նշվում են՝

1) խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

21. Խորհրդի նիստի օրակարգը և օրակարգի հարցերի շուրջ առկա նյութերը խորհրդի անդամներին տրամադրվում են էլեկտրոնային եղանակով խորհրդի նիստի անցկացումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

22. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին համապատասխան ներկայացուցչի զեկուցմամբ։

23. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերի արձանագրումն ապահովում է քարտուղարությունը:

24. Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրվում է խորհրդի նիստի անցկացման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում և տրամադրվում խորհրդի անդամներին և աշխատանքային խմբի ղեկավարին:

25. Խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են փոխվարչապետի գրասենյակում։

  

VI. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  

26. Խորհրդի նախագահը՝

1) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) որոշում է կայացնում խորհրդի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց վերաբերյալ.

4) խորհրդի նիստերի ընթացքում կարող է տալ ցուցումներ ու հանձնարարականներ.

5) իրականացնում է սույն աշխատակարգի դրույթներից բխող այլ գործառույթներ:

27. Խորհրդի անդամը՝

1) անձամբ մասնակցում է խորհրդի նիստերին և աշխատանքներին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում՝ խորհրդի նախագահի համաձայնությամբ նիստին մասնակցում է խորհրդի անդամի կողմից մատնանշված այլ անձ.

2) կարող է խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր՝ համապատասխան հիմնավորմամբ.

3) խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք.

4) քվեարկում է խորհրդի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.

5) խորհրդի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր (հատուկ) կարծիք.

6) խորհրդի նախագահի հանձնարարությամբ՝ հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.

7) խորհրդում քննարկված հարցերի վերաբերյալ իրազեկում է իր կողմից ներկայացվող գերատեսչությանը, ինչպես նաև զեկուցում է գերատեսչության կողմից կատարված աշխատանքների մասին:

(հավելվածը լրաց. 15.10.19 n 1472-Ա, խմբ., լրաց. 11.06.20 n 684-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան