Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.06.17/62(1617).1 Հոդ.763.6
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.02.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
11.02.2020
Дата вступления в силу
11.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/3335/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/3335/02/14
2020 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան  

Դատավորներ՝

Ա. Պետրոսյան
 

Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ե. Խունդկարյան

 

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. հակոբյան

 

 

ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

                                          

2020 թվականի փետրվարի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արմինե Սարգսյանի, Ալիկ և Հրաչ Բադիկյանների օրինական ներկայացուցիչ Արմինե Սարգսյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմինե Սարգսյանի, Ալիկ և Հրաչ Բադիկյանների ընդդեմ Արամ Ավետիսյանի և «Հաշվիչ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` կերակրողի մահվամբ պատճառված նյութական և բարոյական վնասի հատուցման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմինե Սարգսյանը, Ալիկ և Հրաչ Բադիկյանները պահանջել են Արամ Ավետիսյանից և Ընկերությունից համապարտության կարգով հօգուտ Արմինե Սարգսյանի բռնագանձել ամսական 56.200 ՀՀ դրամ կենսաապահովման նվազագույն զամբյուղի չափով գումար՝ սկսած 12.08.2012 թվականից մինչև երեխաների 14 տարին լրանալը՝ որպես նյութական վնասի հատուցում, հօգուտ Ալիկ և Հրաչ Բադիկյանների յուրաքանչյուրին 56.200 ՀՀ դրամ կենսաապահովման նվազագույն զամբյուղի չափով՝ սկսած 12.08.2012 թվականից մինչև նրանց 18 տարին լրանալը՝ որպես նյութական վնասի հատուցում, հօգուտ Արմինե Սարգսյանի, Ալիկ և Հրաչ Բադիկյանների բռնագանձել 30.000.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուրին 10.000.000 ՀՀ դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Փիլոսյան) (այսուհետ՝ Դատարան) 14.03.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.07.2017 թվականի որոշմամբ Արմինե Սարգսյանի, Ալիկ Բադիկյանի և Հրաչ Բադիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 14.03.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմինե Սարգսյանի, Ալիկ և Հրաչ Բադիկյանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչ Սևակ Մարաբյանը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 6.1-րդ, 8-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածները, ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 16-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 28-րդ, 29-րդ, 31-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածը, 1082-րդ հոդվածի 1-ին մասը, 1084-րդ հոդվածը, «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածները, 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը նյութական վնասի հատուցման պահանջը մերժել է այն պատճառաբանությամբ, որ Ալբերտ Բադիկյանի եկամուտների վերաբերյալ որևէ ապացույց դատարան չի ներկայացվել, քանի որ վերջինս գրանցված աշխատող չի եղել և զբաղվել է մասնավոր գործունեությամբ, ուստի վիճելի է մնացել ամսական 56.200 ՀՀ դրամ վնաս կրելու փաստը, գտել է, որ դա հիմք է նյութական վնասի հատուցման պահանջը մերժելու համար, ապա այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ այն դեպքերում, երբ դատարան ներկայացված չէ եկամուտների մասին որևէ ապացույց՝ վնասի հատուցման չափը հաշվարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, այն է՝ չի կարող ավելի պակաս սահմանվել, քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել ներկայացված ապացույցները, քանի որ հայցվորի ներկայացրած բազմաթիվ փաստաթղթերը հիմք չի ընդունել, չի լսել վկաներին և արձանագրել է, որ ապացույցներ չեն ներկայացվել Ալբերտ Բադիկյանի եկամուտների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցման պահանջին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ոչ նյութական վնասը չի պատճառվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գործողության հետևանքով, որևէ կերպ չհերքելով, որ բողոքաբերները կրել են և կրում են հոգեկան տառապանքներ, միևնույն ժամանակ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը նման դեպքերի համար բարոյական վնասի հատուցման հնարավորություն չի նախատեսում, ապա այդ եզրահանգումը ևս անհիմն է, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական վնաս: 

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.07.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.2 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ կերակրողի մահվամբ պատճառված վնասը հիմնավորվում է մահացածի ստացած աշխատավարձի կամ եկամուտների առկայությամբ: Տվյալ դեպքում հայցվորները վերջինիս եկամուտների վերաբերյալ Դատարան չեն ներկայացրել որևէ վերաբերելի և  թույլատրելի ապացույց, հետևաբար հայցի մերժումն իրավաչափ է:

Ինչ վերաբերում է ներկայացված բարոյական վնասի հատուցման պահանջին, ապա այդ պահանջը ևս անհիմն է, քանի որ տվյալ դեպքում բարոյական վնասի հաշվարկման և հատուցման կարգ որևէ իրավական ակտով սահմանված չէ, ուստի բարոյական վնասի վերաբերյալ ներկայացված կամայական հաշվարկը ևս ենթակա է մերժման:

 

 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 1. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 27.03.2014 թվականի թիվ ԿԴ1/0040/01/13 օրինական ուժի մեջ դատավճռով Արամ Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Ըստ նշված դատավճռի՝ Արամ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով ավտոկռունկավարի որակավորում և հանդիսանալով իր կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտի՝ ավտոկռունկի տեխնիկայի անվտանգության պահպանման համար պատասխանատու անձ, 11.08.2012 թվականին ժամը 12:00-ի սահմաններում իր անձնական օգտագործման բեռնատար «Կռունկ» տեսակի ԿՍ-357731 ՄԱԶ 5334 մակնիշի 18 ՏՍ 820 պ/հ ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Պետրոսյան փողոցի 4-րդ հասցեում գտնվող «Հաշվիչ» ՓԲ ընկերության գործարանի նկուղային հարկից մետաղի ջարդոնի բարձրացման աշխատանքների կատարման ժամանակ, խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջները, այն է՝ ոչ լրիվ տեսանելի և տվյալ տարածքի ոչ լրիվ ուսումնասիրության պայմաններում ու վտանգավոր գոտում մարդու գտնվելու առկայության դեպքում, շահագործել է ավտոկռունկը, որի ժամանակ դրա ուղղիչը դիպել է նույն հատվածի վրա գտնվող արտադրական կռունկի շարժիչին, որի հետևանքով շարժիչից պոկված էլեկտրական հատվածի մետաղյա ծածկոցը 7-8 մետր բարձրությունից ընկել է նկուղի մուտքի դռան մոտ կանգնած Ալբերտ Բադիկյանի գլխին, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ Արամ Ավետիսյանը, ունենալով կռունկավարի որակավորում և վկայական, իր գործողություններով խախտել է տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները՝ նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի /դ/ ենթակետի պահանջները, այն է՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է արտադրական պատահարները բացառելու և կանխարգելելու նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ամբողջ ընթացքում ապահովել տեխնոլոգիական սարքավորումների, տեխնիկական միջոցների, օբյեկտի կառույցների, տեղակայանքների անվտանգության գոտու տարածքների պարբերական զննումներ, ինչպես նաև կազմակերպել աշխատողների ուսուցում և որակավորման ստուգում, որը տվյալ դեպքում նույնպես չի կատարվել: Դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հետազոտելով և գնահատելով ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից հիմնված ներքին համոզմամբ, ապացուցված է համարել Արամ Արամայիսի Ավետիսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելը (հատոր 1-ին, գ.թ. 19-23):

2. Հրաչ Բադիկյանը ծնվել է 28.06.2012 թվականին, հայրը Ալբերտ Բադիկյանն է, մայրը՝ Արմինե Սարգսյանը, Ալիկ Բադիկյանը ծնվել է 22.02.2007 թվականին, հայրը՝ Ալբերտ Բադիկյանն է, մայրը՝ Արմինե Սարգսյանը (հատոր 1-ին, գ.թ. 26-27):

3. Արմինե Սարգսյանը բնակվում է Երևանի 16-րդ թաղամասի թիվ 15 շենքի 69-րդ բնակարանում, խնամքին ունի երկու անչափահաս երեխա՝ Ալիկ Բադիկյան՝ ծնված 2007 թվականին, և Հրաչ Բադիկյան՝ ծնված 2012 թվականին, Արմինե Սարգսյանը չի աշխատում (հատոր 2-րդ, գ.թ. 124):

4. Հայցվորներն Ալբերտ Բադիկյանից նրա կենդանության օրոք որպես ապրուստի միջոց 56,200 ՀՀ դրամ ստացած լինելու կամ ստանալու իրավունք ունենալու հանգամանքի հիմքում դրել են նվազագույն սպառողական զամբյուղը, որն ըստ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից 03.03.2014 թվականին տրված թիվ 4-10-302 գրության՝ կազմում է 56.214,9 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 10):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` կերակրողին կորցնելու մահվամբ պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ մասի սխալ մեկնաբանման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման պահանջն ամբողջությամբ կարող է մերժվել, եթե վնաս պատճառելու պահին տուժողը չի աշխատել և կորցրած աշխատավարձի (եկամտի) չափի վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել:

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:

2. Վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:

3. Օրինաչափ գործողություններով պատճառված վնասը հատուցվում է օրենքով նախատեսված դեպքերում:

4. Վնասի հատուցումը կարող է մերժվել, եթե վնասը պատճառվել է տուժողի խնդրանքով կամ համաձայնությամբ:

5. Պատճառված վնասի համար պատասխանատվությունից ազատվում է այն անձը, որն օգնություն է ցուցաբերել այլ անձի և (կամ) օգնության նպատակով անհատույց կարգով որևէ գույք է տրամադրել ի շահ այլ անձի, եթե վնասի չափը չի գերազանցում ցուցաբերած օգնության կամ տրված օգնության չափը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1081-րդ հոդվածի համաձայն՝ տուժողի (կերակրողի) մահվան դեպքում վնասի հատուցման իրավունք ունեն` 1) մահացողի խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք. 2) մահացածի մահվանից հետո ծնված նրա երեխան. 3) ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի անդամը` անկախ նրա աշխատունակությունից, որը չի աշխատում և զբաղված է մահացածի խնամքի ներքո գտնվող նրա տասնչորս տարեկան չդարձած կամ թեկուզև նշված տարիքին հասած, սակայն բժշկական մարմինների եզրակացությամբ իր առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեցող երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով. 4) մահացածի խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո հինգ տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձինք:

Մահացածի ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի այլ անդամը, որը չի աշխատում և զբաղված է մահացածի երեխաների, թոռների, եղբայրների ու քույրերի խնամքով և անաշխատունակ է դարձել խնամքի իրականացման ժամանակաշրջանում, այդ անձանց նկատմամբ խնամքի ավարտից հետո պահպանում է վնասի հատուցման իրավունքը:

2. Վնասը հատուցվում է`

1) անչափահասներին` մինչև տասնութ տարեկան դառնալը.

2) տասնութ տարեկանից բարձր տարիքի սովորողներին` մինչև ցերեկային ուսուցման ձևով ուսումնական հաստատություններում ուսման ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քսաներեք տարեկան դառնալը.

3) հիսունհինգ տարեկանից մեծ կանանց և վաթսուն տարեկանից մեծ տղամարդկանց` ցմահ.

4) հաշմանդամներին` հաշմանդամության ժամանակ.

5) ծնողներից մեկին, ամուսնուն կամ ընտանիքի այլ անդամին, որն զբաղված է մահացածի խնամքի տակ գտնվող նրա երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով` մինչև վերջիններիս տասնչորս տարեկան դառնալը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1082-րդ հոդվածի համաձայն՝ կերակրողի մահվան հետ կապված վնասի հատուցման իրավունք ունեցող անձանց վնասը հատուցվում է նույն օրենսգրքի 1079-րդ հոդվածի կանոններով սահմանված` մահացածի աշխատավարձի (եկամտի) այն մասի չափով, որը մահացածի կենդանության օրոք նրանք ստանում էին կամ ստանալու իրավունք ունեին իրենց ապրուստի համար: Այդ անձանց վնասի հատուցման չափը որոշելիս մահացածի եկամուտների կազմում աշխատավարձի (եկամուտների) հետ միասին ներառվում են կենդանության օրոք ստացած նրա կենսաթոշակը և այլ նմանօրինակ վճարները:

Վնասի հատուցման չափը որոշելիս կերակրողի մահվան հետ կապված անձանց նշանակված կենսաթոշակը և թոշակների այլ տեսակները, որոնք նշանակվել են, ինչպես կերակրողի մահվանից առաջ, այնպես էլ հետո, ինչպես նաև այդ անձանց կողմից ստացվող աշխատավարձը (եկամուտը) և կրթաթոշակը չեն հաշվարկվում նրանց վնասի հատուցման հաշվին:

Կերակրողի մահվան հետ կապված վնասի հատուցման իրավունք ունեցող յուրաքանչյուր անձի համար սահմանված հատուցման չափը ենթակա չէ վերահաշվարկի, բացառությամբ հետևյալ դեպքերի`

1) երեխայի ծնունդը կերակրողի մահվանից հետո.

2) մահացած կերակրողի երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով զբաղված անձանց հատուցման վճարի նշանակումը և դադարումը:

Հատուցման չափն օրենքով կամ պայմանագրով կարող է մեծացվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1076-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքում վնասի հատուցումը չի կարող մերժվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ վնաս պատճառելու պահին տուժողը չի աշխատել, նրա ցանկությամբ հաշվարկվում է նրա` մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձը կամ հաշվարկի հիմքում դրվում է տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը, որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից:

Վերոհիշյալ իրավակարգավորումների վերլուծությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացու անձին կամ գույքին հասցված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից, բացառությամբ օրենքով սահմանված այն դեպքերի, երբ վնասի հատուցումը կարող է մերժվել: Մյուս կողմից օրենսդիրը սահմանել է, որ քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքում վնասի հատուցումը չի կարող մերժվել: Իր հերթին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ մասը կարգավորում է փոխհատուցման ենթակա վնասի չափի հաշվարկման կարգն այն դեպքերում, երբ վնաս պատճառելու պահին տուժողը չի աշխատել: Այսպես, համաձայն նշված հոդվածի հիպոթեզի՝ տուժողի չաշխատելու դեպքում նրա ցանկությամբ վնասի չափը հաշվարկվում է երկու եղանակով՝ 1) մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձի չափից ելնելով կամ 2) հաշվարկի հիմքում դրվում է տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքի հետագա տեքստում գործածված «որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից» արտահայտությունը վերաբերում է ոչ թե «մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձի չափին» և «աշխատողի վարձատրության սովորական չափին», այլ հատուցման ենթակա վնասի չափին այն դեպքերի համար, երբ հնարավոր չէ վնասի չափի որոշումը վկայակոչված երկու եղանակներով: Նշված հետևությունը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի կարգավորում այն հարցը, թե որքան պետք է լինի մինչև աշխատանքից ազատվելն աշխատավարձի չափը կամ որոշակի որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը, այլ կարգավորում է այն հարցը, թե որքան պետք է լինի վնասի հատուցման չափը այն դեպքում, երբ վնաս պատճառելու պահին տուժողը չի աշխատել, իսկ նրան պատճառված վնասի չափը հնարավոր չէ որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ մասում նշված երկու եղանակներից որևէ մեկով: Հակառակ մեկնաբանության դեպքում կարելի է հանգել այն հետևության, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանվել է մի իրավակարգավորում, համաձայն որի՝ անձի՝ մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձը կամ որոշակի որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից, այն էլ այդ իրավակարգավորումը տրվել է քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավահարաբերությունները կարգավորող նորմերում, ինչը տրամաբանական չէ:

Եթե անգամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը մեկնաբանվի այնպես, որ «մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձը» կամ «տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը» չեն կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից, ապա միևնույն է՝ դա նշանակում է, որ եթե վնաս պատճառելիս տուժողը չի աշխատել, ապա հաշվարկի ցանկացած պարագայում վնասի հատուցման չափը չի կարող նվազագույն աշխատավարձի հնգապատիկից պակաս լինել, քանի որ դրանից պակաս չեն կարող լինել հաշվարկվող աշխատավարձը կամ վարձատրության սովորական չափը:

Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը բխում է նաև այն իրավակարգավորումից, համաձայն որի՝ քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքում վնասի հատուցումը չի կարող մերժվել՝ անկախ վնաս պատճառողի և տուժողի մեղքից ու այլ հանգամանքներից: Այսինքն՝ տվյալ դեպքում օրենսդրի կամքն ուղղված է նրան, որ կյանքին և առողջությանը պատճառված վնասի հաշվարկման դժվարության կամ անհնարինության դեպքում սահմանված լինի հատուցման ենթակա վնասի երաշխավորված նվազագույն չափ, ինչը և համահունչ է Հայաստանի Հանրապետության՝ սոցիալական և իրավական պետություն լինելու գաղափարին և սահմանադրական իրավակարգավորմանը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ կետում գործածվող «որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից» արտահայտությունը մեկնաբանելիս այն հավասարապես կիրառելի է և այն իրավիճակում, երբ տուժողի նախկին կամ հնարավոր եկամտի չափը պակաս է նվազագույն աշխատավարձի հնգապատիկից, և այն դեպքում, երբ որևէ եղանակով հնարավոր չէ որոշել տուժողի նախկին կամ հնարավոր եկամտի չափը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 27.03.2014 թվականի թիվ ԿԴ1/0040/01/13 օրինական ուժի մեջ մտած դատավճռով Արամ Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Ըստ նշված դատավճռի՝ Արամ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով ավտոկռունկավարի որակավորում և հանդիսանալով իր կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտի՝ ավտոկռունկի տեխնիկայի անվտանգության պահպանման համար պատասխանատու անձ, 11.08.2012 թվականին ժամը 12:00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման բեռնատար «Կռունկ» տեսակի ԿՍ-357731 ՄԱԶ 5334 մակնիշի 18 ՏՍ 820 պ/հ ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Պետրոսյան փողոցի 4 հասցեում գտնվող «Հաշվիչ» ՓԲ ընկերության գործարանի նկուղային հարկից մետաղի ջարդոնի բարձրացման աշխատանքների կատարման ժամանակ, խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջները, այն է՝ ոչ լրիվ տեսանելի և տվյալ տարածքի ոչ լրիվ ուսումնասիրության պայմաններում ու վտանգավոր գոտում մարդու գտնվելու առկայության դեպքում, շահագործել է ավտոկռունկը, որի ժամանակ դրա ուղղիչը դիպել է նույն հատվածի վրա գտնվող արտադրական կռունկի շարժիչին, որի հետևանքով շարժիչից պոկված էլեկտրական հատվածի մետաղյա ծածկոցը 7-8 մետր բարձրությունից ընկել է նկուղի մուտքի դռան մոտ կանգնած Ալբերտ Բադիկյանի գլխին, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ Արամ Ավետիսյանը, ունենալով կռունկավարի որակավորում և վկայական, իր գործողություններով խախտել է տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները՝ նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի պահանջները, այն է՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է արտադրական պատահարները բացառելու և կանխարգելելու նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ամբողջ ընթացքում ապահովել տեխնոլոգիական սարքավորումների, տեխնիկական միջոցների, օբյեկտի կառույցների, տեղակայանքների անվտանգության գոտու տարածքների պարբերական զննումներ, ինչպես նաև կազմակերպել աշխատողների ուսուցում և որակավորման ստուգում, որը տվյալ դեպքում նույնպես չի կատարվել: Դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հետազոտելով և գնահատելով ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից հիմնված ներքին համոզմամբ, ապացուցված է համարել Արամ Արամայիսի Ավետիսյանի կողմի ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելը:

Հրաչ Բադիկյանը ծնվել է 28.06.2012 թվականին, հայրը Ալբերտ Բադիկյանն է, մայրը՝ Արմինե Սարգսյանը, Ալիկ Բադիկյանը ծնվել է 22.02.2007 թվականին, հայրը՝ Ալբերտ Բադիկյանն է, մայրը՝ Արմինե Սարգսյանը:

Արմինե Սարգսյանը բնակվում է Երևանի 16-րդ թաղամասի թիվ 15 շենքի 69-րդ բնակարանում, խնամքին ունի երկու անչափահաս երեխա՝ Ալիկ Ալբերտի Բադիկյան՝ ծնված 2007 թվականին, և Հրաչ Ալբերտի Բադիկյան՝ ծնված 2012 թվականին, Արմինե Սարգսյանը չի աշխատում:

Հայցվորներն Ալբերտ Բադիկյանից նրա կենդանության օրոք որպես ապրուստի միջոց 56,200 ՀՀ դրամ ստացած լինելու կամ ստանալու իրավունք ունենալու հանգամանքի հիմքում դրել են նվազագույն սպառողական զամբյուղը, որն ըստ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից 03.03.2014 թվականին տրված թիվ 4-10-302 գրության՝ կազմում է 56.214,9 ՀՀ դրամ:

Դատարանը նյութական վնասի հատուցման մասով հայցը մերժելիս պատճառաբանել է, որ հայցվորներն Ալբերտ Բադիկյանի եկամուտների վերաբերյալ որևէ ապացույց չեն ներկայացրել, որի արդյունքում վիճելի է մնացել 56.200 ՀՀ դրամի չափով վնաս կրելու չափը, ուստի վերջիններս էլ պետք է կրեն դրա բացասական հետևանքները:

Վերաքննիչ դատարանը մերժել է Արմինե Սարգսյանի, Ալիկ և Հրաչ Բադիկյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը և Դատարանի 14.03.2017 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ` պատճառաբանելով, որ վնաս պատճառելու պահին տուժող Ալբերտ Բադիկյանը չի աշխատել, իսկ վնասը հաշվարկվում է նրա` մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձը կամ հաշվարկի հիմքում դրվում է տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը, որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից: Նորմի բովանդակությունից պարզ է դառնում, որ «չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից» արտահայտությունը վերաբերում է տուժողի` մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձին կամ տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափին, այսինքն` նշված կարգավորումներից որևէ մեկով վնասի հատուցման չափը հաշվարկելիս վճարման ենթակա գումարը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից: Մինչդեռ սույն գործով տվյալ իրավակարգավորումը չի կարող գործել, քանի որ ինչպես արդեն նշվեց, հայցվորները Ալբերտ Բադիկյանի որևէ գրանցված աշխատանք ունենալու, մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձի չափի, կամ տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափի վերաբերյալ որևէ ապացույց Դատարան չեն ներկայացրել: Իսկ «չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից» արտահայտությունը վերաբերում է տուժողի` մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձի կամ տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափի ու որպես հատուցում տրվող գումարի հարաբերակցությանը, որը չի կարող պակաս լինել 5.000 ՀՀ դրամից: Հաշվի առնելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ իրավաչափ և հիմնավորված է եղել Դատարանի կողմից հայցվորների ներկայացրած նյութական վնասի հատուցման պահանջի մերժումը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, սույն գործի փաստական հանգամանքները համադրելով վերոգրյալ իրավական դիրքորոշումների հետ, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, իրավացիորեն հավանություն տալով Դատարանի այն հետևությանը, որ վիճելի է մնացել հայցվորների՝ 56.200 ՀՀ դրամի չափով վնաս կրելու փաստը, որի բացասական հետևանքները պետք է կրեն վերջիններս, միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ մասի սխալ մեկնաբանության արդյունքում հանգել է այն հետևության, որ նյութական վնասի հատուցման պահանջի մերժումն իրավաչափ է: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նվազագույն սպառողական զամբյուղի՝ ամսական 56.200 ՀՀ դրամի չափով վնաս կրելու փաստը չապացուցելու պայմաններում վնասի հատուցման պահանջն առհասարակ չէր կարող մերժվել, այլ որպես վնասի հատուցման չափ պետք է հիմք ընդունվեր նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ պատճառաբանությամբ կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված նյութական վնասի հատուցման պահանջը մերժելու մասին վճիռ կայացնելով և վճիռն օրինական ուժի մեջ թողնելով՝ Դատարանը և Վերաքննիչ դատարանն այլևս քննարկման առարկա չեն դարձրել պատասխանողների մյուս առարկությունները, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն այդ մասով ենթակա է նոր քննության:

Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ հայցապահանջին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով Դատարանը գտել է, որ ներկայացնելով նման պահանջ՝ հայցվորները չեն ներկայացրել համապատասխան դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի որոշում, որով հաստատվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով իրենց կոնվենցիոնալ իրավունքների խախտման փաստը, իսկ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում, որպիսի պարագայում նշված պահանջը ենթակա է մերժման:

Ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով օրենսդիրը վնասների թվին է դասել նաև ոչ նյութական վնասը և հստակ սահմանել է, որ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում: Վերոգրյալից հետևում է, որ բարոյական վնասը՝ որպես ոչ նյութական վնասի տարատեսակի հատուցումը պատասխանատվության տեսակ է, որը պարտադիր պետք է նախատեսված լինի և սահմանվի օրենքով: Այսինքն` բարոյական վնասի հատուցման ինստիտուտը չի կարող կիրառվել ՀՀ դատարանի կողմից, քանի դեռ առկա չէ դրա սահմանումը, կարգավորումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:

Անդրադառնալով կերակրողի մահվամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում, իսկ օրենսդրի կարգավորումներից հետևում է, որ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ կարող է ներկայացվել միայն այն դեպքում, երբ ոչ նյութական վնասը պատճառվել է ներպետական մարմինների կողմից` իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ: Սույն պարագայում հայցվորները, ներկայացնելով ոչ նյութական վնասի հատուցման պահանջ, չեն ներկայացրել համապատասխան դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի որոշում, որով հաստատվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով իրենց կոնվենցիոն իրավունքների խախտման փաստը, հետևաբար ոչ նյութական վնասի հատուցման պահանջը մերժելու մասով ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են:

 

Վճռաբեկ բողոքի դեմ Ընկերության ներկայացուցչի կողմից վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտը մասնակի՝ նյութական վնասի հատուցման պահանջը մերժելու մասով, բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները (…) կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է մասնակի բեկանման, իսկ գործը՝ բեկանված մասով, ուղարկվում է նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բեկանված մասով դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում, իսկ ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ըն ունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

  Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն` կերակրողի մահվամբ պատճառված նյութական վնասի հատուցումը մերժելու վերաբերյալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2017 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասով, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2017 թվականի որոշումը և նշված մասով գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

2. Բեկանված մասով պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ե. Խունդկարյան

Զեկուցող

Մ. Դրմեյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան
 

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱԴԴ/3335/02/14 քաղաքացիական գործով 11.02.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, գրավոր ընթացակարգով քննելով Արմինե Սարգսյանի, Ալիկ և Հրաչ Բադիկյանների օրինական ներկայացուցիչ Արմինե Սարգսյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմինե Սարգսյանի, Ալիկ և Հրաչ Բադիկյանների ընդդեմ Արամ Ավետիսյանի և «Հաշվիչ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` կերակրողի մահվամբ պատճառված նյութական և բարոյական վնասի հատուցման պահանջի մասին, որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, մասնակիորեն` կերակրողի մահվամբ պատճառված նյութական վնասի հատուցումը մերժելու վերաբերյալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2017 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասով, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2017 թվականի որոշումը և նշված մասով գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ: Բեկանված մասով պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ե. Խունդկարյանս, Ս. Միքայելյանս և Գ. Հակոբյանս, համաձայն լինելով նշված որոշման եզրափակիչ մասի հետ, միաժամանակ գտնելով, որ նույն որոշման պատճառաբանական մասում կատարված վերլուծությունները բավարար չափով հիմնավորված չեն, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմինե Սարգսյանը, Ալիկ և Հրաչ Բադիկյանները պահանջել են Արամ Ավետիսյանից և Ընկերությունից համապարտության կարգով հօգուտ Արմինե Սարգսյանի բռնագանձել ամսական 56.200 ՀՀ դրամ կենսաապահովման նվազագույն զամբյուղի չափով գումար՝ սկսած 12.08.2012 թվականից մինչև երեխաների 14 տարին լրանալը՝ որպես նյութական վնասի հատուցում, հօգուտ Ալիկ և Հրաչ Բադիկյանների յուրաքանչյուրին 56.200 ՀՀ դրամ կենսաապահովման նվազագույն զամբյուղի չափով՝ սկսած 12.08.2012 թվականից մինչև նրանց 18 տարին լրանալը՝ որպես նյութական վնասի հատուցում, հօգուտ Արմինե Սարգսյանի, Ալիկ և Հրաչ Բադիկյանների բռնագանձել 30.000.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուրին 10.000.000 ՀՀ դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Փիլոսյան) (այսուհետ՝ Դատարան) 14.03.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.07.2017 թվականի որոշմամբ Արմինե Սարգսյանի, Ալիկ Բադիկյանի և Հրաչիկ Բադիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 14.03.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմինե Սարգսյանի, Ալիկ և Հրաչ Բադիկյանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչ Սևակ Մարաբյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածները, ՀՀ Սահմանադրության 1-ին, 61-րդ, 63-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածը, 1082-րդ հոդվածի 1-ին կետը, 1084-րդ հոդվածը, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ սույն գործում առկա չեն Ալբերտ Բադիկյանի եկամուտների վերաբերյալ ապացույցներ, որպիսի պայմաններում վիճելի է մնացել ամսական 56.200 ՀՀ դրամ վնաս կրելու փաստը, անտեսել է, որ տվյալ պարագայում վնասի հատուցման չափը հաշվարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, այն է՝ այն չի կարող ավելի պակաս սահմանվել, քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել ներկայացված ապացույցները, մասնավորապես՝ հիմք չի ընդունել հայցվորի ներկայացրած բազմաթիվ փաստաթղթերը, չի լսել վկաներին և արդյունքում արձանագրել է, որ ապացույցներ չեն ներկայացվել Ալբերտ Բադիկյանի եկամուտների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցման պահանջին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ոչ նյութական վնասը չի պատճառվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գործողության հետևանքով՝ որևէ կերպ չհերքելով, որ բողոքաբերները կրել են և կրում են հոգեկան տառապանքներ: Նշվածով հանդերձ՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը նման դեպքերի համար բարոյական վնասի հատուցման հնարավորություն չի նախատեսում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.07.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ կերակրողի մահվամբ պատճառված վնասը հիմնավորվում է մահացածի ստացած աշխատավարձի կամ եկամուտների առկայությամբ: Տվյալ դեպքում հայցվորները վերջինիս եկամուտների վերաբերյալ Դատարան չեն ներկայացրել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց, հետևաբար հայցի մերժումն իրավաչափ է:

Ինչ վերաբերում է ներկայացված բարոյական վնասի հատուցման պահանջին, ապա այդ պահանջը ևս անհիմն է, քանի որ տվյալ իրավիճակի համար բարոյական վնասի հաշվարկման և հատուցման կարգ որևէ իրավական ակտով սահմանված չէ, ուստի բարոյական վնասի վերաբերյալ ներկայացված կամայական հաշվարկը ևս ենթակա է մերժման:

Բացի այդ, հիմք ընդունելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի դրույթները, արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ է հանդիսանում այն փաստացի շահագործողը, իսկ տվյալ դեպքում Ընկերության տարածքում գտնվող էլեկտրական կռունկը (տելֆերը)՝ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ, երկար տարիներ չի շահագործվել, առավել վտանգի աղբյուրը տիրապետողը և շահագործողը հանդիսացել է միայն Արամ Ավետիսյանը, որի գործողությունների հետևանքով է տուժողին պատճառվել վնաս: Հետևաբար, եթե Արամ Ավետիսյանի դեպքում վնասի հատուցման հիմքը հանդիսանում է մեղադրական դատավճիռը, ապա Ընկերության դեպքում անհրաժեշտ է հիմնավորել վնասի հատուցման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2014 թվականի թիվ ԿԴ1/0040/01/13 օրինական ուժի մեջ մտած դատավճռով Արամ Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Ըստ նշված դատավճռի՝ Արամ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով ավտոկռունկավարի որակավորում և հանդիսանալով իր կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտի՝ ավտոկռունկի տեխնիկայի անվտանգության պահպանման համար պատասխանատու անձ, 11.08.2012 թվականին ժամը 12:00-ի սահմաններում իր անձնական օգտագործման բեռնատար «Կռունկ» տեսակի ԿՍ-357731 ՄԱԶ 5334 մակնիշի 18 ՏՍ 820 պ/հ ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Պետրոսյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող՝ «Հաշվիչ» ՓԲԸ-ի գործարանի նկուղային հարկից մետաղի ջարդոնի բարձրացման աշխատանքների կատարման ժամանակ, խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջները, այն է՝ իր համար ոչ լրիվ տեսանելի և տվյալ տարածքի ոչ լրիվ ուսումնասիրության պայմաններում ու վտանգավոր գոտում մարդու գտնվելու առկայության դեպքում, շահագործել է ավտոկռունկը, որի ժամանակ դրա ուղղիչը դիպել է նույն հատվածի վրա գտնվող արտադրական կռունկի շարժիչին, որի հետևանքով շարժիչից պոկված էլեկտրական հատվածի մետաղյա ծածկոցը 7-8 մետր բարձրությունից ընկել է նկուղի մուտքի դռան մոտ կանգնած Ալբերտ Բադիկյանի գլխին, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:  ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ Արամ Ավետիսյանը, ունենալով կռունկավարի որակավորում և վկայական, իր գործողություններով խախտել է տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները՝ նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի պահանջները, այն է՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է արտադրական պատահարները բացառելու և կանխարգելելու նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ամբողջ ընթացքում ապահովել տեխնոլոգիական սարքավորումների, տեխնիկական միջոցների, օբյեկտի կառույցների, տեղակայանքների անվտանգության գոտու տարածքների պարբերական զննումներ, ինչպես նաև կազմակերպել աշխատողների ուսուցում և որակավորման ստուգում, որը տվյալ դեպքում նույնպես չի կատարվել (հատոր 1-ին, գ.թ. 19-23):

2. Հրաչ Բադիկյանի՝ 29.06.2012 թվականին տրված ծննդյան վկայականի համաձայն՝ Հրաչ Ալբերտի Բադիկյանը ծնվել է 28.06.2012 թվականին, հայրը՝ Ալբերտ Բադիկյանն է, մայրը՝ Արմինե Սարգսյանը, իսկ Ալիկ Բադիկյանի՝ 23.02.2007 թվականին տրված ծննդյան վկայականի համաձայն՝ Ալիկ Ալբերտի Բադիկյանը ծնվել է 22.02.2007 թվականին, հայրը՝ Ալբերտ Բադիկյանն է, մայրը՝ Արմինե Սարգսյանը  (հատոր 1-ին, գ.թ. 26-27):

3. «16 թաղամաս 34» համատիրության կողմից 12.03.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Արմինե Սարգսյանը բնակվում է Երևանի 16-րդ թաղամասի թիվ 15 շենքի 69-րդ բնակարանում, խնամքին ունի երկու անչափահաս երեխա՝ Ալիկ Բադիկյան՝ ծնված 2007 թվականին, և Հրաչ Բադիկյան՝ ծնված 2012 թվականին, Արմինե Սարգսյանը չի աշխատում (հատոր 2-րդ, գ.թ. 124):

4. Համաձայն ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից 03.03.2014 թվականին տրված թիվ 4-10-302 գրության՝ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 56.214,9 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 10):

 

4. Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները.

Սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում ենք, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` կերակրողի մահվամբ պատճառված վնասը հատուցելու իրավական կառուցակարգի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ կետի սխալ մեկնաբանման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման պահանջն ամբողջությամբ կարող է մերժվել, եթե վնաս պատճառելու պահին տուժողը չի աշխատել կամ չի ունեցել որևէ որակավորում և կորցրած աշխատավարձի (եկամտի) չափի վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1076-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տուժողի դիտավորության հետևանքով ծագած վնասը չի հատուցվում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1076-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն՝ տուժողի կոպիտ անզգուշության առկայության և վնաս պատճառողի մեղքի բացակայության այն դեպքերում, երբ պատասխանատվությունը վրա է հասնում մեղքից անկախ, հատուցման չափը կարող է նվազեցվել կամ վնասի հատուցումը կարող է մերժվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքում վնասի հատուցումը չի կարող մերժվել, իսկ նույն հոդվածի նույն կետի 3-րդ պարբերության համաձայն՝ տուժողի մեղքը հաշվի չի առնվում լրացուցիչ ծախսերը (1078 հոդվածի 1-ին կետ), կերակրողի մահվամբ ծագած վնասը (հոդված 1082), ինչպես նաև թաղման ծախսերը հատուցելիս (հոդված 1087):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1081-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տուժողի (կերակրողի) մահվան դեպքում վնասի հատուցման իրավունք ունեն`

1) մահացողի խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք.

2) մահացածի մահվանից հետո ծնված նրա երեխան.

3) ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի անդամը` անկախ նրա աշխատունակությունից, որը չի աշխատում և զբաղված է մահացածի խնամքի ներքո գտնվող նրա տասնչորս տարեկան չդարձած կամ թեկուզև նշված տարիքին հասած, սակայն բժշկական մարմինների եզրակացությամբ իր առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեցող երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով.

4) մահացածի խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո հինգ տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձինք:

Մահացածի ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի այլ անդամը, որը չի աշխատում և զբաղված է մահացածի երեխաների, թոռների, եղբայրների ու քույրերի խնամքով և անաշխատունակ է դարձել խնամքի իրականացման ժամանակաշրջանում, այդ անձանց նկատմամբ խնամքի ավարտից հետո պահպանում է վնասի հատուցման իրավունքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1081-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասը հատուցվում է`

1) անչափահասներին` մինչև տասնութ տարեկան դառնալը.

2) տասնութ տարեկանից բարձր տարիքի սովորողներին` մինչև ցերեկային ուսուցման ձևով ուսումնական հաստատություններում ուսման ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քսաներեք տարեկան դառնալը.

3) հիսունհինգ տարեկանից մեծ կանանց և վաթսուն տարեկանից մեծ տղամարդկանց` ցմահ.

4) հաշմանդամներին` հաշմանդամության ժամանակ.

5) ծնողներից մեկին, ամուսնուն կամ ընտանիքի այլ անդամին, որն զբաղված է մահացածի խնամքի տակ գտնվող նրա երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով` մինչև վերջիններիս տասնչորս տարեկան դառնալը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1082-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կերակրողի մահվան հետ կապված վնասի հատուցման իրավունք ունեցող անձանց վնասը հատուցվում է նույն օրենսգրքի 1079-րդ հոդվածի կանոններով սահմանված` մահացածի աշխատավարձի (եկամտի) այն մասի չափով, որը մահացածի կենդանության օրոք նրանք ստանում էին կամ ստանալու իրավունք ունեին իրենց ապրուստի համար: Այդ անձանց վնասի հատուցման չափը որոշելիս մահացածի եկամուտների կազմում աշխատավարձի (եկամուտների) հետ միասին ներառվում են կենդանության օրոք ստացած նրա կենսաթոշակը և այլ նմանօրինակ վճարները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1082-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասի հատուցման չափը որոշելիս կերակրողի մահվան հետ կապված անձանց նշանակված կենսաթոշակը և թոշակների այլ տեսակները, որոնք նշանակվել են, ինչպես կերակրողի մահվանից առաջ, այնպես էլ հետո, ինչպես նաև այդ անձանց կողմից ստացվող աշխատավարձը (եկամուտը) և կրթաթոշակը չեն հաշվարկվում նրանց վնասի հատուցման հաշվին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1082-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հատուցման չափն օրենքով կամ պայմանագրով կարող է մեծացվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, երբ վնաս պատճառելու պահին տուժողը չի աշխատել, նրա ցանկությամբ հաշվարկվում է նրա` մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձը կամ հաշվարկի հիմքում դրվում է տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը, որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ որպես ընդհանուր կանոն օրենսդրորեն սահմանվել է, որ վնասը՝ որպես քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոց, ենթակա է հատուցման լրիվ ծավալով, բացառությամբ օրենքով սահմանված այն դեպքերի, երբ վնասի հատուցումը կարող է մերժվել: Այսպես օրինակ՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը սահմանում է նաև առանց մեղքի վնասը հատուցելու պարտականություն: Նշվածը, ի թիվս այլնի, վերաբերում է քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելուն: Այս դեպքում վնասի հատուցումը չի կարող մերժվել, իսկ տուժողի մեղքը հաշվի չի առնվում կերակրողի մահվամբ ծագած վնասը հատուցելիս:

Նախևառաջ անհրաժեշտ է անդրադառնալ կերակրողին կորցնելու դեպքում վնասի հատուցում ստանալու իրավունքին: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1081-րդ հոդվածի կարգավորումը՝ հարկ է արձանագրել, որ փաստորեն օրենսդիրը սահմանել է այն անձանց ցանկը, ովքեր տուժողի մահվան դեպքում իրավունք են ստանում պահանջելու վնասի հատուցում: Անհրաժեշտ է նշել, որ բոլոր այն դեպքերում, երբ սահմանվում է անձի այս կամ այն իրավունքը, դրան համապատասխանում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան սուբյեկտի պարտականությունը: Նման դիրքորոշման համատեքստում անհրաժեշտ է նշել, որ տուժողի մահվան դեպքում օրենքով սահմանված ցանկում ընդգրկված անձանց՝ վնասի հատուցում ստանալու իրավունքին համապատասխանում է վնաս պատճառողի՝ վնասի հատուցում տալու պարտականությունը:

Անդրադառնալով կերակրողին կորցնելու դեպքում պատճառված վնասի հատուցմանը՝ հարկ է փաստել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1081-րդ և 1082-րդ հոդվածները՝ «Կերակրողի մահվան հետևանքով վնաս կրած անձանց վնասը հատուցելը», «Կերակրողին կորցնելու դեպքում կրած վնասը հատուցելու չափը» վերտառությամբ, սպառիչ սահմանում են ինչպես կերակրողի մահվան հետ կապված վնասի հատուցման իրավունք ունեցող անձանց շրջանակը, այնպես էլ այդ անձանց տրվող վնասի հատուցման իրավունքը՝ ստանալու մահացածի աշխատավարձն (եկամուտն) այն մասի չափով, որը նրանք ստանում էին կամ ստանալու իրավունք ունեին իրենց ապրուստի համար: Ընդ որում` վնասի հատուցման չափը հաշվարկելիս մահացածի եկամուտների մեջ ներառվում են նաև նրա կենդանության օրոք ստացած կենսաթոշակը և այլ նմանօրինակ վճարները: Ըստ այդմ էլ` կերակրողի մահվան հետևանքով վնասի հատուցման իրավունք ունեն, ի թիվս այլնի, տուժողի (կերակրողի) խնամքի ներքո գտնվող անչափահասները՝ մինչև նրանց տասնութ տարին լրանալը, տուժողի ամուսինը՝ անկախ նրա աշխատունակությունից, որը չի աշխատում և զբաղված է մահացածի խնամքի ներքո գտնվող նրա տասնչորս տարեկան չդարձած երեխաների խնամքով՝ մինչև երեխաների տասնչորս տարեկան դառնալը:

Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1082-րդ հոդվածի 1-ին կետը հղում է կատարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածին, որը վերաբերում է առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձի (եկամտի) չափը որոշելուն: Իր հերթին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ կետը կարգավորում է փոխհատուցման ենթակա վնասի չափի հաշվարկման կարգն այն դեպքերում, երբ վնաս պատճառելու պահին տուժողը չի աշխատել: Այսպես, համաձայն նշված հոդվածի` տուժողի չաշխատելու դեպքում նրա ցանկությամբ վնասի չափը հաշվարկվում է երկու եղանակով՝ 1) մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձի չափից ելնելով կամ 2) հաշվարկի հիմքում դրվում է տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը: Հաշվի առնելով սույն բողոքում բարձրացված հարցադրումը, ինչպես նաև դատական պրակտիկայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ կետի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտությունը՝ հարկ է անդրադառնալ վկայակոչված կարգավորման բովանդակությունում գործածվող «որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից» արտահայտության մեկնաբանությանը:

Վերհանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ կետում տեղ գտած կարգավորման իմաստային բովանդակությունը՝ հարկ է նշել, որ օրենսդիրը շեշտադրել է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը՝ որպես հատուցման նվազագույն չափ: Օրենսդիրը, մասնավորապես, ամրագրել է, որ այն դեպքերում, երբ մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձը կամ հաշվարկի տվյալ վայրում տուժողի որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը պակաս է, քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, ապա հիմք է ընդունվում նվազագույն աշխատավարձի հնգապատիկը: Փաստորեն՝ օրենսդիրը կարևորել է հնարավոր հատուցման չափը և գտել է, որ այն կարող է տատանվել 0 ՀՀ դրամից մինչև նվազագույն աշխատավարձի հնգապատիկը եղած միջակայքում, սակայն նման դեպքերում պետք է հատուցում տալ՝ հաշվի առնելով նվազագույն աշխատավարձի հնգապատիկը: Այսինքն՝ այն դեպքերում, երբ տուժողի՝ մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձը կամ տվյալ վայրում տուժողի որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը հավասար կամ մեծ է 0-ից, սակայն հավասար չէ նվազագույն աշխատավարձի հնգապատիկին, ապա հատուցման այդ չափը պակաս է, քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, և այն այլևս իրավական որևէ արժեք չի ներկայացնում, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով հատուցման հաշվարկի հիմքում արդեն դրվում է հստակ սահմանված՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկը: Այլ կերպ ասած՝ բոլոր այն դեպքերում, երբ տուժողի եկամուտը պակաս է եղել, քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, որպիսի միջակայքում է ընկնում նաև 0 ՀՀ դրամը, ապա որպես հատուցման հաշվարկի հիմք անհրաժեշտ է ընդունել նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:

Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ այն դեպքերում, երբ անձի եկամուտը հավասար է եղել 0 ՀՀ դրամի, որը ևս գտնվում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկից ցածր եղած թվային միջակայքում, ապա վնասի հատուցման հիմքում պետք է դնել հենց նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:

Վերը նշված վերլուծությունը բխում է նաև այն իրավակարգավորումից, համաձայն որի՝ քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքում վնասի հատուցումը չի կարող մերժվել՝ անկախ վնաս պատճառողի և տուժողի մեղքից ու այլ հանգամանքներից: Այսինքն՝ տվյալ դեպքում օրենսդրի կամքն ուղղված է նրան, որ կյանքին և առողջությանը պատճառված վնասի հաշվարկման դժվարության կամ անհնարինության դեպքում սահմանված լինի հատուցման ենթակա վնասի երաշխավորված նվազագույն չափ, ինչը և համահունչ է Հայաստանի Հանրապետության՝ սոցիալական և իրավական պետություն լինելու գաղափարին և սահմանադրական իրավակարգավորմանը:

Ամփոփելով վերոգրյալը՝ պետք է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ կետի կարգավորման բովանդակությունում գործածվող «որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից» արտահայտությունը մեկնաբանելիս այն հավասարապես կիրառելի է և այն իրավիճակում, երբ տուժողի նախկին կամ հնարավոր եկամտի չափը պակաս է նվազագույն աշխատավարձի հնգապատիկից, և այն դեպքում, երբ որևէ եղանակով հնարավոր չէ որոշել տուժողի նախկին կամ հնարավոր եկամտի չափը:

 

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2014 թվականի թիվ ԿԴ1/0040/01/13 օրինական ուժի մեջ դատավճռով հաստատվել է Արամ Ավետիսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման փաստը: Մասնավորապես՝ նշված դատավճռով հաստատվել է, որ Արամ Ավետիսյանը, ունենալով ավտոկռունկավարի որակավորում և հանդիսանալով իր կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտի՝ ավտոկռունկի տեխնիկայի անվտանգության պահպանման համար պատասխանատու անձ, 11.08.2012 թվականին ժամը 12:00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման բեռնատար «Կռունկ» տեսակի ԿՍ-357731 ՄԱԶ 5334 մակնիշի 18 ՏՍ 820 պ/հ ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Պետրոսյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Հաշվիչ» ՓԲԸ-ի գործարանի նկուղային հարկից մետաղի ջարդոնի բարձրացման աշխատանքների կատարման ժամանակ, խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջները, այն է՝ ոչ լրիվ տեսանելի և տվյալ տարածքի ոչ լրիվ ուսումնասիրության պայմաններում ու վտանգավոր գոտում մարդու գտնվելու առկայության դեպքում, շահագործել է ավտոկռունկը, որի ժամանակ դրա ուղղիչը դիպել է նույն հատվածի վրա գտնվող արտադրական կռունկի շարժիչին, որի հետևանքով շարժիչից պոկված էլեկտրական հատվածի մետաղյա ծածկոցը 7-8 մետր բարձրությունից ընկել է նկուղի մուտքի դռան մոտ կանգնած Ալբերտ Բադիկյանի գլխին, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը: Ալբերտ Բադիկյանի անչափահաս երեխաներն են՝ Հրաչ Ալբերտի Բադիկյանը ծնված՝ 28.06.2012 թվականին, և Ալիկ Ալբերտի Բադիկյանը՝ ծնված 22.02.2007 թվականին: Ալբերտ Բադիկյանի կինը՝ Արմինե Սարգսյանը, չի աշխատում և զբաղվում է անչափահաս երեխաների խնամքով: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վնաս պատճառելու պահին տուժող Ալբերտ Բադիկյանը աշխատել է, ինչպես նաև առկա չեն ապացույցներ մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձի չափի վերաբերյալ կամ տվյալ վայրում տուժողի որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափի վերաբերյալ: Հայցվորներն Ալբերտ Բադիկյանից նրա կենդանության օրոք որպես ապրուստի միջոց 56.200 ՀՀ դրամ ստացած լինելու կամ ստանալու իրավունք ունենալու հանգամանքի հիմքում դրել են նվազագույն սպառողական զամբյուղը, որն ըստ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից 03.03.2014 թվականին տրված թիվ 4-10-302 գրության՝ կազմում է 56.214,9 ՀՀ դրամ:

Սույն գործով Դատարանը նյութական վնասի հատուցման մասով հայցը մերժելիս պատճառաբանել է, որ հայցվորներն Ալբերտ Բադիկյանի եկամուտների վերաբերյալ որևէ ապացույց չեն ներկայացրել, որի արդյունքում վիճելի է մնացել 56.200 ՀՀ դրամի չափով վնաս կրելու փաստը, ուստի վերջիններս էլ պետք է կրեն դրա բացասական հետևանքները:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Արմինե Սարգսյանի, Ալիկ և Հրաչ Բադիկյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը և Դատարանի 14.03.2017 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ վնաս պատճառելու պահին տուժող Ալբերտ Բադիկյանը չի աշխատել, իսկ վնասը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով նրա՝ մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձը կամ հաշվարկի հիմքում դրվում է տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը, որը, սակայն, չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից» արտահայտությունը վերաբերում է տուժողի` մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձին կամ տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափին, այսինքն` նշված կարգավորումներից որևէ մեկով վնասի հատուցման չափը հաշվարկելիս վճարման ենթակա գումարը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից: Արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ սույն գործով տվյալ իրավակարգավորումը չի կարող գործել, քանի որ հայցվորներն Ալբերտ Բադիկյանի՝ որևէ գրանցված աշխատանք ունենալու, մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձի չափի կամ տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափի վերաբերյալ որևէ ապացույց Դատարան չեն ներկայացրել: Իսկ «չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից» արտահայտությունը վերաբերում է տուժողի` մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձի կամ տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափի ու որպես հատուցում տրվող գումարի հարաբերակցությանը, որը չի կարող պակաս լինել 5000 ՀՀ դրամից:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների՝ նյութական վնասի հատուցման պահանջի մասով հայցը մերժման ենթակա լինելու եզրահանգումների հիմնավորվածությանը՝ հարկավոր է ևս մեկ անգամ ընդգծել, որ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման պահանջը չի կարող մերժվել միայն այն պատճառաբանությամբ, որ վնաս պատճառելու պահին և նախորդող ժամանակահատվածում տուժողը չի աշխատել կամ չի ունեցել որևէ որակավորում և կորցրած աշխատավարձի (եկամտի) չափի վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել: Նման իրավիճակում անգամ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման պահանջը կարող է բավարարվել՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի  4-րդ կետում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափը: Մինչդեռ ստորադաս դատարանները, արձանագրելով տուժողի՝ եկամտի վերաբերյալ որևէ ապացույց ներկայացված չլինելու հանգամանքը՝ չեն անդրադարձել վնասի հատուցման համար անհրաժեշտ մյուս պայմաններին, որպիսի պարագայում առկա է սույն գործի՝ նյութական վնասի մասով նոր քննության անհրաժեշտություն:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում նշված այն փաստարկին, որ Ընկերությունը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի իմաստով չի հանդիսանում արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործող անձ, որպիսի պայմաններում չի կարող կրել նաև պատճառված վնասը հատուցելու պարտականություն, ապա նկատի ունենալով, որ կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված նյութական վնասի հատուցման պահանջը մերժելու մասին վճիռ կայացնելով և վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, Դատարանը և Վերաքննիչ դատարանն այն քննարկման առարկա չեն դարձրել, հնարավոր չէ անդրադառնալ այդ փաստարկին:

Միաժամանակ անդրադառնալով ոչ նյութական վնասի հատուցման հայցապահանջը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումների իրավաչափությանը՝ անհրաժեշտ է արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի կյանքը և առողջությունը, արժանապատվությունը, անձնական անձեռնմխելիությունը, պատիվն ու բարի անունը, գործարար համբավը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը, ազատ տեղաշարժվելու, բնակվելու և գտնվելու վայր ընտրելու իրավունքը, անվան իրավունքը, հեղինակության իրավունքն ու քաղաքացուն ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող այլ անձնական ոչ գույքային իրավունքները և ոչ նյութական բարիքներն անօտարելի են ու անփոխանցելի: Օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները, որոնք պատկանել են մահացածին, կարող են իրականացվել ու պաշտպանվել այլ անձանց` ներառյալ իրավատիրոջ ժառանգների կողմից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.

1) կյանքի իրավունքը.

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.

3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.

4) արդար դատաքննության իրավունքը.

5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.

6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.

7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.

9) սեփականության իրավունքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ոչ նյութական վնասի հատուցման իրավական վերլուծությանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներով սահմանված որոշակի պայմանների պահպանման դեպքում՝ հաշվի առնելով նույն հոդվածներով սահմանված սահմանափակումները: Միաժամանակ տվյալ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ոչ նյութական վնասի հատուցման հիմքին և հատուցման չափին՝ փաստելով նաև, որ Հայաստանի Հանրապետությունում հատուցման է ենթակա միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից պատճառված ոչ նյութական վնասը (տե՛ս, Մամիկոն Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության թիվ ԵԿԴ/3296/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Սույն գործով ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով հայցը մերժելիս Դատարանը պատճառաբանել է, որ ներկայացնելով նման պահանջ՝ հայցվորները չեն ներկայացրել համապատասխան դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի որոշում, որով հաստատվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով իրենց կոնվենցիոն իրավունքների խախտման փաստը, իսկ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում, որպիսի պարագայում նշված պահանջը ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն այդ մասով թողնելով օրինական ուժի մեջ, հիմնավոր է համարել Դատարանի՝ վերը շարադրված եզրահանգումը:

Անդրադառնալով կերակրողի մահվամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջին՝ անհրաժեշտ է արձանագրել, որ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված կարգավորումներից հետևում է, որ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ կարող է ներկայացվել միայն այն դեպքում, երբ ոչ նյութական վնասը պատճառվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից` իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ: Սույն պարագայում հայցվորները, ներկայացնելով ոչ նյութական վնասի հատուցման պահանջ, չեն ներկայացրել համապատասխան դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի որոշում, որով հաստատվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով իրենց կոնվենցիոն իրավունքների խախտման փաստը, ինչպես նաև չեն մատնանշել օրենքով սահմանված այլ դեպք, որը վերջիններիս իրավական հնարավորություն է ընձեռնում ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու տվյալ իրավիճակում, հետևաբար ոչ նյութական վնասի հատուցման պահանջը մերժելու մասով ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են:

 

Վճռաբեկ բողոքի դեմ Ընկերության ներկայացուցչի կողմից վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

 

5. Հատուկ կարծիքը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի] կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները (…) կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է մասնակի բեկանման, իսկ գործը՝ բեկանված մասով, ուղարկվում է նոր քննության, հետևաբար բեկանված մասով դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում, իսկ ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

5. Հատուկ կարծիքի եզրահանգումները.

Գտնում ենք, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա էր բավարարման, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2017 թվականի որոշումը` կերակրողի մահվամբ պատճառված նյութական վնասի հատուցումը մերժելու վերաբերյալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2017 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասով, ենթակա էր բեկանման և այդ մասով՝ գործը նոր քննության ուղարկման, որպիսի եզրահանգման էլ եկել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը սույն գործով, սակայն ենթակա էր բեկանման սույն հատուկ կարծիքի 4-րդ կետում շարադրված հիմնավորումներով և պատճառաբանություններով հանդերձ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2017 թվականի որոշումը` մնացած մասով, պետք է թողնել օրինական ուժի մեջ: Միաժամանակ սույն հատուկ կարծիքի 5-րդ կետում շարադրված հիմնավորումներով և պատճառաբանություններով բեկանված մասով դատական ծախսերի հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում, իսկ մնացած մասով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Դատավորներ`    
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ  Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ  Գ. ՀԱԿՈԲՅԱՆ